ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 1

ՄԻՋԱՎԱՅՐԸ

«Պէտք չէ իրականութիւնը անիծել,

այլ` հասկանալ»:

ԿԱՅԶԵՐԼԻՆԳ

Լափող, կլանող է ամերիկեան միջավայրը:

Հսկայ այդ խառնարանում հայութիւնը աշխարհագրօրէն այնքան է ցրուած եւ թուով այնքան կոտորակային է, որ նա իր միջավայրում կենտրոնանալու, որով քաղաքականապէս զգալի ոյժ ներկայացնելու կարելիութիւն չունի:

Աւելի ողբալի է, սակայն, հոգեբանական ցրուածութիւնը: Թուենք մի քանիսն այն գործօններից, որոնք առանձնապէս նպաստում են դրան`

ա) Ամերիկեան միսիոներական քարօզչութիւնը եւ դրա հետեւանքով ազդու դարձած յարանուանական պաղութիւնը` երբեմն պսակուած նեղհաւատ անհանդուրժողութեամբ.

բ) Հայաստանի նկատմամբ հեռաւոր թիկունք լինելու պարագան, որ ընկերայնօրէն բարեկեցիկ եւ հայօրէն ուծանալու հակամէտ տարրերի մէջ արտահայաստանեան տրամադրութիւններ է ստեղծել.

գ) Կրօնակրթական հաստատութեանց նուազութիւն, որի հետեւանքով անհատները ազգային կուլտուրական արժէքների եւ հիմնարկութեանց շուրջը հաւաքուելու նուազ պատճառներ ունին, որով` մեծ մասամբ զուրկ են մնում ընդհանրական շահերի գիտակցութիւնից.

դ) Յատկապէս հայ միջնակարգ դպրոցների չգոյութիւնը, որ նոր սերունդը մղում է անգլիախօսութեան եւ ամերիկեան մշակութային արժէքներով ապրելու.

ե) Հակազգայնական քարոզչութիւնը, որ յատկապէս վերջերս ոչինչ չի խնայում հոգեբանօրէն աւելի՛ եւս կոտորակելու հայութիւնը:

Աշխարհագրական եւ հոգեբանական այս ցրուածութեան միանում են նաեւ նիւթական աննպաստ պայմանները, որպիսիք են`

— Տնտեսական տկարութիւն հայ միջակորեար դասի, որի հետեւանքով ազգի մեծագոյն մասը մնում է ճնշուած օրուայ հացի պայքարի մղձաւանջի տակ եւ համակւում` աւելի գործ փնտռելու, քան թէ գործ ստեղծելու տրամադրութեամբ, որով` էապէս զրկւում է նախաձեռնական ոգուց, ինչպէս նաեւ անանձնական բարձր նպատակներով տեւաբար ապրելու հնարաւորութիւնից.

— Հայկական առեւտրի ոչ-համագործակցական` անհատական նկարագիրը, որ զարգացնում է հոգեւոր մենասիրութիւն եւ եսական շահապաշտութիւն.

— Հայկական դրամագլխի մեծակշիռ չլինելը եւ նրա ոչ-արդիւնաբերական հակումը, որ դժուարացնելով գործարանային դրութեան ստեղծումը` անկարելի է դարձնում հայ մտաւորականի, արհեստագէտի, դրամատիրոջ եւ բանուորի ճիգերի համախմբումը — մի բան, որ կարող էր այնքա՜ն նպաստել ազգային կեանքի օրգանական կազմակերպման:

Այսպէս, ամերիկահայութիւնը ցրուած է մարդա-աշխարհագրօրէն, ցրուած` հոգեբանօրէն, ցրուած` տնտեսականօրէն:

Նա օրգանիզմը չէ՛, այլ մասնատուած օրգաններ. նա ամբողջականութիւն չէ, այլ տարանջատութիւն:

Այս ծանր պայմաններում սակայն, կա՛յ հայութիւնը հոգեբանօրէն կենտրոնացնելու, նրան իբր հասարակութիւն կերպաւորելու մի գործօն ՀԱՅ ՅԵՂ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ: Կա՛յ նաեւ, ինչպէս տեսանք, ազգօրէն կենտրոնախոյս տարրերի ինքնակազմալուծման ձգտումը — ՀԱԿԱԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ:

Ամերիկահայութիւնը, ուրեմն, բաժանւում է երկու մասի — հայ հասարակութիւն դառնալու իդէալով առաջնորդուող ազգայնական հոսանք, եւ ցեղօրէն դիմազուրկ, ապազգայնացած ու տարրալուծուելու հակամէտ ցրուածութիւն: Եւ ուրիշ բան չէ ամերիկահայութեան այսօրուայ պայքարը, եթէ ոչ` այս երկու մտայնութեանց սուր բախումը:

Հակոտնեայ այս տրամադրութիւնները պատմահոգեբանօրէն պայմանաւորւում են նշանակալից այն փաստով, որ հայութեան մի մասը` Ամերիկայում արմատ ձգելու, այնտեղ գաղութ կազմելու նպատակով չի հեռացել երկրից, այլ եղել է պանդխտութիւն : Զոհ տաճկական հալածանքի` ամերիկահայ պանդուխտը անմիջական նպատակ ունէր դրամ շահել եւ երկրում մնացած տան օգնութեան հասնել, իբր աւելի հեռաւոր նպատակ` սրտում փայփայելով երկիր վերադառնալու յոյսը: Խռովքոտ այդ տարրի հոգում հայրենի հողի զգացումը դեռ այսօր էլ կենդանի է, որքան էլ «Դէպի Երկի՛ր» կանչը այժմ չի լսւում:

Դրա հանդէպ, միւս մասը` հայրենիքը թողել է ընդմիշտ, գնացել է դրամ շահելու եւ նոր կեանք վայելելու նպատակով, որով հոգեբանօրէն դարձել է անհայրենիք — ապահայրենական տարր: Այժմ էլ նա շարունակում է ո՛չ միայն հայրենակարօտ պանդուխտի հոգեխռովքից զուրկ մնալ, այլեւ ի սպառ մոռացութեան տալով հայոց աշխարհը, ճգնում է մոռանալ նաեւ իր գաղութային հանգամանքը, ծպտուել իբր տեղացի, որքան էլ «ներգաղթ» նշանախօսքի համար ընդունակ է ահագին խանդավառութիւն կեղծել:

Հոգեբանութիւնների այս բեւեռացումով պայմանաւորուած ամերիկահայութեան սուր պայքարը` իր խորքով մի մասերեւոյթն է այն ահարկու գուպարի, որ ամբողջ մի անցեալում կնքեց հայութեան ազգայնական եւ հակազգային տարրերի փոխյարաբերութիւնը, որքան էլ ամերիկացի մակերեսային դիտողին այդ թւում է արեւելեան կրքերի ըմբշամարտութեան սովորական մի տեսարան:

Ասե՛նք, որ ամերիկացու բարոյականը դիմորոշւում է նրանով, որ նա ամէն պայքար համարում է կենսաբանօրէն անհրաժեշտ եւ նրա իմաստը գտնում է նրանում, որ կողմերից մէկն ու մէկը անպայմանօրէն յաղթանակի: Ըստ նրա հայեցողութեան` մարդս կռւում է յաղթելու համար եւ նրա բնազդական համակրանքը մի՛շտ էլ յաղթանակի հետ է: Նա չի սիրում ողբերգութիւնը, սպորտսմէնի հոգեբանութիւն ունի եւ դիտող է միայն: Կրկիսապաշտական այս ըմբռնումին հակադրւում է ցեղօրէն հայ մարդու տառապապաշտ հոգեբանութիւնը, որի շնորհիւ հայը ամէն երեւոյթի մէջ բարոյական տարրն է փնտռում, ատում է անիրաւ ոյժը, խոցւում է, երբ անարդարութիւնն է յաղթանակում եւ արցունքի հետ` իր սրտի արիւնն է քամում, երբ արդարութիւնն է պարտւում:

Դրա հանդէպ, ցեղուրաց հայը` իբր հայկական հոգու բացասական կողմի արտայայտիչ` իր երջանկութիւնը պայմանաւորում է իր հոգեւոր մեկուսիութեամբ: Նա ո՛չ ամերիկացու կենսաբանօրէն ուժապաշտ բարոյականն ունի, ո՛չ էլ տառապապաշտ հայու արդարասիրութիւնը: Չարութեան շտեմարան է նրա հոգին, նա սիրում է մեր կեանքում արդարութիւնը խաչուած տեսնել եւ ցնծում է, երբ ստորնութիւնն է յաղթանակում: Անստեղծագործ է. զուրկ ներքին կրակից. անընդունակ` ինքնաբորբոքումի: Կարծէք Արարչութիւնը նրան պարգեւատրած է միայն գործիք դառնալու կարողութեամբ: Իբր ներքին չարութիւն` նա սիրում է հրահրուիլ արտաքին թշնամուց: Այս է պատճառը, որ նա միշտ էլ զինակցում է մեր ցեղի դահիճներին:

Պայքա՛ր կայ հայկական Ամերիկայում, եւ մեր ցեղի այս ներքին չարութիւնը — ցեղի այս չարարուեստ տականքը — վերստին գործիք է արտաքին թշնամու` այս անգամ թրքօբոլշեւիզմի ձեռքին:

Հակադաշնակցական հայը հպարտ է, որ օտար, այլ միջավայրում բոլշեւիկեան աստղի շնորհիւ ցեղօրէն ազատ իր կերպարանքը որոշ փայլ է ստացել: Ազգայնական հայութիւնը, սակայն, ապրում է հայ ճակատագրի ծանր ողբերգութիւնը եւ ազգային ամօթանքի դառնութեամբ չափւում է օտարից գօտեպնդուած իր ցեղի տականքի հետ:

Մե՛ծ, յավիտենօրէն մեծ արժէքներ են դրուած այս բորբոքուող պայքարի մէջ — մեր ազգային ոգին, որ բոլշեւիզմը մարել է ճգնում, եւ մեր դատը, որ քեմալական թուրքը սպանել է ուզում:

Եւ պայքարը տարւում է այդ մեծ արժէքները խորհրդանշող Եռագոյնի շուրջը:

Պայքա՛ր, որի մէջ պարզուեց, որ մեր ժողովրդի մէջ դեռ կան օտարահակ տարրեր, որոնք մեզ հետ չէին երէկ, երբ ազգայնական հայութիւնը աստուածային խոյանքով ոչինչէն Հայաստան ստեղծեց. մեզ հետ չեն այսօր, մեզ հետ չեն լինի ե՛ւ վաղը: Եւ որ վաղը, երբ արտաքին վտանգը Հայաստանի դռները զարկեց, այդ անդրօշակ տարրերը մեծապէս պիտի վտանգեն մեր քաղաքա-հոգեբանական թիկունքը:

Մե՛զ, ապա ուրեմն, մեզ կը մնայ կրկնապատկել մեր արթնութիւնը ամենավճռական դիրքաւորմամբ:

Ինչո՞վ կը վերջանայ այդ պայքարը, որն այլեւս վերածուած է կատարեալ դրօշամարտի: Ո՞վ կը զարնուի այս պայքարի մէջ եւ ո՞վ կը յաղթանակի: Անտեղի՛ հարց, հակադաշնակցական դիրտից զատ ո՞վ չգիտէ, որ երբ կռիւը դրօշակի շուրջն է, յաջողութեան աստուածուհին միշտ էլ պսակադրում է դրօշակակիրի ճակատը:

Դրօշամարտում մի՛շտ էլ դրօշակակիրն է յաղթում:

Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով