Գարեգին Նժդեհ

ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԻՒՆՆ ԻԲՐ ՅԱՂԹԱՆԱԿԻ ԶՕՐՈՅԹ

Եթէ ցայսօր մեր ժողովուրդը հարւածներ է

միայն ստանում եւ ողբերգօրէն` անկարող

է հակահարւածել — դրա պատճառն այն է,

որ նա չի ապրում ցեղօրէն:

Անասելիօրէն ճակատագրական եւ անկշռելի է ցեղային ազդակի նշանակութիւնը մի ժողովրդի վերածնունդի, ազգամբողջացման եւ պետականացման գործում:

Գիտե՛նք, հասարակագիտական այդ պարզ ճշմարտութիւնը, սակայն, անկարելիութեան աստիճան դժւար է, բառերով «ի՞նչ է ցեղը» հարցի սիրտը շօշափել:

Մարդաբանութեան ցարդ տւած սահմանումներից եւ ո՛չ մէկն է ընդունելի` ինձ համար:

«Ցեղ» հասկացողութիւնը սահմանելու համար, բաւական չեն հին եզրերը:

Նրանցով չի կարելի սպառել ցեղի ողջ տարողութիւնը:

Ցեղը` դիմագծօրէն ազգայինն է, ա՛յն տիպարականը, որով ժողովուրդները տարբերւում են իրարից:

Այո՛, ցեղային գործօնն աւելի՛ բարդ իրողութիւն է, քան ենթադրւում է:

Դժւար է դա սահմանել գիտական լեզւով:

Այստեղ` միա՛յն յարաբերական գիտականութեան մասին խօսք կարող է լինել:

Ըստ մեզ — ասենք առանց տեսական խորացումների — ցեղն աւելի հոգի է, քան կաւ:

* * *

Մեր դարում, մասնաւորապէս, մեր օրերում, ոչինչ այնքան չի՛ տկարացնում ժողովուրդների պայքարունակութեան ոգին, որքան ա՛յն աղէտալի մոլորանքը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ ինչ-որ` արտաքին ուժեր:

Աւելի՛ պարզ:

Մի ժողովուրդ, որն իրեն պէտք եղած ուժն իրենից դուրս է փնտրումկուրօրէն իր պարտութիւնն ու անկումն է նախապատրաստում:

Հասկանա՛նք, որ ցեղի ուժակշիռն աւելի մեծ է, նրա ներքին տարողութիւնը բիւրաբիւր անգամ աւելի՛ հարուստ, քան` ժողովրդին:

Ա՛յն ժողովուրդը, որ գիտէ այդ — գիտէ ճշմարտութիւնը. փրկւած է նա:

Հայաստանում ես աւելի բաներ եմ տեսնում, քան հայ ժողովուրդն ու իր օրւայ արժէքները:

Հայաստան չի նշանակում երկրամաս եւ ժողովուրդ միայն, ո՛չ, ո՛չ. այնտեղ կայ մի «երրորդը», մի այլ ուժ — ցե՛ղը — առանց որի, փառքի ու մեծութեան աստղերի տակ չի ապրում ու զարգանում ժողովուրդը:

Հայ ցեղը — դա հայ հողն է` համակ բոց ու զօրոյթ, որ ասում է անխօսես սնւում եմ նրանցով, որոնց` սնուցանում եմ:

Ե. դարում, կրակի բախտը փորձող պարսկականութեան խոփը քարին զարկողը հայոց թարմաշունչ ցեղայնութիւնն էր, որը այսօր կռւի պիտի կանչել Հայասպան թրքութեան եւ ցեղամերժ լենինականութեան դէմ:

Ցեղն է, որ մեր մէջ կ’ապրեցնէ եւ կը զօրացնէ Հայաստանը, անգամ, Հայաստանից դուրս:

Ցե՛ղն է մեր ապաւէնը:

* * *

Ցեղը չի ծերանում, թիկնադարձութիւն չգիտէ եւ չի պարտւում:

Նա ժամանակների վկան է, յաւիտենական հայը, Աստուծոյ գործակիցը:

Ցեղն արարիչ է, ժողովուրդը` արարած:

Ժողովրդի ուժածին մեքենան է ցեղը եւ նրա ուժակիրը, որն իր մէջ կրում է մի ինչ-որ տիեզերական եւ յարուցիչ ուժ:

Դա` այն հոգեւոր շաղախն է, առանց որի, ժամանակը հեշտութեամբ է հիւլէացնում ժողովուրդներին:

Ժողովուրդը կարող է եւ շինարար լինել, ցեղի ազդեցութիւնը, սակայն, մի՛շտ էլ ստեղծագործ է:

Այդ իսկ պատճառով, աւելի մշակութունակ է ցեղը:

Երբ չկայ ցեղը` ժողովուրդների հոգեւոր անդաստանը աւելի խծուծ է արտադրում, քան ցորեն:

Նւաստախոհ եւ նւաստախօս է ժողովուրդը, ցեղը մի՛շտ էլ թագաւոր է եւ գահընկեցութիւն չգիտէ:

Հակառակայորդոր է ժողովուրդը — եւ աննւէր ու անփառ, երբ նրա մէջ տկարացած է ցեղի ձայնը:

Յարանւանական է ժողովուրդը — կաթուղիկէ, բողոքական եւ այլն ցեղը մի՛շտ էլ մի՛ է եւ ամբողջական:

Ժողովուրդ ասել է դասակարգ եւ դասակարգային եսականութիւն, ցեղն ընկերային արդարութիւն է եւ հնարաւոր հաւասարութիւն:

Ժողովուրդը կարող է եւ գիտենալ, ցեղը մի՛շտ էլ կարող է` նաեւ:

Առաջինը կ’առաջանայ գայթ ի գայթ, ցեղը` եռադարձ ալիքի սաստկութեամբ:

Մէկը կայականութիւն է, միւսը` ուժականութիւն — ցե՛ղը:

Ժողովուրդը` դա «Կարսն» է — ցեղը` Ղարաքիլիսը: Մինչեւ այս ռազմադաշտը մեր ժողովրդի ճակտին ես աստղեր չտեսայ: Ժողովուրդը հաշւետես ուղեղ է, ցեղը` աւելի սիրտ, որ անհաշիւ կերպով զոհաբերել գիտէ:

Միայն ցեղին է տրուած «հարիւրեզեան» զոհաբերութիւնը — ամենամեծը:

Ապրել օրը օրին, թելն ու ասեղը ձեռին` իր դրութիւնը կարկատելու գործի վրայ — ահա՛ ժողովրդի գորշ առօրեան: Ցեղը, կարկատանումի «քաղաքականութիւն» չգիտէ:

Մի՛շտ էլ ամբոխանալու հակամէտ է ժողովուրդը, ցեղն է, որ միաբան ու լարուած կը պահէ ժողովրդի կամքը:

Ցեղը կարող է ժամանակաւորապէս ե՛ւ պարտւել, բայց պարտւողականութիւն չգիտէ:

Նրա մէջ ամէն ինչ նոր է, իսկ նորը հին է` իմաստութեամբ շաղախւած:

Նա գիտէ նախատեսել, նախազգալ վտանգը եւ արհամարհել` միաժամանակ:

Ժողովուրդը, յաճախ, տարակոյսի եւ վարանումի կը մատնւի, ցեղը բնազդօրէն գիտէ իր կտրելիք ճամբան:

Մինչ ժողովուրդն արդարութիւն կը խնդրէ — ցեղը կը գործադրէ դա:

Ժողովուրդ` դա ասել է կշիռ առա՛նց սրի — իրաւունքի անզօրութի՛ւն: Ցեղը` դա սուրն է, յաճախ սուրը, առանց կշռի:

Ժողովուրդը կը խոստանայ, բայց քիչ բան կը տայ, երբ ցեղունակ չէ:

Ցեղին, միայն ցեղին է տրուած ժողովրդի ստրկութեան ծանր շղթաները արծիւի թեւերի վերածելու արուեստը: Նա` ստրկութեան մէջ իսկ, չի կորցնում իր պատմական ճամբան: Անցեղաշունչ ժողովրդին տրւած չէ այդ բնազդական կարողութիւնը:

Ժողովուրդը` դա հայ հոգու մարտիրոս կողմն է, ցեղը` հերոսական:

Ժողովուրդը մեռեալներ կը տայ, ցեղը` դիւցազուններ:

