ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ 7

ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ )

Մաս 7

(1920 թ․ հոկտեմբեր 1 — 16)

1 հոկտեմբերի

Այսօր առավոտյան տեղս ժամանեց ելևմտից նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը, ճանապարհների և հաղորդակցության նախարար Ջամալյանը, երկրագործության նախարար Վրացյանը և խնամատարության նախարար Բաբալյանը, նաև լուսավորության նախարար Գ. Ղազարյանը: Առաջինը մնում է Դիլիջանում, որին ենթարկվում են զինվորական, քաղաքացիական և մյուս բոլոր իշխանությունները, մեկ խոսքով նա կատարյալ դիկտատոր է, նույն բարձրագույն լիազորություններով Ջամալյանն ու Ղազարյանը մնալու են Ալեքպոլ, իսկ Վրացյանն ու Բաբալյանն՝ Ղարս:

Նախարար Գյուլխանդանյանը այսօր երեկոյան տեղական Դաշնակցական ընկերների ընդհանուր ժողովում զեկուցեց ներկա մոմենտի մասին, որի ընթացքում ասաց, որ կառավարությունը որոշել է Ղարսը պահել այնքան ժամանակ, քանի դեռ այդ ճակատը պաշտպանող զորամասի 3/4-րդ մասը չի ջարդվել, բացի այդ Ղարսի ռազմաճակատ մեկնող բարձրաստիճան զորականներից սկսած մինչև հետին սպան անձնական պատասխանատվություն են կրում, եթե առանց հրահանգի իրենց հանձնված ճակատը կամ դիրքը թողնի, եթե անգամ իմանա, որ անկարելի է պահել: Ուրիշ խոսքով, նահանջել բառը իսպառ վերացված է մեջտեղից, եթե այդ հարմար չի գտնում ընդհանուր հրամանատարությունը:

Որովհետև համայն Հայաստանը գտնվում է զինվորական դրության մեջ՝ բոլոր հանցավորները հանձնվելու են զինվորական դաշտային դատարան:

2 հոկտեմբերի

Ղարսի ուղղությամբ առայժմ խաղաղ է, բացի տեղական բնույթ կրող առաջապահների թեթև ընդհարումներից:

Մենք դեռ Ղարսում ուժեր ենք կենտրոնացնում ընդհանուր հարձակման անցնելու համար: Թշնամին ձգտում է պաշարել մեր թևերը, բայց անօգուտ:

Թուրքերից նախաձեռնությունը կորզելու համար՝ մերոնք այսօր հարձակման են անցել և նրանց հաջողվել է վերականգնել մոլոկանի Նովո-Սելիմ գյուղը, բայց ռազմագիտական նկատառումներով էլի թողել են այն թշնամուց ճնշվելու: Շատ հասկանալի է, որ մեր հրամանատարությունը այդպիսով խաղեր է սարքում թշնամուն համոզելու, որ մենք անկարող ենք լուրջ գործողություններ սկսելու, եթե մեզ հաջողվեց այդպիսով թշնամուն կուրացնել, նրա ուժերը կենտրոնացնել Ղարսի տակ և ապա ընդհանուր հարձակման անցնելով, վերջապես ջախջախել թշնամու կենդանի ուժը, որից հետո նա ուշքի չի գա մինչև առաջիկա գարուն:

3 հոկտեմբերի

Դիլիջանի կառավարության լիազոր նախարար Գյուլխանդանյանը նախարարապետ Օհանջանյանից մի հեռագիր ստացավ, որով վարչապետը հայտնում է, որ Ղարսում մեր դրությունը ամուր է, կտրուկ միջոցներ են ձեռք առնված շուտով լիկվիդացիայի ենթարկելու տաճկական ավանտյուրան: Հայաստանի չորս ծայրերից կամավորներ են գնում դեպի Ալեքպոլ ու Ղարս:

Կամանդարմը մեզ հայտնում է, որ մեր պատժիչ զորամասի շտաբը, որ ցարդ գոյություն ուներ և ղեկավարում էր Դիլիջանի ռազմաճակատի ամբողջ գործերը՝ անմիջապես հանձնենք զորավար Խանկալամյանին և մենք շտապենք մեկնել մեր զորամասերը: Սրա պատճենը հաղորդված է Սեպուհին Ալեքպոլ: Տեսնենք հրամանատարը ինչ կարգադրություն կանի իմ և Մուշեղի նկատմամբ: Ինչպես երևում է, մեզ կանչելու է իր մոտ կամ Ղարս կամ Ալեքպոլ, բայց որքան ուրախ պիտի լինենք Ղարս գնալով:

Համազասպի զորամասից մի ծածկագիր ստացանք, որով հաղորդվում է ի գիտություն, որ Բասարգեչարում թշնամու հետախուզական խմբեր են երևացել, մեր հետախույզները պատահելով նրանց, կռվի են բռնվել և ետ քշել նրանց, որոնք թողել են մի հուսարական գլխարկ, որով պարզվում է, որ նրանք ռուսներ են եղել: Ինչպես երևում է, Ադրբեջանից մեզ խփելու մտադրություններ կան: Այդ հեռագրի հիման վրա զորավար Խանկալամյանը հրամայեց Ղազախ-Շամշադինի մեր երեք զորամասերի պետերին Իջևան՝ փոխգնդապետ Խաչատրյանին, Թաուզ-Կալա՝ գնդապետ Մանևին և Միխայլովկա փոխգնդապետ Ահարոնյանին, որ սրանք զգոն լինեն և հսկողությունը ուժեղացնեն:

Ղարաքիլիսայից եկողները պատմում են, որ Թիֆլիսից 800 կամավորներ են եկել: Նրանք եկել են մինչև Սանահին վրացական երկաթուղագծով, իսկ այնտեղից՝ ոտքով: Նավթ ու մազութ չունենալու պատճառով, մեր երկաթուղագիծը համայն Հայաստանում այս քանի շաբաթ է, որ իսպառ կանգ է առել: Այս է, որ մեր մեջքը ջարդում է: Եթե մեր երկաթուղին բաներ, մենք ոչ մի թիզ հող չէինք զիջի թուրքերին: Սա էլ հաղորդակցության նախարարի անհեռատեսության արդյունքն է: Նեղ օրվա համար մեր երկիրը միշտ պետք է անձեռնմխելի պաշար ունենա զորաշարժի համար, բայց այդ չի արված: Այսպես էլ անտերություն կլինի՞… Ինձ մնար, ես Ջամալյանին առաջին հերթին ռազմադաշտային դատարան կհանձնեի:

Կարմիր տեռոր ու դիկտատուրա, ահա մեր միակ միջոցը, որով մեզ պիտի հաջողվի մի անգամ ևս ջարդելու մեր երկու դարավոր թշնամիներ թուրքին և ռսին, իսկ ներքին թշնամուն շնչել անգամ թույլ չպետք է տալ:

Մահ, անխնա մահ, մեր ներքին ցածրհոգի թշնամիներին… Բարեբախտությունն այն է, որ բոլշևիկ Ռուսաստանին լեհերն ու Վրանգելը ջարդում են, այլապես մենք բոլորովին պիտի կորչենք:

Եթե հույները ներկայումս նույնն անեին քեմալիստների նկատմամբ, մենք լավ դաս կտայինք թուրքերին: Մի ուրիշ ուրախացուցիչ պարագա էլ այն է, որ ներկայումս ոչ-ոքի վրա հույս չունենք դրած, մեր հույսը մենք ենք, դրա համար էլ պիտի հաղթենք անպատճառ:

Մեր այս ճգնաժամի պահին, Ադրբեջանի թուրք-թաթարները, որոնց քշել ենք մեր երկրից դեռ մայիս ամսին, իսպառ հիմարացել են. նրանք համախոսականով խնդրում են մեր կառավարությանը, որ սա նրանց ընդունի որպես հպատակներ և թույլ տա ապրելու Աքսի-բաբայի ձորում: Նրանք խոստանում են կատարել իրենց քաղաքացիական ամեն տեսակ պարտականությունները: Սակայն ո՞վ է նրանց թույլ տվողը: Մենք լավ գիտենք, թե սրանք ինչպիսի քաղաքացի կարող են լինել մեր հանրապետությանը: Նրանց համար այս անհանդուրժելի զիջողությունը երկու տեսակետից կարելի է մեկնաբանել. կամ այն է՝ նրանք տանել չեն կարող բոլշևիկյան կարգերը, կամ թե ուզում են նորից մեր տակը փորել:

Բայց դառն փաստերը գալիս են ապացուցելու, որ ավելի շատ առաջինն է այդ խոր պատճառը:

Այդպես լինելով հանդերձ՝ մենք նրանց ոչ լավն ենք ուզում, ոչ էլ վատը, թող մեզ հանգիստ թողնեն և թույլ տան, որ մենք մեզ համար և իրենք իրենց համար ապրեն: Սա է ուղիղ և միջին ճանապարհը:

4 հոկտեմբերի

Իգդիրի շրջանում թուրքերն ու քրդերը գլուխ են բարձրացրել, նրանք նույնիսկ հարձակման են դիմել այսօր, բայց ետ են մղվել մերոնց կողմից: Այնտեղ հիմա գործում է Դրոն, այն մարդը, որն անցյալ տարի 25 ձիավորներով Իգդիրից դուրս քշեց 500-ից ավելի քուրդ խուժանին, որոնք ուզում էին կտրել մեր զորքի ճամփան և տիրել նրանց:

Դրոն իր հայրենիքումն է և այնտեղի յուրաքանչյուր քարն ու թուփ նրան քաջածանոթ է:

Հիմա մեզ հարկավոր է 10.000-նոց տաճկահայ մի թարմ բանակ Ամերիկայից, Բալկաններից և այլ գաղութներից և Տաճկահայաստանը այս անգամ կգրավենք: Նրանց ափ հանեինք Տրապիզոնից և կտրեինք Քեմալի թափթփուկ բանակի մնացորդների նահանջի ճամփան և լախտի վերջին հարված իջեցնեինք Թուրքիայի գլխին:

Այս բանը անհնար չէ, բայց չգիտեմ ինչ են մտածում արտասահմանյան մեր պատվիրակությունն ու հազար ու մի հայանպաստ կոմիտեները, որոնք մեզ աջակցում են միայն բարեմաղթություններով ու հազար ու մի դատարկ, խրախուսիչ խոսքերով: Մեզ շոշափելի աջակցություն է հարկավոր, կենդանի ուժ: Միթե՞ այսքան տարրական բան չեն ուզում հասկանալ այդ հաստագլուխները, որոնք ահա երկու տարի է շփում ունեն Եվրոպայի լպիրշ, պոռնիկ քաղաքագետների հետ: Այսօրվա ստացված պաշտոնական զորաշարժականն ասում է, որ Սարիղամիշի ուղղությամբ մեր հետախույզների և զրահապատի հետախուզությունը շարունակվում է: Մեր սավառնակները հաջող ռումբ են գցել ԵոլՔեղմազ գյուղի վրա: Մերտենեկի ուղղությամբ թուրքերը փորձում են Զարուշատի մահմեդականությանը կազմակերպել՝ մեր դեմ գործելու նպատակով: Սուրմալուի զորամասը հոկտեմբերի 3-ին, կեսօրից հետո հակահարձակման անցնելով՝ քրդերին Քսալֆալու գյուղից դուրս շպրտեց: Քրդերի կողմից գրոհում էին 600 ձիավոր և հետևակ 6 գնդացիրներով: Հոկտեմբերի 4-ին քրդերը հարձակում գործեցին Սոքուտլու, Փիրսաղ և Ագարակ գյուղերի վրա ու նեղել են մերոնց: Կռիվները շարունակվում են: Այսօր երեկոյան հեռագիրը լուր բերեց, որ ընկել է Կողբը, որով աղահանքերը նորից ընկան քրդերի ձեռքը:

6 հոկտեմբերի

Հրամանատար Սեպուհը Ղարսից հեռագրում է Դիլիջանի զորամասի շտաբի պետ վարատար Թամրազյանին, որ սա համաձայն ընդհանուր հրամանատար Նազարբեկյանի կարգադրության շտաբը լիկվիդացիայի ենթարկելով հանձնի գեներալ Խանկալամյանին, որը նորից նշանակվել է Դիլիջան Ղարաքիլիսա զորամասի հրամանատար: Հեռագրում ասված է, որ շտաբը հանձնելուց անմիջապես հետո պետք է տեղափոխվենք Ղարս:

Երբ Թամրազյանը այս հեռագրի բովանդակությունը հաղորդեց ինձ, ես շատ ուրախացա, որովհետև Դիլիջանի անձրևային եղանակները մի կողմից և համարյա անգործությունը մյուս կողմից ձանձրացրել են: Այժմ Ղարսի ճակատը ավելի հետաքրքրական է, որովհետև այնտեղ գործ կունենանք մեր դարավոր թշնամու՝ թուրքի հետ, որը իր վերջին թափթփուկ ուժերը հավաքած՝ իր հոգևարքի վայրկյանին, ուզում է մեզ էլ իր հետ մահվան հանձնել: Այսօր ևեթ պատրաստություններ տեսանք շտաբը հանձնելու: Վաղը վերջապես գործերը կստանձնի Խանկալամյանի շտաբը:

Ղարսի վերջին նահանջը սարսափելի տպավորություն է թողել այստեղի հայ ազգաբնակչության վրա. նրանք վախենում են, որ մեր հանրապետության բանակը չկարողանա կասեցնել այդ մեծ վտանգը և ստեղծվի 1918թ. դրությունը, բայց ես անձնապես համոզված եմ, որ հակառակը տեղի պիտի ունենա:

8 հոկտեմբերի

Շտաբը հանձնեցինք և պատրաստվում ենք վաղը մեկնելու, եթե 7-րդ գունդը այս գիշեր Շամշադինից գնա:

Ղարաքիլիսա, 9 հոկտեմբերի

Այսօր երեկոյան հասանք Ղարաքիլիսա: Մենք բեռնակիր ավտոմոբիլով եկանք, իսկ 7-րդ գունդը մինչև հիմա ճանապարհի կեսը ավտոմոբիլով, իսկ մնացած կեսը՝ ոտքով:

Ղարաքիլիսան, որպես Հայաստանի նշանավոր կայարան, լավ տպավորություն պիտի թողներ, սակայն, ցավոք սրտի պետք է ասել, որ բացասական տպավորությունը այնքան ուժեղ էր, որ դրանով կարելի է պարզ պատկերացնել, թե ինչ վիճակի է մեր երկաթուղին, շնորհիվ այն բանի, որ մենք չունենք ոչ նավթ և ոչ էլ մազութ: Այսօր գիշերվա 12-ին Ղարաքիլիսա ժամանեց Լեգրանի գնացքը մոտ 100 հոգի շքախմբով: Գնացքը, որով եկավ սովետական ներկայացուցիչը, շքեղ էր, որով առաջ ճանապարհորդում էին միմիայն ռուսական ցարերը: Գնացքը կանգնելուն պես, հայ զինվորականները շրջապատեցին նրան: Գոհացում տալով իրենց հետաքրքրությանը՝ երկու կանանց հետ գնացքից վար իջավ Լեգրանի անձնական քարտուղար Աշոտ Հովհաննիսյանը, որի հետ խորհրդակցեցինք գնդապետ Իշխանյանը, Մուշեղ Թամրազյանը և ես: Առաջինը ձեռք տալով Ա. Հովհաննիսյանին ասաց.

— Ձեր աշակերտին չե՞ք ճանաչում:

— Իմ աշակերտները ուսադիրներ չեն կրում, պատասխանեց նա, այդպիսով կատարելով իր կոմունիստական պարտականությունը:

Այս խոսքի վրա ներկաները՝ սպաներ թե զինվոր, չափազանց զայրացան և ամեն կողմից մի-մի դժգոհության ձայն լսվեց անկապ: Ապա Թամրազյանը բերանը բացեց և ասաց այն ամենը, ինչ-որ կարելի էր և հարկավոր ասել սովետական ներկայացուցիչին:

— Դուք կոմունիստներ չեք, այլ թալանչիներ, ավազակներ, դուք միայն քանդում եք առանց ստեղծագործելու, ստանում եք անարդար կերպով և Ձեր իշխանությունը հաստատել եք միլիոնավոր անմեղ ժողովրդի արյան ու արցունքի վրա, իսկ Ձեր վերաբերմունքը հանդեպ հայ բազմատանջ ժողովրդին՝ բացարձակորեն թշնամական է, որովհետև համաձայն Ձեր ի լուր աշխարհի հայտարարած սկզբունքների՝ մեր ազատատենչ ժողովուրդը կամենում է ազատ ու անկախ ապրել, ուզում է թոթափել թե թուրքի և թե ռուսի ստրկական լուծը: Դուք պարզապես խաղալիք եք դարձել զանազան Հուսեյնովների ձեռքը, որոնք Ադրբեջանի բանտերը լցրել են հայ մտավորականներով, դրան ի պատասխան հայ կառավարությունը իր հերթին բոլշևիկ ինտելիգենտներ է բանտարկում: Հայ կառավարությունը առաջարկեց, որ փոխանակություն լինի, բայց Հուսեյնովը մերժեց ձեր՝ հայ կոմունիստների համաձայնությամբ, և իհարկե, ի՞նչ է կորցնում նա, երկու կողմից էլ տուժողը հայ մտավորականն է:

Ապա Իշխանյանը խոսք բացեց Ղարսի ուղղությամբ քեմալիստների շարժման մասին, որոնք ձգտում են Հայաստանով կապ հաստատել բոլշևիկների հետ: Լեգրանի ներկայացուցիչը կմկմալով չժխտեց այդ փաստը, որ առիթ տվեց ներկաների զայրույթին:

— Մեր դիակների վրայով միայն կարող եք միանալ քեմալիստներին, ասաց մեկը:

— Ստոր դավաճաններ ,- ասաց մի սոսկական (շարքային — Գ.Ռ.) զինվոր:

— Ի՞նչ ուզում եք արեք, բայց մենք պիտի ապրենք, թող կորչեն Ձեզ պես դավաճանները,— կամաց ձայնով ասաց մի երրորդը, երևի չուզելով քաղաքավարության սահմանից դուրս գալ:

— Մենք քեմալիստներին կքշենք, իսկ բոլշևիկների քիթ ու բերանը նույնպես պիտի ջարդենք, ինչպես ջարդեցին լեհերը,— ասաց տողերիս գրողը:

Այս խոսքերիս վրա՝ գնացքը շարժվեց ու փափկասուն կանայք, որ, ըստ երևույթին բոլշևիկների հարճերն էին, Աշոտ Հովհաննիսյանին ներս քաշեցին, վախենալով, որ ինքնադատաստանի չենթարկվի: Մի քանի րոպեից գնացքը մեկնեց Երևան, իսկ մենք հրաման ստացանք նստել ապրանքատար վագոններ, Ալեքպոլ մեկնելու համար:

Ալեքպոլ, 10-12 հոկտեմբերի

Այս երկերեսանի, այլասերված քաղաքը առաջին անգամ տեսել եմ 1914 թվին և շատ վատ տպավորություն եմ ստացել: Այս անգամ տպավորությունը լավ էր նրանով, որ քաղաքը ամբողջությամբ հայկական է դառել, փողոցների անունները փոխվել են հայկականով, ժողովուրդը ոգևորված է և բոլորն էլ անխտիր մեկնել են ճակատ, նրանք տաճիկը տեսել են 1918 թվին և հիմա կարծեմ այնպես իդեալական կարծիքի չեն թուրքի մասին:

Ղարս-Սարիղամիշ ճակատի գլխավոր շտաբը գեներալ Սիլիկյանի ղեկավարությամբ այստեղ է, որն առայժմ միմիայն զբաղված է նորահավաք զինվորներին դասավորելով, զգեստավորելով և խմբավորումով: Քանի մոտենում ենք Ղարսին, այնքան դրությունը լուրջ ենք գտնում: Ղարսի անկումը մազից է կախված եղել, բայց հրաշքով թե մի աներևույթ ուժով փրկված է եղել: Հայաստանի որ քաղաքը որ իջևանում ենք, ներկայացնում է մի կատարյալ ռազմադաշտ, ամբողջ տղամարդիկ զորահավաքի են ենթարկված, ամենքը մի նպատակի են գնում՝ կռվել թշնամու դեմ վճռականությամբ, տեսնենք թե հայկական վճռականությունը ինչ աստիճանի ուժեղ է:

Ղարս, 16 հոկտեմբերի

Վերջապես Ղարսում ենք: Հայաստանի այս բերդաքաղաքը դարերի ընթացքում շատ բաներ է տեսել, նա ականատես է եղել թուրքերի, տեսել ռուսներին: Շնորհիվ հայ ազգի քաջ զորավարների, ազատվելով հյուսիսի և հարավի բռնակալներից, նա, վերջապես երկու տարի է, որ գտել է իր իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին, որին այնպես շուտ չէր մոռացել: Պարզապես պիտի պաշտպանեն այդ քաղաքը հայերը, թե՝ ոչ, այդ ցույց կտա շատ մոտիկ ապագան: Ղարս հասնելով, ես ու Մուշեղը ներկայացանք մեր Բրիգադայի շտաբի պետ Չիլինգարյանին, որը երկար ու հանգամանորեն տեղեկացրեց մեզ հրամանատար Սեպուհի և կառավարության միջև եղած միջադեպը, որ նորից գալիս է ապացուցելու հայկական վատհոգությունը և նեղսրտությունը:

Բանն այն է, որ երբ Սեպուհը պառկած է լինում Ալեքպոլում, ճիշտ այդ ժամանակ տեղի է ունենում մեր խայտառակ նահանջը Կարաուրգանից և Կաղզվանից մինչև Բեգլի-Ահմեդ, այսինքն Ղարսի պատերի տակ: Այդ նահանջի ժամանակ թե մարդկանց, թե պաշարի ու ռազմամթերքի ահագին կորուստներ ենք ունեցել: Կորուստներ, որոնք մեր ներկա քայքայված դրության վրա չեն կարող չանդրադառնալ: Այդ կռիվների թե ականատես զինվորականներն ու ժողովուրդը և թե Ղարսի ազգաբնակչությունը այդ նահանջի ամբողջ պատասխանատվությունը առանց մազաչափ տատանվելու վերագրում են զորավարներ Հովսեփյանի և Փիրումյանի: Սրանք զբաղված լինելով ներքին դավադրություններով և իրենց գրպանները լցնելու անվայել և ստոր գործերով՝ անտես են արել ճակատները և մեր երկիրը դրել են այսպիսի վտանգի առաջ: Նրանք իրենց խուճապային հոգեբանությամբ անգամ մտածել են Ղարսի պես Բերդաքաղաքը առանց կռվի թողնելու: Իրերի այսպիսի դրության ժամանակ Ղարս է գալիս զորավար Սեպուհը և խուճապի առաջն առնում: Չնայած, որ բերդաքաղաքում պաշտոնական հայտարարություն է տրված լինում, որ ազգաբնակչությունը անմիջապես պարպի քաղաքը, ճանապարհին հանդիպելով Ղարս մեկնող Սեպուհի ավտոմոբիլին, փախչողների մեծագույն մասը կես ճամփից վերադառնում է, վստահ լինելով, որ «քանի Սեպուհը Ղարսում է, քաղաքին ոչ մի վտանգ չի կարող սպառնալ»:

Զարմանալի է հայ ժողովրդի հոգեբանությունն ու բնազդը, նա չի հավատում հայ Բանակի քիչ թե շատ անուն հանած զորավարներին, սպայությանը և նույնիսկ իր զավակներից կազմված Բանակին, բայց լիապես հավատում է Սեպուհի անձնուրաց անձնավորությանը:

Հայ ժողովուրդը զինվորականների շարքում անկեղծ, վճռական և հայ ժողովրդի օգտին անկաշառ գործող միմիայն տեսնում է Սեպուհին, և այդ է պատճառը, որ ամեն ինչ մարմնացել է այդ մեկ մարդու մեջ: Եվ իրավունք ունի, և չի սխալվում…

Միջադեպը, որի մասին վերևում հիշատակեցի հետևյալն է.

Այն օրվանից, երբ Սեպուհը վերջապես խեղդեց բոլշևիկների ապստամբությունը Հայաստանում ընդհանրապես և Դիլիջանի շրջանում մասնավորապես, ցանկանում էր տեղափոխվել կամ ՂարաբաղԶանգեզուրի կամ Ղարսի ճակատը, որի համար այդ հարցը դրվեց նախարարական խորհրդին, բայց մինչև թուրքերի առաջխաղացությունը որոշակի պատասխան չտրվեց: Երբ թուրքերի կողմից սկսվեց այդ շարժումը, Սեպուհին հատկացրին իր նախկին ռազմաճակատը՝ Իգդիրի ուղղությունը: Հենց որ տաճիկների առաջխաղացությունը սուր կերպարանք ստացավ՝ հարկ տեսնվեց Սեպուհի Բրիգադան ամբողջապես շպրտել Ղարսի ճակատը, որի հետևանքով Բրիգադայի մասերը, որոնք ցրված էին զանազան ճակատներում, ամեն կողմից կենտրոնացրին Ղարս, որտեղից պիտի մեկնեն ռազմաբեմը:

Կառավարությունը կարգադրում է, որ Սեպուհը իր առանձին Բրիգադայով ենթարկվի Ղարսի ճակատի զորահրամանատար Սիլիկյանին, Սակայն Սեպուհը մերժում է, պատճառաբանելով, որ առհասարակ ինքը վստահություն չունի մեր զորավարների վրա, որոնց հանձնված է ամբողջ բանակը, հետևաբար հայ ժողովրդի ճակատագիրը: Բայց ի նկատի ունենալով վայրկյանի լրջությունը և Հայրենիքին սպառնացող վտանգը՝ համաձայնվում է միայն մի պայմանով, որ իրեն վստահված Բրիգադան, որ բաժան-բաժան էր եղած, միացվի և իրեն տրվի Զարուշատ-Աղբաբայի գծով կտրելու թշնամու թիկունքը:

Ալեքպոլում Սիլիկյանի հետ տեսակցության պահին Սեպուհը նույն պահանջն է անում, որը հարգվում է առաջինի կողմից: Սիլիկյանը ավելացնում է, որ Սեպուհը Բրիգադայի 2-րդ գումարտակով իսկույն մեկնի Զարուշատ-Աղբաբա մինչև մյուս մասերի առաքումը: Սեպուհը վստահ Սիլիկյանի խոսքին, մի գումարտակով գնում է չորս կողմից շրջապատված հոծ մուսուլմանական ազգաբնակչությամբ շրջանը: Այնտեղ մեզ թշնամի տարրերը աղ ու հացով են դիմավորում հրամանատարին բեկերի ու աղաների գլխավորությամբ և հայտնում իրենց հավատարիմ-հպատակությունը մեր կառավարությանը: Ինչպես ասացի, Սեպուհին խնդիր էր դրված այդ վտանգավոր գծով անցնելու թշնամու թիկունքը, միայն այն ժամանակ, երբ Բրիգադան լրիվ կերպով կհամախմբվի Զարուշատում: Սիլիկյանը հակառակ իր որոշման և տված խոստման՝ հաղորդում է Սեպուհին, որ իբր թշնամին այդ կողմերը ուժեր չունի և Սեպուհը կարող է այդ խնդիրը կատարել մի գումարտակով և Սմբատի կամավոր խմբերով:

Սեպուհը, պարզ բան է, չի ընդունում այդ առաջարկությունը և պարզաբանում է, որ այդքան ուժով այդպիսի դժվարին ու պատասխանատու ռազմական խնդիր կատարել ավանտյուրա է պարզապես: Ուրիշ ավելի կարևոր պատճառաբանություններից մեկն էլ այն է լինում, որ ինքը Բրիգադայի հրամանատար է և ոչ թե գումարտակի պետ: Ղարս գալով, Սեպուհը ուղիղ հեռագրաթելով մի խիստ պատասխան է տալիս Սիլիկյանին և իր վերաբերմամբ այդ ամենը համարում անձնական հաշիվների մաքրում և ինտրիգներ, որոնց շնորհիվ մենք այնքան կորուստներ տվինք և հսկայական հողամասեր թողինք թշնամուն առանց լուրջ դիմադրության:

Իր արդար զայրույթը թափելուց հետո, Սեպուհը հրաժարվում է փոքրաթիվ զորամասով կատարելու այդ բարդ առաջադրանքը:

Գեներալ-լեյտենանտ Սիլիկյանը Սեպուհին պատասխանում է, որ ինքը հրամանատարի հետ ոչ մի անձնական հաշիվ չունի և, հետևաբար այդ բոլոր կարգադրությունները դավադրություններ չեն ուղղված Սեպուհի դեմ, այլ լոկ գործի օգտակարությունն է ի նկատի ունեցած: Սիլիկյանը Սեպուհի հրաժարման և նրա մատնանշած պատճառաբանությունների մասին մանրամասն հաղորդում է կառավարությանը ի գիտություն:

Նախարարապետ Օհանջանյանը, ծանոթանալով իրերի դրությանը, ուղիղ հեռագրաթելով մի կարճ ու կտրուկ հրաման է տալիս Սեպուհին, որի բովանդակությունը հետևյալն է. «Հրամայում եմ անմիջապես կատարել ձեզ վրա դրված պարտականությունը և ենթարկվել Սիլիկյանին, հակառակ դեպքում դուք պատասխանատու կլինեք կուսակցության և Բյուրոյի առաջ»:

Սեպուհը ուղիղ հեռագրաթելով մի երկար պատճառաբանված բացատրություն է տալիս վարչապետ Օհանջանյանին, որի մեջ նաև երևան է հանում այս վերջին նահանջի պատճառները և երբեմնի ռուս բանակի հայազգի չինովնիկական անփույթ վերաբերմունքը դեպի հայ ժողովուրդն ու հայկական հանրապետությունը և այն թշնամական վերաբերմունքը, որ նրանք առանձնապես տածում են դեպի նախկին հեղափոխական հերոսներն ու ռազմիկները: Սեպուհը իր պատճառաբանված բացատրության վերջում ավելացնում է, որ ինքը ցանկանալով ցանկանում է այս բոլոր հարցերը Բյուրոյի քննության հանձնել, որի առաջ նա անպայման կարդարանա, որովհետև 25 և ավելի տարիների ընթացքում իր ռազմահեղափոխական գործունեությունը եղել է հօգուտ հայ ժողովրդի ազատագրության և նրա բարօրության, իսկ եթե պարզվեց, որ Հայրենիքի այս ծանր օրերին ինքը ամենափոքր չափով անիրավացի է իր պահանջների մեջ և անարդար մեր զորավարներին մեղադրելու մեջ՝ ուրախությամբ կախաղան կբարձրանա, եթե այդ պահանջում է Հայրենիքի շահը: Սեպուհի այս վերջին գրության պատասխանին սպասում էինք բոլորս սրտատրոփ ու անհամբեր և մեր կառավարությունը կամ վերջնապես պիտի հարգեր Սեպուհի արդար պահանջները և կամ պիտի ընդուներ նրա հրաժարականը, որ մեծ հարված կլիներ ռազմաճակատին, ի վնաս մեզ, ի շահ թշնամու: Սակայն պատասխանը ուշանում էր:

Սեպուհի և հրամանատարության միջև ծագած այս անցուդարձը հայտնի էր ժողովրդին և պետք է խոստովանել, որ անսահման հուզված էր: Տներում, փողոցներում, հավաքատեղիներում զինվորականներ, ժողովուրդ և մտավորականներ խոսում, վիճում և քննադատում էին մեր հրամանատարությանը, նրա սարքած այս անախորժ միջադեպի համար և այն էլ այն ժամանակ, երբ թշնամին կանգնած էր մեր բերդաքաղաքի դարպասների մոտ: Ժողովրդի մեջ տրամադրություն կար նույնիսկ ցույցեր սարքելու, վարչապետին բողոքի հեռագիրներ տալու և պահանջելու, որ Սեպուհի պահանջը կատարվի և նա իսկույն ռազմաբեմ ելնի: Սակայն վերջնական պատասխան չստանալը ժողովրդին ետ էր պահում իր մտադրություններից, որ կարող էր նոր դժբախտության դուռ բանալ մեր առանց այն էլ վտանգված հայրենիքի առաջ:

Ժողովուրդը այնքան վատ էր տրամադրված դեպի զորավարներ Հովսեփյանն ու Փիրումյանը, որ երբ վերջինիս ավտոմոբիլը, ճակատից վերադառնալիս, բախվեց հակառակ կողմից արագ եկող բեռնակիր ավտոմոբիլին և Փիրումյանը իր ոտքը ջարդեց՝ ժողովուրդը այդ լուրը իրար հաղորդելով ասում էր.

— Մեծ հանցավորները պատժվում են, բայց ափսոս ավտոմոբիլներն են փչանում:

Այդ օրերը Սեպուհը թեթև հիվանդ էր, երբ ես ներկայացա նրան, նրա առանց այն էլ կնճռոտ ու զայրույթ արտահայտող դեմքը ավելի խոժոռ էր բարկությամբ և մեր փոգրոգի զորավարների իրար դեմ լարված դավադրություններով:

Նախ ես նրա առողջությունը հարցրի և ապա խոսք բացի նախարարների պատասխանի մասին:

— Դեռ պատասխանը չի ստացվել, ասաց հրամանատարը,- բայց պարզ է, որ այսքան ուշացնելուց հետո դրական չի լինելու: Իսկ այդ դեպքում ես կանցնեմ Ալեքպոլ, հրացան կվերցնեմ և մտնելվ ինքնապաշտպանների խումբը (ինքնապաշտպանների խմբակներ կազմվեցին ամեն քաղաքներում, երբ Հայաստանում ընդհանուր զորակոչ հայտարարվեց: Դրանք գլխավորապես ծերեր էին. հերթով պահակ էին կանգնում փողոցներում և կարգ պահպանում) պահակություն կանեմ, որպես զորակոչի չենթարկվող տարեց մի անհատ: Այս խոսքերի վրա այնքան զգացված էի, որ էլ չէի ուզում զանազան հարցեր տալ և բացի այդ զգուշանում էի նեղել հիվանդին: Այդ ճնշող լռությունը գուցե երկար տևեր, եթե նրա զորամասի սպաներից մի քանիսը ներս չմտնեին: Հարմար առիթ համարելով, ես աննկատ դուրս եկա: Այդպիսի անորոշ դրության մեջ մեր հրամանատարությունը հրաման տվեց, որ մեր Բանակը բովադակ ճակատներում դիմի ընդհանուր հարձակման ամսի 14-ին, որը և կատարվեց նույնությամբ: Այդ օրը առաջին անգամ լինելով մեր մոտ 25 հազարանոց Բանակը շոշափման մտավ երկու դիվիզիոն թուրք կանոնավոր և նայնքան խուժան թշնամու հետ և նրանց համառ դիմադրությունը կոտրելով՝ 5 վերստ ետ մղեց, բայց որովհետև հակառակորդի դիրքերը իշխող էին և մեր զորամասերը դեռ կանոնավոր չխմբավորված՝ կանգնեցրին իրենց առաջին առաջխաղացությունը, որից օգտվելով թշնամին հակահարձակման է դիմում և մերոնց ետ մղում իրենց դիրքերը և որոշ մասերում ավելի խորանում մեր ճակատից ներս:

Այս փոքրիկ անհաջողությունից հետո մերոնք ունենում են 100-ի չափ սպանված և վիրավոր:

Այդ կռվից պարզ երևաց, որ մեր զինվորները չեն կռվում, իսկ հակառակորդը՝ ընդհակառակը: Չկռվելով հանդերձ՝ խմբովին դասալքություն կար, այնպես որ չորս կողմից ինքնապաշտպանության խմբակները, որ մեկ-մեկ պահապան հրեշտակներ էին Բերդաքաղաքի համար մասնավորապես, իսկ Հայաստանում՝ ընդհանրապես, տասնյակներով դասալիքներ էին բերում գիշեր թե ցերեկ:

Մարդ ուղղակի ապշած է մնում. մեր բանակը հրաշալիորեն հագնված է Անգլիայից նոր ստացված հագուստներով, սպառազինված է լավ, ինչպես և պարենավորված: Ապա ինչու՞ չեն կռվում, ի՞նչ է պառճառը: Առաջ մենք բոլորս էլ հավատացած էինք, որ եթե տաճկական ճակատում ունենանք մի տաս հազարանոց բանակ, առանց այլևայլության կգրավենք Տաճկահայաստանը, բայց այժմ կրկնակի է մեր ուժերը և թշնամին 15-18 վերստի վրա է, և մենք դժվարանում ենք քշել:

Հայը ծայրահեղության խաղալիք է, հավասարակշռված չէ նրա հոգին և միօրինակության խորթ. մի փոքրիկ հաղթությունից մեծ հաղթանակներ է ստեղծում և աննշան պարտություններից մասսայական խուճապի է ենթարկվում:

Այդ առաջին պատճառն է, երկրորդն այն է, որ հայը չափազանց անձնապաստան լինելով զարմանում է, թե ինչպես կարող է ինքը կռվի գնալ և հաղթել, և երբ որ այդպես է պատահում՝ թշնամուն, եթե վերջինս նույնիսկ չնչին ուժ ներկայացնի, պատկերացնում է անհաշիվ և այդպիսով քողարկում իր խայտառակ պարտությունը: Մեզ համար մեծ բախտավորություն էր, որ 14-ին թշնամին ընդհանուր հակահարձակման չդիմեց, այլապես կարող էր լուրջ վտանգներ ստեղծվել և դրությունը ավելի ևս բարդանալ:

Սեպուհը դեռ սկզբից դեմ էր այդպես շուտափույթ ընդհանուր հարձակման անցնելուն, նրա կարծիքով, ճակատից եթե հարձակվելու լինենք բնավ չենք հաջողի, և այդպես էլ եղավ: Նա գտնում էր, որ մեր ուժեղ հարձակումները պետք է կատարվեն թևերից, մանավանդ ձախից, որտեղ մենք անպատճառ պետք է անցնենք թշնամու թիկունքը և այդպիսով ստիպենք նրան թուլացնել կենտրոնը և ապա հարվածել նրա կենդանի ուժերին: Սակայն ինչ-ինչ պատճառներով հրամանատարությունը հարմար էր գտել այլ կերպ որոշելու ընդհանուր հարձակման ծրագիրը:

 

Շարունակել Կարդալ՝ Մաս 8