ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — XI
XI
ԸՆՏՐԱՆԻՆ
Ժողովուրդն աւելին է, քան թւում է: Նրանում աւելի ուժեր կան, քան նա զգում է եւ արտայայտում: Ժողովուրդը — դա իր ուժերին անծանօթ դիւցազն է, որ յաճախ գործում, սխրագործում է, գրեթէ, ենթագիտակցօրէն:
Դա հողն է` դեռ պեղումների չենթարկուած, որի մէջ աւելի արժէքներ կան թաքնուած, քան այն, որ լոյս աշխարհ է բերուած:
Յայտնաբերել այդ թաքուն, դեռ չգիտակցուած արժէք-ոյժերը, նշանակում է ոյժի նորանոր աղբիւրներ բանալ նրա էութեան մէջ:
Եւ, հէնց սրանում է կայանում ընտրանիի` ճշմարիտ մտաւորականութեան դերը: Իրենց յատուկ բնագաւառներում, այդ բացառիկ եւ պատասխանատու դերը կատարում են պատմաբանը, լեզուագէտը, բանասէրը, հնագէտը` նպաստելով իրենց ժողովրդի ինքնաճանաչման:
Յետադարձ հեռանկարով վերականգնել իր ժողովրդի պատմութեան այս կամ այն դարաշրջանի հոգեւոր կեանքը. հնագիտական պեղածոների դրսեւորմամբ ճշտել նրա մշակոյթի հանգրուանները. համեմատական լեզուագիտութեամբ որոշել նրա լեզուի — որ ասել է` նաեւ նրա գիտակցութեան, նրա ոգու — հասակը, ապա` նրա տեղը մարդկութեան մեծ ընտանիքում. արդիական փիլիսոփայութեան լոյսի տակ դնել նրա աւանդութիւնները, նրա էպոսը, առասպելները. սեղմ ասած` ժողովրդին ճանաչել տալ իր ողջ անցեալը, նշանակում է` նրա համար լիարժէք կեանքով ապրելու եւ ստեղծագործելու նախադրեալներ ստեղծել:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!