ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 8

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆԸ

«Անհատների պէս — ասում է Ֆույէն — ազգերն էլ մի հոգի, մի «ես» ունեն, եւ այդ հոգին ու «եսը» կազմւում են ցեղի հաւաքականութիւնից: Այնտեղ, ուր այդ հաւաքականութիւնը ընկնում է իր պատմական արժէքների բարձրութիւնից, ազգը գտնւում է անկումի շրջանում եւ նրա հոգին խանգարւում բարոյական հիւանդութեամբ»:

Ահա՛ մի դատավճիռ օրուայ հակադաշնակցութեան մասին:

Հակադաշնակցութիւնը — իբր ուրոյն հոգեվիճակ — կարող էր ախտաբանօրէն շեշտուել, եւ շեշտուեց բոլշեւիկների կողմից մեր գաղութներում ստեղծուած հոգեբանական մթնոլորտի շնորհիւ:

Մեր դարը զանգուածների եւ ամբոխների դար է: Ամբոխից կարելի է օգտուել երկու ձեւով — դրական եւ բացասական: Բոլշեւիզմը այդ վերջինից օգտուեց եւ շարունակում է օգտուել բացասական ուղղութեամբ: Դա ձգտում է տեւականացնել ընկերային պսիխոզին նպաստող հոգեբանական մթնոլորտը, գիտնալով, որ հոգեբանօրէն բնականոն մարդ էակից կարող է միայն մի՛ վերաբերմունքի արժանանալ — մերժումի: Հայութեան այն մասը, որ իր ճակատագրով եւ հասարակական դրութեամբ կոտորածների խելացնորող յիշողութիւն, տեղահանութիւն, տնտեսական անկայուն վիճակ, նոր միջավայրին յարմարուելու յաճախ ապարդիւն ճիգ — դարձել է ջղայնապէս անկայուն եւ հոգեպէս խախտուած տարր` մեծապէս օգտագործուեց բոլշեւիզմից ո՛չ դրական ուղղութեամբ: Ուր չկայ պսիխոզի վիճակ` բոլշեւիզմը ճգնում է ստեղծել, ուր կայ` նա շտապում է ձեռք առնել պսիխոզի ենթակայ տարրերի ղեկավարութիւնը: Այս տեսակէտից յատկանշական է, որ մինչեւ Նիւ Եորքի դէպքը` ծանօթ տականքների ղեկավարութիւնը գտնւում էր ռամկավարների ձեռքում, սակայն, երբ դէպքից յետոյ գերագրգիռ վիճակ ստեղծուեց եւ ախտաւոր տականքը փողոց իջաւ, ղեկավարութիւնը անմիջապէս անցաւ բոլշեւիկներին, եւ այդ օրից սկսած` խ. իշխանութիւնը խելագար ճիգ է թափում տեւականացնելու պսիխոզային մթնոլորտը , որ կարողանայ ընկերահոգեախտային տրամադրութիւնների վարակչութեամբ ցնցումի մէջ պահել ցեղայնօրէն եւ ջղայնապէս անկայուն տարրերը: Այո՛, դժբախտաբար, ընկերային հոգեխանգարումը իրողութիւն է ամերիկահայութեան այն մասի համար, որ ազգային պարտականութեան բեռը նետել է իր ուսերից եւ սարսափով փախչում է ցեղօրէն մտահոգուելու ճիգից:

Այդ հոգեխանգարման ախտանշանները անհատի մէջ արտայայտութիւն են ստանում, երբ որոշ հաւաքականութեան մէջ ախտաբանական այդ երեւոյթը աստիճանաբար զարգանալով յանգում է ընկերային պսիխոզի, որում, ըստ մի շարք հոգեախտաբանների — Լըբօն, Սիգէլ, Տարդ, Կինկէլ — ենթական մատնում է հետեւեալ գծերը.

1. — Գիտակցութեան տկարացում , որի դէպքում բանականութիւնը չէ՛ վարում ախտաբանական ենթակային, այլ դիպուածական գրգռուածութիւնը:

2. — Զգացումների եւ գաղափարների միակողմանի ուղղութիւն: Այս դէպքում` ենթական կորցնում է շրջահայեցողութեան ընդունակութիւնը, պատասխանատուութեան զգացումը եւ, իբր խտացուած կիրք, կուրօրէն մղւում իր մտասեւեռման առարկային` թէկուզ մարդկութեան անդարմանելի չարիք հասցնելու եւ աշխարհի ամբողջ բարոյակարգը ոտնահարելու գնով:

3. — Բարձր զգացումների անկում , որի շնորհիւ նա դառնում է ընկերայնօրէն անպիտան, բարոյապէս անընտրող, զրկւում է սրբութեան զգացումից, ինչպէս նաեւ գեղագիտական ճաշակից, կորցնում է հոգեւոր վայելքի ընդունակութիւնը եւ դառնում է — եթէ այսպէս կարելի է ասել հոգեւոր գիշակեր:

4. — Գերագրգռութիւն: Կորցնելով բարձր գաղափարներով ապրելու ընդունակութիւնը, ենթական դառնում է անտարբեր հանդէպ բարձրի, հեռաւորի, եւ յափշտակւում ներկայով միայն: Իբր այդպիսին` նա կորցնում է բարոյական չափի գիտակցութիւնը եւ ղեկավարւում է այն բանով, ինչ նրան մասնաւոր գրգիռ է տալիս` տուեալ վայրկեանում: Յաւիտենականութեան մասին զգացում չունի, իսկ պատմութիւնից խրտնում է: Նրա հոգեւոր տեսողութեան շրջագիծը այսօրուանից դէնը չի տեսնում, որով անընդունակ է ապրելու իր ցեղի անցեալով, համակուելու նրա ապագայով:

5. — Յուզականութիւն: Սիրում է վայրկենական ապրումների տեղատարափը. յոյզից յոյզ է անցնում եւ յաջորդաբար մոռանում դէպքերը. տեւական ապրումի ընդունակութիւն չունի, ո՛չ էլ հասկացողութիւն ողբերգականի մասին. լալիս է եւ ծիծաղում` առանց լուրջ պատճառի, արագաշարժ է, բայց միշտ էլ ձախաւեր, գործում է եռանդով, բայց առանց կարեւոր նպատակի, աղմկարար է` շփոթի եւ քայքայումի ազդակ:

6. — Կրքերի յորդահոսութիւն: Անժուժ է, զուրկ է բարոյական ոյժից, որով եւ տոկալու, համբերելու առաքինութիւնից: Ներմղական է, ձգտում է արագօրէն իրականացնել իր մէջ բոյն դրած ամէն կիրք, ցանկութիւն:

7. — Դատելու անկարողութիւն: Չի հասկանում պատմական դէպքերի իմաստը, հակում չունի տրամաբանելու, ո՛չ էլ ճշմարտութեան ընկոյզի վրայ ատամ կոտրելու, անկարող է իրականը անիրականից զատորոշելու, դիւրահաւատ է եւ յատկապէս հաւատում է այն բանին, որ իր հաշուին գալիս է: Այդ բոլոր պատճառներով` բնական յարմարութիւն ունի գործիք դառնալու:

8 . — Անյարկի վայրագութիւն եւ շնականութիւն:

9. — Թեթեւամտութիւն , որ բացատրւում է ենթակայի հոգեկան տկարութեամբ: Չունենալով ինքնավար բարոյական եւ ինքնակամութիւն, ենթական դառնում է եռանդի մուրացկան: Թեթեւամտութիւնն էլ նրա մէջ ծայրայեղութեան է հասցնում հրահրուելու բաղձանքը, որպիսի պատճառով նա դառնում է` ամէն չարիքի գործիք :

Ահա՛, մօտաւորապէս, այն հոգեախտանշանները, որոնք վերլուծելու կարող դիտողը կը նկատի ամերիկահայութեան անդրօշակ տականքների մէջ:

Հակադաշնակցականը իբր ախտաբանական տիպ` եսական է եւ հաճոյապաշտիկ. հոգեպէս խո՛ւլ է, անկարեկի՛ց է, չի զգացւում մերձաւորի տառապանքից, անհամբեր է, անհանդուրժող, վայրագօրէն անարդար, ատող, չար, նրա մէջ գլուխ է բարձրացրել նախրայինը. նա իրեն թելադրուած գաղափարները, կարծիքները, հաւատալիքները կա՛մ ընդունում է ամբողջութեամբ, անքննադատաբար, կա՛մ ամբողջութեամբ մերժում:

Ախտաբանական այդ հոգեվիճակի շնորհիւ, նա հեշտութեամբ յանձնւում է զանազան պատրանքների, երբ այդ պահանջում է իր ղեկավարը: Օրինակ, նա հաւատում է, որ կարելի է Դաշնակցութիւնը գլխատել, Ամերիկայէն դուրս հանել, ծովը թափել, այդ նպատակով ստորագրութիւններ է հաւաքում, հանրագրութիւններ կազմում, չնայած որ տասնեակ տարիներով Ամերիկայում ապրող այդ եղկելին գիտէ որ, նման անհեթեթութիւնը դէմ է երկրի օրենքին. գիտէ, բայց հաւատում է: Նրա հոգեւոր աշխարհն հարուստ է ցնորական բազմազան գաղափարներով, բանդագուշանքներով, նա հաւատում է ամէն բանի, ինչ որ յարմար է իր հոգեբանութեան. ինչպէս շեշտեցինք մի տեղ, նա զուրկ է չափի եւ իրաւախոհութեան զգացումից, որովհետեւ ներքին հրամայականով, այսինքն իր խղճմտանքի ձայնով շարժուելու եւ գործելու փոխարէն, նա ղեկավարւում է արտաքին դրդումներով: Այս տարրը զգալիօրէն ներգործօնացաւ եւ փողոց իջաւ Նիւ Եորքի դէպքից յետոյ: Արդեօք, դժբախտ մի հոգեւորականի մա՞հը յատկապէս հոգեցնցումի ենթարկեց նրան, թէ այն ամէնը, որ այդ առիթով դրսեւորւեց` անթեղուած կար նրա մէջ: Արդեօք պայմաննե՛ր կը պակասէին նրան` իր հոգու ողջ չարութիւնը արտավիժելու համար: Գիտէինք, որ նա մեզ հետ չէր ազատագրական կռիւներում. գիտէինք, որ նա այժմ էլ մեզ հետ չէ` մեր ազգային մաքառումի, մեր ողբերգութեան, մեր վերափրկչական ոգորումների, մեր ինքնապաշտպանողական ճիգերի մէջ: Արդեօ՞ք, Նիւ Եորքի դէպքից յետո՞յ միայն փլաւ այդ տարրերի հոգին, թէ նա փլած էր վաղուց: Արդեօք, հիմա՞ միայն նա միացաւ մեր ցեղի թշնամիներին, հիմա՞, երէկ էլ նրա հետ չէ՞ր. ապա ի՞նչ էին հայ մատնիչները — ցեղի երեսից ընկած հրէշների այն լեգէոնը, որ մութի մէջ գործեց հայոց յեղափոխութեան դէմ, մինչեւ որ իսլամ մոլեռանդութեան քարի վրայ կը սրուէր այն ահաւոր դանակը, որով թուրքը ո՛չ միայն հայ յեղափոխականները պիտի մորթօտէր, այլեւ մի օր ամբողջ արեւմտահայութիւնը պիտի քաշէր պատմութեան մէջ իր զարհուրանքով եզակի սպանդանոցը:

Չէ՛, չէ՛, նրա էութիւնը վաղուց էր դատարկուել բարոյական այն յենակներից, առանց որոնց անհատի եւ ամբոխի մէջ գլուխ է բարձրացնում անասնականը:

Հակադաշնակցութիւնը — հասկանա՛նք, հասկանա՛նք այդ — որպէս ցեղալքումի արտայայտութիւն, նշանակում է` հրաժարում ցեղի արժէքներից եւ սրբութիւններից, նրա վախճանաբանութիւնից — ա՛յն ամէնից, որ ազգերի յաւիտենականութիւնն է ապահովում:

Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով