ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 5
ՑԵՂՈՒՐԱՑ ՀԱՅՈՒՀԻՆ
— «Մի ռազմաշունչ ցեղի մէջ — ասում է Ֆաբր դ’Օլիվէն — երկու հակառակորդներ բռնուած են վէճի: Կատաղած, նրանք սկսել են հարուածներ փոխանակել: Բայց ահա՛ մի հերարձակ կին նետւում է նրանց միջեւ եւ բաժանում նրանց: Դա մէկի կինն է, միւսի` քոյրը: Նրա աչքերը բոցեր են արձակում, ձայնը հնչում հրամայողաբար: Դա աղաղակում է, հեւալով եւ ընդհատ խօսքերով հասկացնում, թէ անտառում տեսել է ցեղի նահապետին , թէ իրեն յայտնուել է երբեմնի յաղթական ռազմիկը:
«Դա չի ուզում — ասում է կինը — որ երկու ռազմիկ եղբայրներ կռուեն իրար հետ, դա պահանջում է, որ եղբայրները միանան ընդհանուր թշնամու դէմ: Մեծ նահապետի ուրուականն ինձ ասաց այդ ամէնը աղաղակում է զայրացած կինը: Ինքն ինձ ասաց, ես տեսայ նրան»: Եւ դա հաւատում է իր ասածին, համոզուած` դա համոզում է կռուի բռնուածներին: Յուզուած եւ կարծէք մի անդիմադրելի ոյժից սանձահարուած` հաշտուած հակառակորդները ձեռք են մեկնում իրար»:
Ահա թէ ի՞նչ կը սպասէինք հայ կնոջից:
Այս ազնուական դերը կը սպասուէր ամէն հայ կնոջից, բայց, աւա՜ղ, անցքերն եկան հաստատելու, թէ կան կանայք, որոնք հակադաշնակցական իրենց ամուսինների չափ քանդուած են հոգով:
Հակազգայնական հայութեան հոգեախտեւոր կեանքի ամենատխուր եւ միաժամանակ նողկալի կողմը` դա ապազգայնացած հայ կնոջ երեւալն է պայքարի կրկէսում: Նա փողոց իջաւ, փողոցայնացնելու եւ այժմ տիղմի մէջ է: Ճշմարիտ հայը չի կարող չգալարուել ամօթից եւ ցաւից այդ կանացի հրէշի արարքները տեսնելիս: Նա երեւաց փողոցում այլացեղ տականքների հետ` իր ազգային սրբութիւնները հայհոյելիս, նա երեւաց դատարանում` իբր վարձկան վկայ` ինը հայ մարդկանց կեանքի թելը կտրել տալու նպատակով, նա մասնակցեց ցոյցերի` իր այլասերած էութեան բովանդակ զզուելիութեամբ` առարկայ օտարների ծաղրին, նա ասպարէզ իջաւ կատարելապէս կապկացած, երբ իր կեղծ սուգը ցուցադրելու նպատակով սեւեր էր հագել եւ մէջքը չուան անցկացրել, երբ տունէ տուն ընկած ստորագրութիւններ էր հաւաքում, բողոքի ժողովներ հրաւիրում, ուրացողի պատկերը ծախում, ազգայնական տղամարդկանց հայհոյութիւններ ուղղում, երբ իր երեխային «դրօշակն ու դաշնակը» հայհոյել էր սովորեցնում:
Ես տեսայ նրան իր ընկածութեան մէջ եւ յիշեցի հռոմէական զօրավար Անտոնիոսի կինը` Ֆո՛ւլվիան, որ իր վրէժխնդրական մոլուցքի մէջ` ասեղով գլխատուած Կիկերոնի լեզուն էր ծակոտում: Յիշեցի շեքսպիրեան տիպերից լէյդի Մակբետը, որ մսագործի պաղութեամբ` դաշոյնը խրել էր տալիս իր զոհի մարմնի մէջ: Յիշեցի Լիր արքայի դուստրը` գիշատիչ, անհոգի, եսասէր, Վալտեր Սկոտի հերոսուհին` լէյդի Աշտոնը` ամբողջապէս տգիտանք եւ չարութիւն: Վերջապէս` Տոլստոյի հերոսուհին` Գոլովինա՛ն — լրբենի, դատարկապորտ, հաճոյապաշտ: Իր զազրելիութեամբ, սակայն, այս բոլոր տիպերին գերազանցում է ամերիկահայ ցեղուրաց կինը:
Ծանօթ դատավարութեան օրերին` դատարանում եւ դատարանի դրան` ամէն օր, առաւօտեան, կարելի էր տեսնել մի խումբ վհուկատիպ կանանց, որոնք յիշեցնում էին Բրօքէն լեռը, որի վրայ, ըստ գերմանական աւանդութեան, Մայիս մէկի գիշերը հաւաքւում էին բոլոր վհուկները եւ պար բռնում Մէֆիստոֆէլի շուրջը: Նրանք հաւաքւում էին այս կամ այն մարդու բախտի թելը կտրելու: Նիւ Եորքի փողոցներն ընկած այդ կանայք յիշեցնում էին Գորգոնաներին — յունական դիցաբանութեան մէջ դժոխքի սարսափները մարմնացնող քոյրերին — որոնք մազերի փոխարէն իրենց գլխին իրար պլլուած օձեր էին կրում: Եւ դա ճիշդ է, իդէալապէ՛ս ճիշդ: Եղաւ ժամանակ, երբ փողոցներում ազգայնական հայ մարդը առանց հայհոյուելու սրանց մօտից չէր կարող անցնել: Կորցրած կնոջական ամօթխածութիւնը` սրանք դարձել էին պղծախօս եւ պղծագործ: Օգտուելով ամերիկեան օրենքից, որ կնոջ գերակշիռ դիրք է տալիս, կնամարդ ռամկավարի վախկոտութիւնը մարտի ասպարէզը յանձնեց իր կնոջ, եւ վերջինը փլուզուեց հոգեպէս եւ փռուեց ամերիկահայ իրականութեան մէջ իբր շղթայազերծուած ապականութիւն: Նա սարսափով ետ քաշուեց միայն այն ժամանակ, երբ ազգայնական տղամարդը ստիպուած որոշեց այս ընկածների լրբութիւնը պատժել շիկացած երկաթի խարանով: Այդ օրերին էր, երբ Ամերիկայի ազգայնական հայութիւնը յղացաւ վատութեան մի միւզէի գաղափարը, ուր պիտի հաւաքէր անկման այդ շրջանի յիշատակները — հոգով այլազգիացած տղամարդկանց ու կանանց անուններ, պատկերներ, աղտեղաբան թռուցիկներ, անստորագիր նամակներ, պատռուած եւ անարգուած եռագոյններ, իբր այլասերուած հոգու վաւերագրեր` հեռախօսային հայհոյանքների եւ անէծքների յուշեր, սուտ վկայութեանց, դաւադրութեան, լրտեսութեան դէպքերի եւ անթիւ սեւ արարքների նկարագրութիւններ եւն. եւն…
Թող կարդա՛ն սրանք զարհուրանքով գալոց սերունդները, որպէսզի աւելի խորօրէն ապրեն հայ ցեղի գողգոթան, որպէսզի անազատ վիճակի վիժած սոսկումները վերյիշելով, նրանք իրենց գոյութեան խորհուրդը խտացնեն աստուածային այն բառի մէջ, որ կոչւում է ազատութիւն:
Գարեգին Նժդեհ



Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!