ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ 4

ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ )

Մաս 4

(1920 թ․ հուլիս 17 — 31)

17 հուլիսի

Այս հինգ օրվա ընթացքում նշանակալից դեպքեր չկան: Ռազմաճակատներում ընդհանրապես խաղաղ է, եթե հաշվի չառնենք տեղական բնույթի մի քնի փոքրիկ ընդհարումներ սահմանամերձ շրջաններում:

Մեր առաջխաղացությունը Նախիջևանի ուղղությամբ անարգել շարունակվում է և մենք նորանոր գյուղեր ենք գրավում առանց լուրջ դիմադրությունների: Նախիջևանի թաթարները տեսնելով, որ զանգիբասարցիները և բեյուք-վեդիցիները անողոքաբար հետապնդվում են մեր քաջարի Բանակի կողմից և տարերային խուճապով Արաքսի ու երկաթուղու գծի երկայնքով նահանջում են դեպի Ջուլֆա, միտք են հղացել պատվիրակություն ուղարկել և խնդրել, որ հայկական կառավարությունը իրենց ընդունի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որի համար նրանք վար կդնեն իրենց զենքերը և կկատարեն կառավարության բոլոր հրամանները: Թաթար պատվիրակությունը հանդիպել է Գայլի-Դրունքի մեր զորաշղթային, և հրամանատարությունը թույլ է տվել նրան անմիջապես մեկնել Երևան, բանակցելու կառավարության հետ:

Սիլիկովի (Սիլիկյան -Գ.Ռ.) զորամասը, որ շարժվում էր Նոր-Բայազետից Նախիջևանի գավառը գրավող զորամասին օգնելու՝ արդեն հասել է Գայլի-Դրունք և կապվել է մյուս զորամասի հետ: Հրամանատար Սեպուհը շատ մեծ ցավ է զգում, որ այս մեծ գործողությունների ժամանակ չի գտնվում Իգդիրի շրջանում: Նա ասում է, որ եթե հայ չարագործները Ղազախ-Շամշադինի շրջանից հանգստացնեին մեզ, նա վաղուց գրաված կլիներ Կողբի աղահանքերը և իր զորամասերը Իգդիրից կհաներ Արարատի փեշերի բարձունքների վրա՝ քրդերին շպրտելով դեպի Բայազետ:

Կողբի գրավումը չի ճշտվում, հակասական լուրեր են հասնում: Սասունցիները տեսնելով, որ քրդերը Կողբը դատարկում են, մի հանդուգն հարձակումով մտնում են այնտեղ, թալանում, կողոպտում և էլի ետ քաշվում: Սրանից կարելի է եզրակացնել, որ կառավարությունը Կաղզվանի ուղղությամբ լուրջ գործողությունների չի դիմել, այլ այդ գրավումը տեղական բնույթ է կրել:

Բայց այս բոլորից հետո, Կողբի գրավումը մի առանձին դժվարություն չի ներկայացնում: Վերջին երկու շաբաթվա մեր հաջողությունների հետևանքով, մեր փողերի գինը 50 տոկոսով բարձրացել է, բայց դժբախտաբար ապրանքների գները դեռ չեն իջել: Չարաշահները (սպեկուլյանտներ) տեսնելով, որ ահագին վնաս են կրում, գաղտնի կերպով մեր բոնիրը կրում են արտասահման, վալյուտան դարձյալ իջեցնելու ի վնաս մեզ, այդ իսկ պատճառով, ելևմտական նախարարությունը մի խիստ հայտարարությունով արգելել է ճամփորդներին 5000 ռուբլուց ավելի փող ունենալ՝ մեր երկրից դուրս մեկնելիս: Մեր վալյուտայի բարձրացմանը մեծապես օգնում է մեր պետական փոխառությունը թե երկրի ներսում և թե արտասահմանում: Վրաստանի հայաշատ մեր քաղաքներում կանայք իրենց ոսկի և արծաթ զարդերը նվիրաբերում են հայկական պետական գանձարանին:

Կան մարդիկ, որոնք երբեք լավատես չեն մեր ապագայի նկատմամբ, միշտ տրտնջալով ասում են, որ այսինչ կամ այնինչ նորաստեղծ փոքր պետությունները մեզանից շատ նպաստավոր պայմաններում են գտնվում:

Ոչ ոք իրավունք չունի մեզ համեմատելու մեր հարևան հանրապետությունների հետ: Մենք բացառիկ պայմաններում ենք ապրում: Այդպիսի կույրերին միայն մի պատասխան կարելի է տալ. վեց հարյուր տարվա ընթացքում մենք ե՞րբ ենք այնպիսի բախտավոր օրեր տեսել, քան այն րոպեից, երբ ստեղծեցինք մեր սեփական կառավարությունը:

Մեր անցյալը միշտ եղել է տարտամ, անորոշ և հուսահատական, իսկ մեր ԱՆԿԱԽ-ԱԶԱՏ պետական օրից, մեր ապագան հետզհետե պարզվել է և պայծառացել: Այն դաժան հանգամանքներում, որ մենք ձեռք առանք մեր ճակատագրի տնօրինությունը, եթե մի ուրիշ ցեղ կամ ժողովուրդ լիներ՝ չէր կարող այնպես պատվով դուրս գալ ինչպես հայ ժողովուրդը: Մեր հանրապետության ամրապնդումը ոչ թե տարիներով, ամիսներով և շաբաթներով է առաջ գնում, այլ, թող զարմանք չպատճառի, եթե ասեմ՝ օրերով և ժամերով է առաջ ընթանում:

19 հոլիսի

Երեկ գիշեր գլխավոր շտաբը հաղորդեց, որ Օլթիի ուղղությամբ թուրք կանոնավոր ասկյարները, թվով 200 հոգի, երկու գնդացիրով փորձել են հարձակվել մեր դիրքերի վրա, բայց մեր զինվորների կողմից ետ են մղված: Հարձակումը տեղի է ունեցել ամսի 16-ին, իսկ հաղորդագրությունը մենք ստացել ենք երկու օր հետո, ինչպես երևում է կապը կտրված է եղել: Մյուս ճակատներում նշանակալից ոչինչ չի պատահել: Ուղիղ մի ամիս է, որ Ղազախ-Շամշադինի շրջանի «բոլշևիկյան» արկածախնդրությունը վերջացել է, բայց օր չի անցնում, որ մենք վերջնագիր չստանանք այս կամ այն գիծը չեզոք հաշվելու պահակները այնտեղից վերացնելու: Եվ բնորոշն այն է, որ նրանց վերջնագիրը միշտ վերջանում է սպառնալիքով: Բայց ցարդ ոչ մի գործողության չեն անցել, չնայած, որ նրանց վերջնագրի տված ժամանակամիջոցը միշտ էլ լրացած է եղել, և մեր պատասխանները խիստ և կտրուկ: Տեղին է նկատել, որ բոլշևիկները իրենց արարքներով նման են այն շնիկների, որոնք անցորդի վրա հաչում են իրենք իրենցից վախենալով:

Գլխավոր շտաբը ի տեղեկություն մեզ հաղորդում է.—«Կիրովը ամեն տեսակ միջոց ձեռք է առել դադարեցնելու Ադրբեջանի զորքերի առաջխաղացությունը Զանգեզուրի վրա: Հարկավոր է կենտրոնացնել ուժերը և պաշտպանել սահմանները»: Այս խոսքերը բառացիորեն Կիրովինն են, որ ասել է Թիֆլիսի մեր ներկայացուցիչ Բեկզադյանին, իսկ վերջինս նույնությամբ հաղորդել է Երևան կառավարությանը: Այսպիսով Ղարաբաղը ժամանակավորապես մնում է սովետական իշխանության տակ, իսկ Զանգեզուրում մենք անբախտություն ունենք սահմանակից լինելու նրանց:

20 հուլիսի

Իջևանից գնդապետ Հակոբյանը հեռախոսագրում է, որ Եվլախի շրջանում թաթարների և բոլշևիկների միջև կատաղի կռիվներ են, իսկ Ղազախում լսվում է գնդացրային կրակոցի ձայն: Բոլշևիկները առաջարկել են վրացիներին շտապ կերպով վերանորոգել Պոյլի կամուրջը: Եվլախից և Ղազախից նոր եկած մեր գործակալները նույնն են հաստատում, ինչպես երևում է և այն, որ բոլշևիկները թե հայերին և թե թաթարներին զոռով մոբիլիզացիայի ենթարկելով ուղարկել են լեհական ճակատ: Ադրբեջանում խուճապ է տիրում, և բոլշևիկները ռազմական բոլոր հարկավոր մթերքները տենդոտ կերպով տեղափոխում են: Ինչպես երևում է, Լեհական ճակատում գլխավոր և վճռական ճակատամարտեր են տեղի ունենում, որոնց ելքը դեռ հայտնի չէ:

27 հուլիսի

Ուղիղ մի շաբաթ է, որ օրագրիս մեջ ոչ մի տող չեմ գրել, որովհետև աչքի ընկնող դեպքեր չեն պատահել:

Մեր պետական նավակը հաջող է ընթանում, չնայած, որ հյուսիսից թե հարավից եկած ալիքները վտանգավոր են և ահարկու: Սակայն հայ ժողովրդի մակույկը շատ է տեսել օվկիանոսի գոռ ալիքներ, որոնք մերթ նրան բարձրացրել են իրենց գագաթը, մերթ իջեցրել օվկիանոսի խոր անդունդը: Հին լողորդներ ենք մենք, մեզ ոչինչ չի կարող վախեցնել, բացի հոգնածությունից, բայց վերջին հանգամանքը ևս մտահոգիչ չէ, որովհետև ցամաքը երևում է, փրկարար փարոսի լույսը հետզհետե պայծառանում է, առավոտ է բացվում մեզ համար:

Վեց հարյուր տարի է, որ լողում ենք և չենք խեղդվել, և այդ պարագան պատահական չէ, այլ համառ և անդուլ աշխատանքի հետևանք է: Մի քիչ էլ աշխատանք, մի քիչ էլ կորով, և մենք հասած կլինենք մեր նպատակին:

Մեր ռազմաճակատներում տեղական բնույթ կրող կռիվներ են տեղի ունենում, այժմս մեր կարևորագույն զորաճակատները Ղազախ-Շամշադինն է և Շարուր-Նախիջևանը: Առաջինը ցարդ խաղաղ էր, բայց այդտեղ նորից դավեր են նյութում մեր դեմ: Մեզ հանգիստ չեն տալիս և շարունակ զբաղեցնում են մեզ իրենց ավազակային ասպատակություններով: Այսպես օրինակ, օր առաջ թաթարները, թվով վեց հարյուր հոգի, հարձակվել են Գուղ գյուղի վրա և գրավել են այն, մեր պահակները, բնական է՝ պիտի տեղի տային իրենցից հարյուրապատիկ ուժերի առաջ: Այդ ավազակախումբը բաղկացած է գլխավորապես այն թաթարներից, որոնք չեն ուզում զինաթափվել Ադրբեջանում և նրանցից, որոնք սրանից մի երկու ամիս առաջ քշվել են մեր երկրից դուրս: Սրանց ղեկավարում են «մուսավաթականները», որոնք շարունակում են հետապնդել իրենց դժոխային նպատակները, այն է՝ Հայաստանի դիակի վրայով կապվել Մուստաֆա Քեմալի ուժերին:

Մեր հակահետախուզական վարչության գործակալները Ադրբեջանից հակասական տեղեկություններ են բերում, ոմանք ասում են, որ սովետական իշխանությունը ամեն ջանք թափում է Հայաստանը ներսից և դրսից պայթեցնել և միանալ քեմալիստների հետ, իսկ ոմանք ճիշտ հակառակն են պնդում, որպես թե նրանք այդպիսի լուրջ մտադրություն չունեն և այլն: Սովետական իշխանությունը իրապես ամեն կերպ խլուրդային աշխատանք է թափում կապվելու Անատոլիայի միլիտարիստների հետ, կռվելու Եվրոպական բռնակալների դեմ: Կարմիրների խստությունները Ադրբեջանում բոլորովին խորտակեց թուրք-թաթարների սպառնալիքները: Նրանք կարծելով, որ Ադրբեջանը խորհրդային հայտարարելով մեծ հարված կհասցնեն Հայաստանին, բայց նրանց սին հույսերը ցարդ և հետագայում ոչ արդարացել են, ոչ էլ պիտի արդարանան:

Երեկ մեզ մոտ եկավ սովետական Ադրբեջանի հակա-հետախուզական կազմակերպության կառավարիչ գանձակեցի Սողոմոն Գրիգորյան-Հովհաննիսյանը, տեսակցություն ունեցավ Սեպուհի հետ, որ տևեց երկու ժամ: Բավական կարևոր և հավանական տեղեկություններ տվեց բոլշևիկների գործունեության մասին ընդհանրապես և Բոլշևիկ Ադրբեջանի մասին մասնավորապես: Նա կարծես մեր մեջ խախտեց դեպի բոլշևիկները տածած թերահավատությունը և վստահեցրեց, որ ռուս և այլազգի իսկական կոմունիստները շատ լավ են տրամադրված Հայաստանի հանդեպ և նրանք բոլորովին մտադրություն չունեն քայլելու Հայաստանի վրա: Սակայն բոլշևիկյան քողի տակ թաքնված մուսավաթականները և հայ ժողովրդի ծոցից վիժածները ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում իրականացնելու Հայաստանի կործանումը: Մարդկային խղճից ու արդարությունից հալածված այդ թշվառականները էլ պրովոկացիա, էլ աներևակայելի ստեր չի մնացել, որ բաց չթողնեն թե մամուլի միջոցով և թե բերանացի Հայաստանի մասին, որպես թե այնտեղ կատարվող ահաբեկումների, ճնշումների և այն բանվորական ու գյուղացիական կրկնվող ապստամբությունների մասին, որոնք, իբր թե ճնշվում են ամենաբարբարոսական կերպով:

Սողոմոն Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ եթե բոլշևիկները ուժեր են կենտրոնացնում Հայաստանի սահմանի վրա, այդ ոչ թե հարձակման դիմելու նպատակով է, այլ իրենց սահմանները պաշտպանելու և Հայաստանից երկյուղ կրելու պատճառով: Եվ այսպես, եթե հավատանք Հովհաննիսյանի ցուցմունքներին, բոլշևիկները մեզ հաշվի են առնում: Մտնելով Ղարաբաղ ու Զանգեզուր, նրանք՝ այդ մանկամիտ քաղաքագետները, սկսեցին զինաթափել հայ գյուղացիությանը, ենթադրելով, որ սրանք ևս վախկոտ թաթարների պես անբարբառ պիտի հնազանդեն այդ ապօրինի կարգադրությանը: Բայց ազատասեր հայ լեռնական ժողովուրդը ծառացել է նրանց դեմ և այնտեղ սկսել է ներքին կռիվ, որի հետևանքով բոլշևիկները անամոթաբար թողել են Զանգեզուրի սիրտ Գորիսը:

Այսպես, բոլշևիկներին գրկաբաց ընդունող Ղարաբաղն ու Զանգեզուրն արթունության նշաններ են ցույց տալիս և իրենց կաշվի վրա փորձով համոզվեցին, որ նախկին Ռուսաստանն է եկողը՝ նոր հագուստով: Շարուրը ամբողջապես մաքրվեց մեզ թշնամի տարրերից, որոնք բույն էին դրել երկաթուղագծի երկու կողմերը: Այժմ մեր քաջարի Բանակը շարժվում է Նախիջևանի վրա: Շայթախտ կայարանը և Խոկ գյուղը ամսի 25-ին, համառ կռվից հետո, գրաված են մերոնց կողմից:

Ադրբեջանից եկողները ասում են, որ մեր արշավանքը դեպի Ջուլֆա-Թավրիզ երկաթուղագիծը ուրախությամբ է ընդունվել այնտեղ, բացառությամբ թաթարների: Ջուլֆա-Թավրիզ երկաթուղու կարևոր գծի գրավումով ուրախանում ենք և մենք, և բոլշևիկները, և անգլիացիք: Մեր ուրախությունը ամենքի համար շատ պարզ է, բայց վերջին երկուսի դիվային ուրախությունը մութ է, շատ մութ ամենքին: Իմ կարծիքով բոլշևիկները հրճվում են, որ մենք երկաթուղագիծը ազատում ենք հակահեղափոխական տարրերից, իսկ մեզ հետ, նրանց կարծիքով, ի վերջո հաշիվ տեսնելը հեշտ է, որովհետև ռուսամոլ ենք, և եթե մի փառավոր օր զուտ ռուսական զորամասեր շարժվելու լինեն Ղարաբաղի և Զանգեզուրի վրայով դեպի Շարուր-Նախիջևան և ապա Պարսկաստան, մենք առանց գնդակ արձակելու պիտի ասենք «հրամեցեք»:

Բայց «կոմունիստ» աշխարհակալները շատ են սխալվում. մեր առաջվա պլատոնական սերն ու համակրանքը հանդեպ Ռուսաստանի փոխվել է ատելության ու վրեժխնդրության, մենք հիմա քաջ գիտակցում ենք, որ եթե սրանից հետո, եթե նորից մեզ վիճակվի խմել ստրկության թույնը, դրա միակ պատճառը Ռուսաստանն է, լինի նա նոր թե հին, հեղափոխական թե ռեակցիոն: Թուրք թաթարական ամեն տեսակի վտանգներին մենք այժմ ի վիճակի ենք դիմագրավելու և նույնիսկ հակահարված տալու, եթե Ռուսաստանը, այդ կեղծ կարմիր հագած Ռուսաստանը մեր կռնակից մեզ չհարվածի:

Գալով Անգլիային պիտի ասեմ, որ նրա ուրախությունը բխում է ոչ թե նրանից, որ նա մարդասիրաբար ցանկանում է, որ Հայաստանի խաչելիությունը վերջանա ու այդ զրկված սրբությունը ազատ և անկախ կյանք վարի դարավոր ստրկությունից հետո, այլ նրանից, որ հանձինս Հայաստանի ուժեղության և անկախության՝ տեսնում է անգլիական տիրապետության պաշտպանություն: Հանձինս մեզ նա տեսնում է մի պատնեշ Ռուսաստանի դեմ, բոլշևիկյան համաճարակի դեմ, որ սպառնում է ողջ Եվրոպան հիմնահատակ անել, որից հետո ծովերի թագուհին ստիպված պիտի լինի քաշվել-կծկվել Բրիտանական նեղ, անարև ու մառախլապատ կղզիներում և լաց լինել իր անցած փառքի վրա: Պետք է նկատել, որ Եվրոպան, այդ անատամ քավթառը, հանձինս Անգլիայի և իր վարչապետ Լլոյդ Ջորջի, մեզ երկար տարիներ խաբելուց և խոստումներով կերակրելուց հետո, հայտարարեց, որ հայերը իրենց հույսը իրենց վրա թող դնեն: Այս հայտարարությունից ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հրաշալիորեն գիտակցել էր, որ իր միակ հույսը, իր միակ ապավենը ինքն է, իր բազուկը: Դրան որպես ապացույց թող բարի լինի «մեծ» քաղաքագետ Լլոյդ Ջորջը կարդալու հայ ժողովրդական այն երգը, որ ասում է. «Համոզված ենք որ միայն զենքով կա հայի փրկություն»:

Թուրքիան տեսնելով, որ մենք սրարշավ առաջանում ենք Նախիջևանում, որտեղ մեր զորքերի առջևից փախչում են 150 հազար զինված և անզեն խուժանը, ուզում է կասեցնել մեր արշավանքը, դրա համար էլ Օլթիի ուղղությամբ մոտ 200 լավ զինված ասկյարներ 4 գնդացիրներով հարձակվել են մեր դիրքերի վրա, բայց ետ են շպրտվել: Անգլիացիների խոստացած զինամթերքը արդեն Բաթում է հասել:

40000-ոց բանակը լավագույն կերպով սպառազինելու և զգեստավորելու համար է: Մեր պետության ամենացավալի կողմն էր, որ բուժվեց: Այժմ ռազմամթերքի հոգսը վերացած կարելի է համարել, մնում է հաց՝ նա էլ ապահովված է համարյա, շնորհիվ բարեբեր երկրի և այն հաղթությունների, որ մի ամսվա ընթացքում մենք ունեցանք Շարուր-Նախիջևան ճակատում: Հայաստանի բոլոր թշնամիները թող սրանից հետո զգույշ լինեն և չխաղան մեր պետության ամենանուրբ լարերի հետ, այլապես մենք նրանց զենքով կզգուշացնենք: Զգույշ, շատ զգույշ թող լինեն:

31 հուլիսի

Ղազախ-Շամշադինում մեր նախկին դրությունը վերականգնված է, մենք նորից վերագրավեցինք Ջիլը: Թաթար հրոսակախումբը, որ բաղկացած էր հինգ հազար հոգուց, փախել է և ցրիվ եկել:

Հրամանատար Սեպուհը, Ջիլը թշնամու ձեռքն անցնելուց հետո, այս շրջանում զորահավաք հայտարարեց, որ իմ կարծիքով միանգամայն ավելորդ էր, որովհետև լուրջ վտանգ չէր սպառնում Ջիլի գրավումը և հետո զորահավաքի ազդեցությունը ընկնում է, երբ ամեն մի չնչին ռազմական գործողության ժամանակ զորակոչ է հայտարարվում ու զորացրում է տեղի ունենում, հենց որ դրությունը վերականգնվում է: Ղարաբաղում և Զանգեզուրում հայ գյուղացիությունը տեղ-տեղ ապստամբել է բոլշևիկյան իշխանության դեմ: Սիլիկյանի զորամասը հրաման է ստացել շարժվելու Զանգեզուրի վրա, նրան ենթարկվում են Դրոն և Նժդեհը իրենց զորասյուներով:

Նախիջևանում մեր առաջխաղացությունը կանգ է առել, և թաթարները մի քանի անգամ նույնիսկ հարձակման են անցել: Լուրեր են պտտվում, որ սովետական մի գունդ 4-թնդանոթով անցել է Նախիջևան և միացել Խալիլ Բեյի թափթփուկ բանակին: Ինչպես երևում է, քաղցած սովետականները Ադրբեջանի ամբողջ կենսամթերքը սպառելուց հետո աչք են տնկել Նախիջևանի վրա, ուր այնքան շատ հաց կա:

Կողբի շրջանում նոր ռազմական գործողություններ են սկսվել, առաջին իսկ հարձակմանը մերոնք գրավել են Կողբ տանող կամուրջը, որ շատ կարևոր ռազմական նշանակություն ունի: Սարիղամիշի ուղղությամբ թուրքերը փորձել են անցնել մեր շղթան, բայց ետ են շպրտվել: Մեր այս շշմեցուցիչ հաջողությունները հայկական գաղութներում, մասնավորապես Վրաստանում, մեծ ոգևորություն են առաջ բերել: Համարյա ամեն օր տասնյակ ընտանիքներ վերադառնում են, վերջնականապես վերաբնակվում Հայաստանում: Առայժմ կյանքը մեզ ժպտում է:

 

Շարունակել Կարդալ՝ Մաս 5

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։