Մէկը սիրում է քարշ գալ ծանօթ ճամբաներում, միւսը — ցեղը` դժւարակոխ ուղիներ է փնտրում:

Հելլէնական Թերմոպիլը եւ հայկական Վարդանակերտը, Մարաթոնը եւ Աւարայրը, բուլղարական Շիպկան եւ մեր Սիւնիքը — ցեղի շունչն է օծել այդ բոլոր ռազմավայրերը:

Ժողովուրդը` դա ա՛յն վախկոտն է, որին ուզեցին գործի ուղարկել եւ նա առարկեց — «դուրսն առիւծ կայ»: Ցեղն իրենից դուրս առիւծ չի ճանաչում:

Ցե՛ղի արեւը կարող է եւ թեքւել, բայց մայր չի մտնում:

Ցե՛ղն է մեր ապաւէնը:

* * *

Անասելիօրէն կարեւոր է ցեղի տեսակարար կշիռը:

Ժողովրդի մշտախռով տարերքն է ցեղը:

Ժողովուրդները միայն ցեղի միջոցաւ գլուխ կը հանեն իրենց հոգեւոր ինքնակառուցումը:

Ցեղը կաղապարիչ ոյժ է:

Ժողովուրդը, մի՛շտ էլ, ցեղի թեւերով — անցեալի եւ ապագայի ուժով է առնում իր թռիչքը:

Երբ ժողովրդի մէջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծւի իր թեւերը: Երբ ժողովրդի մէջ արթուն չէ ցեղը — նա տառապում է հոգեւոր ամլութեամբ եւ քաղաքական համլէտականութեամբ:

Ո՛չ թէ միայն ներկան, այլեւ ապագան իր սնունդն ստանում է անցեալից — ցեղից:

Ժողովուրդը ներկան է, ցեղը` երէկը, այսօրը եւ վաղը:

Առաջինը յաճախ կլանւում է ներկայով, երկրորդը հանում է մեզ ներկայից եւ ցոյց տալիս անցեալն ու ապագան` իդէալ լոյսի տակ:

Արթուն է ցեղը — ասել է` ժողովուրդն իր լսողութիւնը տւել է անցեալին, աչքը` ապագային: Դա ասել է` նրա անցեալը մշտակայ է, իսկ ապագան` նախօրօք ապրւած:

Սակայն տկարացա՞ւ ցեղը — ազգն այլեւս «մի որդակեր շէնք է, որ ո՛չ մի նեցուկ ունի եւ առաջին իսկ փոթորիկին պիտի կործանւի»:

Ցե՛ղն է մեր ապաւէնը:

* * *

Ցեղն աւելի՛ նրանք են ներկայացնում, որոնք այլեւս մեկնած են մեր աշխարհից եւ նրանք, որոնք պիտի գան:

Երբ ժողովուրդը ցեղօրէն կ’ապրի — նրա կեանքում փրկարար դեր կը կատարեն առաւելապէս նրա մեծ մեռելները, որոնց իշխանութիւնը ե՛ւ արդար է, ե՛ւ իմաստուն, ե՛ւ զօրաւոր:

Իսկ ցեղօրէն ապրել — ասել է պատմական յիշողութեամբ վերապրել անցեալ սերունդների կեանքը` նրանց ճակատագրին կապելով մերը:

Ցեղ ասել է իմաստութիւն, խստաբարոյութիւն եւ զօրոյթ:

Դա` Հայ Ատլասն է, որ իր ուսերի վրա հայկականութեան երկինքն է կրում:

Ցեղը զօրութենական հայկականութեան ովկեանն է, որից սնունդ են առնում Հայ էութեան ծովը, լճակն ու վտակը:

Ցեղայնութիւնը — դա արեան միութիւն է, միութիւնը ճակատագրի, դա կրօնն է, լեզուն — դա ուժն է այդ բոլորի, առանց որի կայ եսակենտրոն անհատների ամբոխ, բայց ոչ` ազգ: Այն, ինչ որ ունինք, որպէս մշակոյթ եւ ազդեցութիւն, ոչինչ է, բաղդատմամբ ա՛յն բանի, որ ունի եւ պիտի տայ մեզ ցեղի անսպառ ոգին:

Չկայ ցեղը — կայ ժողովրդի ստորարժէքութեան գիտակցութիւնը, կայ այդ գիտակցութեան դառնութիւնը:

Ցեղից են գալիս հայ զէնքի, բազուկի եւ գրչի բոլոր մեծութիւնները:

Երբ ցեղօրէն կ’ապրենք` մենք կ’օգտւենք մեր ցեղին յատուկ հերոսականութիւնից եւ գերագոյն պատւասիրութիւնից, նրա կրօնական բոցավառութիւնից եւ մշակութային խանդից — նրա ո՛ղջ զօրութենականութիւնից:

Մինչ ժողովուրդը միջակութիւններ կը ծնի, ցեղի ինքնայայտնութիւնը տեղի կ’ունենայ հերոսների, սուրբերի ու լուսակիրների միջոցաւ:

Երբ ցեղօրէն ենք ապրում — ասել է ներքին, հզօրացուցիչ հաղորդակցութեան մէջ ենք անցեալի մեծ առաջնորդների հետ:

Անցեղաշունչ ժողովուրդը կորովի եւ իմաստուն առաջնորդներ չի ունենայ:

Ցոյց տւէ՛ք ժողովրդին իր ցեղի արեւ — դէմքը, որ նա ինքնատեսութեամբ բարձրացնէ իր խոնարհ ճակատը: Հէ՛նց սրանում է մտաւորականութեան, գրականութեան, եթէ կուզէք, նա՛եւ, յեղափոխական շարժումների դերը:

Անարժէք է գրականութիւնը, եթէ դա ցեղի ոգու ինքնայայտնութիւնը չէ, եթէ նրա մէջ ցեղի ոգին չի ճառագայթում:

Երբ ժողովուրդը մեծ թեւաբախումներ ունի, ասել է` ցեղաշունչ նրա գրականութիւնը — դա նշան է, որ նրա մէջ ցեղն է գործում:

«Զարթի՛ք փա՜ռք իմ» Շնորհալիաբար պիտի երգէ հայ գրողը, եթէ ուզում է արագացնել փրկարար ցեղացնցումը` հայ էութեան մէջ:

Ո՛չ թէ եւրոպականացում, այլ ցեղայնացո՛ւմ. միա՛յն ցեղը կարող է ազգային արժէքները համամարդկայնացնել:

Եվրոպականը պիտի ծառայեցնել որպէս միջոց միայն` մեր սեփականը դրսեւորելու եւ փարթամացնելու համար:

Ժողովուրդն ընդունում է օտար մշակոյթն ապազգայնանալով, ցեղը` ազգայնացնում է իր ընդունածը:

Անօգուտ է նմանողութիւնը: Աւելի՛ն` դա աղարտում է մեր ցեղայնութիւնը: Ամէն նմանողութիւն ժողովուրդները կը գնեն իրենց անհատականութեան կորուստի գնով:

Երբ արթուն է ցեղը` ժողովուրդը տեսնում է իր հոգու անբաւ հարստութիւնները եւ իր գրականութեան միջոցով զանոնք փռում` աշխարհի առջեւ:

Ցեղօրէն չապրող ժողովրդի համար` համր է, անգամ, իր հայրենի աշխարհը: Նմա՜նը կարող է խորթանալ, անգամ, իր հարազատ միջավայրում: Ցեղօրէն ապրողն, ընդհակառակը, կարող է ե՛ւ մեծ սփիւռքի մատնւել, ինչպէս Իսրայէլը, բայց մի՛շտ էլ զերծ մնալ ներքին հոգեբանական կորստաբեր ցրումից:

Ցե՛ղն է մեր ապաւէնը:

* * *

Ցեղակրօնութի՜ւն — ահա՛ համադարմանը, առանց որի հայութիւնը կը մնայ մարդկութեան քաղաքականապէս ամենատնանկ մասը:

Ցեղակրօնութի՜ւն, դա անցեալապաշտութիւն չէ, ո՛չ էլ հոգեւոր պորտաբուծութիւն, ինչպէս եւ` ո՛չ ծոյլ յուսադրութիւն, ոչ էլ` մեղկ ապագայապաշտութիւն:

Անցեալի պաշտամունքի եւ ապագայի մեծ յոյսի ստեղծագործ կենակցութիւնն է դա, որ ժողովրդի հոգուն ամենաշքեղ յղացումներ է տալիս:

Ցեղակրօնն է նա, ո՛վ ապրում է ցեղօրէն` ցեղի կեանքով եւ ցեղի համար:

Ցեղակրօնութեամբ պիտի փարատել մեր ժողովրդի ներքին տկարութիւնները:

Ցեղապաշտութեան կրակով պիտի մոխրացնել հնոտինն ու սնոտինը` մեր մտաւորականութեան կեանքում:

Ցեղայնութի՜ւն — դա՛ է այն շաղախը, որ սերունդներին այնպէս է իրար կապում, ինչպէս կիրը` հոյակապ շէնքի քարերը:

Երբ ցեղակրօն է ժողովուրդը — նրա սակաւաթւութիւնը դառնում է երկրորդական:

Ժողովրդի համար իր խաւերի միջեւ եղած ցեղային յօդակապութեան սերտութի՛ւնն է էականը:

Ցեղն է ներգործօնացնում ժողովուրդը, նա է տալիս ներգործօն մարդը — նախակարապետը ցեղային գերմարդու:

Ահա՛ թէ ինչո՛ւ եմ ասում — ցեղակրօնութեան ճամբով` դէպի քաղաքական փրկարար միակրօնութիւն:

Մեր մտաւորականութեան է մնում աշխատել, որ ցեղակրօնութիւնը դառնայ արդի հայ հոգու երրեակ ձեւերը` նրա մտածումը, զգացումը եւ կամքը, մասնաւորապէ՛ս կամքը:

Ցեղի գերազօր կամքը — ահա՛ ժողովրդի փրկութեան լծակը:

Ցե՛ղն է մեր ապաւէնը:

* * *

Մինչ հայը իր ցեղի մէջ մարդկայնութիւն, թուրքն իր հոգում` գայլութիւն է մշակում:

Այդ իսկ պատճառով թուրքի մօտ ատելութիւնն աւելի՛ հարուստ զինարան ունի, հայու մօտ` սէրը:

Թուրքը` դա իժն է, որ դեռ իր մօր արգանդում զինւած է թոյնով:

Նրան` մի յանցանք ներել, ասել է` երկու նորերը արտօնել:

Մեր ժողովրդի համար թուրքն անպարտելի է, ցեղի համար` արհամարհելի:

Թուրքը դեռ ծանօթ չէ մեր ցեղի բազուկի ուժին, մինչեւ հիմա նա գործ ունեցաւ մեր ժողովրդի, բայց, գրեթէ, երբե՛ք` ցեղի հետ:

Նրա զէնքի յաջողութիւնը սեփական ուժի լիութիւնից չէր, այլ` մեր դիմադրութեան պակասից:

Ժողովուրդը կարող է ե՛ւ մոռանալ թրքութեան հասցրած չարիքները, ցեղը` չի ների:

Ցեղօրէ՜ն, ցեղօրէ՜ն ապրենք, որպէսզի սրտով մեծ եւ զօրաւոր Վարդաններն ու Վահանները անպակաս լինեն Հայոց աշխարհում:

Ցեղն է ժողովրդի հոգեւոր զինարանը. նախ այնտեղից առնենք մեր սպառազինութիւնը` թրքութեան դէմ:

Երբ ցեղն է գործում` Գարահիսարցի մի հիւսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրատ:

Երբ ցեղօրէն կ’ապրենք` ամէն մի հայ զոհի փոխարէն աշխարհ կը գան երկու նոր վրիժակներ: Ցեղն է, որ ժողովրդի կրծքի տակ վրէժխնդրութեան հիդրան կ’ապրեցնէ:

Ցեղն է, որ ժողովրդի սուրը սրել կը տայ իր նահատակների գերեզմանաքարի վրայ` զայն աւելի՛ եւս հատու, զարհուրելի եւ յաղթական դարձնելու համար:

Ցեղը` դա ժողովրդի սրտին նստած շանթակիր ամպն է:

Ցե՛ղն է մեր ապաւէնը:

* * *

Որքան տիրական է ցեղի ազդեցութիւնը ժողովրդի կեանքում, այնքան հեշտ է ինքնապաշտպանւում վերջինս:

Ժողովուրդը անճգնութիւն է, ցեղը` մտրակող կամք:

Ժողովուրդը դպիրներ է ծնում, ցեղը` մարգարէներ:

Ժողովուրդը նահանջելու տրամադիր զինւորն է, ցեղը` միշտ էլ Վահագն:

Ցեղն արիութիւն է, նաեւ` արիապաշտութիւն. հասկանալի է, թէ ինչո՞ւ հեթանոս հայութեան իմաստութիւնը Վահագնին նւիրած էր բոլոր ամիսների 27-րդ օրը:

Խաղաղութեան ժամանակ, գուցէ եւ կարելի է ապրել առանց ցեղի, վտանգի ժամանակ` երբե՛ք:

Ցեղը` դա ճակատամարտերում ճերմկած հազարավէրք զօրավարն է, որ միշտ էլ կ’երիտասարդանայ վտանգների ժամանակ:

Ժողովրդի ուղեցոյցն է ցեղը. նա իր մեծ մեռելների գերեզմաններով է նշանադրում ժողովրդի փրկութեան ճամբան:

Ցեղը` դա աստւածանման Հայկն է, որն իր եռացող զայրոյթը եռաթեւեան աղեղի մէջ դրած` թշնամուն կ’ուղղէ:

Դա ա՛յն խորախորհուրդ ուժն է, որ Նպատ լերան վրայ լարւած պահեց Մեծ Պարթեւի երկնաբարձ բազուկները, մինչեւ որ հայերը յաղթեցին:

Դա հայ սպարապետի հպարտանքն է, որ սաստեց թշնամուն` «Եթէ հարւածը իմն է` չի փրկւի»:

Ցե՛ղն է մեր ապաւէնը:

* * *

Այս կամ այն ցեղը մօտաւոր ճշդութեամբ դիմագծելու համար` նրան պիտի դիտել իր հոգու հայելիի` իր կրօնի մէջ, որովհետեւ ցեղի մօտաւոր ինքնայայտնութիւնը հնարաւոր է միայն իր աստւածների միջոցով:

Իր մտա-բարոյական զարգացման չափով, ցեղն իր կրօնի մէջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացութիւնը, իր բնազանցական էութիւնը:

Հայը լինելիական է, — հաստատում է հայոց հեթանոս կրօնը: Լինելիակա՛ն է հայը — ահա՛ ակն ու աղբիւրը մեր մեծ Յոյսի եւ Զօրոյթի: Այս է, որ յուրախութիւն թուրքի, դեռ չի գիտակցում հայ մտաւորականութիւնը` իր մեծամասնութեան մէջ:

— Պիտի մեռնի՛ անհատը, որ ապրի դասակարգը,- պատգամում է մեծամասնականութիւնը:

— Մեռի՛ր, դասակարգ, որ ապրի ազգը,- ասում է ֆաշականութիւնը:

— Թո՛ղ մեռնեն երկուսն էլ` անհատ թէ դասակարգ, որ ապրի ցեղը,ասում է Հիթլէրականութիւնը:

Տեսնո՞ւմ էք, որ Հեգէլի, Ֆիխտէի, Նիցշէի յաւիտենականի փիլիսոփայութեամբ թրծւած Գերմանիան է, որ ճգնում է ոտքի հանել ցեղը:

Իսկ հա՞յը — աւա՜ղ, հայ մտաւորականութիւնը ցեղահաղորդ չէ ե՛ւ այսօր: Նա ծանօթ չէ իր ցեղի հոգու կարելիութիւններին եւ այդ իսկ պատճառով, շարունակում է կառչած մնալ իր վտիտ ժողովրդասիրութեան` առանց օգտւել կարողանալու իր ցեղի զօրոյթից: Նա շարունակում է մնալ քաղաքականապէս սնանկացած մի ժողովրդի անզօր մտաւորականութիւնը, երբ պատմական վայրկեանը նրանից պահանջում է լինել ցեղի ընտրանին:

Ցեղերի գօտեմարտ կայ այսօր — ոչի՛նչ են ժողովուրդները — աննախընթաց գօտեմա՛րտ, որին չմասնակցել սեփական արիւնով — նշան է պատմական փոքրոգութեան: Դա նշան է, որ հայ մտաւորականութիւնը դեռեւս տէր չէ եղերաբար ապրւած մի նոր իմաստասիրութեան, որ նա օտար է իմաստասիրական հերոսութեան, ինչպէս եւ անծանօթ` հայ ճակատագրի ճշմարիտ իմաստասիրութեան:

Այսօրը` նո՛ր օր է — հասկանա՛նք այդ, եւ այն, որ հայ մտաւորականութիւնը երբե՛ք չի ունեցել աւելի մեծ եւ պատասխանատու դեր:

Վայրկեանը, որ աւելի՛ քան ճակատագրական է, պահանջում է նախ` հերոսական բարոյականութեան եւ մտածումի, ապա` մեծագործութեան եւ ինքնաողջակիզումի ընդունակ մի մտաւորականութիւն:

— Գերազանցի՛ր եւ պիտի յաղթե՛ս,- ասում է աշխարհն ազգերին: Եվ հայը միայն ցեղակրօնութեամբ կարող է գերազանց հանդիսանալ, որովհետեւ գիտենք` հրաշունչ ցեղայնութիւնն է նրա էութեան հիմնական կշռոյթը:

Ցե՛ղն է մեր ապաւէնը:

* * *

Ժողովուրդը գործում է, ցե՛ղն է, սակայն, իրականացնողը: Բաւական չէ գործելը, իրականացնե՛լ է պէտք, հասկանա՛նք այդ: Հասկանա՛նք նաեւ, որ բոլոր տեսակի յաղթանակներ տարւում են նախ` ցեղի ոգու քիմիարանում:

Ժողովուրդը կարող է եւ յարմարւել իր նւաստ վիճակին, ցեղի համար, սակայն, անդարձ չեն աշխարհի վճիռները:

Նրա համար անսրբագրելի չէ Լոզանը, հաւատացէ՛ք:

Երբե՛ք, ա՜հ, երբե՛ք հայ անւան շուրջն ա՛յնքան ամօթանք չէր կուտակւել, որքան վերջին տասնամեակի ընթացքում:

Եվ հէնց սրանումն է մեր դրութեան փշեպսակը, ինչպէս եւ մեր փրկութեան գրաւականը` միաժամանակ:

Չէ՞ որ գերման ցեղի քաղաքական միութեան գիտակցութիւնը ծնունդ առաւ եւ զարգացաւ տառապանքի եւ նւաստութեան դպրոցում:

Ցե՛ղն է ժողովրդի հոգեւոր ոսկեփոխը:

Այսօրը` նո՛ր օր է — ով գիտէ այդ` գիտէ փրկարար ճշմարտութիւնը:

Այսօր, երբ մեր Հայրենիքում կարմիր գերեզմանափորները հայոց ցեղն ու աստւածն են թաղում, եւ նրանց բրիչների ձայնն արձագանգում է խորհրդային գծից դուրս. մեր այս վշտաշունչ օրերին, երբ թուրքը` Լոզանից ձեռք բերած անպատժութեան արտօնագիրը ծոցը` բաց ճակատ շրջում է արեւի տակ եւ իր եաթաղանից մազապուրծ հայութեան ոչնչացումը որոճում — այս, մեզ համար անփառունակ օրերին, երբ չարագուշակ բուերն են հսկում մեր հաւաքական ճակատագրին — թո՛ղ ցեղակրօնութեան խօսքը հնչէ որպէս կազդուրիչ կանչ: Չ

է՛, չէ՛, Մասիսը — հայոց ցեղայնութեան հրաբուխը — դեռ չէ շիջած. նո՛ր, մենք նո՛ր ցեղաշարժերի կը սպասենք` մեր արեան մէջ զգալով ներկայութիւնը անցեալի եւ վաղւայ յաղթական հայութեան: Մենք ասում ենք — մի՛շտ էլ արդար է, որ մեր կեանքում օրէնսդրէ եւ առաջնորդէ ցեղը եւ ո՛չ թէ ժողովուրդը:

— Արթնացա՞ւ ցեղը` մենք վերստին կը բռնենք յաւիտենականութեան ձեռքը եւ կռւի կը կանչենք անարդար ժամանակը:

Եվ կը յաղթանակենք, քանզի ցեղի աստւածները — Հայկն ու Վահագն — պիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը եւ վարեն նրա հարւածները:

Ցե՛ղն է մեր ապաւէնը:

«Խռովք», Սոֆիա, 1932թ., թիւ 1