ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 15
ԽԱՉԻ ՍՏՈՐԸ
Ամերիկա՛, ո՞ւր է արդարութիւնդ:
Ինը հայորդիներ խստագոյնս պատժուած մի հասարակ ուրացողի համար:
Ի՞նչ, քո երդուեալները չդողացի՞ն իրենց խղճմտանքի առջեւ, երբ ելեկտրամահուան դատապարտեցին նրա՛նց, որոնք դեռ երէկ քո դրօշի համար էլ կուրծք տուին շնացեղ թուրքին:
Չէ՛, չէ՛, Արարչութեան օրէն ի վեր տեղի ունեցած չէր նման վատութիւն:
Գիտցի՛ր, սակայն, որ քո դատարանէն զատ, ուր մեր մե՛ծ ցեղի այլասերած տականքը իր ատելավառ կրքերի ողջ ապականութիւնը թափեց, կա՛յ եւ Հայոց պատմութեան դատաստանը:
Քո մեծութեան մէջ որքա՛ն միամիտ ես դո՛ւ, Ամերիկա՛: Իսկապէս, չգիտե՞ս, որ դատապարտածդ հայերը` զոհերն են թրքօ-բոլշեւիկեան դաւի: Չհասկացա՞ր, թէ ինչ-ինչ պատճառներով չկարողացար արդարութիւն անել դաւադրուած հայութեան:
Քո դատարանում, որ ասել է` քո հոգում, պաշտպանութիւն գտաւ հայ փերեզակի հերմեսացուպը — նիւթական շահի խորհրդանշանը` մեր աստուածային Եռագոյնի դէմ: Եւ կարող է լինել, որ վաղը, յուրախութիւն բոլշեւիզմի գործակալների` երկու հայ կորիւններ մոխիր դառնան քո հնարած ելեկտրական աթոռի վրայ:
Ի՞նչ, չե՞ս լսում թուրք եւ սովետ դեսպանատներէն բարձրացող մեֆիստոֆէլեան հռհռոցը` քո արդարութեան հասցէին:
Գիտենք` յաճախ այսպէ՛ս է գործում օտար արդարութիւնը: Ոչի՛նչ քաղաքական գիշերը ո՛չ յաւիտեանս տեւէ: Աշխարհը դառնում է, ժամանակը գործում: Դեռ երէկ էր, ինչ նա մի շարք գահեր գետին զարկեց: Կոյրե՛րը, միա՛յն կոյրերը չեն տեսնում, թէ ինչպէս պատմութեան որդը կրծում է խորհրդային իշխանութեան հիմերը: Ոչի՛նչ, մենք կը սպասենք սեփական արդարութեան, որ պիտի գործէ վաղը` մեր Հայրենիքում` ապախորհրդայնացա՛ծ Հայաստանում:
* * *
Մերժուեց վերաքննութիւնը եւ… մեր երկու ընկերների թիկունքում սպառնալիօրէն ցցուեց խաչը:
Եւ խաչի նսեմ ստուերը փռուեց ազգայնական հայութեան հոգեաշխարհի վրայ:
Ա՛հ, գիտե՛մ, ցեղադաւան ամերիկահայութիւն — գիտե՛մ, չէ՛ որ դեռ երէկ քեզ մօտ էի, քեզ հետ էի, երբ կարմիր շէյթանը դաւադրեց քեզ — գիտե՛մ, այժմ սիրտդ ուռած է զայրոյթից եւ բարկութիւնդ կը մխայ:
Գուցե եւ վաղը սուգ հագնի ճակատդ, բայց, թող չկորանա՛յ դա տղամարդ պայքարողին վայել չէ՛ տկարութիւնը: Վե՛ր գլուխդ, չէ՞ որ դու այն ազգն ես, որ գիտէ յաւիտենականութեան բարձունքէն դիտել աշխարհն ու անցքերը: Գլուխդ վե՛ր, ուր մշտարթուն մի աչք կայ, որ հսկում է թշնամիներիդ վրայ: Վե՛ր, որտեղից մի սաստող ձեռքի ստուերն է կախուել թշնամիներիդ գլխին:
Տեսնո՞ւմ ես միա՛յն հացով ապրող երկրասող տականքը: Լա՛ւ, դիտիր, — նրանք այնպէս են շարժւում, կարծես, ներքնապէս մի ծանր բեռ կրէին:
Ա՛հ, ներքին չարութեան համար քաղցած այդ չարարուեստ տականքը — նա վաղուց է ոռնում դատարանների դրան եւ երկու որդիներիդ արիւնն է պահանջում: Նա յոգնեց սպասելէն: Իր չարութեան քաղցը յագեցնելու համար` օր, ժամ, վայրկեան առաջ նա ուզում է մեր արդարների աճիւնը տեսնել:
Եւ, ո՞վ գիտէ, գուցէ վաղը աշխարհի ամենահարուստ նահանգի պետն էլ չուզեց զգալ վեհափառութիւնը մեր ողբերգութեան` այն ժամանակ կը մոխրանան, կը մեռնեն Եռագոյնի նո՛ր վկաները — Մատթէոսն ու Նշանը:
Եւ գիտէ՞ք ինչպէս — ինչպէ՛ս հայ լեգէոնականն է մեռնում` ստոյիկեան խրոխտութեամբ եւ ժպտադէ՛մ:
Ես տեսայ, ես ճանաչեցի նրանց: Ամերիկան թողնելէս առաջ, գնացի հրաժեշտի` մեր բանտարկեալներին, եւ երկարօրէն, ծունկ ծնկի, խօսեցի մահուան դատապարտուած երկուսի հետ: Աստուա՛ծ իմ, ի՞նչ տղամարդիկ են: Սրանց ոտքի հետքերը պիտի համբուրէին գողուղի ռամկավարն ու պղծադաւան բոլշեւիկը, եթէ զուրկ չլինէին մեր ցեղի ճակատագրի զգացումէն: Ժամեր տեւող մեր տեսակցութեան ընթացքին նրանց կողմից ո՛չ մի խօսք եղաւ այն մասին, թէ ի՞նչ աշխատանքներ են տարւում դուրսը` իրենց ճակատագրի դաժանութիւնը մեղմացնելու համար: Այո՛, այդ մասին եւ ո՛չ մի ակնարկ:
Երկուսն էլ, սակայն, խորապէս ազդուած էին Վարանդեանի մահէն:
— «Ինչպէ՞ս է Ահարոնեանը, յոյս կա՞յ, որ նորէն գրիչը ձեռքն առնէ»` հարցրեց Մատթէոսը:
— «Արդեօ՛ք, յոյս կա՞յ, որ մօտիկ ապագայում Իտալիան կամ մի այլ ոյժ զարկի Թուրքին»` հարցրին երբ ոտքի վրայ էինք եւ կ’ողջագուրուէինք բաժանուելու համար:
— «Այո՛, տղա՛յք, աշխարհը դառնում է. անկիւնադարձի առջեւ է մարդկութիւնը. մեզ կը մնայ աշխատել եւ պատրա՛ստ լինել»: Այս խօսքերով բաժանուեցի մեր երկու ցեղահոգ ընկերներէն, որոնց աչքերի մէջ ցաւով կարդացի այրող կարօտը զէնքի, ծածա՛ն Եռագոյնի, կռուի թուրքի դէմ:
Մատթէո՛ս, Նշա՛ն — ահա՛, ամերիկահայութի՛ւն, երկուսը սրտով մեծ ու զօրաւոր զաւակներէդ, որոնք վաղը, ներքին թշնամուդ ցանկութեամբ, պիտի մեռնեն, եթէ ամերիկեան մի նահանգապետ նրանց մահն ուզեց:
Ի՞նչ արած, գիտես, որ ժամանակը ազգերի վրայ կոխելով է անցնում: Նրա ոտքի կապարեայ ծանրութեան անծանօթ չես դու: Այս անգամ էլ նա ոտքը սրտիդ վրայ, ազգային վէրքիդ կոխեց: Վա՛յ քեզ, եթէ ոյժ եւ արիութիւն չունեցար խրոխտալու, որ քո սիրտն աւելի՛ ուժեղ է քան ժամանակի գարշապարը: Այո՛, այսպէ՛ս է վայել այն ազգին, որ աշխարհի անարդարութեան հետ պայքարի մտած` դժբախտութիւն ունի նեղուելու ե՛ւ իր տականքէն:
Բարոյական ա՛յս կեցուածքն է վայել քուրմին, որ քաղցրաբար իր զոհն է մատուցանում: Զոհարարի քո վիճակում հաւասարապէս աններելի են` տրտունջն ու տկարութիւնը:
Ո՛չ Յովբի մռայլ շեշտը, ո՛չ էլ Բայրոնեան յուսահատութիւն — ո՛չ մէկը եւ ո՛չ միւսը:
Գիտցի՛ր, սակայն, որ այն օրը, երբ գոծադրուեց մահապատիժը` մի խորհրդաւոր ձայն զարհուրանքով պիտի գոռայ թշնամիներիդ ականջի մէջ — mementoյիշի՛ր:
Այն օրէն ծանօթ տականքները վատաբար պիտի դողան իրենց հետապնդող ձեռքի ստուերէն:
Երկու ուրուականներ, ամէն գիշեր, նրանց դռները պիտի զարկեն:
Նրանք ամէն օր պիտի մեռնեն, պիտի մեռնեն` դեռ չմեռած:
Այն օրը, երբ քեզ, ամերիկահա՛յ երկու զաւակներիդ մահը գուժեցին` դու կը բարձրացնես ճակատդ, գուրգուրանքով կը նայես Եռագոյնիդ, զայն մտովի կը խոնարհեցնես արիներիդ համբուրելի աճիւնի առջեւ, ապա կը բարձրացնես — ամենաերկիւղածօրէն կը համբուրես, մէկ է՛լ, եօ՛թն անգամ, եւ կը յանձնես օրուայ իր պահակին` ցեղակրօ՛ն զաւակներիդ:
Այսպէ՛ս է վայել այն ազգին, որ յանուն իր յաւիտենականի գիտէ իր զաւակներէն ամենաընտիրնե՛րը զոհաբերել:
Այսպէ՛ս է կատարւում ամէ՛ն մարտիրոսութիւն:
Այսպէ՛ս է ստեղծւում ամէ՛ն հերոսական:
Այսպէ՛ս են յաղթանակում ազգերը:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!