ԱՐԾԻՎ ԼԱԹՈՆ

Ճակատագրի պես կույր ու անողոք էր

Նրա հարվածը, որը չէր հապաղում իջնել

այնտեղ, ուր գործել էին սկսում քուրդ

բեգերի կիրքն ու ախորժակը:

«Քեզ, արքաների մեջ` միայն քեզ, գահերի մեջ` միայն քո գահը, լեռների էն սեգ ու անհաս բաշերը սիրեցի ես»…

Այս խոսքերը շշնջացին Արծիվ Լաթոյի բոցավառ շրթունքները, երբ մի օր, դեռ պատանի, հայրենի դաշտերից Նրա հայացքը տիտան Արնոսի կատարին սավառնող սեւ արծիվը գերեց…

Ու հուզված ու մտախոհ` Նա վերադարձավ տուն, պատից խլեց հոր հրացանը, համբուրեց, համբուրեց մեկ էլ, համբուրեց յոթն անգամ, գրկեց ու… լուսաբացին ջահել Ռշտունցին էլ չկա՜ր գյուղում…

* * *

Օրեր անցան:

Արնոսի կատարեն Լաթոն իր արծվային թեւերը տարածեց Ռշտունիքի վրա, ու այն օրեն մեղմացավ ավարն ու ավերը, նվազեց արյունն ու արցունքն այդ երկրում…

* * *

Պատերազմ էր:

Ռուսական զորքերը հասել էին Վան, կամավորները` Մոկս:

Իր որդիների արյունով յոթն անգամ սրբացած հայու երկիրը ընդմիշտ ազատված էր համարվում, երբ պատերազմների աստվածը, չէ՛, ցարի դիվանագիտությունը դավաճանեց մեզ…

Սկսվեց ռուս զորքերի Հայաստանն ավերող ու ամայացնող անփառունակ նահանջը…

Լաթոն` Արնոսի հպարտ արծիվը, չուզեց, չկարողացավ բաժանվել իր սիրած լեռներեն ու մնաց…

Մնաց մենակ, մենակ` ամայացած երկրի մեջ ու մենավորի անսահման հուսահատությամբ կանչեց.

— Ո՞ւր ես, ցեղդ իմ, ո՞ւր…

Եվ երբ ողբացած երկրի դար ու դաշտերը, որպես տխուր արձագանք, կրկնեցին.  «Ո՞ւր ես », հուսահատ ու վրիժավառ հայորդին, որպես լեռան կատարեն պոկված հսկա ժայռ, նետվեց դեպ առաջացող թշնամին ու… ընկավ:

Փա՜ռք…


Գարեգին Նժդեհ