Գարեգին Նժդեհ

ԽՕՍՔ ՈՒԹԵՐՈՐԴ, ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԻՒՆՆ Է ՄԵՐ ԱՊԱՒԷՆԸ

Ցեղակրօնութի՛ւն — ահա՛ համադարմանը, առանց որին հայութիւնը կը մնայ մարդկութեան ամենատնանկ մասը, քաղաքականապէ՛ս տնանկ:

Անցեալի պաշտամունք չէ ցեղակրօնութիւնը, ոչ էլ հոգեւոր պորտաբուծութիւն է. ծոյլ յուսադրութիւն չէ դա, ոչ էլ` մեղկ ապագայապաշտութիւն: Մեր փառաշատ անցեալի եւ ապագայի մեծ յոյսի ստեղծագործ կենակցութիւնն է դա, որից ժողովրդի հոգին իր ամենաշքեղ յղացումները կ’առնէ:

Ցեղակրօն է նա, ով ապրում է ցեղօրէն` ցեղի կեանքով, ցեղի վախճանաբանութեամբ եւ ցեղի համար:

Ցեղակրօնութեամբ պէտք է փարատել մեր ժողովրդի ներքին տկարութիւնները:

Ցեղապաշտութեան կրակով պէտք է մոխրացնել հնոտին ու սնոտին մեր մտաւորականութեան կեանքում:

Ցեղայնութիւնը այն շաղախն է, որ իրար է կապում սերունդները, ինչպէս կիրը` հոյակապ շէնքի քարերը:

Երբ ցեղակրօն է ժողովուրդը, նրա սակաւաթւութիւնը դառնում է երկրորդական:

Ժողովուրդի համար իր խաւերի միջեւ եղած ցեղային յօդակապութիւնն է էականը:

Ցե՛ղն է ներգործօնացնում ժողովուրդը. նա՛ է տալիս ներգործօն մարդը` նախակարապետը ցեղային գերմարդու:

Ահա թէ ինչու եմ ասում — ցեղակրօնութեան ճամբով դէպի քաղաքական փրկարար միակրօնութիւն:

Մեր ցեղընկալ մտաւորականութեան է մնում աշխատել, որ ցեղակրօնութիւնը դառնայ արդի հայ հոգու երրեակ ձեւը` նրա մտածումը, զգացումը եւ կամքը, մասնաւորապէ՛ս կամքը:

Ցեղի գերազօր կամքը, որի կարիքը կը զգանք մեր կամքերը մտրակելու,- ահա՛ ժողովրդի փրկութեան լծակը:

* * *

Մինչ հայն իր ցեղի մէջ մարդկայնութիւն, թուրքը դարերով իր հոգում գայլութիւն մշակեց:

Այդ իսկ պատճառով թուրքի մօտ ատելութիւնն աւելի՛ հարուստ զինարան ունի, հայու մօտ` սէրը:

Թուրքը իժն է, որ դեռ իր մօր արգանդում զինուած է թոյնով:

Մի յանցանք ներել թուրքին, ասել է` երկու նորերն արտօնել նրան:

Թուրքը «զօրաւոր» է մեր ժողովրդի համար. դա արհամարհելի է մեր ցեղի համար:

Թուրքը դեռ ծանօթ չէ մեր ցեղի բազկի ուժին: Նա գործ է ունեցել մեր ժողովրդի, բայց ո՛չ ցեղի հետ: Նրա զէնքի յաջողութիւնը սեփական ուժի լիութիւնից չէր, այլ` մեր ժողովրդի դիմադրութեան պակասից:

Մեր ժողովուրդը իր տկարութեան մէջ, կարող է եւ մոռանալ թրքութեան մեզ հասցրած չարիքները: Ցեղը չի՛ ների:

Ցեղօրէ՛ն, ցեղօրէ՛ն ապրինք, որպէսզի սրտով մեծ եւ զօրաւոր Վարդաններն ու Վահաններն անպակաս լինեն հայոց աշխարհում:

Ցե՛ղն է ժողովրդի հոգեւոր զինարանը:

Այնտեղից, նա՛խ այնտեղից առնենք մեր սպառազինութիւնը` թրքութեան դէմ:

Գիտակցէ՛ք, որ երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հիւսն դառնում է Անդրանիկ, եւ սեբաստացի մի շինական` Մուրատ:

Երբ ցեղօրէն ապրինք, ամէն մի հայ զոհի փոխարէն աշխարհ կուգան երկու նոր վրիժակներ:

Ժողովրդի կրծքի տակ վրէժխնդրութեան հիդրան ցեղն է ապրեցնում:

Իր հերոսների եւ նահատակների գերեզմանաքարերի վրայ` ցեղն է սրել տալիս ժողովրդի սուրը, զայն աւելի հատու, զարհուրելի եւ յաղթական դարձնելու համար:

Ժողովրդի սրտին նստած շանթակիր ամպն է ցեղը:

* * *

Որքան տիրական է ցեղի ազդեցութիւնը ժողովրդի կեանքում, այնքան հեշտ է ինքնապաշտպանւում վերջինս:

Ժողովուրդը անճգնութիւն է, ցեղը` մտրակող կամք:

Ժողովուրդը դպիրներ է ծնում, ցեղը` մարգարէներ: Միշտ էլ նահանջելու տրամադիր զինուորն է ժողովուրդը. ցեղը` միշտ էլ Վահագն է:

Ցեղը արիութիւն է, նա՛եւ արիապաշտութիւն, ահա՛ թէ ինչո՛ւ հեթանոս, այլ ցեղակրօն հայութեան իմաստութիւնը Վահագնին նուիրած էր իր բոլոր ամիսների 27-րդ օրը:

Խաղաղութեան ժամանակ գուցէ եւ կարելի է ապրել առանց ցեղակրօնութեան, վտանգի ժամանակ` երբե՛ք:

Ճակատամարտերում ճերմկած հազարավէրք զօրավարն է ցե՛ղը, որը միշտ էլ կը երիտասարդանայ վտանգների ժամանակ:

Ժողովուրդի ուղեցոյցն է ցեղը, որն իր մեծ մեռելների գերեզմաններով է նշանադրում ժողովուրդի փրկութեան ճամբան:

Ցեղը աստուածանման Հայկն է, որ իր եռացող զայրոյթը եռաթեւեան աղեղի մէջ դրած` թշնամուն ուղղեց:

Դա հայ սպարապետի հպարտութիւնն է, որ սաստեց թշնամուն` «Եթէ հարուածն իմն է` չի փրկուի»:

Դա այն խորախորհուրդ ուժն է, որ Նպատ լերան վրայ լարուած պահեց Մեծ Պարթեւի երկնաբարձ բազուկները, մինչեւ որ հայերը յաղթեցին:

Ցեղակրօնութի՛ւնն է մեր ապաւէնը: