Գարեգին Նժդեհ

ԽՕՍՔ ԱՌԱՋԻՆ, Ի՞ՆՉ Է ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԻՒՆԸ

ՑԵՂԱՅԻՆ ԱՐԹՆՈՒԹԻՒՆ*

ԻՄ ԽՕՍՔԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՆՈՐԱՀԱՍ ՍԵՐՈՒՆԴԻՆ

Քաղաքական վայրկեանը, որ կ’ապրի հայութիւնը, պատմական է եւ գերագոյն:

Այդ գիտակցութիւնը խռովքի է մատնել մեզ:

Այլեւս սուր կերպով զգացւում է, որ բախտորոշ անկիւնադարձը մօտ է, եւ որ նրանից է կախուած մեր ժողովրդի լինել-չլինելը: Խորապէս գիտակցւում է այլեւս, որ օրուայ մտայնութեամբ, անպատիժ կերպով, չենք կարող շարունակել մեր անհայրենիք գոյութիւնը:

— Ի՞նչ, ի՞նչ է պատրաստում մօտիկ ապագան մեզ համար — ահա՛ չարչարող հարցը, որ վճռապէս դրւում է հայ մարդու առջեւ:

Այդ հարցին պէտք է պատասխանել մի այլ հարցով — թէ զօրութենական ի՞նչ կարողութիւններ կան թաքնուած մեր ցեղի էութեան մէջ:

Իսկ այդ հարցին կարող է պատասխանել ցեղաճանաչը միայն:

Արդարեւ՛, առանց ցեղային ինքնաճանաչումի` անկարելի է զերծ մնալ սեփական ուժերը ստորագնահատելու, ինչպէս եւ գերագնահատելու աղէտալի սխալանքէն:

Աւելի՛ն կայ:

Մի ժողովուրդի էութեան ստուերային կողմերը ոչ թէ միայն կասեցնում, այլ եւ յաճախ անկարելի են դարձնում նրա դրական յատկութիւնների զարգացումը, առանց որին, ի հեճուկս Հայաստանի եւ հայութեան թշնամիների, մեր քաղաքական ճակատագիրը պիտի շարունակէ պահել իր անօրինակ դաժանութիւնը:

Այո՛, ժողովուրդների անզօրութեան եւ դժբախտութեան ամենաներգործօն պատճառը` իր սեփական էութեան մասին ունեցած տգիտանքն են, անինքնաճանաչութիւնը — իմա` անցեղաճանաչութիւնը:

Մերօրեայ հայութիւնը ծանօթ չէ այն հոգեբանական օրէնքներին, որ ժողովուրդների զարթնումը կը կառավարեն, այդ իսկ պատճառով նա չի աճում հոգեւորապէս:

Դեռ իր խորքին անծանօթ է հայութիւնը, եւ դրա համար էլ պարտւողական է:

Նա դեռ չի սրբել իր աչքերը` իր հոգու միջոցով աշխարհը, իրերը եւ իր սեփական ուժերը անսխալ կերպով տեսնելու համար: Նա դեռ չգիտէ չափն իր հոգեւոր զօրութենականութեան, նա չի՛ զգում իր զօրութենական կարողութիւնները եւ չգիտէ, թէ ի՞նչ պայմանների տակ կարող է զարգացնել ու կիրարկել այդ ուժերը:

Նա դեռ չի զգում իր ուժը եւ չգիտէ, թէ ի՞նչ կարող է դառնալ որպէս ցեղ:

Եւ հէնց այդ է պատճառը, որ նա դեռ գտած չէ իր ներքին կռուանը եւ հաստատ սեւեռակէտ չունի: Նա յոռետես է, անասելիօրէն պարտուողական: Իսկ ժողովուրդները գերազանցօրէն լաւատես են, զօրաւոր, վճռական, երբ սուր կերպով կը զգան երկու բան` իրենց ներքին ուժը և իրենց ճակատագիրը բարեփոխելու համար աշխարհի հետ փոխանակած հարուածների քաղցրութիւնը: Դեռ այդպիսին չէ հայը, որովհետեւ ցեղաճանաչ չէ:

Ինքնաճանաչ չէ մերօրեայ հայը:

Նրա համար հայոց պատմութիւնը անզօրութեան եւ պարտութեան, կոտորածների եւ տեղահանութեանց տխուր նկարագրութիւնն է, եւ ո՛չ աւելին:

Իսկ այդօրինակ ըմբռնումը սեփական պատմութեան մասին այլ բան չէ, եթէ ոչ մի բացասական եւ աղէտածին ինքնաներշնչում:

Արդ, թէ ինչո՞ւ պէտք է խորացնել մեր պատմական յիշողութիւնը` վերապրելով մեր ցեղի կտրած-անցած պատմական ողջ ճամբան: Առ այդ մեր անցեալին պէտք է մօտենալ մեր պատմութեան խորիմաստ ուսումնասիրութեամբ: Պատմագիտական լոյսի տակ պէտք է դնել մեր ցեղի գոյութեան եւ կեանքի ծանրակշիռ խնդիրները, որոնց անսխալ լուծումից է կախուած մեր լինել-չլինելը: Հետեւաբար, դառնանք ցեղաճանաչ, քանզի միայն նմանն է դառնում ակտիւ ուժ, քանզի ժողովուրդները միայն ինքնաճանաչութեամբ են դառնում որոշ աշխարհայեցողութեան տէր, իսկ նմանը դառնում է աւելի ստեղծագործ:

Ցեղաճանաչութիւնից զուրկ ժողովուրդը իր նորաբոյս սերունդին կուտայ սխալ դաստիարակութիւն, կ’ունենայ սխալ քաղաքականութիւն եւ սխալ ռազմավարութիւն:

Հայոց ցեղայնութեան անծանօթ մանկավարժը, զօրականը եւ քաղաքական գործիչը կարող են գործել կուրօրէն միայն, առանց գիտական հիմունքի: Իսկ գիտենք, որ ազգերի ճակատագիրը առաւելապէս կախուած է իրենց դաստիարակութիւնից, արտաքին քաղաքականութիւնից եւ ռազմավարութիւնից, որոնցից առաջինը կրթում է նրանց ներքին ուժը` կատարելագործում ցեղը, իսկ երկրորդը եւ երրորդը այդ ուժէն իմաստնօրէն օգտուելու կարելիութիւն են ընձեռում նրանց:

Սեղմ ասած` բացարձակապէս անկարելի է անսխալ դաստիարակութիւն, քաղաքականութիւն, ռազմավարութիւն մշակել` առանց սեփական ցեղի ոգու հիմնական ճանաչումի:

Արդ, թէ ի՞նչու եմ ցեղակրօնութիւն քարոզում:

Ցեղակրօնութիւն, ասել է` ցեղաճանաչութիւն, ջերմաջերմ պաշտամունք դէպի ցեղի փառայեղ անցեալը, ապա ստեղծագործ հաւատ դէպի ցեղի մեծ ապագան:

Ցեղակրօնութիւնը հայ կեանքի բարձրացող նոր ալիքն է մեր ազգային հոգեւոր կազմուածքի, բնատրամաբանական հակազդումը` իրեն մահուամբ սպառնացող օտար միջավայրերի դէմ:

Ահա՛ թէ ինչո՛ւ կանգնած վաղուայ սեմին` մեր անմեռ ցեղի մեծ ապագայի հաւատքով ես իմ խռովիչ կանչն եմ ուղղում օտար աշխարհներում ցրուած մեր նորահաս սերունդին`

— Եղի՛ր արթուն, արթո՛ւն ցեղօրէն:

Եղի՛ր ցեղակրօն:

*«Ցեղային արթնություն» հոդվածաշարի մի շարք հատվածներ, թեեւ ոչ լրիվ նույնությամբ, առկա են Նժդեհի այլ գրություններում եւս: Մասնավորապես, Խոսք վեցերորդը, յոթերորդը, ութերորդը եւ իններորդը Նժդեհի «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» («Խռովք», Սոֆիա, 1932թ., թիվ 1) բանախոսություն-հոդվածն են ներկայացնում, իսկ Խոսք տասներորդը («Ցեղակրոնության հավատամքը») հետագայում տեղ է գտել «Ամերիկահայությունը — Ցեղը եւ իր տականքը» գրքում (Սոֆիա, 1935թ.): Երկու դեպքում էլ, սակայն, դրանք նույնական չեն:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով