ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — I

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ*

(ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ)

*Տպագրվել է Երեւանում, 1993թ.:

Հայաստա՛ն եւ ճշմարտութիւն — ահա՛ իմ աստուածութիւնները: Հայրենասէր չես, եթէ կեանքդ տրուած չէ ի սպաս սրանց, որոնցից մէկին ծառայել կարելի է միւսի միջոցով միայն: Խորհրդանիշ` ինձ համար չէ նշանակում մտածել միայն: Դա, միաժամանակ, եւ ինքնախորացում է, երկո՛ւնք, որ հնարաւոր է դարձնում ներատեսութիւնը: Սիրո՛ւմ եմ գաղափարը, որ աշխարհ է գալիս ներքին գողգոթայի ճամբով կամ էլ փայլատակում է ուղեղիդ մէջ — մտքիդ իբրեւ շանթող յայտնութիւն:

I
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

— «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով, ինչ ընդդէմ է ստութեան»:
ԽՈՐԵՆԱՑԻ

Պատմութիւ՛ն — դա անաւարտ վէպ չէ, այլ` չաւարտուած ճակատամարտ:

Եւ իր էջերը` ռազմադաշտե՛ր, որոնք արիւնով են ներկում եկողանցնող սերունդները:

* * *

Ազգերի կեանքն` ըստ էութեան` գօտեմարտ է մահուան հետ:

Նրանք — ազգե՛րը միայն այն չափով են կենսունակ ու ստեղծագործ, ինչ չափով վերապրած եւ իմաստաւորած են իրենց անցեալը, իրենց պատմութիւնը:

* * *

Պատմագրել` նշանակում է կռուի մտնել ժամանակի հետ` թոյլ չտալու համար, որ նա մարդկային ազգի անցեալն սպանի: Ժողովրդի անմահութեան կոթողն է պատմութիւնը:

Վա՛յ այն ժողովրդին, որի անցեալն իր համար լոկ մի գերեզման է անխօս: Չկա՛յ աւելի մեծ ծառայութիւն` իր ժողովրդին, քան պատմագրումը նրա անցեալ կեանքի: Նոր Խորենացիներ, Եղիշէներ թող ճակատագիրը չզլանայ մեզ:

* * *

Ճշմարիտ պատմագրութեան դէմ մեղանչում ենք, երկու դէպքում. նա՛խ` երբ անգիտանալով անցքերը վերլուծող, կապակցող, համադրող եւ տեսականօրէն ընդհանրացնող մտքի դերը` նրան հաղորդում ենք վիպական գունաւորում, որով այն` պատմութիւնը վերածում ենք մի երկարաշունչ պատմավէպի: Կամ էլ` երբ անգիտանալով սրտի դերը, պատմութիւնը դարձնում ենք պեղումների եւ հանածոների մի մեռեալ նկարագրութիւն, այսինքն` ցամաքեցնում ենք ժողովրդի ոգեշնչման աղբիւրը, որպիսին պէտք է որ լինի պատմութիւնը: Նաե՛ւ իմաստասիրելու կարող — ահա` թէ որպիսին պիտի լինի պատմագրողը: Իր անունն արդարացնելու համար` պատմագրութիւնը պիտի լինի, միաժամանակ, նաե՛ւ պատմութեան փիլիսոփայութիւն: Անցքերին թափանցել իմաստասիրական վերլուծող մտքով, եւ նրանց մասին խօսել սրտի լեզուով: Այսպիսի՛ն էր Միշլէն: Մարդկային կեանքի պէս` պատմութիւնն էլ ո՛չ լոկ սրտի, ո՛չ էլ միայն մտքի գործ է, — դա սինթէզն է երկուսի:

Անցքերն ու անձերին հասկանալու համար բաւական չէ միայն տեսութիւնը, պէտք է նաե՛ւ համազգալ նրանց:

Ընդունենք եւ այն, որ պատմութեան նշանակութիւնը ոչ միայն ճանաչողական է, այլեւ` դաստիարակչական, վերանորոգչական:

* * *

Պակասաւոր է այն հայը, ով հայրենի պատմութեան իմաստասիրութիւնը, նրա հետագայ զարգացման ուղիները հասկանալու համար չի վերապրել իր ժողովրդի ողջ անցեալը:

Շատ բան խնայուած կը լինէր հայութեան — տառապա՛նք, արիւննե՛ր, կորա՛նք — եթէ հայ մտաւորականութիւնը դեռ անցեալ դարի երկրորդ կէսից երեւան եկած լինէր ընդհանրապէս պատմութեան, եւ ի մասնաւորի` հայոց պատմութեան իմաստասիրութեան լրիւ սպառազինութեամբ:

* * *

Պէտք է վերապրել եւ վերիմաստաւորել հայրենի պատմութեան ողջ հոլովոյթը:

Պէտք է Հայկի հետ ծառանալ Նեբրովթի դէմ, Տիգրանի հետ` ընդարձակել Հայաստանը, Արտաշէսի հետ` բարեկարգել այն, Բագրատունիների հետ Անին հրաշակերտել եւ ապա` նրա կործանումը ողբալ… Ի մի բան` պէտք է վերապրել մեր պատմութեան բոլոր բախտորոշ անցքերը նրա վերելքներն ու անկումները, նրա փառքերն ու տառապանքը, նրա աննկուն ընդվզումներն ու կուլտուրական հարուստ շինարարութիւնը:

Այսպէս` մինչ մեր օրերը:

Այսպէ՛ս են ճշմարտօրէն Հայաստանում Հայ սիրտն ու գիտակցութիւնը:

Այսպէ՛ս է ստեղծւում համահա՛յը, ամբողջական հայը:

* * *

Գուժկա՛նը — ամենաողբերգականը Հայոց պատմութեան դերակատարներից, որի դերը Հռոմում, արտաքին վտանգների ժամանակ, կատարում էր ծիրանագոյն դրօշը` պարզելով Կապիտոլիումի վրայ:

«Ահա՛, հասաւ գուժկանը… Ի նշան սգոյ պատռեց օձիքը եւ հող ցանեց գլխին»*:

Ո՞վ է այդ եղերականը, եւ ի՞նչ է խորհրդանշում նրա երեւումը յեղակարծ:

Գուժկա՛ն — դա խռովուած անձնաւորումն է իր ժողովրդի հաւաքական գիտակցութեան, նրա արթուն բնազդի, նրա ապրելու կամքի:

Հասէհա՛ս է վտանգը — շուտով կը պայթի ամպրոպը, եւ ահա՛ Հայաստանով մէկ տարածւում է կարմիր գոյժը` մրրկելով ու մտրակելով բոլոր կամքերը:

«Ելէ՛ք, ելէ՛ք, եւ օրհասակռուի պատրաստուէք… Նուա՞լ, ո՛չ, ո՛չ, ես արդէն ողբացի ամէն հայու փոխարէն, եւ` պատռելով օձիքս` զգացի ցաւը ո՛ղջ ազգի… Ելէ՛ք, վատութիւն է վայել, երբ հարուածող բազուկներ ունենք. մա՛հ, մա՛հ` մեզ մահուամբ սպառնացողին: Ելէ՛ք, յանուն կեանքի, նրա բարեշրջման, նրա կատարելութեան, ելէ՛ք… Մահէն աւելի կեանքն է զօրաւոր, ելէ՛ք»…

Այսպէ՛ս է ապրել, վերապրել, յաւերժացել հայը:

Այսպէս, ամէն անգամ, երբ յայտնուել է գուժկանը` իր հիմքպատուանդանից սասանուել է հայութիւնը, ցնցուել, իր մէջ յաղթահարել իր ներքին տկարութիւնները, եւ` իր վաղեմի մեծութեան վայել մի ամեհի ծառացումով, ելել մահուան ճամբաներն է կտրել` մահէն է՛լ զօրաւոր…

*Հայոց պատմութիւն:

 

Գարեգին Նժդեհ