ՑԵՂԸ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԻԲՐ ԱՆԲԱՆԱԿԱՆ ՈՅԺԵՐ
Դեռեւս չի զարգացել այն գիտութիւնը, որ պիտի կոչւի աշխարհիմաստութիւն (գէոսոֆիա): Հոգեբանութիւնն էլ մինչեւ հիմա չկարողացաւ յղկւել իբրեւ հոգեիմաստութիւն (պսիխոսոֆիա):
Բնազանցութիւնը սկզբից ցայսօր լծւեց գոյութեան հանելուկը մեկնաբանելու գործին, ուզեց հասկանալ Ես-ի եւ բնութեան, ոգու եւ նիւթի, կեանքի եւ առարկայի իմաստը: Գիտական մի շարք սիստեմներ ահագին վարկածներ, գործնական նշանակութիւն ունեցող «ճշմարտութիւններ» կուտակեցին եւ սակայն հարցը, թէ ի՞նչ է գոյը, ի՞նչ է կեանքը, ի՞նչ է սրանց իմաստը, դեռեւս սպասում է իր պատասխանին:
Ընդհանուր առմամբ ա՛յն գիտութիւնները, որոնք բնազանցութեան օգնելու յաւակնութեամբ գործի լծւեցին, իրենց պրպտումների ընթացքին պարզեցին մի բան — թէ «ես»-ի եւ «ոչ ես»-ի, ոգու եւ նիւթի փոխյարաբերութիւնը շատ աւելի բարդ է, քան միարմատական (մոնիստական) մտածողներն ենթադրում են, թէ նրանց միջեւ եղած կապն ու անկապը շատ աւելի խորհրդաւոր է, քան երբեւէ կարող է ըմբռնել այսպէս կոչւած «մարդկային առողջ հասկացողութիւնը», քան կարող են սահմանել սովորական «ճշգրիտ» գիտութիւնները:
Աստւածաբանութիւնը, գաղափարապաշտ մտածողների զարգացրած տիեզերածնութիւնը (կոսմոգոնիա), տիեզերաբանութիւնը (կոսմոլոգիա), բարոյագիտութիւնը, պատմա-փիլիսոփայութիւնը եւն., որոնք ա՛յնքան յուզիչ հաւատով հետապնդում էին նպատակի եւ նպատակադրութեան խնդիրը եւ հոգեբանութիւնը, որ այնքան խնամոտ կերպով երեւան հանեց իմացութեան բանական եւ զգայական տարրերի այլազանութիւնը, անգամ նոր վիտալիստների իր խորութեան մէջ այնքան նշանաւոր կենսաբանութիւնը, եւ վերջապէս դրանց հետ ողջ իմաստասիրութիւնը` հանդիպեցին բանապէս անըմբռնելի եւ անբացատրելի խորհրդաւոր մի ոյժի, բնատարերային մի Մեֆիստոֆելի, որ ոգին եւ սրա յայտնութիւնը հանդիսացող պատմութիւնը յաճախ շեղում է նպատակի գծից:
Այս ոյժը կոչւում է անգիտակցական, տարերային, անբանական եւ սովորաբար անսպասելիօրէն ազդու է դառնում պատմականօրէն ճակատագրական վայրկեաններին եւ յաճախ որոշում դէպքերի բախտը, անկախ մեր իմացական ըմբռնումներից, մեր բարոյագիտական սկզբունքներից եւ բարոյական զգացումներից:
Դրա շնորհիւ է, որ շատ յաճախ կեանքում անբացատրելի են մնում հետեւեալ տիպի հարցեր.
Ի՞նչպէս է լինում, որ աշխարհում յաճախ անբարոյականը յաղթում է բարոյականին, թզուկը` հսկային, մանրօրէն նենգը` ոգու մեծութեան:
Ի՞նչպէս է լինում, որ յաճախ մեր որդեգրած գաղափարները, մեր բանականութիւնը, մեր զգացումները դաւաճանում են մեզ:
Ի՞նչպէս է լինում, որ յաճախ բարին ենք կամենում եւ չարը գործում:
Ի՞նչպէս է լինում, որ յաճախ սրտի խորագոյն յուզումով, նւիրումով եւ վճռականութեամբ մեր նպատակին ձգտելիս` հեռանում ենք նրանից:
Ի՞նչպէս է լինում, որ օրինա՛կ Հայաստանում, գրեթէ ամեն քաղաքական աղէտից յետոյ տեղի է ունենում ե՛ւ երկրաշարժ:
Ի՞նչպէս է լինում, որ օրինա՛կ, մի կին, մի կապիկ, մի այծ, մի ծառ կամ մի քար յաճախ պատճառ են դառնում, որ «ճակատագիրը» տարբեր մի բան տնօրինի, քան կարող է բանական թւալ:
Ի՞նչպէս է լինում, որ միեւնոյն պատճառը յաճախ տարբեր հետեւանքներ է ունենում:
Ի՞նչպէս է լինում, ուր «նպատակ»-ը շատ անգամ զոհ է գնում մի «պատահականութեան», մի «արկած»-ի:
Ի՞նչ է այս «նպատակ»-ը: Եթէ դա Ես-ի գոյութեան կռահումն է եւ կարօտը, ապա դա ո՛չ միայն խտացած միտք է, այլեւ զգացում, ո՛չ միայն «բան», այլեւ զգայական տարերք: Այդ դէպքում ի՞նչպէս է լինում, որ ճակատագիրը, պատճառը, հետեւանքը, պատահականութիւնը, արկածը յաճախ կարողանում են փոխել Ես-ի զգայական տարերքով (կամք) եւ բանական կարողութիւններով (միտք) պայմանա-ւորւած նպատակների ուղղութիւնը եւ անգամ բախտը: Ի՞նչ ոյժեր են դրանք — արտաեսայի՞ն, թէ՞ ներեսային, ոգուն բոլորովին անմատչելի՞, թէ՞ միայն «դեռեւս» մութ ու անծանօթ: Եթէ բոլորովին արտաեսային` նրանք չէին կարող ամէն անգամ յայտնւել մեր գործունէութեան եւ մտածումների ճամբին, եթէ միայն ներեսային` նրանք պէտք է որ հպատակւէին մեր կամքին: Նրանք գտնւում են մեր եւ աշխարհի միջեւ, որով աշխարհի հետ գործ ունենալիս, նախ դրանք է, որ պիտի յաղթահարւեն: Հենց սրանում է ենթակայականի բախտորոշ դերը պատմութեան մարզում: Ե՞րբ է պատմութիւն ստեղծւում — ա՛յն դէպքում միայն, երբ պատմագործ ոյժը` ենթական մի բան յաղթահարում է: Ենթակայօրէն ե՞րբ է այս յաղթահարումը հնարաւոր — այնժամ միայն, երբ միտքն ու կամքը, Ես-ի բանական կարողութիւնները եւ զգայական տարերքը ներդաշնակ են: Ամբողջական «Ես»-ը միայն կարող է գործել «բանականօրէն» եւ իշխել «տարերքին»:
Մենք գիտենք նաեւ մի այլ բան — որ մեր «Ես»-ը միանպատակ չէ, որ աշխարհում կայ նպատակների բազմազանութիւն: Այս ասել է` որ պատմութեան նպատակներն էլ փոփոխական են, որ պատմութիւնը նպատակի յաւիտենականութիւն ունի, բայց յաւիտենական նոյնանպատակութիւն չունի: Ո՞րն է նպատակի այս յաւիտենականութիւնը. առաջադիմութի՞ւնը: Բայց ո՞վ կը ձգտէր դրան, եթէ դա մի քիչ երջանկութիւն չխոստանար: Պատմութեան մղիչ ոգին ապերջանկութեան զգացումն է եւ երջանկութեան կարօտը: Պատմութիւնը ոգու ինքնափրկումի տենչ է: Եթէ այս տենչը յաւիտենական է — այդ նշանակում է, որ պատմութիւն յղացող ոգու առջեւ կայ անբացատրելիօրէն մութ, անբանական, անգիտակցական մի խոչընդոտ, մի հակաոգի, որ իր հակազդեցութեամբ յաւիտենական է:
Ըստ այսմ` պատմութեան նպատակի յաւիտենականութիւնը պայմանաւորւում է անգիտակցականի յաւիտենականութեամբ:
Ի՞նչ է այս անգիտակցականը: Հոգեբանութիւնը բնազդների աշխարհը զատելով զուտ բանականութիւնից, նրան սահմանեց «ենթա- գիտակցական» բառով: Ենթագիտակցականը գիտակցականից տարբերւում է նրանով, որ ո՛չ թէ ուսուցւում է, այլ ժառանգականօրէն փոխանցւում, ո՛չ թէ իմացական երեւոյթ է, այլ կենսաբանական, ո՛չ թէ անհատական մտորում է, այլ տեսակի խառնւածք, ո՛չ թէ մտքի ընդունակութիւն է, այլ արիւնի, ո՛չ թէ անցանելի է անհատի հետ, այլ զուգահեռ` սեռի յաւիտենականութեան:
Այս «ենթագիտակցականը» աւելի ազգակից է բնութեան, քան բանականութիւնը. նա զգայական որակ է, տարերային զօրոյթ. նա բնատարերքի շարունակութիւնն է կենսաբանական էակների մէջ:
Այս կենսաբանական «ենթագիտակցական»-ը անօրգանական բնատարերքի հետ կազմում է ա՛յն խորհրդաւոր ոյժը, որ կոչւում է անբանական` «իրրացիոնալ»:
Մարդկային ոգու հզօրանքի գաղտնիքը եւ նրա ճակատագրի ողբերգութիւնը հենց նրանում է, որ նա թէ՛ իր ոյժերն է ստանում անբանականից, թէ՛ չի կարող ազատւել նրա տիրապետութիւնից:
Հզօրութեան գաղտնիքը հասկացել են մարդկային ա՛յն խմբակցութիւնները, որոնք ճակատագրի դէմ ոգորելիս` զգում են, որ պէտք չէ հակասութեան մէջ դնել բանականը եւ բնազդականը, որոնք գիտեն, թէ նւաճունակ մտքի բուն աղբիւրը առողջ բնազդն է:
Զուր չէ, որ անգլեւգերման մի շարք մտածողներ կամքը համարում են տարերային կոյր տենչանք, իսկ բանականութիւնը` նրա գործիքը:
Ո՞րն է կամքի աղբիւրը. այս հարցը էութեան հարց է, իսկ էութիւնները կազմւում են ոգուց եւ բնութիւնից:
Եթէ հարց տանք. ո՞րն է կամաստեղծ բնութիւնը, աշխարհիմաստութիւնը պիտի պատասխանի — Հայրենի՛քը:
Եթէ հարց տանք. ո՞րն է կամաստեղծ ոգին, կենսաբանութիւնը պիտի պատասխանի — Ցեղը:
Հայրենիք ու ցեղ — դրանք երկուսն էլ անբանական ոյժեր են, որով աւելի՛ յաւիտենական, քան այլ որեւէ բան` երկնքի տակ:
Այդ է պատճառը, որ մարդկային պատմութեան բոլոր ոգորումները, վերջին հաշւով դառնում են դրանց շուրջը:
«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 1
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!