ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — XII

XII

ՈԳԵԿՈՉՈՒՄՆԵՐ*

Յոռետեսութի՞ւն — ո՛չ, ո՛չ, անտեղի է դա

մարդկութեան ապագայի նկատմամբ, քանի

որ մարդը ինքնամշակմամբ կարող է Սոկրատ

դառնալ: Ոգու սոկրատեան մշակոյթ — ահա՛

թէ ինչի կարիք ունի մերօրեայ աշխարհը:

 

Ա

Օժտէ՛ք մարդուն քաջութեամբ եւ նրան կը դարձնէք աւելին, քան է՛ սովորական մահկանացուն:

Տուէ՛ք նրան իմաստութիւն եւ նա կը դառնայ բարոյապէս աւելի նախանձելի:

Իսկ եթէ նրան օժտէք նաեւ հոգու վեհութեամբ` ձեր առջեւ կ’արձանանայ Սոկրատը, այսինքն` կատարեա՛լը:

Այսպիսին էր նա, որի երեւումը իր դարաշրջանի ոգին յեղաշրջեց:

Առաջինը լինելով, նա յանդգնեց Իզիդայի քողը բարձրացնել` ճշմարտութեան գաղտնիքին տիրելու համար:

Բնազանցութեան անհաս բարձունքներից նա իմաստասիրութիւնը իջեցրեց երկիր, որպէսզի նրա լոյսի տակ մարդը (նշմարի) աշխարհն ու իրերը: Մարդկութեան առաջին մեծ բարոյագէտը, ճշտելով բարու եւ բարոյականի հասկացողութիւնները, մարդու մէջ արթնացրեց խիղճը ներքին աստուածութիւնը, որի առջեւ բանաւոր էակը պարտ է իր ամէն մի արարքն օրինականացնել:

Կար նախասոկրատեան անհատը, որին կը վարէին արտաքին իշխանութիւնը, ձեւական օրէնքը, սովորութիւնը:

Սոկրատով սկսուեց գոյութիւնը ինքնավար անհատի, անձի:

Պետական վարիչ չէր, Սողոն, Լիկուրգոս, Պերիկլէս չէր. նա օրէնսդրեց մարդկային բարոյական աշխարհի համար` հանդիսանալով ուսուցիչն ու դաստիարակը նրանց, որոնք կը նկրտէին ժողովրդի եւ պետութեան ճակատագիրը վարել:

* * *

Մտքի եւ ոգու Հերակլէ՛ս — այսպիսին եղաւ նա իբրեւ իմաստասէր:

Մի անգամ, ասում են, ամբողջ օր նա մնաց խորասուզուած մտքի ծովում, եւ միայն ծագող արեւը նրան իրականութեան վերադարձրեց:

Ոգու կեանքով ապրելու, ներքնապէս ազատագրուելու չափ ինքնակենտրոնանալու ինչպիսի՛ կարողութիւն:

Մտքի եւ կամքի հսկա՛յ, որի խօսքը, կեանքն ու ճակատագիրը պայմանաւորելով իրար, նրանից ստեղծեցին կատարելատիպը, որի նմանը դեռ եղած չէր մարդն աշխարհում:

Նա էլ ընդունեց պայքարը, սակայն սոկրատեան ձեւի — պայքար առանց կրքի, ատելութեան ու թշնամանքի:

Ճշմարտութիւնն եղաւ իր միակ զէնքը. անխռովութիւնը — դիրքը` անգրոհելի, անառիկ: Եղաւ աներկիւղ, երբ պէտք էր Աթէնքի բռնաւորներին շանթել: Եւ, նոյնքան անյողդողդ, երբ հարկ էր խուժանավարների կեղծիքին սովոր ամբոխներին ճշմարտութիւններէն դառնագոյնն ասել:

«Ի՞նչ է աստուած` ես չգիտեմ. ես գիտեմ միայն ինչն աստուած չէ»,ահա՛ խօսքը, որին վիճակուած էր նոր դարաշրջան, պատմութեան մէջ նոր էջ բանալ, խօ՛սքն իմաստունի եւ իմաստասէրի, որի առջեւ իբրեւ ուրուականներ Ողիմպոսի աստուածները չքացան:

Այսպէս ապրեց կատարելագոյնը մարդկանցից. գիտցաւ արհամարհել կեանքը, երբ պէտք էր մեռնել ի խնդիր բանականութեան սրբազան իրաւունքների:

* * *

Սոկրա՛տ, աշխարհիկ սո՛ւրբ, գովք… քեզ: Գո՞վք — ո՛չ, ո՛չ, մի օր դու մերժեցիր կենդանի գովքը` դափնին, որ կը տրուէր քեզ Պոդիտէի ճակատամարտում ցուցաբերածդ քաջագործութեան համար` պահանջելով, որ նրանով քո կողմից փրկուած վիրաւոր Ալկուեադէսին պսակեն:

Կարիք չզգացիր, ոգու հսկա՛յ, որ ուրիշները մեծութիւնդ վկայեն:

* * *

Սոկրա՛տ, վերստին ոգեկոչեցի քեզ, եւ ահա՛ դարերի մշուշի միջից ժպտում ես ինձ իբրեւ իմացութեան ու բարութեան արեւ` լոյսի հեղեղ ու ջերմութիւն սփռելով աչքը կոյր խցիկում:

Այսօր էլ լքած կեցարանս` եկել եմ այցի քեզ, գերագոյն կալանաւոր:

Զրպարտուած սիկոֆանտներից ու մահուան դատապարտուած, ահա՛ կանգնած մեծ անյայտի սեմին, մահուան բաժակը ձեռքիդ` հոգու անմահութեան մասին ես իմաստասիրում անխռով…

Գերմարդկայի՛ն կեցուածք — ասէք աստուածավայե՛լ, որի վեհութեամբ կախարդուած, անպատում ցաւերս — որոնց բեռան տակ առասպելական Աթլասն իսկ կը կքէր — աւելի թեթեւ եմ զգում: Եւ, շղթաներս` չքացա՛ծ…

Սոկրա՛տ, գերագոյնը մարդկութեան որդիներէն, գո՛վք քեզ, թէեւ դու բարձր ես ամէն գովքէ ու դափնիէ, անհունօրէ՛ն բարձր…

Բ

Հաննիբա՛լ — ոգու հսկա՛յ, որի ռազմական հանճարը, փառքն ու անձնական դժբախտութիւնը հաւասարապէս մեծ եղան, որը սակայն, իր մեծ հայրենասիրութեան արժանի հայրենիք չունեցաւ — քե՛զ, հռոմասա՛ստ հերոս, իմ սքանչացումը քե՛զ…

Գ

Ընկաւ Կեսարը` դաշունահար:

Եւ, աչքերը առյաւէտ փակելէ առաջ` փառքի վերջին շարժումով նա ծածկեց իր մերկութիւնը, որպէսզի դիակնացած վիճակում իսկ իրեն չպակասի վեհութիւնը:

Մե՛ծ, վեհափառօրէն մեծ ռազմադաշտերում` նա մեծ եղաւ եւ մահուան մէջ:

Կեսար լինելու համար բաւական չէ մականը, վեհութի՛ւն է պէտք: Ճշմարտօրէն մեծերի շունչն է վեհութիւնը: Ave, Caesar! Ողջո՛յն, Կեսա՛ր…

Դ

Սցիպիո՛ն — խիզախ զինուոր եւ յաղթակա՛ն, ես հասկանում եմ քեզ:

Հաւասարապէս մեծ եղան նուիրումդ Հռոմին եւ հայրենիքիդ անունով կատարուած ապերախտութիւնն անձիդ դէմ: Քանի կայ պատմութիւնը, զօրավա՛ր, պիտի ապրեն դառնութեան խօսքերդ, որոնցով հայրենի հողը` ոսկորներդ գրկելու արժանի ես գտնում:

Խորաչափում, զգում եմ մեծ ապերախտուածիդ դառնութիւնն արդար, եւ այնուամենայնիւ, վարանում եմ անիրաւ հռչակել հայրենիքդ:

Հայրենիքը — սիրաշա՛տ մայր` չունի՛ աւելի սիրելի զաւակ, քան զինուորը, որի բոլորանուէր պաշտումով եւ ջահել արիւնով է պայմանաւորում իր գոյութիւնն ու մեծութիւնը:

Հայրենիքը միշտ էլ արդար, միշտ էլ երախտագէտ է նրա հանդէպ, որի փայփայիչ անունը` զինուո՛ր` բարձր է ամէն տիտղոսից, պաշտօնից, շքանշանից:

Զինուորն աւելին է, քան քաղաքացին, որը իր պարտականութիւններից աւելի իրաւունք է փնտրում:

Զինուորը` հայրենիք` մօր առաջին զաւակը, իբրեւ մարդ եւ մարտիկ, ճանաչում է միայն մի հատիկ իրաւունք` մարտնչել ու մեռնել հայրենիքի համար: Գիտե՞ս, ո՛վ այդպիսին չէ ` զինուոր չէ:

Ապերախտութիւնը, զօրավա՛ր, որ բաժին ընկաւ քեզ` ստուերն է փառքիդ, արդիւնք մեծութեան ու փառասիրութեան այն պայքարի, որ հին է մարդկային հասարակութեան պէս:

Մեր անկատարեալ աշխարհում իր դէմ մախանք (չար նախանձ — խմբ.) է առաջացնում ճշմարիտ ամէն մեծութիւն, արժէք, փառք:

Եւ, բնական դարձած այդ մախանքը մեծութեան դէմ միշտ էլ պսակուել է պարտութեամբ, որովհետեւ պատմութիւնը տէր է կանգնել Սցիպիոնների ոսկորներին եւ հերոսական գործերին:

Զօրավա՛ր, Հռոմի անուան արժանի յաղթակա՛ն, իմ մեծարա՛նքը քեզ…

Ե

Վարդա՛ն — ահաւասիկ մի անուն` աւելի՛ հմայքոտ, աւելի՛ զօրաւոր, քան մականը Հայաստանի գահը վայելած բոլո՛ր թագակիրների:

Մի անուն, որի մէջ հինգերորդ դարի հայ գեղջուկ մարտիկը իր հողի եւ յաւերժութեան ձայնն էր լսել:

Մի նախանձելի անուն, որը կրելու, Մամիկոնեան կոչուելու համար` աշխարհակալ Բիւզանդիոնի հայազգի կայսրերը իրենց ծագումն էին կեղծում:

Մի անուն — մի ամբողջ դաւանա՛նք, մի ո՛ւխտ, մի բարոյական իմաստասիրութի՛ւն:

Դաւանա՛նք — հայու համար Հայաստա՛նն է գերագոյն արժէքն այս աշխարհում:

Ո՛ւխտ — մեռնել, բայց չնահանջել, երբ Հայաստանին են պաշտպանում:

Բարոյական իմաստասիրութիւն — Մամիկոնեանը չէ նահանջում եւ վատութեան առջեւ` խաղաղ պայմաններում:

Այսպիսի՛ն էին Մամիկոնեանները` հայրենահո՛գ, հերո՛ս, ասպե՛տ:

* * *

Դժուար չէ զօրավար լինել, բայց ոչ եւ` զօրաւոր: Ամէն մականակիր կեսար չէ, ինչպէս ամէն զօրավար զօրաւոր չէ;

Աւարայրի մեր պսակաւորը թէ՛ մէկն էր, թէ՛ միւսը:

Թէեւ մարտը զօրավարն է վարում, յաղթանակում է, սակայն, զօրաւո՛րը. նա՛, որ մերժում է տկարութիւնը, երկիւղը, պարտութիւնը:

Մամիկոնեանները զօրաւոր էին այն սրտառուչ բանականութեամբ, ինչպէս մի ուրիշը հայ է անբռնադատօրէն, քանզի չի կարող հայ չլինել:

Մարդը, նրանց հասկացողութեամբ, չէր կարող չլինել հերոս, քանզի բարձր արժէքներ կան, որոնց համար կռուելու, յաղթանակելու պահանջ կայ, քանզի աշխարհը կայ:

Իբրեւ տոհմիկ հերոսներ` նրանք մահն ըն(դունում են) իբրեւ վերջին փորձութիւն` մարդու համար:

Մահուամբ է փորձում մեզ յաւիտենականը, եւ վա՛յ նրան, ով պարտուեց մահից. նա արժանի չէ Հայրենիքին, յաւերժութեան:

Մամիկոնեանները զինուոր էին թէ՛ մէկի, թէ՛ միւսի` արժանի երկուսին էլ:

Մեր նուիրումի դիմաց` հայրենիքը անմահանալու առիթ է պարգեւում մեզ, որով` հայրենիքի համար մեռնելը գերագոյն պատիւ է, եւ ոչ` ձեւական պարտականութիւն:

Ահա՛ դասական հայ զօրականի հասկացողութիւնը հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին:

Հայոց պատմութեան մէջ Մամիկոնեանների՛ն է պատկանում առաջին ուխտի պատիւը: Ո՛ւխտն է Վարդանների դիւցազնութեան աղբիւրը: Ուխտ ունէր Կարթագէնի ամեհի զաւակը եւ նա դարձաւ Հռոմը սարսափեցնող Հաննիբա՛լ: Ուխտուածնե՛րն են յաղթում մահուն եւ նրան ծառայեցնում կեանքին:

Իբրեւ ժառանգութիւն` Մամիկոնեաններն իրենց ուխտը կտակեցին գալոց սերունդներին: Եւ, իր զաւակների ուխտածութեամբ ապրեց Հայաստանը:

* * *

Դարե՛ր, դարեր են անցել, եւ իմ էութեան մէջ դեռ որոտում, դղրդում է Վարդանի Աւարայրեան խօսքը` ուղղուած հայոց բանակին. «Վախը թերահաւատութեան նշան է… Մահն ընդունենք ուրախ սրտով»:

Դարեր են անցել, զարգացել, ճոխացել է հոգեգիտութիւնը: Այսուհանդերձ, այսօր իսկ շատ սակաւ է թիւն այն զօրականների, որոնց համար գաղտնիք չէ Ե դարի հայ զօրավարի յայտնաբերած հոգեբանական մեծ ճշմարտութիւնը:

Թերահաւատութի՛ւն — ահա՛ իրական թշնամին, որին չյաղթահարած` յաղթանակ տօնած չէ եւ ոչ մի զօրավար:

Յաղթանակում կամ պարտւում է նախ ոգի՛ն, ապա յետոյ` նիւթեղէն զէնքը:

Մահուան դէմ յաղթանակելով է նուաճւում կեանքը, ապրեցւում հայրենիքը:

Այսպիսի՛ն էին իրենց կեանքն ու մահը հայրենիքին ծառայեցնող Մամիկոնեանները — իմացեալ մահուան կեսարները. նրա՛նք, որոնց համար ռազմարուեստը մահարուեստ էր, այսինքն` մահուան դէմ յաղթական կանգնելու, մահի՛ց էլ զօրաւոր հանդիսանալու արուեստ. նրա՛նք, որոնց ճակատներից աւելի արժանաւորը մեր աշխարհում դեռ չէ շօշափել դափնին…

* * *

Վարդա՛ն, զօրավա՛ր եւ զօրաւորդ հայոց, անցած, գոյ եւ գալոց մեր սերունդների անունից համբո՛յր Աւարայրի՛դ, համբո՛յր անունիդ…

Զ

Ահա՛ եւ նրա՛նք` ուխտի իմ գերագո՛յն եղբայրները — նահատակնե՛ր ու հերոսնե՛ր, որոնք, մի օր, անկարող աշխարհին իրենց անպատում ողբերգութիւնը ոռնալու` երանեցին այսպէս.

«Նրա՛նց, որոնք գոռ մարտերի բոցերում իրենց ոգին են պողպատում, եւ զարնւում իբրեւ պարտականութեան ջահել աստուածներ, երանի՛:

Արծուի՛ն, բարձունքներում` բիբերն աստղերին, հոգեվարող արծուին է՛լ երանի՛:

Եւ, առիւծին արքայական, որ մեռնելուց առաջ` անապատների յաւերժութեան իր վերջին մռնչիւնն է խառնում, երի՛ցս երանի՛»:


*Դիմաստուերներ իմ նոյնանուն ձեռագրից:


Գարեգին Նժդեհ