ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ*

* Տպագրվել է Սալոնիկում, 1927թ.:

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Կ՛ուզէի որ իմ խօսքը` ուղղած քեզ, հա՛յ երիտասարդութիւն, կ՛ուզէի որ դա առաջին հաղորդութեան ազդեցութիւնն ունենար:

Կ՛ուզէի որ քեզ համար գրւած խորհրդածութեանց այս էջերն ընդունէիր, ինչպէս ծարաւ դաշտը ցօղն է ընդունում:

Հոգեփոխել քե՛զ կ՛ուզէի ճշմարտութեան ոյժով. փրկել քեզ եւ քո միջոցաւ գաղութահայութիւնը կեղծիքի գերութիւնից:

Եթէ դու չես — թող խոստովանիմ` գաղութներում միայն քեզ եմ հաւատում — եթէ չես կամ պիտի չդառնաս ճանապարհ փրկութեան մեր ժողովրդի համար, նրա համար կը մնայ մի հատիկ ճամբայ… դէպի գերեզմանատուն:

Եթէ դու էլ պիտ նմանիս այն սերունդներին, որոնցից «մի բուռ հող» իսկ չի մնացել — օտարի լուծը եւ տառապանքը պիտ մնան քո ժողովրդի բաժինը: Որբ, գաղթական, հայ անունները պիտ շարունակեն մնալ որպես նոյնանիշ բառեր: Եւ պիտ երկարի խաչելութեան հոգեվարքը եւ ուշանայ յարութիւնը ցեղիդ:

Չէ՛, չէ՛, ես հաւատում եմ քեզ, քո ներքին մարդուն եւ Հային: Հաւատում եմ, որ դու հրամայողաբար պիտ դառնաս ուխտւած եւ վրիժակ սերունդ — դիւցազնախառն սերունդը մեր, որի ջանքերով Հայաստան երկիրը պիտ դառնայ Նոր Սպարտա` Արեւելքի սրտի մեջ: Ես հաւատում եմ քեզ եւ ահա՛ թէ ինչո՞ւ եմ քեզ ուղղում իմ առաջին «Bon quart»ը: Դա քառորդապահի իմ աղաղակն է, ուղղւած քեզ — աղաղակը, կանչը նաւաստիների, որ գիշերներն իրար կþուղղեն ամէն քառորդ ժամ:

Bon quart! Խռովայոյզ է ծովը. խաւարն անթափանց. վտա՛նգ, վտա՛նգ կայ նաւի համար:

Սակայն, նաւազներն արթուն են, պատրաստ եւ սթափ: Նաւը` ալեկոծ, բայց անսոյզ, պիտ հասնի նաւահանգիստ:

Այս խռով, խաւար եւ նենգ ժամանակներում, երբ այնքան մեծ եւ իրական է վտանգը մեր ցեղի համար, քե՛զ, հայ երիտասարդութիւն, ես քե՛զ իմ անհանգստացուցիչ աղաղակն եմ ուղղում:

Bon quart!

Գարեգին Նժդեհ