Գարեգին Նժդեհ

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ

Հայ հասարակագիտակ մտքի աղքատութեամբ պիտի բացատրել հին սերունդի գաղջ վերաբերմունքը` դէպի նորը:

Նոյն բանով բացատրէք նաե՛ւ նոր սերունդի անփոյթ կեցուածքը` իր ցեղի եւ հայրենիքի ապագայի հանդէպ:

Հայ մարդը, իմաստասիրական ջանքի պակասի պատճառով, «նոր սերունդ» հասկացողութեան մէջ դնում է միայն կենսաբանական բովանդակութիւն: Նորը, ըստ այդ վերջինի, որդիներն են, հինը` հայրերը: Տարիքի պարզ խնդիր է թէ՛ նորը, թէ՛ հինը: Սերունդները միայն հասակով են տարբերւում իրարից: Ժամանակ կ՚անցնի, եւ որդիները կ՚այրանան ու կը բռնեն իրենց հայրերի տեղը: Այսքան ծիծաղելիօրէն պարզ եւ հեշտին է նոր սերունդի պրոբլեմը օրուայ հայ մտածողութեան համար:

* * *

Սերո՛ւնդ — դա կենսաբանական հասկացողութիւն չէ՛, «կանաչ հասկ» չէ՛ միայն, այլ եւ` հոգեբանական որոշ բովանդակութիւն: Դա էութիւն է` հինէն խորապէս տարբեր:

Նոր սերունդը միշտ էլ ենթադրում է Նորը` մի նոր աշխարհազգացողութիւն, նոր մթնոլորտ, մի նոր կամք, որ «պիտի գերազանցէ անցեալը, անգա՛մ` ինքն իրեն»:

Դա ցեղի յայտնութի՛ւնն է, ժողովրդի նո՛ր օրը, նրա նո՛ր խօսքը, նո՛ր երգը, նո՛ր առաջադրութիւնը, նրա նո՛ր ճակատագիրը, նրա պատմութեան էջը` նո՛ր բովանդակութեամբ:

Դա ժողովրդի կենդանի ուժականութիւնն է, նրա պայքարների աւանգարդային ոյժը, որով եւ` նրա կեանքի զարգացման կրողը:

* * *

Միեւնոյն ժողովրդի ծոցի մէջ միշտ էլ էապէս գոյութիւն ունեն երկու աշխարհներ, երկու հասարակութիւններ, որոնցից մէկը քայքայւում է հի՛նը, եւ մի ուրիշը, որ ծաղկում է հինի աւերակների վրայ — նո՛րը:

Ճիշդ է ասել ֆրանսացի իմաստասէրը. «Այժմը այլեւս այժմ չէ»: Երբե՛ք կանգ չի առնում, դադար չի ճանաչում մարդկային ցեղի զարգացումը: Կենսական մի միութիւն է սերունդների կենակցութիւնը: Իրողութիւն է, սակայն, եւ այն, որ հինի եւ նորի միջեւ գոյութիւն ունի մի դիալեկտիքական հակասութիւն` ոգիների դիալեկտիկան»: Հին է սերնդամիջեան հակամարտութիւնը` մարդկութեան չափ, եւ ունի իր հոգեւոր-պատմական հիմքը: Դա, սակայն, չի նշանակում անդունդ` սերունդների միջեւ, ինչպէս եւ թշնամանք, երբե՛ք: Ամէն սերունդ ծնունդն է իր ապրած պատմական ժամանակաշրջանի: Ամէն սերունդ ազդւում է իր ժամանակի ոգուց, եւ, փոխադարձաբար, ազդում նրան:

Նորը` դա նորարար է կեանքի բոլոր մարզերում — դա հինի կրկնութիւնը չէ, այլ` յաւելիչն ու կատարելագործողը նրա թողած արժէքների, նրա ժառանգութեան:

Հայրերի ուղիով, նշանակում է` աւելի մեծ թափով ու նուիրումով շարունակել նրանց գործը, եւ այդ դէպքում ո՛չ թէ կրկնելով նրանց տկարութիւններն ու սխալները, այլ` սրբագրելո՛վ:

Նորը — դա մի նոր արժէքային առաւելութիւն է գոյութիւն ունեցող հինի վրայ:

Այսպէ՛ս է կարելի դառնում հասարակութեան առաջադիմութիւնը:

* * *

Ամէն «սերունդ» սերունդ չէ: Սերունդ կոչուելու համար բաւական չէ՛ հասակի «կանաչութիւնը»: Պատմութիւն ստեղծող անցքերն են հոգեպէս դիմագծում այս կամ այն սերունդը: Պատերազմ, յեղափոխութիւն, գաղափարային ընդհանուր ձգտումներ, ապրումներ, յոյսեր, տեսիլք — ահա՛ թէ ինչե՛րն ե՛ն մշակում սերունդին յատուկ հոգեբանութիւնը: Տարբեր պիտի լինէր մեր նոր սերունդը, եթէ նրա խաչի ճամբան չանցնէր Տէր Զօրով:

Ըստ Միւսիէի` Ֆրանսայում մի ժամանակ մարդիկ այլ զբաղում չունէին, քան կայսեր շնչած օդով լեցնել իրենց թոքերը, քանի որ ֆրանսացի երեխաները գիտէին, որ իրենց գիւղի ամէն մի ճամբան տանում է դէպի եւրոպական այս կամ այն մայրաքաղաքը: Իսկ երէ՞կ — Փարիզի անկումէն առաջ, եւ այսօր — Ֆրանսայի անօրինակ աղէտէն յետո՞յ…

* * *

Նորը — դա, հասարակութեան համար երիտասարդանալու, յիշաշրջուելու, վերանորոգուելու կենսա-հոգեւոր մի կարելիութիւն է: Ամէն ժողովուրդ իր նորահաս սերունդի միջոցով է յաղթահարում իր ներքին տկարութիւնները, ցաւերը, յոռետեսութիւնը: Եւ նա, որին յաջողում է իր սեփական տկարութիւններից, թերիներից, սխալներից զերծ պահել իր նորահասը, նրանից ստեղծում է մի մեծ եւ օրհնաբեր ոյժ: Պատմութիւնը չգիտէ մի յեղափոխութիւն, ազատագրական մի պայքար, մի մեծ գաղափար, որ պսակուած լինէր յաջողութեամբ` առանց նոր սերունդի մասնակցութեան: Միշտ էլ արդար է, միշտ էլ յաղթում է նոր սերունդը:

Նախ հոգեբանօրէն նուաճել նոր սերունդը` մի մեծ առաքելութեան համար — ահա՛ թէ ինչի՛ է ձգտում այսօր պատմաստեղծ ամէն մի ժողովուրդ:

Եւ այդ սերունդին պատկանող երիտասարդութիւնը միշտ էլ «համախմբւում է այնտեղ, ուր գտնւում է բանալին մեր ժամանակի ամենամեծ պրոբլեմների: Այլեւս դա` նոր սերունդը, համաշխարհօրէն, գիտակցել է, որ իր համար խորագոյն մեղանչումը գոյութեան իմաստի եւ իրաւունքի դէմ — դա իր ժամանակի եւ ոյժերի ընդունայն վատնումն է: Եւ հէնց այդ գիտակցութեան մէջ է նորի զօրութիւնը:

* * *

Նա իր զինակիցներն ունի — գիտութիւնը եւ ստեղծագործ իդէալիզմը: Առաջինը նրան տալիս է` ուղի, լոյս, զօրութիւն, երկրորդը` թեւեր, խանդավառութիւն, արիութիւն:

Մաքսիմալիստ է օրուայ նորահասը — «կա՛մ կեսար, կա՛մ ոչինչ»: Մեծ վճիռների ընդունակ` դա ձգտում է դառնալ ռիսկի — վտանգի եւ զոհաբերութեան սերունդ:

Սոցիալապէս դաստիարակուած` նրա նոր ըմբռնումը կեանքի մասին, տրամագծօրէն տարբերւում է հայրերի հեթանոս ըմբռնումից ինձնից զատ իմ ոյժէն եւ հացէն ո՛չ ոք իրաւունք ունի օգտւելու. այս էր եւ է՛ հինը: Նորը միշտ էլ տրամադիր է կիսելու իր հացն ու կարելիութիւնները նրանց հետ, որոնք իր օգնութեան կարիք ունեն: Նորի այլասիրութիւնը արդիւնք է իր ներքին ոյժերի առատութեան, նրա` տալու, զոհաբերելու անդիմադրելի ցանկութեան:

Նա դաւանում է` Պալմերի հետ. «Որեւէ անձ կամ իր, արժէք ունենալու համար, իր բարութիւնը պիտի բաժանէ տիեզերքի հետ»:

Ազգի կազմակերպումը-ահա՛ օրուայ ընդհանուր ձգտումը, կանչը:

Ազգի եւ սրա միջոցաւ պետութեան լաւագոյն կազմակերպումը` ներքին, ընկերային համերաշխութեան ճամբով — մի բան, որ հնարաւոր է դառնում ազգային ոգու զարգացմամբ: Բախտորոշ է նոր սերունդի դերը ազգակառուցման այդ գործում` իբրեւ միակ վերանորոգիչ եւ համերաշխիչ ոյժ:

Հանրածանօթ պետական գործիչ Էրիոն է ասել իր հայրենիքի ապրած ողբերգութիւնից առաջ. «Ֆրանսական ազգը քանակի ազգ է, դա պիտի դառնայ որակի ազգ»:

Որա՛կ, որակաւորո՛ւմ — ահա՛ թէ ի՛նչն է մարդկային զանգուածները վերածում միաշունչ ազգի, եւ նրա ապադասակարգային կազմակերպմամբ ստեղծում զօրաւոր պետութիւնը` արթուն պաշտպանը հայրենի հողի, մշակոյթի եւ անկախութեան:

«Ռազմիկ», 1941թ., թիւ 4