Գարեգին Նժդեհ

ԽՕՍՔ ԻՆՆԵՐՈՐԴ, ՑԵՂՆ Է ՄԵՐ ԱՊԱՒԷՆԸ

Այս կամ այն ցեղը մօտաւոր ճշդութեամբ դիմագծելու համար, զայն պէտք է դիտել իր հոգու հայելիի` կրօնի մէջ, որովհետեւ ցեղի շեշտուած ինքնարձանացումը հնարաւոր է միայն իր աստուածների միջոցով:

Իր մտա-բարոյական զարգացման չափով, ցեղը իր կրօնի մէջ է դնում իր հոգեբանական գծերը, իր բնազանցական էութիւնը:

Հայը լինելիական է` հաստատում է հայոց հեթանոս կրօնը:

Լինելիակա՛ն է հայը,- ահա ակնաղբիւրը մեր մեծ յոյսի եւ զօրոյթի:

Ա՛յս է, որ չէ գիտակցում հայ մտաւորականութիւնը` իր մեծամասնութեան մէջ:

— Պէտք է մեռնի ազգը, որ ապրի դասակարգը,- պատգամում է բոլշեւիզմը:

— Մեռի՛ր, դասակարգ, որ ապրի ազգը,- ասում է ֆաշիզմը:

— Թող տեղի տան երկուսն էլ, անհատ թէ դասակարգ, որ ապրի ցեղը,ասում է հիտլերականութիւնը:

Տեսնո՞ւմ էք, Հեգելի, Ֆիխտէի եւ Նիցշէի յաւիտենականի փիլիսոփայութեամբ թրծուած Գերմանիան է, որ ճգնում է ոտքի հանել ցեղը: Իսկ հայ մտաւորականութիւնը — աւաղ, ցեղահաղորդ չէ եւ այսօր: Նա ծանօթ չէ իր ցեղի հոգու կարելիութիւններին, եւ այդիսկ պատճառով շարունակում է կառչած մնալ իր վտիտ ժողովրդասիրութեան` առանց օգտւել կարողանալու իր ցեղի դինամիկայէն:

Քաղաքականապէս անիրաւուած է շարունակում մնալ մի ժողովրդի մտաւորականութիւնը, երբ պատմական վայրկեանը նրանից պահանջում է լինել ցեղի ընտրանին:

Ցեղերի գօտեմարտ կայ այսօր — անզօր են ժողովուրդները — աննախընթաց գօտեմարտ, որին չմասնակցելը սեփական արիւնով` նշան է պատմական փոքրոգութեան:

Դա նշան է, որ հայ մտաւորականութիւնը դեռեւս տէր չէ եղերաբար ապրուած մի նոր իմաստութեան, որ նա օտար է իմաստասիրական հերոսութեան, ինչպէս եւ` անծանօթ` հայ ճակատագրի ճշմարիտ իմաստասիրութեան:

Այսօր նո՛ր օր է — հասկանանք այդ,- եւ այն, որ հայ մտաւորականութիւնը երբեք չի ունեցել աւելի մեծ եւ պատասխանատու դեր:

Վայրկեանը, որ աւելի քան ճակատագրական է, պահանջում է նախ հերոսական բարոյականութեան ու մտածումի, ապա մեծագործութեան եւ ինքնաողջակիզումի ընդունակ մի մտաւորականութիւն:

— Գերազանցեցի՛ր եւ պիտի յաղթես,- ասում է աշխարհը ազգերին:

Իսկ հայը միայն ցեղակրօնութեամբ կարող է գերազանց հանդիսանալ, որովհետեւ — գիտէ՛ք — հրաշունչ ցեղայնութիւնն է նրա էութեան հիմնական կշռոյթը:

Ցե՛ղն է մեր ապաւէնը:

Հասկանա՛նք,- ժողովուրդը գործում է միայն, ցե՛ղն է, սակայն, իրականացնողը:

Բաւական չէ գործել, իրականացնել է պէտք:

Հասկանա՛նք նաեւ, որ բոլոր տեսակի յաղթանակները տարւում են նախ ցեղի ոգու քիմիարանում:

Ժողովուրդը կարող է յարմարուել իր նուաստ վիճակին, ցեղի համար, սակայն, անդարձ չեն աշխարհի վճիռները: Նրա համար անսրբագրելի չէ Լոզանը, հաւատացէ՛ք:

Լոզանը — ահ, երբե՛ք, երբե՛ք հայ անունի շուրջը այնքան ամօթանք չէր կուտակուել, որքան` վերջին տասնամեակի ընթացքում: Եւ- նորահա՛ս սերունդ — հէնց սրանում է մեր դրութեան փշէ պսակը, ինչպէս եւ մեր փրկութեան գրաւականը` միաժամանակ:

Չէ՞ որ գերման ցեղի քաղաքական միութեան գիտակցութիւնը ծնունդ առաւ եւ զարգացաւ տառապանքի եւ նուաստութեան դպրոցում:

Ցեղն է ժողովուրդի հոգեւոր ոսկեփոխը:

Այսօրը` նո՛ր օր է — ով գիտէ այդ, գիտէ փրկարար ճշմարտութիւնը:

Այսօր, երբ մեր հայրենիքում — ցեղի յաւիտենական հայրենիքում կարմիր գերեզմանափորերը մեր ցեղն են թաղում, եւ նրանց բրիչների ձայնը արձագանգում է Խորհրդային գծից դուրս. մեր այս վշտաշունչ օրերին, երբ գայլաբարոյ թուրքը, Լոզանից ձեռք բերած անպատժութեան արտօնագիրը ծոցը` բաց ճակատ շրջում է արեւի տակ, եւ իր եաթաղանից մազապուրծ հայութեան ոչնչացումը որոճում,- այս մեզ համար անփառունակ օրերին, երբ չարագուշակ բուերն են հսկում մեր հաւաքական ճակատագրին,- թո՛ղ ցեղակրօնութեան խօսքը հնչէ որպէս կազդուրիչ կանչ:

Չէ՛, չէ՛ Մասիսը — հայոց ցեղայնութեան հրաբուխը — դեռ չէ շիջած:

Նո՛ր, մենք նոր ցեղաշարժերի կը սպասենք մեր արեան մէջ զգալով ներկայութիւնը անցեալի եւ վաղուայ յաղթական հայութեան:

Եւ ասում ենք մենք` միշտ էլ արդար է, որ մեր կեանքում օրէնսդրէ եւ առաջնորդէ ցեղը, եւ ոչ թէ ժողովուրդը:

Արթնացա՞ւ ցեղը — մենք վերստին կը բռնենք յաւիտենականութեան ձեռքը եւ կռուի կը կանչենք անարդար ժամանակը:

Եւ կը յաղթանակենք, քանզի ցեղի հեթանոս աստուածները` Հայկն ու Վահագն` պիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը եւ վարեն նրա հարուածները:

Ցե՛ղը,- գիտակցիր այդ, նորահա՛ս սերունդ,- ցե՛ղն է մեր ապաւէ՛նը: