ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — IX
IX
ԱՆՀԱՏ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ
Առանձին անհատի ընկերային դիրքաւորումը, նրա վերաբերմունքը դէպի իր պետութիւնը — ահա՛ թէ ինչով է պայմանաւորւում այդ վերջինի ճակատագիրը — պետութեան ճակատագիրը:
Հնարաւոր են հետեւեալ դիրքաւորումները.
— Նախ` անհատը սիրում է իր պետութիւնը, եւ այդ դէպքում անձնուիրաբար գործում, զոհաբերում, տառապում նրա համար, որով եւ նպաստում նրա հզօրացման եւ պաշտպանման:
— Նա խորթանում է իր պետութիւնից` դառնում անտարբեր դէպի նրա ճակատագիրը, որով` վերջինը դառնում է տկար եւ դիւրակործան:
— Վերջապէս, նա, անհատը թշնամանում է իր պետութեան եւ աշխատում ի կորուստ նրա:
Պատմութեամբ հաստատուած են հետեւեալ ճշմարտութիւնները..
— Մարդը չէ կռւում այն բանի համար, որը իրենը չէ համարում` իրաւական թէ բարոյական տեսակէտով:
— Արիաբար մարտնչում է նա, ով տրամադիր է անձնուիրաբար գործելու այն հաւաքականութեան համար, որին պատկանում է:
— Անարի է զոհաբերելու անտրամադիր ամէն անհատ, անկախ իր ընկերային դիրքից, իր խառնուածքից եւ հասակից:
Որով,- եզրակացնում են որոշ ուղղութեան պատկանող ընկերաբաններ,- անհատին պիտի դնել այնպիսի վիճակում, որ նա հաւատարմանայ իր պետութեան եւ չզատէ իր ճակատագիրը նրա ճակատագրից:
* * *
Արդեօ՞ք արդարանալի է` արտաքին վտանգի դէպքում ի կորուստ իր պետութեան աշխատող անհատի ընթացքը:
— Ո՛չ, հազարի՛ցս ո՛չ:
Քանզի պարտուած պետութիւն, ասել է` դժբախտ ժողովուրդ:
* * *
Ըստ նորանշան մի տեսութեան — որի համար անհատն ինքնանպատակ է — հայրեանասիրութիւնը պայմանաւորւում է կենսական շահերի հաշուառմամբ: Այնտեղ, ուր հաշուի չեն առնում այդ շահերը` չքանում է հայրենասիրութիւնը, իր տեղը զիջելով անհատի անտարբերութեան կամ նրա ներքին թշնամանքին: Ըստ այդ նիւթապաշտիկ ընկերաբանների` հայրենասիրութիւնը, ինչպէս ամէն առաքինութիւն, պայմանական է: Տո՛ւր, որ տամ: Ահա՛ նմանների հայրենասիրութիւնը: Հացիս չափ, ստացուածքիս չափ ե՛ւ հայրենասիրութիւն: Ո՛չ աւելի, եւ ո՛չ պակաս: Կարիք կա՞յ ասելու, որ դա հայրենասիրութիւն չէ, այլ` պղծումն նրա հասկացողութեան:
Սիրոյ եւ նուիրումի մասին խօսք չէ կարող լինել այնտեղ, ուր տիրապետող է եսական շահը: Սէր դէպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ենթադրում է բացարձակ նուիրուածութիւնը հայրենիքին: Բարձր էտիքականութիւն է հայրենասիրութիւնը: Գոյութիւն ունի սոցիալական մի հատիկ զգացում, որ եսական շահասիրութիւն չի վերցնում: Եւ, դա հայրենասիրութիւնն է: Այդ նուիրական զգացումն է մայրը պատմութեան ողջ հերոսականի: Դրա շնորհիւ են ապրել, գերապրել թուապէս տկար ժողովուրդները: Անձնական շահասիրութեան հետ կցորդուող հայրենասիրութիւն — ինչպիսի անարգանք` ուղղուած ամենանուէր հայրենասէրների դէմ: Ինչի՞ վերագրել այդ գռեհիկ ըմբռնումը — մտքի տկարութեա՞ն, թէ սրտի աղքատութեան:
* * *
Մէկը* — որին 18-րդ դարը թիւրիմացաբար անուանել է իմաստասէր դժգոհելով իր կառավարութիւնից` գրել է իր երկրի դէմ. «Նուաստացած ֆրանսական ազգը այժմ արժանացած է ողջ Եւրոպայի արհամարհանքին: Ոչ մի յեղափոխութիւն ի վիճակի չէ նրան դարձնելու ազատ: Նա կը մեռնի սեփական անզօրութիւնից: Օտա՛ր նուաճումը — ահա՛ թէ ինչը կը փրկի նրան: Եւ, դա կախուած է դիպուածից ու պարագաներից»:
Զզուելի հայրենասիրութիւն: Ենթական ցանկանում է, որ իր երկիրը դառնայ օտար ոտից կոխան, եւ գիտէ՞ք ինչու. որովհետեւ գնահատուած չէ իր կառավարութեան կողմից: Վատութի՛ւն անանուն, անորակելի, վատութիւն in gradu heroico…
Վա՛յ այն հայրենիքին, որի պաշտպանների հայրենասիրութիւնը իր հիմքում նիւթապաշտիկ է, հաշուետես:
*Դիդրօ:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!