Գարեգին Նժդեհ

ԵՐԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ ՑԵՂԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՉԷ

Ա

Չեմ կարծում, որ օրուայ` կրակ առած մեր Երկրագնդի վրայ մի այլ ժողովուրդ այնքա՛ն յաճախ խօսէր հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին, որքան հայը:

Յաճախէ՛ք մեր հանդէսները եւ անմիջապէս պիտի համոզուէք, որ ամէնից շատ հայ մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար:

Այդ երեւոյթի հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասէր»-ը քաջ գիտէ, թէ իր կուրծք ծեծելը, իր ուխտը բնաւ չի՛ պարտաւորեցնում իրեն ո՛չ միայն մեռնել, այլեւ անշահասիրաբար օգտակար լինել իր հայրենիքին:

* * *

Չեմ ճանաչում, նմանապէս, մի այլ ժողովուրդ, որի հայրենասիրութիւնը բովանդակութեամբ այնքա՜ն աղքատ լինէր, որպիսին է դա մեր ժողովրդի մի մասի մօտ:

Հայ մարդու հայրենասիրական բառամթերքը կը բաւէ մէկին միջակ հռետոր դարձնելու:

Բոց ու խանդ — որքան ուզէք, բայց ծոյլ, անպտուղ, անզոհաբերող է այդ հայրենասիրութիւնը:

Եւ հենց այդ է պատճառը, որ մեզանում «հայրենասէր» համարուածն էլ վտանգի ժամանակ իր հայրենիքը թողել է կրակների մէջ եւ փախել վատօրէն:

* * *

Վերացական է հայկական հայրենասիրութիւնը: Շատերը հայրենիքը փնտռում են ամպերում, միստիկ մշուշի մէջ, երբ դա այնքա՜ն մօտ է մեզ` մեր ուշադրութեան, նուիրումին, պաշտամունքին կարօտ: Շատերի համար` Հայաստանը դեռ մի գաղափար է, մի ամնեզիա, մի սիոն, մի զոհասեղան:

Մոռանալով այն, որ է՛, որ ապրում է, որով սիրելի է, սուրբ` նմանները Հայաստանի փոխարէն պատկերում են մի ինչ-որ կին` սեւերի մէջ, հերարձակ նստած ճամբաների եզրին կամ աւերակների վրայ: Մի շքեղ տեսիլք, մի երազ, մի քարտէս, բայց ո՛չ մեր ցեղը եւ Հայրենիքը:

Այսպէս, վերացականօրէն խորհելով ու խօսելով Հայաստանի մասին` հայը մառախլապատում է ո՛չ միայն «հայրենիք» հասկացողութիւնը, այլ եւ` իր ազգային պարտականութիւնն ու պատասխանատուութիւնը: Հայաստանը կարօտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիրութեան:

* * *

Հայոց հայրենասիրութիւնը կրում է տօնական, հանդիսային, ազնուապետական բնոյթ:

Դա յարմար է հռետորութեան եւ տաք սեղանների շուրջը շաչող բաժակաճառերի, բայց ո՛չ եւ Հայաստանին ու հայութեան: — Հայաստանը պէտք ունի հանապազօրեայ եւ զոհայօժար հայրենասիրութեան:

Գռեհիկ, անհայրենասիրութեան աստիճան գռեհիկ է ոմանց հայրենասիրութիւնը: Վերջերս մէկը գրեց. «Հայրենիքն է անհատի համար, եւ ո՛չ թէ անհատը` հայրենիքի»: Դա նշանակում է` հայրենիքը համարել միջոց, անհատը` նպատակ: Դա ասել է` երբ վտանգ կայ, թո՛ղ կործանուի հայրենիքը, միայն թէ ապրի անասնահոգի անհատը: Նման հայրենասիրութեան եւ անհայրենասիրութեան միջեւ տարբերութիւնը բառային է միայն:

— Մեր հայրենիքի դժբախտութեան ներքին պատճառներէն գլխաւորը — դա հայ մարդու օրուայ ստահայրենասիրութիւնն է:

Ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ այդպէս:

Ինչո՞ւ հայկական կազմակերպութիւններից ու հաստատութիւններից շատերը դարձել են կեղծիքի դպրոց:

Ինչո՞ւ — որովհետեւ օրուայ հայը մնում է կտրուած իր էաբանական արմատից, իր խորքից — իր ցեղից: Դա դեռ չի՛ հասկացել, որ ինքը, իբրեւ մարդկային անհատ, ծնունդն է որոշ ժառանգականութեան ու միջավայրի — Ցեղի եւ Հայրենիքի. չի՛ գիտակցել, որ ամէն մարդ իր ցեղից է ժառանգում իր ֆիզիքական եւ հոգեկան առանձնայատկութիւնները եւ որ իր հերթին նա էլ իր տաք արիւնը — իր պոտենցիալ անմահութիւնն է կտակում` Յաւիտենականին, որպէսզի որոշ ոգի եւ դիմագծութիւն ստանան հայոց գալիք սերունդները: Սեղմ ասած` որ ինքը, իբրեւ մարմնահոգեկան կազմուածք` մի ցեղային ժառանգութիւն է: Այդ գիտակցութեան պակասի պատճառով` զզուելիօրէն կարճաշունչ է օրուայ հայու հայրենասիրութիւնը — անզօր` նրան մեծ շարժուձեւերի ու գործերի առաջնորդելու: Պակասաւո՞ր է դա — այդ հայրենասիրութիւնը նաեւ ցեղասիրութիւն չէ — դա իր մէջ չի՛ պարփակում մեր արեան գաղափարը:

Ցե՛ղն է այս կամ այն երկիրը դարձնում հայրենիք: Հողն առանց ցեղի, ասել է` մարմին առանց հոգու:

Ահա՛ թէ ինչո՛ւ հայոց հայրենիք ասել է` հայոց ցեղաստան:

Մի ժողովուրդ, որ իր մտածումից եւ հաստատութիւններից դուրս է թողնում ցեղը` հոգեզրկում է իրեն, հարստահարում է իր մետաֆիզիք էութիւնը, տկարացնում իր մշակութաստեղծ եռանդը, իր հերոսական թափը — խորապէս մեղանչում է իր գոյութեան դէմ:

Սուտ ու սնանկ է նման հոգեթափի հայրենասիրութիւնը, մեռեալ` իր ազգային պարտականութեան ու պատասխանատուութեան զգացումը:

Բ

Այսօր, մասնաւորապէս, երեք բան զերծ պէտք է պահել ստահայրենասիրութեան պղծանքից — հայ խաչը, մանուկը, գիրը:

Ազգերը չունեն աւելի ճակատագրական պաշտօնեաներ, քան իրենց եկեղեցին, դպրոցը եւ մամուլը վարողները:

Կղեր, ուսուցիչ, խմբագիր — մեծագոյն օրհնութիւն, եւ չարիք միաժամանակ: Օրհնութի՛ւն են, երբ ցե՛ղն է վարում սրանց խղճմտանքը, անէ՜ծք, երբ ցեղից չեն առնում իրենց ներշնչումները:

Պղծադաւան է այն հոգեւորականը — որով եւ` ամենավտանգաւորը ազգի ներքին թշնամիներէն, եթէ իր վարած եկեղեցին նա չի դարձնում նաե՛ւ ցեղի տունը:

Սփիւռքի հայոց եկեղեցիներից շատերում, յուրախութիւն թուրքի եւ բոլշեւիկի, դեռ ցեղը տեղ չունի: Նման հաստատութիւնները կարող են ծառայել ամէն բանի, բայց ոչ Աստծուն եւ Հայրենիքին:

Պաշտօնապղծութիւն է կատարում ուսուցիչը, որի մարգարէն ցեղամերժ Մարքսն է, Լենինը:

Նմանը` ո՛չ թէ մտածումով, զգացումով ու գործով հայեր, այլ` հայօրէն սատակներ կը հասցնի վաղուայ համար:

Հապա անցեղաշունչ թե՞րթը, գի՞րքը, որոնց ամբողջ հայկականութիւնը կայանում է նրանում, որ հայատառ են:

Հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին աղմկում են նմաններն էլ, առանց անդրադառնալու, որ պղծութիւն է կատարում ամէն անհատ, կազմակերպութիւն, հաստատութիւն, որի մտածումի, զգացողութեան ու գործերի մէջ ցեղը տեղ չունի, բայց եւ այնպէս` խօսում է ազգի եւ հայրենիքի անունից: Հոգեւոր չարաշահութի՛ւն եւ անբարոյականութիւններից ամենազազրելի՛ն է դա: Սրա՛նք են խաթարում մեր ազգային ոգին, մտածողութիւնը, նկարագիրը:

* * *

Հայրենիք սիրել, ասել է` խորազգալ, խորհել ու գործել ա՛յն, որ անհրաժեշտ է ցեղի եւ հայրենիքի հզօրացման եւ յաւերժացման համար:

Ցե՛ղն է մեզ օժտում յաւիտենականի զգացումով: Անցեղակրօնը միշտ էլ ենթադրում է յաւիտենական զգացումից զուրկ արարած: Իսկ նմանը, ըստ իմաստասէր Ֆիխտէի, «սէր չունի ո՛չ իր անձի, ո՛չ էլ իր հայրենիքի հանդէպ»:

Սիրե՞լ — սիրում են ե՛ւ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճոյքը, յարմարութիւնը — անցողական սակաւարժէք հազար ու մէկ բաներ:

Իսկ Հայրենիքը — դա, իբրեւ գերագոյն արժէք — պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտւում են նաե՛ւ: Սիրում ենք շա՜տ բաներ, բայց արիւն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլեւ` մեր արիւնը, երբ դա անհրաժեշտ է իր գոյութեան համար: Սէրն աւելի իրաւունք է ճանաչում, պաշտամունքը` պարտականութիւն: Մարդիկ աւելի հեշտ են համերաշխում, միաբանում պաշտամունքի, քան սիրոյ մէջ, որի առարկաները բազում են, մեծ մասամբ` հասարակ: Ընդհանուր պաշտամունքի դէպքում` ժողովրդի մտածումն ու գործը ընթանում են ներդաշնակ: Ինչ որ է ժողովրդի հասկացողութիւնը իր հոգեւոր էութեան, նոյնն է դա իր հայրենիքի մասին:

Նիւթապաշտի հայրենիքը` մի երկրամաս է լոկ եւ ուրիշ ոչինչ: Նմանը սիրում է իրեն կերակրող ու պատսպարող երկիրը, եւ այդ սահմանափակ, գրեթէ նախնական սէրը անուանում է հայրենասիրութիւն, որն ունի կենսաբանական, բայց ոչ ե՛ւ հոգեւոր հիմքեր:

Գաղութահայութեան օրուայ պառակտեալ վիճակը ապացոյց եւ արդիւնք է ընդհանուր պաշտամունքի պակասի: Անցեղակնիք խմբակցութիւններն ու հաստատութիւնները շարունակում են ստահայրենասիրութիւնը գործածել իբրեւ կեղծիք, շպար, որով` է՛լ աւելի ամբոխացնում են ու ցրում մեր ժողովուրդը, երբ դա այսօր այնքա՜ն կարիք ունի միանալու ցեղը խորհրդանշող մի հատիկ դրօշի տակ:

Հաւատա՛նք — Հայաստանից դուրս էլ հայը հա՛յ կը մնայ, եթէ մնաց կապուած իր ցեղի ճակատագրին: Իսկ դրա համար` օր, ժամ, վայրկեան առաջ հայոց բառարաններից սրբենք հայրենասէր եւ հայրենասիրութիւն սնամէջ բառերը:

Հայրենիքին, որ ասել է` ե՛ւ ցեղին — վայել է խոր պաշտամունք. նրան հայրենապաշտնե՛ր են պէտք, որպիսին դառնում են ցե՛ղը, միայն ցե՛ղը դաւանողները:

Այո՛, առանց ցեղասիրութեան չկա՛յ ճշմարիտ հայրենասիրութիւն:

«Ռազմիկ», 1941թ., թիւ 11, 12

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով