Գարեգին Նժդեհ

ՄԻ ԶԻՆՈՒՈՐԻ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Երբ պայքարը սուրբի եւ սինլքորի միջեւ է` միշտ էլ առաջին պահուն յաղթում է սինլքորը:

* * *

Նա, ով իր հայրենիքի թշնամիներին, վտանգը, մահը տեսած է իր սրի տարածութեան վրայ` չի կարող ասպետ չլինել:

* * *

Սինլքորը չէ՛ ձգտում անկարելիին — յաղթանակի` սուրբի դէմ, այլ` վերջինի ժամանակաւոր նուաստացումին: Եւ հենց սրանում է ողբերգութիւնը եւ ո՛չ թէ առաքինի մարդուն պարտադրուած տառապանքի փաստի մէջ:

* * *

Բարձրօրէն հոգեւոր կեանքի սկզբունքը հակասութեան սկզբունք է: Պէ՛տք էր մի յուդա, մարդկային մի սեւ չարութիւն, մի ուրացում, որպէսզի իրենց գերագոյն ողբերգութեան մէջ յաղթանակէին Նազովրեցին ու բարութիւնը:

* * *

Ամէն մի ողբերգութեան մէջ թաքուն ուրախութիւն կայ — այն գիտակցութիւնը, որ մեր ոգին ողբերգութիւնից դուրս պիտի գայ աւելի՛ հզօրացած:

* * *

Աւելի հեշտ է արդար լինել, քան` ամէն գնով արդարութիւնը պաշտպանել: Արդար կարող է լինել անգամ ամենախեղճ մարդը: Արդարութիւնը, սակայն, պաշտպանելու համար պէտք է լինել ո՛չ միայն արդար, այլ եւ` տղամարդ, եօթնի՛ցս տղամարդ:

* * *

Ազգերից առաջինն է Հայը, որի մէջ մարդ արարածը այնքա՜ն հեշտօրէն դառնում է չարագործ իր եղբօր հանդէպ:

* * *

Երբ առաքինի եւ արդար է հալածուող հանրային գործիչը` հալածանքը հարիւրապատկում է նրա հոգեկան ոյժերը, նրա իմաստութիւնը, ինչպէս եւ` նրա բարոյական ազդեցութիւնը:

* * *

Միշտ էլ, երբ զանգուածներին պակասել է Գաղափարի մարդու կողքին վճռաբար կանգնելու բարոյական արիութիւնը` մեր աշխարհի սրիկայութիւնը նորանոր Յիսուսներ է խաչել:

* * *

Նախանձ, թշնամանք, չարութիւն — այդ մութ ոյժերը գործի են անցնում, հէնց որ քուն է մտնում Աստուածայինը հասարակութեան մէջ: Այնտեղ, ուր արթուն է խղճմտանքը` հանրային կեանքը թունաւորող այդ ոյժերը, եթէ չեն զինաթափւում, առնուազը դառնում են կրաւորական:

* * *

Գեղեցիկ է դափնիով պսակուած ճակատը. սրբազնագոյնն ու համբուրելին, սակայն, կը մնայ ճշմարտութեան համար փշերով պսակուածը:

* * *

Հայութեան մէջ չարերն աւելի ակտիւ են, քան` բարիները, եւ հէնց ա՛յդ է պատճառը, որ դատերից արդարագոյնն անգամ դժուար է պաշտպանել մեր կեանքում:

* * *

Երբեմն երկչոտ որսորդն իսկ յաջողում է առիւծ թակարդել. դրանով, սակայն, չի՛ տկարանում նրա երկիւղախառն ափսոսանքը դէպի իր արքայական որսը, ինչպէս եւ` դրանով երկչոտը չի դառնում առիւծասիրտ:

* * *

Աշխատի՛ր առիւծի հետքեր թողնել ցեղիդ պատմութեան մէջ, եւ բնա՛ւ մի՛ մտածիր այն մասին, թէ մի օր աղուէսը կարող է իր ապականութիւնը փռել թողածդ հետքերի վրայ:

* * *

Մի ժողովուրդ, որի կեանքում աղուէսներին յաջողւում է առիւծ խեղդել` նուազ, շատ նուազ թուով առիւծասիրտ որդիներ է ծնում:

* * *

Հեռո՜ւ առիւծ խեղդող աղուէսներից:

«Ռազմիկ», 1941թ., թիւ 33