ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ

* Տպագրվել է Սոֆիայում, 1935թ.:

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Ընթերցո՛ղ, օրերը` որ կ’ապրենք, գրեթէ աննախընթաց են հայոց պատմութեան բոլոր ժամանակների մէջ:

Մե՛զ վիճակուեց`

– Վկայ լինել մի մեծ վատութեան` մեր ժողովրդի մի մասի ամբարիշտ ուրացումին, եւ

– Ցմրուր դատարկել բաժակը ազգային մի մե՛ծ ամօթանքի:

Այն օրէն, երբ լենինեան դաժան կատակերգութիւնը չեկայաչարչար մեր հայրենիքում մի բուռ դերակատարներ գտաւ, այն օրէն հայոց սփիւռքի թատերաբեմի վրայ վերստին երեւաց հայ ուրացողի զազրատիպ դէմքը:

Այն օրէն` օտար ափերի վրայ ազգային իդէալով ապրող հայութեան պարտադրուեց մի անօրինակ պայքար – պայքար` երրեակ ոյժերի դէմ, պայքար` օտար այլասերիչ միջավայրի, արտաքին թշնամիների եւ, միաժամանակ, հայ ուրացողի դէմ` ներազգային ճակատի վրայ:

Պայքա՛ր կայ հայոց գաղթաշխարհում` օտար անապատներում փռուած մեր մենաւոր ովասիսներում: Եւ, աւա՜ղ, այդ պայքարում, յուրախութիւն մեր ցեղի թշնամիների, մենք օտար հարուածներից աւելի՛ մեր թիկունքում զեռացող հայ տականքի հարուածներիցն ենք նեղւում: Այո՛, տակա՛նք, որ իր կուրութեան մէջ` շարունակում է անասնօրէն լծուած մնալ թրքօ-բոլշեւիզմի ռազմակառքին:

Պայքա՛ր կայ, որի մէջ կողմերից մէկը – ազգայնական հայութիւնը աշխարհն ու երեւոյթները դիտում է իր ցեղի յաւիտենականի բարձունքէն, միւսը` իր առօրէական վաղանցիկ հաշիւների անկիւնէն: Մէկն իր որոշ ճամբան եւ ազգային դատն ունի, միւսը` անուղի է, աննպատակ: Մէկը կռւում է իր նուիրական դրօշի, միւսը` վարձկան է օտար զէնքի տակ: Մէկը իր ցեղային լիարժէքութեան գիտակցութիւնն ունի, եւ իր ցեղին պարտադրուած անարդար ճակատագրի դառնութենէն է առնում պայքարի եւ զոհաբերութեան իր խանդը. միւսը նուաստ` իր ընկածութեան գիտակցութիւնն ունի, եւ այդ վերջինից է ստանում վատութեան իր ոյժը:

Ո՞վ, ներցեղային բարոյականով առաջնորդուող ո՞ր հայը ցաւախառն խռովքով չի զգում շունչը այս նոր, այս քաղաքական Աւարայրի:

Այսօր առաւելապէս Ամերիկան է այդ պայքարի թատրը:

Այդ պայքարի առաջին գծի վրայ` հայաթշնամի ոյժերի հետ արիաբար չափուող շարքերին եմ ձօնում էջերը. – մասնաւորապէս նորերին, այն հազարներին, որոնք վերջին երկու տարուան ընթացքում Դաշնակցականի, Ցեղակրօնի եւ Կարմիր Խաչուհու անուան տակ եկան միացան Եռագոյնի բանակին:

Սօֆիա, 1935, Ապրիլ

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով