ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

Մի պտղունց խունկ`

շրջիկ Զավենի հիշատակին

Գիշեր է…

Լուսնի ոսկեշող ցոլքերի տակ, գլուխս վշտացած հրեշտակի պես գերեզմանաքարերից մեկին դրած, լռության խորհրդավոր փսփսոցն եմ լսում.

— Տեսնո՞ւմ ես,- փսփսում է լռությունը միստիկ,- տեսնո՞ւմ ես այն գեղատխուր հողաթումբը…Ա՜հ, նրա տակ, էն հողի տակ հող դարձողը երազում էր Չարի ու ավարի գահերն ավերել, աշխարհը երջանկացնել էր ուզում… Երազում էր ու երջանիկ էր Նա, երբ լսվեց ֆալաքի չար քրքիջը` շարժվեց մանգաղը մահաբեր ու սպանեց երազն ու երազողին …

* * *

Այսպես, լեզու առած, փսփսում է լռությունը միստիկ, ու հոգիս խեղդող թախծի գիշերն ավելի սե՜ւ, ավելի ճնշող է դառնում…

Եւ ուզում եմ ճչալ ու փախչել ես…

Փախչել աշխարհից, ֆալաքի ձեռքից…

Փախչել հեռո՜ւ, շատ հեռու…

Փախչել` դուրս գալ աշխարհից…


Գարեգին Նժդեհ