ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 12

ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉ ԱՐԾՈՒԻԿՆԵՐ

Դուք ուզում էք ծառայել ձեր հայրերի՞

հայրենիքին. բարի՛. այդ դէպքում

ծառայէք ձեր զաւակների հայրենիքին:

ՎԻԼԷ

Մանկական դաստիարակութիւնը, իբր ազգային խնդիր, այն բովանդակութիւնն է, որով ազգայնական ամերիկահայութիւնը շօշափում է իր ապագայի սիրտը: Ազգային դաստիարակութեան նպատակն է` կաղապարել, ձեւաւորել մանուկի ցեղային գիտակցութիւնը — այսինքն` մարդ էակի կենսաբանական բովանդակութիւնը կերպադրել, տիպարօրէն, ցեղայնօրէն:

Մի ժողովրդի ապագան կախուած է ցեղային ա՛յն թթխմորից, որ դաստիարակութեան միջոցով դրւում է մարդ-էակի էութեան մէջ` սրա ամենաճկուն հասակում: Ցեղակրօնութեան միջոցաւ` ամերիկահայութիւնը ձգտում է իր մանուկի մէջ զարգացնել հէնց ցեղային թթխմորը ժառանգականութեան տուեալները:

Մանուկին յատուկ է ամէն ինչ ընդունել անքննադատաբար, մասնաւորապէս արտադպրոցական նիւթերը: Բաւական չէ, որ դաստիարակութիւնը ըստ ձեւի եւ մանկավարժօրէն նպատակայարմար լինի, պէտք է նախանձախնդիր լինել յատկապէս բովանդակութեան մասին, իսկ դաստիարակութեան բովանդակութիւնը — դա հոգեցեղային կարելիութիւններն են: Մեթոդն այն չափով արժէք ունի, ինչ չափով որ դա նպաստում է բովանդակութեան յայտնաբերման: Ամէն նիւթ մանկան գիտակցութեան համար ձեւաւորիչ ոյժ ունի: Ա՛յդ իսկ պատճառով, ամէն բանից առաջ անհրաժեշտ է նիւթերի ընտրութիւնը, իսկ ընտրողն ամէն բանից առաջ նկատի պիտի ունենայ մանուկի ցեղա-հոգեբանական յատկութիւնները: Նիւթը պիտի նպաստէ մանուկի զգացական խորութեան: Պէտք է խուսափել բոլոր տեսակի անբովանդակ նիւթերից, որոնք եթէ չեն քանդում, գէթ թուլացնում են մանուկի հոգեւոր կարողութիւնները:

Մեր հետապնդած դաստիարակութիւնը նախ պիտի մշակէ հայ մանուկի ցեղաշունչ սիրտը , ինչ որ հասուն տարիքում դժուար է ստեղծել, եթէ չասենք անկարելի: Իսկ ցեղաշունչ սիրտ ստեղծելու գործում դաստիարակչական բոլոր ազդակներից — ընտանիք, հասարակութիւն, աւանդութիւններ, դպրոց — մա՛յրն է ամենավճռական դեր խաղացողը:

Այլ ժողովուրդների կեանքում ընտանիքը միայն լրացնում է դպրոցի գործը: Բայց ամերիկահայութիւնը ազգային դպրոցներ չունի, որով` ընտանիքը, որ առաւելապէս ասել է մայր` պիտի փոխարինէ ե՛ւ դպրոցը: Եւ այդ ընտանիք-դպրոցի նպատակը պիտի լինի ուժեղացնել հայ մանուկի հոգե-ցեղային դիմադրականութիւնը: Իսկ այդ անելու համար` դա հրամայողաբար պիտի դառնայ հոգեկան եւ ցեղային առողջութեան աղբիւր:

Մայրը տալիս է նիւթը — ցեղանի՛ւթը, դաստիարակիչը` հոգի՛ն: Այս երկուսն են կռում, կոփում ցեղի ճակատագիրը` մանուկի միջոցաւ: Այս երկուսի միջոցաւ տարւում է նաե՛ւ ցեղի գոյամարտի նախապատրաստութիւնը:

Հայրը, որպէս ընտանիքէն դուրս գործող, նուազ դաստիարակչական ազդեցութիւն ունի իր զաւակների վրայ, քան մայրը:

Այդ իսկ պատճառով, Արծուիկների կազմակերպութիւնը ամերիկահայ ազգայնական կնոջ — Կարմիր Խաչի ցեղահոգ գործն է:

Ամերիկահայ ազգայնական կինը կատարում է երկու գործ`

ա) Նա ճիգ է անում ընտանիքը վերածել դպրոցի:

բ) Նա ճգնում է թափ տալ ցեղակրօն շարժման, նոր կեանքի եւ հոգեւոր վերանորոգութեան այս գործին:

Կարմիր խաչուհին սկսել է գիտակցել, որ ինքը վերանորոգչական կարեւորագոյն ազդակն է, ինչպէս եւ գլխաւոր կռողը ցեղային առաքինութիւնների: Լծուած նորահաս սերնդի դաստիարակութեան գործին` նա իր հոգու հետ` իր զաւակին տալիս է մեր ցեղային առաքինութիւնների տախտակը:

Չկա՛յ ազգային ապագայի կառուցում` առանց մօր, առանց հոգեփոխուած` նաեւ բանապէս ցեղայնացած կնոջ:

Մայրն աւելի՛ է մօտ իր երեխային, նա աւելի՛ն է տալիս նրան. ա՛յդ իսկ պատճառով, երեխան աւելի իր մօր պատկերն է:

Այդ գիտակցութեամբ ահա՛ Հայ Կարմիր Խաչը, որ 1934ի ընթացքում կրկնապատկեց իր թիւը, նոր սերունդի դաստիարակութեան զուգահեռ` աշխատում է ստեղծել հոգեփոխուած մայրը: Նա գիտակցում է, որ վերանորոգումը պէտք է սկսել հասարակական առաջին բջիջից` ընտանիքից, իսկ ընտանիքում նա՛խ իրենից` հայ կնոջից: Այս նպատակով էլ նա տքնում է հոգեցեղօրէն վերարարչագործել ամերիկահայ կինը:

Կարմիր Խաչի ստեղծած շարժման մէջ ցեղօրէն կայտառանում է նաեւ հայ կինը: Այդ շարժումը պատրաստում է ցեղային ոգու դաստիարակչուհին: Ամերիկայի կարմիր խաչուհու համար է նաե՛ւ գերման կնոջ ուղղուած նոր տասնաբանեայի առաջին պատուիրանը — «Դու պէտք չէ մոռանաս, որ մօր եւ կնոջ քո պարտականութիւններից զատ` պէտք է մասնակցես ազգիդ կեանքում տեղի ունեցող ճակատագրական անցքերին»:

Եւ կարմիր խաչուհին աշխատում է իր բախտորոշ բաժինը բերել իր զաւակներին տուած ցեղայարմար դաստիարակութեան գործին: Նա աշխատում է դառնալ ցեղամայր, որպէսզի իր զաւակները դառնան ցեղաճանաչ, ցեղահաւատ, ցեղակրօն:

Նա հասկացել է, որ գերագոյն է մօր առաքելութիւնը — որ նա կոչուած է իր երեխայի դաստիարակութեան միջոցաւ կառուցելու իր ցեղի ապագան: Այո՛, երեխան ներկայացնում է ապագան. նա մի խոստումնալի կարելիութիւն է, մի ժպտացող յոյս` լաւագոյն ապագայի: Եւ երեխայի հէնց այդ հանգամանքն է իրեն դարձնում սրբազան ժողովուրդների համար: Կեանքի բոլոր մեծագործութիւնները, յաղթանակները` ցեղերի ոգու արծուային թեւաբախումներ են: Ամերիկահայուհին հասկացել է այդ եւ ճգնում է արծուամայր դառնալ եւ իր արծուիկին սովորեցնել լայնաթռիչ խոյանքը` յանուն իր ցեղի Մեծ Վաղուան:

Հայ Կարմիր Խաչի ամէն մասնաճիւղ պարտադրօրէն ստեղծում է արծուիկների բոյն, իր թեւի տակ, վարում է նրանց կեանքը, դաստիարակում նրանց: Աւելացնենք, որ արծուիկների կազմակերպութիւնը մէկ մէկ տնկարաններ են ցեղակրօն ուխտերի համար: Տասներեք տարին անց` արծուիկները միանում են ցեղակրօն ուխտերին: Այդ շարժումը մեծ խանդավառութիւն է ստեղծել թէ՛ մանուկների թէ՛ շրջապատի մէջ: Արծուիկը սովորում է ճանաչել եւ սիրել ցեղը, ապրել նրա արժէքներով: Իրենց պաշտամունքը Եռագոյնի հանդէպ արտայայտելու համար յաճախ նրանք իրենց անուանում են «Եռագոյնի մանուկ»:

— Americas future lies an its youths .

Նայելով հայ արծուիկի աչքերին, որոնք իրենց ցեղի հոգու խորքն են արտացոլում, մենք հպարտօրէն կարող ենք ասել, որ աւազի վրայ դրուած չէ ամերիկահայութեան շէնքը, որ նա ապագայ ունի, որովհետեւ արծուաբոյններ — արծուիկների սերունդ ունի:

Աշխատէ՛, աշխատէ՛, աշխատէ՛ կարմիր խաչուհի, որ վաղը Հայաստանը արծիւների բոյն դառնայ:

Գարեգին Նժդեհ