ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 4

ՀԱՅ ԲՈԼՇԵՒԻԿԸ

Մեզ համար չկա՛յ սոսկական

բոլշեւիզմ — կայթրքօբոլշեւիզմ:

Մեր դէմ գործող բոլշեւիկը մենակ չէ: Ուր խօսում է եւ գործում նա, այնտեղ նրա կողքին, ստուերի մէջ խօսում եւ գործում է թուրքը — ահա՛ թէ ի՛նչն է աւելի վտանգաւոր եւ գարշելի դարձնում բոլշեւիզմը մեզ համար:

Առանձին չի լսւում բոլշեւիկեան հայամերժ խօսքը. այո՛, թո՛ւրքը, թո՛ւրքը, թո՛ւրքն է ամէն տեղ: Ուր երեւում է բոլշեւիկը, ուր խօսում է նա, այնտեղ աներեւութաբար ներկայ է թուրքը, այնտեղ շահում է թուրքը եւ շնօրէն ծափ տալիս: Մեզ համար չկա՛յ բոլշեւիզմ — կայ թրքօբոլշեւիզմ, չկա՛յ բոլշեւիկ — կայ թրքօբոլշեւիկը :

Այդ կարմիր չարիքն այսօր յարձակողական է մասնաւորապէս Ամերիկայում, ուր դա փոխադրել է մեր դէմ սկսած պայքարի ծանրութեան կենտրոնը:

Անտարբերութիւն դէպի ճշմարտութիւնը — ահա՛ ամենակարկառունը նրա հոգեբանութեան գծերից: Բոլշեւիկը ոչ միայն ճշմարտազանց է, այլ եւ ճշմարտութեան թշնամի, եթէ դա իր հաշուին չի գալիս: Նա վարպետօրէն տիրապետում է խոստանալու, սուտի, կեղծիքի արուեստին: Նրա չափ մեր աշխարհում ո՛չ ոք է կարողացել օգտագործել անասնականը մարդու մէջ: Նա գիտէ զօրահաւաքել մարդկային բոլոր տեսակի կրքերն ու ատելութիւնները իր հակառակորդի դէմ: Նա չէ՛ տեսաբանում, չէ՛ լուսաբանում, նա միայն յարձակւում է եւ սեւացնում: Նա ոչ միայն չի լուսաբանում, այլ եւ լուսաբանելու բաղձանք չունի:

Բոլշեւիզմը — կոպիտ ոյժի տիրապետութիւնը սարսափի միջոցաւ մեր ժամանակի ամենամեծ չարիքն է, որի դէմ պայքարելն աւելի դժուար է, քան մարդկային ցեղի որեւէ թշնամու: Դա մի նոր հեթանոսութիւն է, մի խելագար վերադարձ դէպի վայրենացում եւ ընկերային գայլութիւն: Դա աշխարհ եկաւ եւ իր իշխանութիւնը տեւականացնելու նպատակով արդարացրեց յանցանքն ու յանցագործը , եւ հակաբարոյական այս ակտով լենինեան փարախը քաշեց մարդկայնօրէն եւ ազգայնօրէն տկար բոլոր տարրերը եւ նրանց վերածեց քանդիչ ոյժի: Մի հատիկ չափանիշ ունի նա — շա՛հը, նիւթական շահը: Տաքտիքի մի հիմնական սկզբո՛ւնք — հակառակորդը մեղադրել այն վատութիւնների մէջ, որոնք ինքն է կատարում: Թրքատիպ ջարդարար է, զանգուածօրէն մարդիկ է ոչնչացնում եւ իր հակառակորդներին փակցնում «ոճրագործ» ածականը: Զինակցում է թուրքին, եւ Դաշնակցութիւնը հռչակում ֆաշական: Հոգի է տալիս Իտալիոյ եւ Գերմանիոյ հետ բարեկամանալու համար, եւ մեզ անուանում է Մուսոլինիի եւ Հիթլէրի դաշնակից: Սուտն ու կեղծիքը ոչ թէ պայքարի սոսկական զէնքեր են նրա համար, այլ նրա երկրորդ բնաւորութիւնը: Աննման քարոզիչ է եւ լրտես, հաւասարապէ՛ս: Իր նպատակների համար նա օգտագործում է իր կինը, երեխան անգամ: Լրտես է ոչ թէ արհեստով, այլ հոգով: Իր անասնական եսապաշտութիւնը նրան դարձրել է անխտրողական: Այդ է պատճառը, որ նա լրտեսում է իր մօրը, հօրը, քրօջը: Սատանայօրէն վճռական է, որովհետեւ փոխվրէժի սարսափն ունի, որովհետեւ քաջ գիտէ որ բոլշեւիզմի պարտութեան դէպքում կը վտանգուի ոչ թէ իր ընկերային դիրքը միայն, այլեւ իր ֆիզիքական գոյութիւնը: Ճանաչում եմ շնորհօքն Լենինի հայազգի բոլշեւիկներ, որոնք իրար հանդիպելիս հռոմեական աւգուրների նման դժուարանում են չծիծաղել միմեանց վրայ: Բոլոր հայ բոլշեւիկները իրենց ստահակ լինելու գիտակցութիւնն ունեն: Մեր կարմիր կարապետների համար չկայ քաղաքական բոլշեւիզմ. նրանց դաւանածը հոգեւոր կարգի բոլշեւիզմ է : Հայաստանից դուրս սփիւռքի մէջ գործող մեծամասնականների հարիւրին առ հարիւրը այդ տիպի արտանկարներն են: Բայց եւ այնպէս ձեւացնում են, թէ նպատակագիտակ բոլշեւիկ են:

«Թող չլինի՛ Ֆրանսան, միայն թէ` հանրապետութիւն ունենանք»` ասում էին ֆրանսական ժողովրդի քաղաքական որոշ տարրերը, Նապոլէոն Գ.ի մահից յետոյ: Իրենց գործով նոյնն են ասում ե՛ւ ամերիկահայ բոլշեւիկները — «Հայաստանը կարող է ե՛ւ չլինել, միայն թէ բոլշեւիզմ ունենանք» : Դրանք էապէս ո՛չ խորհրդային Հայաստանն են սիրում, ո՛չ էլ Հայաստանի ժողովուրդը, այլ խորհրդային իրաւակարգը, միա՛յն իրաւակարգը:

Բոլշեւիկի համար կեանքը դասակարգային կռիւ է, պատերա՛զմ, իսկ պատերազմում ամէն ինչ թոյլատրելի է: Այդ պայքարում նա ճանաչում է մի հատիկ օրէնք — օրէ՛նքը կոպիտ ոյժի, եթէ ինքը զօրաւոր է, օրէ՛նքը ստորնութեան, ուր եւ երբ ինքը տկար է: Նա դէմ է տարրական մարդկայնութեան, սադիստ է եւ իր անգթութիւններով ձգտում է ահաբեկել իր հակառակորդը: Ահաբեկիչ է, ըստ նրա` ահաբեկչութիւնը բնական մի երեւոյթ է, քաղաքական մի պահանջ` պայքարում: Ահա՛ թէ ինչո՞վ է բացատրւում նրա հոգեկցութիւնը թուրքին: Այդպիսին լինելով հանդերձ, բոլշեւիկը ճիզուիտօրէն դատապարտում է անհատական ահաբեկչութիւնը եւ նոյնիսկ բարոյախօս է դառնում, երբ դա գործադրւում է ի՛ր դէմ: Նա օգտւում է կեղծ բարոյական զայրոյթից իբրեւ քաղաքական կամ մարտական տաքտիքայի միջոց: Օրինակ, մսագործի սառնասրտութեամբ նա տասնեակ հազարաւոր կղերականների կեանքը հնձեց, իսկ մի ինչ-որ Դուրեանի համար ահագին աղմուկ հանեց:

Յաճախ լուրջ զաւեշտներ է խաղում, ա՛յն իմաստով` որ իբր թէ կարեւորութիւն է տալիս հանրային կարծիքին եւ այդ անում է ոչ թէ նորածինի պէս անմեղ երեւալու մտօք, այլ իր ճիւաղութիւնը չմատնելու համար: Նրա համար պայքարում չկա՛յ մեղաւոր եւ անմեղ, կայ զօրաւորը եւ տկարը, չկա՛յ բարոյական եւ անբարոյական, կայ յաղթական եւ պարտեալը: Նա բարոյական բաւարարութիւն չի փնտռում ո՛չ պայքարում, ոչ էլ բարեկամութեան մէջ, այլ իրական շահեր, միայն շահեր: Մասնաւորապէս մեր գաղութներում, ուր բոլշեւիզմը այնքան էլ ցանկալի ապրանք չէ տիրապետող ժողովուրդների համար, հայ բոլշեւիկը ծնունդ է տուել հոգեբանական մի նոր արուեստի: Ծանօթ միջատների պէս նա գիտէ ընդունել գոյնը ամէն միջավայրի: Նա սովորական ծպտեալ չէ, այլ նմանակեղծ (սիմուլեանտ): Նա չի բաւարարւում արտաքին գոյնով, այլ եւ ձգտում է նմանուել ուրիշին, անգամ իր թշնամուն, եթէ այդ հարկն է պահանջում: Նա յաճախ մեզ ներկայացնում է օտար իշխանութիւններին` իբր բոլշեւիկ, իսկ իրեն ազգայնական հայ: Իր շրջապատը մոլորեցնելու նպատակով, նա գործի է դնում իր խաբուսիկ ոյժերը, ճիշտ այնպէս, ինչպէս նեղն ընկած կատուն, որ իր փքումով եւ փշաքաղումով ճիգ է անում իրեն աւելի մեծ եւ զօրաւոր ներկայացնելու, քան թէ է: Նա բռնուած է ե՛ւ բանաւոր սադիզմով, խօսքի Ռօբեսպիեռ է, ռմբային լեզու ունի, նրան յաճախ յաջողւում է քողարկել իր տկարութիւնները իր խօսքի զոռութեամբ:

— «Հայաստանը` Անտանտի փոքրիկ շնիկը պիտի խեղդուի, փոշիացուի մէջտեղից»` գրում էր Բաքուի հայատառ «Կոմունիստ» թերթը, 1920-ին, ա՛յն օրերին, երբ բոլշեւիկները ճիգ էին անում Հայաստանի վրայով միանալու քեմալական Թուրքիոյ: Այսպէ՛ս են խօսում հայ բոլշեւիկները: Խօսքի զոռութիւնը յատուկ է բոլոր բոլշեւիկներին, ամենամեծէն մինչեւ ամէնէն աննշանը:

Իրենց ոչնչութիւնը քօղարկելու համար նրանք անվերջ խօսում են «Մեծն Ռուսաստանից»: Դռնփակ եւ յոշոտուած Հայաստանի դրութիւնից, հայ ժողովրդի կոտորակային ցրուածութիւնից, երկրի ազգաբնակչութեան աննշան թուից ցնցուելու փոխարէն` նրանք սուտ խենթեր են ձեւանում եւ իրենց «աշխարհի մէկ վեցերորդականի տէրը», 160 միլիոննոց հսկայի յաղթական եւ երջանիկ անդամն են համարում, ճի՛շդ այնպէս, ինչպէս մի ժամանակ սակաւաթիւ մօնտէնեգրօցիները ասում էին իրենց մասին` — «Մենք եւ ռուսները 160 միլիոն ենք»:

Ի՜նչ զաւեշտախառն ողբերգութիւն — շղթայակապ եւ ծուատուած Հայաստանի վիճակը հայ կարմիրներին թւում է յաղթական երգ: Սրանք չե՞ն նմանում այն խենթին, որ մի օր Նիւ Եորքի մէջ փորձում էր ոչնչացնել Ազատութեան արձանը, աղաղակելով` «Կեցցէ՛ ազատութիւնը»: Միեւնոյն ճիգն է տեսնւում հայ բոլշեւիկների այն պնդումի մէջ թէ` թուրքը իրենց զինակիցն է: Նրանք գիտեն, որ թուրքը ռուսի զինակիցն է եւ ոչ թէ Հայաստանի: նրանք ծանօթ են Կարսի հայասպան դաշնագրի կէտերին — Հայաստանը մասնատուած եւ նկուն պահելու Մոսկուայի յանձնառութեան: Նրանք գիտեն, որ ամէն թուրքի մէջ Երեւանի նկատմամբ կայ այն զգացումը, ինչ որ կայ Վանի, Մուշի, Կարնոյ եւ Կարսի մասին: Գիտեն, ճանաչում են թուրքը, բայց, ներքին ճակատում իրենց ոչնչութիւնը քօղարկելու համար, հպարտանում են թուրքի հետ ունեցած իրենց երեւակայական բարեկամութեամբ: Նոյն նպատակով նրանք իրենց զինակից են համարում ցեղերի եւ ազգերի բոլոր տեսակի հակազգայնական տարրերին եւ, ազգայնական հայութեան դէմ պայքարելիս` ասպարէզ են քաշում սեւամորթին եւ ճերմակամորթին անխտրաբար` ցոյց տալու համար, որ մենակ չեն: Մինչ ազգայնական հայութիւնը իրեն թոյլ չի տալիս անգա՛մ մտածել, թէ կարելի է օգտուել օտարացեղ ազգայնական տարրերից կամ իշխանութիւններից: Ես ճանաչեցի ամերիկահայ բոլշեւիզմն ու բոլշեւիկը: Նրանց բոլոր ժողովները աղքատ են ծիծաղ շարժելու աստիճան` թէ՛ թուապէս եւ թէ գաղափարական տարողութեամբ: Սակայն, իրենց խեղճութիւնը քօղարկելու համար, նրանք իրենց ժողովները բաց են անում «ընկ. Ստալինի պատուոյ նախագահութեամբ»: Թուապէս մի բան երեւալու համար, նրանք իրենց ժողովներին բերում են օտարազգի ներկայացուցիչներ, կազմում են թխովի հեռագիրներ եւ կիսագոյն կամ բոլորովին անգոյն կազմակերպութիւնների անունից` ծափողջոյններ ուղարկում Մոսկուա, Թիֆլիս, Երեւան:

Ձեր հարցումին թէ` ինչո՞ւ չեն գնում իրենց երազած դրախտը, պատասխանում են` «Մենք մնում ենք այստեղ համաշխարհային յեղափոխութեան համար պրոպագանդ մղելու»: Հակառակ իրենց այս մանեակային մեծամտութեան, զզուելիօրէն երկչոտ են: Հարիւրից մէկը չէք գտնի, որ դատարանում խոստովանի իր բոլշեւիկ լինելը: Նո՛յնը` նաեւ ազգայնական հայի ներկայութեան: Սրանց համար չէ Կոշուտի պատուիրանը — «Մի՛ գրիր եւ մի՛ խօսիր չհասկացածդ բաների մասին»: Ամէն բանի մասին անգիտաբար խօսելու մէջ իրենց տգիտութիւնը սքօղելու նպատակով, նրանք աւելի ժխտում են, քան պաշտպանում: Այդպէս են վարւում, որովհետեւ ժխտելիս հարկադրուած չեն գիտութեան կամ տրամաբանութեան դիմելու: Իրենց ժխտականութիւնը հետեւանք է նախ իրենց բարոյական քանդուածութեան , ապա իրենց մտքի աղքատութեան: Չկա՛յ Աստուած, բարոյականութիւն չկա՛յ, ազգութիւն չկա՛յ. չկա՛յ — ինչո՞ւ չժխտել այդ ամէնը, երբ այնքան հեշտ է դա: Հայհոյել բոլոր տեսակի ազգային արժէքներն ու սրբութիւնները — թքե՛լ ու անցնել — հակազգայնական հայն այսպէ՛ս է հասկացել բոլշեւիզմը: Նա հոգեւոր վանդալ է — կոխում է եւ անցնում բոլոր սրբութիւնների վրայից եւ շնաբար բացագանչում. «Ինձնից յետոյ` ջրհեղե՛ղ»: Ա՛յս է հայ մարդու դաւանած բոլշեւիզմը:

Պօղոս առաքեալի խօսքը` գողցուած է եւ յաճախ գործածուած Լենինից թէ` նա որ չի աշխատում, պէտք չէ՛ որ ուտէ, հայ բոլշեւիկի համար չէ ասուած: Մասնաւորապէս Ամերիկայում նրանք չեն աշխատում, բայց ուտում են, եւ այն էլ ինչպէ՜ս: Հայութեան ամենաանաշխատ, ամենածոյլ տարրը Ամերիկայում հայ բոլշեւիկն է, որ ապրում է նահանգի նպաստով կամ մութ միջոցներով: Ի զուր է Մաձձինին պնդում թէ` մարդս միայն ստամոքս չէ, այլ եւ գլուխ, սիրտ, հոգի: Հայ բոլշեւիկը մարդկային ամբողջ կեանքը վաղուց է վերածել ստամոքսի: Ամերիկայում յաճախ չգիտէի Խօրէնացու հետ ողբա՞լ թէ` Մօնտէսքիոյի հետ զզուել, երբ ինձ պատմում էին, թէ Հայաստանից վերադարձած ոմն Մարտիրոսեան` բեմերից հացի մի կտոր է ցոյց տալիս միամիտներին հաւատացնելու թէ` խորհրդային Հայաստանն էլ հաց ունի, թէ «կարմիր հացը» նուազ չափով աւազ ունի եւ աւելի համով է, քան էր «Դաշնակցութեան սեւ հացը»: «Շատերն ասում են թէ` Հայաստանում հաց չկայ. հացի այս կտորը այնտեղից եմ բերել»: Այս հրէշը չէր հասկանում, որ առանց ուզելու` խորհրդային Հայաստանի թշուառութիւնն է մատնում: Այո՛, Հայաստանի ողբերգութիւնը հէնց նրանում է, որ զանազան Մարտիրոսեաններին յանձնարարւում է ապացուցանել թէ` մեր դժբախտ հայրենիքումն էլ մարդիկ հաց են ուտում:

Վերջին տարիները` ամերիկահայ բոլշեւիկները մի բանի մէջ մասնագիտացան — խօսքի եւ գործի աճպարարութեան : Իբրեւ թէ մարդ են ուղարկում Հայաստան, իբրեւ թէ մարդ են բերում այնտեղից, հանրօրէն անծանօթ, անանուն մէկը տեղափոխւում է Քալիֆորնիա, մէկ ուրիշը գալիս Ֆրանսայից — ահա՛ նմանները հռչակւում են Հայաստանից նոր վերադարձածներ եւ ժողովուրդը ժողովի են կանչում` լսելու խորհրդային հայրենիքի բարեկամին: Մանր հասարակական աճպարարութիւնների այս մեթոդը անհրաժեշտ է դարձել այն պատճառով, որ բոլշեւիկները փորձով համոզուել են այլեւս թէ` իրենց խօսքը զանգուածների վրայ ազդեցութիւն չունի: Նրանք զարգացրել են նաեւ զգացումների չարաշահութեան արուեստը , սիրում են անվերջ ճառել ներգաղթից, չնայած որ գիտեն թէ ազգահաւաքումը անհնար է, թէկուզ ռուսեւթուրք դաշինքի համաձայն (այն է` չզօրացնել Արարատեան Հայաստանը): Թուրքն էլ լսում է այդ մասին, բայց չի ջղայնանում, որովհետեւ գիտէ, որ ներգաղթի ամբողջ աղմուկը ըստ էութեան քաղաքական շանտաժ է : Ընդհակառակը, Քեմալը պատճառներ ունի երախտապարտ մնալու հայ բոլշեւիկներին, որոնք Հայաստանի խեղանկարային շինարարութեամբ — Նոր Տիգրանակերտ, Նոր Սեբաստիա, Նոր Խարբերդ, Նոր Արաբկիր, Նոր Մալաթիա — ձգտում են հայութեան մոռացնել տալ իր յաւիտենական հայրենիքը, նրան հաշտեցնելով արեւմտեան Հայաստանը ընդմիշտ թուրքին թողնելու մտքին: Քաղաքական այս կաւատութիւնից նիւթապէս օգտուում է ինքը` հայ բոլշեւիկը, կողոպտելով հայ միամիտ տարրերը, որոնք զոհ են դառնում իրենց խղճալի հայրենասիրութեան, առանց գիտակցելու, որ Խարբերդից հրաժարուելը եւ Նոր Խարբերդով խանդավառուելը ոչ թէ հայրենասիրութիւն չէ, այլ եւ հայրենադաւութիւն, ոչ թէ գիտակցուած հայրենասիրութիւն չէ, այլ կոյր հայրենաքանդութիւն : Իր գաղափարախօսկան տկարութեամբ պայմանաւորուած զգացումների այդօրինակ շահագործումով, իրոք որ, հայ բոլշեւիկը տգէտ տարրերի վրայ թողնում է հայ ազգի ապագայով մտահոգուողի տպաւորութիւն, չնայած որ «Բանուոր» թերթը առիթ չի փախցնում կրկնելու` — «Մենք ազգ չենք խաղցներ, ազգը վաղուց ենք դուրս նետած խորհրդային Հայաստանէն»:

Կը բաւէ` ամփոփե՛նք մեր խօսքը:

Խորհրդային իշխանութեան կողմից ազգայնական հայութեան դէմ տարուող պայքարի առաջադրութիւններն են`

ա) Ազգայնական ղեկավարութեան սեւացում — հայութեան` դէպի Դաշնակցութիւնը ունեցած հաւատքը տկարացնելու նպատակով.

բ) Գաղութահայութեան ամբոխացում` իր քաղաքական որսորդութիւնը հեշտացնելու համար:

Այսքանը` գաղութահայ ներքին կեանքում:

Իսկ համաբոլշեւիկեան չափանիշով, խորհրդային իշխանութիւնը իբր բարձր քաղաքականութեան առաջադրութիւններ — ճգնում է` գաղութահայութեան ամբոխացումով նաե՛ւ հոգեպէս նուաճել երկրի հայութիւնը:

Երկրորդ` օգտուելով մեր ցրուածութեան հանգամանքից, որին այնքա՛ն կարեւորութիւն է տալիս Մոսկուան, նա ուզում է սփիւռքի հայութիւնը վերածել միջազգային բոլշեւիկեան գործակալութեան, լծելով նրան իր լրտեսութեան եւ պրոպագանդի կառքին:

Առ այդ` նա առայժմ, իբր գործունէութեան մեթոդ, որդեգրել է հայկական ներքին տկարութիւնը ցցել մեր ցեղի դէմ: Այժմ նա նկրտում է պարբերական հրձիգութեամբ լարուած պահել հայկական ներքին բաբելոնը, պառակտումը հասցնել անկամրջելի անդունդի խորութեան, եւ այսպիսով, ազգայնական հայութիւնը զրկել իր ոյժերը արտաքին ճակատի վրայ կենտրոնացնելու կարելիութիւնից:

Գարեգին Նժդեհ