ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 3

ՌԱՄԿԱՎԱՐԸ

«Միթէ այս ամբոխը

իմ եղբայրն է, Տէ՛ր»:

Մարդկային ազգերին յատուկ է աշխարհն ու երեւոյթները հասկանալու ճիգը:

Նրանց յատուկ է, մասնաւորապէս, իրենց ձախողանքների եւ տառապանքների պատճառները հասկանալու ճիգը:

Մե՛ծ, անասելիօրէն մեծ եղաւ մերօրեայ քաղաքական հայութեան վիճակուած տառապանքը եւ ամօթանքը, մասնաւօրապէս` այդ վերջինը:

Մեր դժբախտութեան պատճառներին գիտակ` մենք աւելի այդ պատճառների բնոյթէն ենք տառապում, քան մեզ պարտադրուած անօրինակ անարդարութենէն: Տառապողին, սակայն, յատուկ է նաեւ մի ա՛յլ ճիգ գիտնալ, թէ միեւնոյն պատճառներով մէկ ուրիշը մարդկային ցեղերէն կամ մի այլ սերունդ իր ցեղէն երբ եւ իցէ տառապե՞լ է իր չափ: Հա՛յը — իր գոյութիւնը փոթորկող երեւոյթները պատճառագիտօրէն վերլուծող ազգայնական հայը պատասխանում է` Ո՛չ:

Ճիշդ է, չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կը մնայ անմրցելի:

Գիտե՛նք, ներքին թշնամու հետ գործ ունեցել են մեր բոլոր սերունդները, բայց մեր օրերինը կը մնայ unicum , որի երեսէն, որի ազգադաւ արարքների պատճառած ամօթանքի մէջ մենք խաչւում ենք ամէն օր, ժամ, վայրկեան:

Ինչո՞ւ մեզ չի հասկանում ռամկավարը — հայ կեանքի այդ յաւիտենական Չիչիկովը:

Եկաւ Յեղափոխութի՛ւնը — նա հայ յեղափոխականների լեզուն չհասկացաւ:

Եկաւ Ազատութի՛ւնը — նա ազատ հայրենիքի լեզուն չհասկացաւ:

Եկաւ Լոզա՛նը — նա հայ նորագոյն ցաւի եւ ամօթանքի լեզուն չհասկացաւ:

Չհասկացաւ, որովհետեւ նա զուրկ է սրբութեան, ողբերգականի եւ հերոսականութեան զգացումէն:

Ինչո՞ւ է նա ժխտում մեր ազատագրական շարժման արժէքը:

Ինչո՞ւ է անիծում մեր ցեղի ամենասուրբ վկաներին — դաշնակցական նուիրումի հսկաներին, նրա՛նց, որոնք «գերեզմանի մէջ ննջելով` սուրն իրենց գլխի տակ դրին», չէ՞ որ «քաջաց բարձն է սուրը»:

Ինչո՞ւ այսպէս. — որովհետեւ այդ տիպը ցեղերի ճակատագրի հերոսականն ու ողբերգականը ըմբռնելու չափ սրտի խորութիւն, հոգու մեծութիւն չունի:

Ռամկավարը գաղափարի հակառակորդ չէ, այլ թշնամի: Պայքարում բարոյական չի ընդունում: Վատութի՛ւնն է իր միակ զէնքը: Իր էութեան դէմ է բացճակատութիւնը: Աշխատում է բերդը ներսից գրաւել, այսինքն՝ հաւատարիմ է այն մեթոդի տառին եւ ոգուն, որ պատմական մեր ամբողջ անցեալում եղել է հայ դաւաճանութեան միակ զէնքը: Իր քաղաքականութեան գլխաւոր միջոցներն են — սեւացում դաշնակցական ղեկավարների եւ շարքերը շոյող քսութիւն: Հակազգային ճակատում` ռամկավարն աւելի՛ գործ է տեսնում, քան բոլշեւիկը, ինչպէս եւ բոլշեւիզմի համար նա աւելի՛ է աշխատում, քան իրենք` բոլշեւիկները: Նա բարոյա-քաղաքական անընտրող է, նա ձեռք մեկնեց բոլշեւիկին, դարձաւ եւ յամառում է մնալ կարմիր կոչնակի ժամկոչը մեր աշխարհում: Իր պրոպագանդի ձեւերը գերազանցօրէն բոլշեւիկեան են — սեւացրո՛ւ եւ անցի՛ր: Նա էլ իր արշաւախմբի առջեւից տանում է որոշ սրբութիւններ — Էջմիածինը, եկեղեցականը, խաչը, եւ վերջերս` նաեւ իբր նորատիպ զէնք — փողոց հանած իր «հարուածային կին»ը:

Ռամկավարի եւ բոլշեւիկի հոգեկցութեան գաղտնիքը նրանում է, որ երկուսն էլ ցուցահանում են հոգեբանութեանց նոյնութիւն. նիւթապաշտ` երկուսն էլ դասակարգային շահի կազմակերպութիւններ են: Երկուսն էլ անելիք չունեն հայ կեանքում. մէկն իր էութեամբ հակազգային է, միւսը` Հայաստանի խորհրդայնացմամբ` փակուած է համարում հայ դատը: Ռամկավարը` հակադաշնակցական իր մոլուցքի մէջ` նուազ ատելի դարձրեց բոլշեւիկը եւ կուրօրէն դեռ աշխատում է իրեն աւելի զզուելի դարձնել, քան է` բոլշեւիկը: Նա, մասնաւորապէս վերջին տարիները սկսել է հեգնօրէն չակերտել հայկական բոլոր արժէքներու սրբութիւնները: Նա զուրկ է մեծագործութիւններով հիանալու ընդունակութիւնից. նրա էութեան պատշաճում է ռուսական առածը. «սպասաւորի համար չկա՛յ հերոս»: Ռամկավարը — հայոց պատմութեան հասարակ սպասաւորն է, որ հոգեւոր մանրուքով է ապրում: Բոլշեւիկի չարածը նա արուած է համարում, իսկ մեր կատարածն` ուրանում: Ծառայական հոգեբանութիւն ունի եւ զզուելիօրէն հացկատակ է: Երբ բոլշեւիկներն ասում են, թէ` «ամենայն հայոց կառավարութիւն չեն», որ զզւում են «ազգ եւ ազգայնութիւն» գաղափարներից, ռամկավարը թութակում է, թէ խորհրդային իշխանութիւնը ազգային իշխանութիւն է, որ նա մտահոգուած է ազգի ճակատագրով եւ զբաղուած է ազգահաւաքութեամբ: Սա արդէն սովորական զինակցութիւն չէ, այլ օրուայ տիրողին ամէն գնով հաճոյանալու անազնիւ ճիգ: Օտարը հայութեան ազգային դատը ճանաչում է եւ պատկերում Դաշնակցութեան իմա՛ մեր ազատագրական սերնդի — միջոցով, որն իր հերոսականով Հայաստան ստեղծեց. ռամկավարը, սակայն, ոչինչ է խնայում համոզելու օտարին թէ` հայոց ազատագրական ճիգն ու զոհողութիւնները եղած են անարժէք: Այդ տարրը ոչ միայն չի հանդուրժում հայկական տիրապետութիւնը, այլեւ զայրանում է նրա փաստից: Հոգեախտաբանական տեսակէտից ուշագրաւ է այն իրողութիւնը, որ մեր հանրապետութեան օրերին, մի հակադաշնակցական պատուիրակութիւն` հաւաքուած Վաշինգտոն, դիմում է Սպիտակ Տուն հետեւեալ պահանջներով` — Հանրապետական Հայաստան եւ Եռագոյն չեն ճանաչում. պատասխանատու չեն Հայաստանին տրուած փոխատուութեան համար. կ’ուզեն, որ դադարի ամէն աջակցութիւն Հայաստանին (իսկ այդ աջակցութիւնը սովահար որբերին տրուած ալիւրն էր):

Տեսնում էք, որ նա սովորական դասալիք չէ. նա ե՛ւ դասալքում է, ե՛ւ թշնամանում: Ազգայնականութիւնը ճիգ է պահանջում, նա մասնակից չէ ազգային ճիգին եւ ուզում է, որ դա արդիւնք չտայ, իսկ երբ արդիւնաւորւում է մեր ճիգը, նա լցւում է ցեղի ահեղ դատաստանի երկիւղով եւ ծեծում օտարի դուռը: Սարսափը ազգային ճիգից, կենսաբանական բարոյականի պակասը մղում են նրան դիտաւորեալ կերպով կողմ դառնալու հնարամտութեան — Դաշնակցութիւնը Հայաստա՛ն ստեղծեց, բայց ե՛ս էլ կամ, նա ժխտո՞ւմ է իմ գոյութիւնը, ես էլ նրա ստեղծած Հայաստանը չեմ ճանաչում…

Մեր պատմութեան մէջ յաւիտենօրէն բնաեղծուած սրիկան է դա, որ հոգեբանօրէն ոչ միայն օտարահակ է, այլեւ մնում է օտարահպատակ անգա՛մ Հայաստանում: Հէնց այս պատճառով էլ նրա ցայտուն տիպերը դառնում են դաւաճան, աւելի անզօրները` եթէ գործի վրայ են, երեւան են բերում դիրքի մակաբուծութիւն եւ պաշտօնապղծութիւն: Նա չի նուիրւում, չի ստեղծագործում, այլ մնում է միայն օգտուող: Որպէս ընկերային տարր, հեշտ ապրելու հակամէտ, որով` հոգով միշտ էլ փերեզակ, նա կեանքում նախընտրում է շահաբեր աշխատանքը միայն, զարգացնում խաբէութեան արուեստը, կեղեքում է ու անուղղակի կերպով հասնում իր հակացեղային նպատակին — յաչս աշխարհի ատելի դարձնել հայութիւնը: Յովհաննէս Քսակասէրը — ահա՛ իր միակ իդէալը: Ծայրայեղ նիւթապաշտութիւնը` իր էութեան ամենացայտուն գիծը — նրան միշտ էլ համակուած է պահում նիւթական խորին մտահոգութեամբ, եւ մղում անձնական շահու աստուածացման :

Ահա՛, հոգեբանական այս գծերի ընդհանրութիւնն է, որ զինակից է դարձրել ընկերային դիրքով հակոտնեայ երկու տարրերը` բոլշեւիկը եւ ռամկավարը — մեր ազգային դատի դէմ:

Մեր ցեղավար ըմբռնումով` մենք զոհաբերում ենք անցաւորը յաւիտենականին: Ռամկավարի հոգեբանութիւնը թոյլ չի տալիս ենթակային մի բան զոհաբերել վաղուայ համար: Հէնց այդ է պատճառը, որ նա քաղաքականութիւն չունի եւ չի կարող ունենալ , որովհետեւ քաղաքականութիւն չի նշանակում ներկայի չարաշահութիւն, այլ առաւելապէ՛ս ապագայի մտահոգութիւն: Նա քաղաքական homunculus է: Մէկ իրաւունք ունի դա, այն, ինչ Տիէրը մի ժամանակ ասում էր լեհական ընչաքաղց քաղքենիութեան` — «Հարստացէ՛ք»: Ռամկավարի ընչաքաղցութիւնը, սակայն, նրան դարձրել է նաեւ քաղաքական շահատակող : Արեւմուտքում նա հաց է մուրում, իսկ բոլշեւիկների հետ բարեկամութիւն կեղծում, որպէսզի քաղաքական կշիռ ստանայ: Այսպէսով, երկուսն էլ հաշուեյարդարի են նստած մեր անցեալի հետ — մէկը ցեղահայհոյութեամբ է զբաղուած` բոլշեւիկը, միւսը` հոգեւոր հնավաճառի իր հոգեբանութեամբ, լղրճում է մեր ազգային արժէքները` ռամկավարը: Նա կեղծում է նաեւ մի այլ բան, որ իր հասկացողութեան սահմանից վեր է: Երբ մենք ճիգ ենք անում վառ պահել այն հաւատը, թէ ամէն ճակատագիր ու Լոզան սրբագրելի է, նա, ընդհակառակը, ճգնում է քաղաքական յոռետեսութեան մղելու մեր զանգուածները: Գիտէք, թէ իր խանութում որքա՛ն լաւատես է ռամկավարը. նա գիտէ, որ անազնիւ ճիգն անգամ կարող է իր ճակատագիրը բարելաւել, բայց հասարակական գործում որեւէ ճիգի չի հաւատում: Նա ապրում է այնպէս, ինչպէս մտածում է: Անցեղաճանաչ տգէտի իր ըմբռնումով` մեր ցեղը ստորարժէք է — մի սպանիչ ըմբռնում, որ նրան պէտք է դարձնէր անկապաշտ: Նա իր անկումի գիտակցութիւնն ունի, գիտէ, որ հանրածանօթ է իր ընկածութիւնը. համակուած է ներուելու անյուսութեամբ, որով` նաեւ սարսափի հոգեբանութեամբ: Նա բռնուած է հալածուողական մանիայով: Նա կարծում է, որ իրեն հետապնդում են. վախենում է ինչպէս տակաւին չձերբակալուած յանցաւորը: Հէնց այստեղից է նրա կենդանական կոյր ատելութիւնը ազգայնական հայութեան հանդէպ, ինչպէս եւ իր հայհոյելու, սեւացնելու, մատնելու, դաւելու եւ դաւաճանելու մոլուցքը: Նա իբր հոգեպէս քանդուած էակ` նաեւ պատրապաշտ է. նա այնպէս է խօսում, իրերն ու երեւոյթները այնպէս է ներկայացնում, որ իբր թէ յաղթական է, մինչդեռ իրականութեան մէջ, ոչ մի յաջողութիւն չունի, եւ հասկանալի է դա: Օտարին լծակցողը եւ ցեղի հոգեւոր իշխանութիւնից վտարուածը չի կարող կենարար կերպով ազդել:

Բոլշեւիկները, որոնք նոյն հոգեմտավիճակն ունեն, կարծում են, որ յանձին ռամկավարների մի լուրջ զինակից են գտել, եւ այդ համարում են իրենց քաղաքականութեան մէկ նուաճումը հայ կեանքում: Այն բոլոր տարրերը, սակայն, որոնք այսօր բոլշեւիզմի հետ են, երէկ էլ մեզ հետ չէին — հնուց ի վեր եւ մինչեւ հիմա: Հոգեբանօրէն մեկուսի եւ հացից է՛ն կողմը չտեսնող այդ տարրը վաղուց է դուրս եկել ցեղային հարազատութեան գծից: Բոլշեւիզմի շնորհիւ, սակայն, այս տարրը գոյութեան իրաւունք, արդարացում եւ երեւութական կշիռ ստացաւ: Նոր ոչինչ կայ դրանում: Ներքին դաւաճանը օտարից միշտ էլ արդարացում եւ կշիռ է ստացել, մանաւանդ, երբ պատմական որոշ լուրջ վայրկեաններում անհրաժեշտ է եղել գործածուելու իր ցեղի դէմ: Ռամկավարը վախճանաբանութիւն չունի , այդ իսկ պատճառով` նա անկարող է գնահատել մեր ցեղի գոյամարտի նշանակութիւնը, որովհետեւ սրա խոստացած բարիքները հեռաւոր են եւ այսօրուայ համար ո՛չ շոշափելի: Այդ նոյն պատճառով, նա նախատեսելու կարողութիւն չունի: Այդպիսին նրան դարձրել է նիւթապաշտութիւնը:

Անազատունակ է . ստրուկ, կարող է թերեւս ազատութեան ըմբռնումը ունենալ, բայց ապրումը` ո՛չ:

Անկուլտուրունակ է . սովորական միջակութիւններ է տալիս. նրանից չեն ծնի «իմացական առիւծներ», նրա հոգին զուրկ է արժէքներից, որով` արժէպաշտութիւնից:

Անզոհաբերող է . իր կամքը ընկերային-հասարակական ուղղութիւն չունի, ասել է հաւաքականութեան զգացումից զուրկ է: Այդ է պատճառը, որ նա հոգեպէս մեկուսի է եւ հակացեղային: Նա ատակ է միայն չարախորհուրդ միաբանութեան, նա միանում է միայն քայքայելու եւ քանդելու համար, թանձրացեալ օրինակ` «Միացեալ Ճակատը»:

Ըստ Բերգսոնի ներհայեցողական իմացականութեան` «Ատելութիւնը բաժանում է, որի հետեւանքով, ճանաչումը դառնում է անկարելի կամ սխալ»: Ճանաչել նշանակում է միութեան մէջ լինել նրա հետ, որին ուզում ես ճանաչել, որով` ով ատում է` չգիտէ, չի ճանաչում: Հակադաշնակցականը կարող է յաւիտենապէս սողալ մեր պատմութեան մթին անկիւններում, բայց երբե՛ք ճանաչել հայ ցեղի հոգեւոր դիմագծութիւնը, երբեք հարազատել մեր խօսքի հոգեբանութիւնը, որովհետեւ տկարի եւ ստրուկի ատելութիւնն է նրա էութեան միակ զօրաւոր գիծը: Եթե նա իր ցեղը ճանաչելու, սիրելու, նրա համար զոհաբերելու կարողութիւնը ունենար, նա հակադաշնակցական չէր լինի: Ի զուր է մեր պրոպագանդը` մեր խօսքը նրան դարձի բերելու, նա մեզ ո՛չ կը հասկանայ, ո՛չ կը ճանաչի, ո՛չ էլ կը միանայ: Նրանք, որ հաւատում են նման հոգեբանական հրաշքի` կա՛մ կեղծում են, կա՛մ էլ միամիտներ են:

Հակադաշնակցականի հոգում ոչինչ կայ ցեղային, աստուածային: «Արծիւ, առիւծ» գաղափարներն անգամ նա խուսափում է գործածել իր մշակած գրականութեան մէջ: Նա հոգեւոր աղուէս է, որ աղէտից առաջ քուն է քաշում, չարագուշակ բո՛ւ, որ աղէտից յետոյ մարգարէի փետուրներ է հագնում եւ վայում: Նենգագործ է նա. քաղաքական երկչոտութիւնը եւ մտածումի անմաքրութիւնը մղում են նրան խարդախելու իր հակառակորդի բոլոր ասածները: Օրինակ, երբ մենք ասում ենք` հայութիւնը պէտք չէ զինաթափուի, նա ոռնում է, թէ` Դաշնակցութիւնն ուզում է նոր կոտորածների պատճառ դառնալ, չնայած որ գիտէ, թէ աշխարհի փոթորկումը մեզնից անկախ է եւ, որ նոր պատերազմը կարող է մեզ անակնկալի բերել: Նա խարդախում է մեր յօդուածները, նախադասութիւնները, բառերն անգամ: Այդ կողմից նա լուսեղբայրն է բոլշեւիկի, չէ որ բոլշեւիկը, ըստ Պրիաբրաժենսկու` «Երկաթէ աւելով սրբում է այն ամէնը` ինչ համաձայն չէ իր տեսակէտին»: Բոլշեւիկն ասում է` չեմ հասկանում, որով ժխտում եմ . ռամկավարը տրամաբանում է` տրամադիր չեմ հասկանալու, որով պէ՛տք է ժխտեմ: Այդ տարրը, որ մինչեւ բոլշեւիզմը Հայաստանի մէջ եւ նրանից դուրս ստրկագրաստային հնազանդութիւն էր ցուցադրում, բոլշեւիզմի երեւումով` վայրագ, այլ անզօր ընդվզում ունի հայութեան այն մասի դէմ, որ նոր ճիգեր եւ զոհողութիւն է պահանջում յանուն ցեղի ապագայի: Նա զբաղեցրեց եւ շարունակում է զբաղեցնել քաղաքական հայութիւնը ներքին ճակատի վրայ, վրիպեցնելով նրա ուշադրութիւնը իր փրկութեան միակ զէնքից ինքնապաշտպանութիւնից: Իր չէզոքութեամբ նա փաստօրէն զինակցեց թուրքին: Այսօր էլ նա անտարբեր է մեր ճակատագրին կապուած հարցերի նկատմամբ, եւ չի հասկանում, որ անտարբեր մնալ` ասել է թշնամանալ: Անձնական եւ անմիջական բարիքներ ձեռք ձգելու համար, նա քանի՛, քանի՛ անգամ կենսական վնասներ հասցրեց հայ դատին եւ ապագային: Նա լրտեսների մի լեգէոն հասցրեց հայութեան դահիճներին: Քաղաքականապէս տգէտ, բայց օժտուած փերեզակի ճարպիկութեամբ` նա այսօր լծուել է նոյն անարգ գործին, միաժամանակ շահագործելով մեր ժողովրդի որոշ խաւերի տկարութիւնն ու միամտութիւնը: Իր բոլոր գծերով` ռամկավարը ժառանգորդն է հայոց պատմութեան այն զազիր մրուրի, որի հոգեբանութիւնը բնութագրում է ինքը` Մամիկոնեան մեծ սպարապետ Վահանը — «Ուրացութեան շնորհիւ պաշտօնի հասնողները (պարսից Պերոզ թագաւորի քաղաքականութեան շնորհիւ) սովորաբար կեղծաւորներ են եւ անպիտաններ, որոնց հետ նոյնիսկ հաց ուտելուց կը գարշեն հայոց ռամիկ շինականները»:

Հակազգայնական այդ չարագործը դեռ այսօր էլ սիրում է երեւալ ազգային ղեկավարի դերում, չնայած որ ցեղը նրան վաղուց է վտարել իր հոգեւոր սեղանակցութիւնից: Գիտենք, որ անցեալի եւ ապագայի, սկզբի եւ վախճանի մասին անասուններն անգամ տարտամ ըմբռնում ունեն. ռամկավարն ու բոլշեւիկը զուրկ են դրանից. երկուսն էլ հասկացողութիւն չունեն մարդու եւ մարդկային ցեղի մէջ գոյութիւն ունեցող ազգայնօրէն աստուածայինի մասին: Վայրի եզը անապատում կանգ է առնում, հոտոտում է իր ցեղակցի ոսկորները եւ գոռում, ողբում, հակադաշնակցական տականքը զուրկ է անասունի այս սրբազան բնազդից իսկ: Բուլղարական մի առակ ասում է. «Նա, որ իր ամբողջ կեանքում արայավաճառութեամբ է զբաղուել, նրան մի՛ տաք գնահատելու բեհեզը»: Ռամկավարը մեր կեանքում եղաւ, է՛ եւ կը մնայ հասարակ արայավաճառ. նա չհասկացաւ, չի հասկանում եւ պիտի չհասկանայ մեր ցեղային բեհեզի գեղեցկութիւնը, մեր դառն ճակատագրի քաղցրութիւնը, մեր մեծագործ ցեղի խոյանքների իմաստն ու արժէքը:

Ահա դիմագիծը հակացեղային այն տականքի, որ կոչւում է հակադաշնակցութիւն: Հակադաշնակցականի էութեան ամենաշնական գիծը, սակայն, նրա իւրահատուկ թրքասիրութիւնն է :

«Թուրքն եկաւ եւ ամէն ինչ աւեր ու սուգ դարձաւ»` ողբերգում էր յոյն մեծ բանաստեղծը: Հակադաշնակցականը Հայաստանի կործանումի փաստից յետոյ էլ անընդունակ է ցնցուել այս խօսքի բովանդակած ողբերգութիւնից: Յոյն զանգուածը ապրեց իր բանաստեղծի շնչով եւ ողբը վերածուեց պայթուցիկ ոյժի, որ մոխիրների տակից հանեց նոր Հելլադան:

«Թո՛ւրք, դու Ալլահի անիծեալ պատկեր, քո սեւ օրն է՛լ կուգայ» այսպէս ողբերգեց հունգար ժողովուրդը, մինչեւ մի օր կ’ողջունէր իր անկախութեան օրը:

Հակադաշնակցական հայը մեր մոխրացած հայրենիքի համար ո՛չ միայն ողբ չունի, այլեւ շնականօրէն ծաղրում է հայրենապաշտ հայի ողբն ու տառապանքը, ամէն օր նրա ականջին կրկնելով` «Բարեկա՛մ, թուրքը լա՛ւ դրացի էր, մեղաւորը քո յեղափոխութիւնն է»:

«Երբ, ասում է Մինաս Չերազ, արդի կեղծ կամ անկեղծ թրքասիրութեան շրջանը անցնի, մեր ցեղը ծնունդ պիտի տայ ճշմարտապէս անաչառ եւ իրապէս իրազեկ պատմիչներու, որոնք արժանապէս գնահատեն իր փրկութեան համար կատարուած գործերը, առանց գործիչներուն փոքրոգի միտումներ վերագրելու» (Ազգային խնդիրներ, էջ 41):

Հակադաշնակցականի համար այս շրջանը երբեք, երբե՛ք պիտի չանցնի: Եթէ նա ցնցուել է հայկական աղէտից, այդ նրա համար չէ, որ Հայաստանն է խորտակուել, այլ նրա համար` որ ինքը անձնապէս վնասուել է: Ըստ իր հայեցողութեան, այս վնասը հետեւանք է հայ յեղափոխութեան եւ կարող է դարմանուել թուրքը սիրաշահելով միայն: Այստեղից է ահա՛ նրա օրգանական ատելութիւնը հայ յեղափոխութեան հանդէպ: Ո՛վ պիտի հատուցանի նրան, ո՛վ պիտի վճարի, յեղափոխական հայութի՛ւնը, որ միջոցներ չունի — երբե՛ք: Բայց թուրքը մի օր կարող է մոռանալ անցեալի վատ յիշողութիւնները եւ վերադարձնել նրա ստացուածքը: Այստեղ է նաեւ աստառը այն խորհրդաւոր ճիգի, որ թափում է հակադաշնակցականը յաչս մարդկութեան արդարացնելու թուրքը: Ի՞նչ շահ անցեալի արիւնալի յիշողութիւնները հրահրելուց, մինչ մոռացումը կարող է օգտաւէտ ներում ընձեռել նրան: Ա՛հ, այդ հոգեւոր վարձկանը, որ իր դիրքը աշխարհի չարի եւ բարու հանդէպ միշտ էլ որոշում է այս հարցով` «Ո՛վ ինձ կը վճարի»:

Հակադաշնակցականը — դա այն պատմական տիպն է, որին Վոլա լերան վրայ իր հոգեվարքում անիծեց բուլղարական ազատութեան Բոտեւը: Բուլղար հայդուկային առաջին վճռական ընդվզումն է Թուրքիոյ դէմ: Յեղափոխական խումբը կռուի է բռնուել, կռիւը անհաւասար է, հայդուկների 90 տոկոսը այլեւս պաղ դիակների է վերածուած, վիրաւորուած է ե՛ւ հրամանատար Բոտեւը: Այդ վիճակում, սակայն, նա դեռ շարունակում է օրհասական կռիւը, արձակւում են վերջին գնդակները եւ յեղափոխական մարտիկների վերջին հռնդիւնները: Ահա՛, ահաւորօրէն այդ վեհ վայրկեանին` հոգեվարող Բոտեւին մօտենում է բուլգար մի սայլապան եւ հարցնում` «Հապա ո՞վ կը վճարի ինձ, ես հաց փոխադրեցի զինուորներիդ համար»: Պատմութիւնն ասում է` Բոտեւը մեռնելուց առաջ անիծեց իր ժողովրդի անազատունակ, անզոհաբերող, նիւթականացած տարրերը: Նզո՜վք եւ իր վերջին գնդակի հետ փչեց իր շունչը:

Ա՛հ, Բոտեւի նզովուած սայլապանն եղաւ ե՛ւ հակադաշնակցականը մեր կեանքում: Մեր պատմութեան ամենագերագոյն վայրկեանին, երբ ցեղը օրհասականօրէն իր գոյամարտը կը վարէր, յաճախ լսուեց նրա անիծեալ ձայնը` «ո՞վ ինձ կը վճարի»: Եւ հոգեբանական այն մթնոլորտում, որ պիտի ստեղծուէր յեղափոխական ողբերգութիւնից յետոյ, ինչպէս բուլգար, այնպէս էլ հայ երկնքի տակ, այս երկու աղաղակները մնում են արձանացած իբր յաւիտենական պայքարի կանչեր — յեղափոխական առաքեալի եւ վարձկան սայլապանի: Մէկը իր արիւնն է շռայլում, միւսը` հոգեվարող իր սայլի վարձքն է պահանջում: Է՜ զազրելի տականք, ի՞նչ ենք պարտական քեզ — սայլիդ վա՞րձքը, բայց չէ՞ որ դու ոչ թէ արիւնդ, այլ սայլդ իսկ չտրամադրեցիր արիւնող հայրենիքիդ: Ո՞ւր էիր երէկ, դու անիծեա՛լ յաւիտեանս, երէ՛կ, երբ դաւադրուած հայութիւնը մի աստուածային խոյանքով Արարատեան երկիրը վերստին ցեղի տունը դարձրեց: Ղարաքիլիսայի եւ Սարդարաբատի հերոսամարտերէն մարմնիդ վրայ կա՛յ մի հետք — մի վէրք, պատուոյ մի սպի: Երէկի մեր փառքերի արեւէն ճակտիդ վրայ կա՛յ մի հատիկ ճառագայթ: Իսկ այսօր — ա՛հ, դու պղծադաւան թշուառական, դու մեր վէրքերն ես հայհոյում: Եւ մտածել, որ մեր հանդէպ սնուցած ատելութիւնդ պիտի յանգէր ախտաւոր թրքասիրութեան — իրօք որ սպանի՛չ է այս մտածումը:

Հայկական թրքասիրութիւն — եւ այդ ա՛յն ժամանակ, երբ թուրքը` յանձին իր երիտասարդ մտաւորականութեան` հայութեան եւ Հայաստանի մասին այսպէս է մտածում.

— «Դաշնա՛կ էֆէնդիներ, չէք կրնար պատմութիւնը խեղաթիւրելով հայրենիք ստեղծել, եթէ այն համոզումն ունիք, թէ անպատճառ օտարների շնորհիւ պիտի կարողանաք պահել ձեր գոյութիւնը, շէնքեր շինեցէք Երեւանի մէջ, որ թուրքական հին նահանգ մըն է եւ տարակոյս չունինք, թէ մօտերս պիտի ստանայ իր նախկին անունը: Եթէ հարկ է հայրենիք մը ստեղծել ձեր երեւակայած վայրին մէջ, անկէ առաջ փաստեցէք, թէ` ձեզի կը պատկանի ձեր կենտրոնն եղող Երեւանը» («Պիրլիք» — թուրք ուսանողութեան օրգան):

Անդրօշակ հա՛յ, չե՛ս սարսափում, տրամադիր չե՛ս քո «սիրած» Երեւանի համար գէթ մէկ վայրկեանով մոռանալ «սայլիդ վարձքը»: Ա՛հ, զարհուրելի է, զարհուրելի — սթափումի փոխարէն ռամկավարը աւելի՛ է խորացնում իր հոգու թրքացումը: Գիտէինք, որ վաղուց իջնել եւ աղաղակել` «վա՛ր առէք հայկական եռագոյնը», հոգեբանօրէն ասել է` պարզեցէ՛ք թուրքի դրօշը: Այս սինլքորը հաշտուել է այլեւս այն մտքին, որ դա մի օր կարող է բարձրանալ նաե՛ւ Երեւանի վրայ. եւ ահա, կարծէք, առ ի կանխապատրաստութիւն այդ գալիքի, նա գաղութահայ դպրոցներում փորձում է մտցնել «Բարի լոյս» (աւելի ճիշտ պիտի լինէր ասել թրքալոյս) դասագիրքը, յորում հայ մանուկը պիտի սովորի հետեւեալ ձօնը` թուրք դրօշակին, թուրք հայրենիքին եւ Աթաթուրք Քեմալին.

— «Աստղիկ մը ճակտին` մահիկն անուշակ ,

Երկնքէն իջած է մեր դրօշակ .

Անոր տեսքն անգամ կը բաւէ ,

Որ թուրք զինուորներն առիւծներ դառնան:

Մեծ կազին ճամբան գծած է արդէն,

Յառաջ պիտի երթանք մենք ամէն ատեն» :

Իսկ «Պիրլիք» ն ասում է, որ Ղազիի ճամբան տանում է դէպի Երեւան:

«Բարի լոյս» ն ասում է. «Հա՛յ մանուկ, հայրենիք ունիս — Թուրքիան, դրօշակ ունիս — մահիկն անուշակ, մեծ հայրիկ ունիս — Քեմալն Աթաթուրք…»

Իսկ հայ նահապե՞տը, նա վաղո՜ւց, վաղո՜ւց է մեռել ռամկավարի հոգում: Այժմ նա փորձ է անում իր նախահայրերի գերեզմաններն իսկ դուրս նետել իր սրտից:

Այսպէ՛ս, եթէ Խ. Հայաստանում սովորեցնում են հոկտեմբերիկներին ասել` «Լենի՛նն է հայրս», Հայաստանից դուրս, հակադաշնակցականը իր երեխային ասում է` «Քեմա՛լն է հայրդ»: Հոգով թրքացած այդ վատը, որ երբեմն «հայորդի» բառով շաղակրատել գիտէ, փաստօրէն որոշել է իր մանուկը լամուկի վերածել: Տեսնել ու զգալ, որ ուրացութեան այդ զազիր գործին յատկապէս լծուել է Բարեգործական կոչուածը, որը հայ բարեպաշտ մեռելների կողոպուտով եւ կտակներով է ապրում: Իրօք որ երկրագնդի վրայ տակաւին չապրուած զարհուրանք է:

Հակադաշնակցականի այդ հոգեւոր թրքացումը մեզ հիշեցնում է քաղաքական գործիչ Կիրովի «Գայլը` առաջնորդ» պատմուածքը: — «Խոյը ճգնում է համոզել ոչխարներին, որ իրենց առաջնորդ ընտրեն գայլը: Երբ ոչխարները զայրոյթով ետ են մղում այդ առաջարկը` խոյը խուժանավարում է — «Լսեցէ՛ք, ես ձեզ ասացի, որ գայլը ընտրէք առաջնորդ, զարհուրելի ի՞նչ կայ սրանում: Խնդիրը դիտեցէք պատմականօրէն: Պատմութիւնն ի՞նչ է ասում գայլի մասին. նա ասում է, թէ` դա մի արյունարբու գազան է, որ ապրում է աւարով: Լա՛ւ հասկացէ՛ք, աւարո՛վ է ապրում: Բայց ի՞նչ է աւարը, դա` իւրացումն է ուրիշի սեփականութեան: Գայլը ապրում է ուրիշի սեփականութեան իւրացումով: Սակայն, ինչպէ՞ս է դրուած մեր խնդիրը: Մենք ուզում ենք նրան դարձնել մեզ առաջնորդ: Է՛, ասացէք, խնդրեմ, սրանից յետոյ տեղի՞ն է որեւէ վախ»:

— Բրա՛վօ, ճի՛շդ է, միաձայն մայեցին բոլոր ոչխարները` խորապէս յուզուած, եւ ընդունեցին խոյի բանաձեւը երկարատեւ ու դղրդագին ծափերով»:

Խուժանավարող խո՛յը — ահա՛ ռամկավար մտաւորականը:

Կենսաբանօրէն անբարոյականը պատմութեան մէջ շատ յաճախ ղեկավարւում է այս խոյի հոգեբանութեամբ եւ բարոյապէս տկար հոտն էլ ոչխարի պէս հետեւում է նրան:

Չարը, զօրաւոր չարը պաշտւում է: Քաղաքականօրէն յիմարը միշտ էլ վայրենավայել պաշտամունք ունի չար ուժերեւոյթների հանդէպ: Պաշտում է, որովհետեւ գտնում է, որ զինաթափել չի կարող: Հոգեպէս կոյր է նա եւ կարճայուշ: Նմանն ընդունակ է ատել իր ցեղի Աստուածը, ներել իր դահիճին եւ սիրել նրան: Այսպէս է ահա հակադաշնակցական տականքի թրքասիրութիւնից ծնունդ առնում ազգայնական հայութեան ամօթանքի ողբերգութիւնը: Այդ ամօթանքը խորապէս ապրելու մէջ է, սակայն, նաե՛ւ մեր ոյժը:

Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով