ԽՈԿՈՒՄ ԷՐ ԱՐԱՐԻՉԸ

Փառապսակ Խեչոյին*

Իզուր սպասեց երկնքի դարպասների մոտ պահակող հրեշտակը` չերեւաց տիեզերքի Արարիչը: Այդ օրը, ինչպես ամեն առավոտ, Նա չմոտեցավ երկնքի դռներին` նորազարթ երկրի աղոթքը լսելու:

Եվ առաջին անգամ օրը բացվեց առանց արշալույսի, որովհետեւ այդ օրը Աստված չժպտաց մեր երկրին:

Այդ ժամին իր գահի մոտ միայնակ խոկում էր Արարիչը… եւ տխուր էր Նա, տխուր, ինչպես լռությունը Արաբիայի ավազուտ անապատների:

— Նոր աշխարհների ծնունդն է երկնում մեր Տերը,- երկյուղածությամբ շշնջում էին Արարիչին շրջապատող քերովբեները… եւ մռայլ էին նրանք, ինչպես երկնքից արտաքսված իրենց երբեմնի ապստամբ ընկերը:

— Եվ ինձ թվում էր,- խորհրդավոր լռության մեջ լսվեց Արարիչի ձայնը,ինձ թվում էր, որ դեպ Հավիտենականությունը դիմող վայրկյանների ու հազարամյակների անվերջ քարավանները միշտ բեռնավորված են եղել արարածներիս նրբահյուս օրհներգներով…

Որ ե՛ւ մարդ, ե՛ւ սողուն, ե՛ւ թուփ, ե՛ւ թռչուն, որ ամեն մի արարած ամեն ժամ գոհություն շնչել ու իմ անունն է օրհնել… Սակայն, Նա անթաղ մեռելներից, թշվառի արցունքից, անմեղի արյունից` ստեղծածս երկրի անեծքից ու անկատարելությունից խոսեց…

Լռեց Արարիչը:

Ու նորից խորացան Նրա ճակտի ակոսները ու տխրությունը թանձր ստվերի պես ծածկեց Նրա դեմքը:

— Չէ՛,- բարկությամբ բացականչեց Արարիչը,- չէ՛, իմ ստեղծածը չի կարող կատարյալ չլինել. ինձ մոտ բերեք, ուզում եմ մեկ էլ լսել Նրան…

Քիչ անց, քերովբեների հետ տիրոջ առաջ ծառացավ մարդը , որը նոր էր թողել մեր հանցավոր աշխարհը:

— Ո՛վ մարդ.,- նորեն հնչեց Արարիչի ձայնը,- խոսելով աշխարհի անկատարելությունից` չմեղանչեցի՞ր դու…

Պատասխանի տեղ երկնքի նոր հյուրը միայն ժպտաց դառնորեն ու հեռացավ:

* * *

Խոկում էր Արարիչը:

Եւ տխուր էր Նա, ավելի տխուր, քան հազարամյակներ առաջ, երբ միայնակ ու անկայան շրջում էր ջրերի ու քաոսի վրա …


 * Գրքույկի «Խոկում էր արարիչը» հատվածը հետագայում տպագրվել է «Հայաստան» թերթում (Պլովդիվ, 1925թ., թիվ 7), Մեր անմեռ Աշոտին խորագրով (հավանաբար նկատի ունենալով Աշոտ Մելիք-Մուսյանին):


Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով