ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — X

X

ՀԱՄԵՍՏ, ԲԱՅՑ ՈՉ ՆՈՒԱՍՏ

— Խօսքի անկում — տխո՛ւր երեւոյթ, հետեւանք ժողովրդի այն վատառողջ հոգեվիճակի, որ կոչւում է պարտուողականութիւն:

Արդեօք չե՞ս զգում, թէ ինչպէս շնչահեղձ է լինում հայ խօսքը Հայաստանից դուրս: Ամէն բանից առաջ պակասում է խանդն ստեղծագործ բեղմնաւորիչը մտքի, սրտի: Տարագրի պէս խղճալի է եւ հայ խօսքն այսօր:

— Համեստ լինենք, բարեկա՛մ, պատշաճ է, որ օրուայ հայ խօսքը, Հայաստանում թէ մեզ մօտ` սփիւռքում, համապատասխանի ներկայ Հայրենիքի սահմաններին:

Մի ափ, որի հիւսիսն ու հարաւը, գիտես, շօշափել կարելի է անգամ անզէն աչքով:

— Համեստ, այո՛, սակայն, եթէ դա նշանակում է լինել նուաստ, նուաստամիտ, ես վճռաբար մերժում եմ նման համեստութիւնը: Հայաստանն առնուած օրուայ իր հորիզոնով, ո՛չ, ո՛չ, Հայաստանը բազմիցս աւելին է, քան իր աշխարհագրական սահմանները: Արդեօք չգիտե՞ս, որ հայրենիքներ կան, որոնց քաղաքական ու հոգեւոր սահմանները չեն համընկնում. ասենք` յունական, հրէական հայրենիքները: Ինչ վերաբերում է հայոց հայրենիքին, նրա հոգեւոր եւ աշխարհագրական տարողութիւնները իրար համեմատում են ճիշտ այնպէս, ինչպէս Արարատն ու Արարատեան դաշտում ընկած մի համեստ բլուր: Օրուայ մեր հայրենիքը — եթէ ներելի է այսպէս ասել` խտացուած էութիւն է:

— Չեմ հասկանում քեզ:

— Ուրեմն, լսի՛ր, որ հասկանաս:

Պատմական վայրեր կան, որոնք անցնելով օտարի ձեռքը` չեն օտարանում, չեն դադարում մնալ մերը, եթէ նրանց վրայով դարեր ու դարեր անցած լինեն. օրինակ` Արարատը, Անին, Տարօն աշխարհը — ծնողը հայոց մտքի եւ սրտի հանճարների, եւ…

— Այս տեսակէտով առնուած, ինչ խօսք, մեծ է հայոց հայրենիքը:

— Նա, բարեկա՛մ, մեծ էլ կը մնայ յաւերժ, աշխարհագրական ինչ սահմաններ էլ որ ունենայ: Տրդատ ու Տիգրան Մեծ, Սահակ եւ Մեսրոպ, հրաշունչ Մամիկոնեաններ ու շինարար Բագրատունիներ, Բիւզանդական գահը զարդարող Չմշկիկներ. ապա` նրանց բանակների մէջ, ըստ Գելցերի` «տաղանդ ու ընդունակութիւն մտցնող» հայազգի զօրավարներ. ապա` Նարեկացի ու Քուչակ, անիական հիասքանչ ճարտարապետութիւն, որի — ըստ արեւմտեան գիտութեան` «խիստ ազդեցութեան տակ են ծնուել եւ զարգացել եւրոպական զոյգ ոճերը` ռոմանականն ու գոթականը». ապա` 9-րդ դարի հայ մտքի շլացուցիչ փայլատակումը` Պաւղիկեան ուսմունքը, եւ, ի վերջոյ, հայկական բազմահազար ձեռագրերը, որոնցով պիտի սոնքային (հպարտանային- խմբ.) աշխարհի մեծագոյն պետութեանց մայրաքաղաքները — այս բոլորը երկնող ժողովրդի հայրենիքը չի կարող յաչս մարդկութեան մեծ չհամարուել, բաւական է, որ հայը լինի գիտակ եւ արժանի իր անցեալ կուլտուրական մեծութեան, այսինքն լինի ինքնաճանաչ եւ ինքնայարգ:

— Այս տեսանկիւնից դիտելով, ես էլ տեսնում եմ մեծութիւնը մեր հայրենիքի եւ բաժանում արժէքաւորումդ ամբողջապէս:

— Ուրա՛խ եմ: Եզրակացնենք: Մեր հայրենիքի եւ ժողովրդի մեծութիւնը պէտք է չափել ո՛չ թէ Հայաստանի օրուայ անձուկ սահմաններով, այլ` հայ մտքի եւ արուեստի ազդեցութեան հորիզոններով: Պատմականօրէն առնուած` մե՛րն է այն ամէնը, որ հայը տուել է աշխարհին: Մեր ստեղծածը պատմութեան ո՛ր դարում էլ եւ Երկրագնդի ո՛ր կէտի վրայ էլ լինի` կը մնայ սեփականութիւնը հայ ոգու: Մենք մեր արդար բաժինը ունենք որոշ ժողովուրդների փառքի մէջ, օրինակ` իրանական, բիւզանդական, արաբական եւ այլն: Հայ մտքի եւ բազկի գործերը Հայաստանից դուրս` կը մնան իբրեւ հոգեւոր գաղութներ: Այո՛, մարդկային սփիւռքից զատ` մենք ունենք նաեւ մեր ստեղծած արժէքների սփիւռքը:

Միայն նման գիտակցութեամբ եւ ինքնազգացողութեամբ կարելի է չէզոքացնել ապահայացուցիչ-ապազգայնացուցիչ ազդեցութիւնը մեզ սպառնացող օտար միջավայրերի:

— Արդա՛ր ես, բարեկա՛մ: Այժմ ես հասկանում եմ քեզ. այո՛, Հայաստանից դուրս հայօրէն չկորելու համար, հայը պիտի զրահուի պահանջածդ գիտակցութեամբ: Եւ, ինչո՞ւ վհատել, դառնո՛ւմ է աշխարհը…


Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով