ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — II

II

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Ժողովուրդը կը նմանի իր երկրին,

որն իր ներքին ուժերի աշխատանքով

բարձունքներ է կարկառում:

Մասիս թէ Մեսրոպ — հաւասարապէս

սրբազան կատարներ, որոնց տրուած է

գոյութեան բարձունքներում պահել

հայ միտքն ու հայեացքը:

Կան դանդաղ զառամող ու մեռնող ժողովուրդներ — նրա՛նք, որոնց անցեալ գոյութեան դպրոցը` իրենց երկրի աշխարհագրական դիրքի եւ արտաքին այլ ազդակների շնորհիւ եղել է նուազ դժուարին: Պատմութեան կողմից բարերարուածներն են դրանք` տէր միջակ մորալի, որոնք կորցրած իրենց անհատականութիւնը, շարունակում են ապրել իրենց անցեալի վարկով միայն:

Ամէն ժողովուրդ իր ուսերի վրայ է կրում իր պատմական բախտի բեռը:

Նուազ ոգելից եւ խոստումնալի է այն ժողովուրդը, որը գնալով չի երիտասարդանում հոգեպէս, որին պակասում է իր պատմական առաքելութեան գիտակցութիւնը:

Նմանին, զլանալով իր յարգանքը, աշխարհը ասում է` ապրելու եւ ստեղծագործելու համար նա՛խ ճանաչիր եւ ճանաչել տուր քե՛զ:

* * *

Փոխադարձ է ազդեցութիւնը երկրի եւ այն մշակող ժողովրդի միջեւ: Հնագոյն ժամանակներում, ինչպէս եւ քաղաքակրթութեան լուսաբացին, առաւել չափով զօրաւոր է եղել բնութեան ազդեցութիւնը մարդու վրայ:

Անհամար թելերով է կապուած իր գետերին, իր Վոլգային ռուսական հոգին:

Ծովի, ծովեզրերի ծնունդ է յոյնը:

Անապատն է կաղապարել արաբի էութիւնը: Իսկ հայ էութիւնը մշակելու գործում ազդեցութեան առիւծի բաժինը ընկել է Հայոց լեռներին:

Մասի՛սն է դայեակը հայ հոգու:

* * *

Ծո՛վ է ժողովուրդը: Ինչպէս հողմերից առաջացած ալիքները չեն դրսեւորում ծովի ողջ դինամիկան, նրա զօրութիւնը, այնպէս էլ ժողովուրդների առօրէական մանրագործութիւնները չեն սպառում այն ամէնը, որ տեղի է ունենում նրանց հոգու խորքում:

Կան խորքային ալեկոծութիւններ, որոնք ընդգրկում են բովանդակ ծովը:

Կան նաե՛ւ հոգեշարժեր — պատերազմ, յեղափոխութիւն, վերածնունդ, որոնց ընթացքում ժողովուրդը իւր էութիւնն ու ուժերը բացայայտում է առաւելագոյն չափով:

Այո՛, ծով է ժողովուրդը: Դա հոգու միասնութիւն է: Ով չգիտէ, ով չի զգում այդ` թող հեռու մնայ նրանից:

* * *

Ժողովուրդն է մեր ժամանակների աստուածութիւնը: Թէեւ նրա մասին եւ նրա անունից խօսում են իր բոլոր զաւակները, քիչերը, սակայն շատ քիչերն են էաբանօրէն ճանաչում նրան:

Ժողովրդին, ինչպէս եւ բնութեանը ճանաչել կարելի է իր ամբողջութեան եւ խորքի մէջ:

Այսպէ՛ս միայն, եւ ոչ` այլ կերպ:

Երկու են դէպի նրա խորք-էութիւնը տանող ճամբաները — իր պատմութիւնը եւ իր աչքերը` գերագոյն պահերում:

Առաջինը վկայում է թէ ի՞նչ էր նա անցեալում եւ ի՞նչ կարող էր մնացած լինել նրանից: Երկրորդը խօսում է այն մասին, թէ ի՞նչ է նա այժմ եւ ի՞նչ կարող է դառնալ վաղը:

Ժողովրդի ա՛չքը, որի արտայայտչականութիւնը տրուած չէ մարդկային խօսքին:

Կան գերագոյն պահեր — ժողովրդի գոյութեան ու ճակատագրին սպառնացող արտաքին վտանգի ժամեր, երբ դա լայնանում է, խորանում արծուի աչքի պէս, երբ այդ վերջինը իր բնին, իր ձագերին երկարող թշնամու ձեռքը, ժանիքը, մագիլն է տեսնում:

Նման դէպքերում ժողովուրդն ամբողջապէս աչք է դառնում, որին նայելու արիութիւն չի պակասում սակաւաթիւներին միայն:

Նրա հայեացքից փախչում, թաքնւում են այն բոլորը, որոնք մինչեւ այդ կ’աղմկէին, կը խուժանավարէին հրապարակում — կրկեսայիննե՛րը, ինքնակոչները, սովորականները:

Եւ, իրենց դիրքերի վրայ` վտանգի պահուն` մնում են զօրաւորները միայն:

«Իմ զաւակը չէ նա, ով ինձ համար մեռնելու հրաման չի աղերսում ինձանից»,- անխօս ասում է հրաբխի պէս արթնացած ժողովուրդը: Եւ գործում` իր ապրած դարերի իմաստութեամբ` սահմանելով եւ պարտադրելով գերպարտականութեան գործեր:

Նման վայրկեաններին նա զօրաւորների մէջ փնտրում է զօրաւորագոյնին եւ նրա ափի մէջ դնում իր ճակատագիրը:

Այսպէս է աշխարհ գալիս ճշմարիտ առաջնորդը:

Խորքի կանչին արձագանգում է խորքը — ժողովուրդ եւ առաջնորդ գտնում են իրար` միանում, ամբողջանում էութենական մի միասնութեան մէջ:

Այսպէս է ստեղծւում հաւաքական սիրտը: Նման պահերին է սրբազանում ապրումը, խօսքը, գործը:

Նման մթնոլորտում են յղացւում հերոսները եւ ծնունդ առնում գործերը հերոսական:

* * *

Ես տեսել եմ մեր ժողովրդին նման հոգեվիճակում. տեսել նրան` իր բիբերի մէջ, տեսել խռովքոտ տողանցն իր սերունդների, տեսել ռազմի իր սուրբերին եւ գայլերին` Վարդաններին եւ Վահաններին…

Եւ ժողովրդի հզօր շունչով օծուած` երկու անգամ անհաւասար ճակատամարտերի եմ առաջնորդել նրա զաւակներին: Ղարաքիլիսէի օրհասական օրերին, երբ թուրք հորդաների հետ մա՛հը կ’անցնէր Ախուրեանը, ու երկու տարի անց` Սիւնիքում, ուր պանթուրանականները կը նկրտէին լեռնահայութիւնը վերածել դիակների կամուրջի` թուրք եւ թաթար հայրենիքների միջեւ:

Եւ երկու դէպքում էլ հայ մարդը կատարել է ռազմի մեծագործութիւններ, քանզի մեզ հրամայել ու վարել է աչքը ժողովրդի:

* * *

Ժողովուրդն աւելին է, քան իր պետութիւնը, իր իշխանութիւնը, անգամ իր կուլտուրան:

Իր ոգու յայտնութիւնը դժուարացնող բազմազան արգելքների պատճառով նրան յաջողում է իրականացնել իր կարողական ուժերի մի չնչին մասը միայն: Պետութեան — ճշմարիտ պետութեան, բանականութեան եւ մարդկայնութեան վրայ կառուցուած պետութեան դերը հէնց այդ արգելքները աստիճանաբար վերացնելու մէջ է կայանում:

Ժողովուրդ — դա Անտէյն է առասպելական: Պարտւում է նա, հէնց որ կտրուեց հողից: Իսկ այդ վերջինը` հայրենի հողը խորհրդանշում է կուլտուր-ազգային այն բոլոր արժէքներն ու սրբութիւնները, որ ստեղծել է ինքը ժողովուրդը:

* * *

Անհատը պարտական է իր ընթացքն արդարացնել իր ժողովրդի առջեւ, իսկ ժողովուրդը` իր պատմութեան:

* * *

Ժողովրդից է ամէն յաղթանակ, անկարող ղեկավարից` ամէն պարտութիւն:

* * *

«Ես գրում եմ մի ձեռքով, պայքարում` երկուսով»: Այսպէ՛ս, Վիկտոր Հիւգոյի պէս վարուիր, երբ ժողովրդիդ գերագոյն բարիքներն ես պաշտպանում: Ժողովրդի համար` զոյգ ձեռքով — այսպէս բոլոր դէպքերում:

* * *

Կեանքում, խղճմտանքէս զատ ես ճանաչեցի երկու այլ դատաւորների եւս` Աստուա՛ծ եւ ժողովո՛ւրդ: Առաջինի դէմ մեղանչեցի, երկրորդի դէմ` երբե՛ք:

Գարեգին Նժդեհ