ՀԱՅ ԽԱՉԱԿԻՐԸ

Մահն էլ է սիրում գեղեցիկը

Փառապսակ Միհրանին

Ինձ ասացին` էլ չկա Միհրանը, եւ ես տխուր ժպտացի միայն, ինչպես մի օր ժպտաց Մահը, երբ հայ խաչակիրը խթանեց իր ջահել նժույգին եւ շշնջաց.

— Տար ինձ, դեպ Միջագետքի ավազուտ անապատները թռցուր ինձ, ուր կիզիչ արեւի տակ իմ ցեղի տխուր մասն է մարտիրոսանում…

* * *

Ինձ գուժեցին` էլ չկա Միհրանը, եւ ասացի ես.

— Թող այդպես լինի, թող միհրանաբար, դյուցազնորեն ընկնեն նորերն ու նորերը, եթե ազատագրյալ մեր Հայրենիքում դեռ կա մի բուռ հող, որը ներկված չէ արյունով…

Ինձ ասացին` էլ չկա Միհրանը, եւ ասացի ես.

— Չեն լինի բոլոր խիզախները ու հանդուգնները, որոնք գիտեն հեգնել մահը, անգիտանալ վտանգը, որոնք լավագույնն են լավերի մեջ, որոնց սիրում է եւ Մահը…


Գարեգին Նժդեհ