Գարեգին Նժդեհ

ՄԵՌՆԵԼՈՒ ԿԱՄՔ

Մի զինւորի ճշմարտութիւններ

Զինւորն իր ժողովրդին երկու բան կը պարտի

նախ` ճշմարտութիւն, ապա` իր կեանքը:

Մեր երկրագնդի վրայ սահմանաւոր մի գետին կայ, մի կտոր հող, որից առնւած է մեր կենդանի կաւը, որին միայն հարազատ ու բնիկ են մեր մարմինն ու ոգին — առաւելապէս ոգին: Մեր Հայրենիքն է այդ հողը:

Դա` հայրենիքը, մի հոգեւոր իրականութիւն է, դա «մի բան է ոգուց եւ ոգու համար»:

Ոգին է իմաստ եւ սրբազնութիւն հաղորդում երկրին:

Զրկէք երկիրն իր սրբազնութիւնից, իր հոգեւոր նշանակութիւնից, եւ դա կը դադարէ հայրենիք լինելուց:

Հայրենի՜ք — «Այստեղ է իմ հաւատը, այստեղ է իմ ցեղը, այստեղ են հետքերն իմ հայրենի» (Կիկերոն):

«Պիտի պաշտպանեմ սրբարանները ու սրբութիւնները իմ հայրենիքի» (Պոլլակս): Այսպէս կը բանաձեւէր իր երդումը Հռոմի զօրացանկերի մէջ իր անունը արձանագրող երիտասարդը:

Քաղաքացի լինել, ըստ Դեմոսթենէսի, ասել էր «զոհաբերութեան մասնակցել»: Հայրենիքներն էապէս ստեղծւեցին ա՛յն օրը, երբ նրանց որդիները, առաջին անգամ լինելով, զգացին սրբազնութիւնը իրե՛նց հայրենի հողի:

Նաեւ ճշմարիտ հերոսականը տեղի ունեցաւ այն օրը, երբ մարդը սովորեց եւ սիրեց գիտակցօրէն գործել, տառապել ու մեռնել իր հայրենիքի համար:

Այո՛, հայրենիքների գոյութիւնը միշտ էլ պայմանաւորւել է նրանց համար ամէն վայրկեան մեռնելու պատրաստ ուխտւածների գոյութեամբ:

* * *

Մեր երկրագնդի վրայ, ուխտերից ամենասրբազանը մի՛շտ էլ կնքուած է եղել Աստուծոյ եւ Հայրենիքի համար: Deo et Patria! Նմաններից էր Մամիկոնէից Ուխտը:

Որպէսզի հայը իր կեանքը քաղցրօրէն պատարագէր իր Հայրենիքին, նա պիտի ձգտէր բարձրանալ սովորական մարդկայնութիւնից, իսկ դրանում յաջողւելու համար, նա պիտի զգար կարիքը` մի գերագոյն արժէքի, որպիսին է ցեղի յաւիտենականը: Մամիկոնեաններին յաջողւեց նւաճել հայու յաւիտենականը, որովհետեւ նրանց համար իրենց ուխտը Հայրենիքի համար մեռնելու լոկ ցանկութիւն չէր, երդում չէր, այլ կամք:

Մեռնելու կամք — դա ներքին ինքնաբուխ այն զգացումն է, աւելի՛ ճիշդը ներքին մղումը, որ ուխտւածին ոյժ, արիութիւն եւ ուրախութիւն է տալիս մեռնելու իր հայրենիքի եւ ցեղի համար:

Կա՞յ այդ կամքը — ասել է` ենթական յաջողել է հաշտեցնել իր անձը իր ցեղի յաւիտենականի հետ. ասել է` նա այլեւս գտած է ինքն իրեն, այլեւս ինքնաճանաչ է, որով եւ` տէր իր ցեղի թաքուն ոյժերին: Ճշմարտութեան ու հերոսական բարոյականի մարդ` նա այլեւս ճշդած է իր վերաբերմունքը դէպի իր անձը, դէպի իր նմանները, դէպի ճշմարտութիւնը: Նմանների հայեացքը միշտ էլ ուղղուած է դէպի յաւիտենականը. այլեւս նմաններին չէ խռովում կեանքի մանրուքը: Իբրեւ ռազմիկ` անպարտելի են նմանները:

Նմաններին վարողը արտաքին իշխանութիւնը եւ օրէնքը չեն. սրանք չեն ուղարկւում, այլ գնում են մեռնելու ո՛չ թէ նրա համար, որ դա պահանջում է ազգը, այլ որովհետեւ իրենք են մեռնել ուզում: Սրանք ե՛ւ կամաւոր զոհ են, ե՛ւ զոհարար` իրենց անձի:

Նմանների հայրենիքում զինւորը կարող է մեռնել, բայց ո՛չ եւ պարտւել:

Այսպէս էին Մամիկոնեանները:

* * *

Հայրենիքն է շնորհում մարդուն` հպարտանքներից ամենաարդարը, ցաւերից ամենախորը, պաշտամունքներից ամենաանխառնը եւ մահերից ամենասուրբը:

Մեր հեթանոս դարերէն արձակւած հերոսական ու ցաւախառն մի ճիչ, մի կա՛նչ դեռ արձագանգում է իմ արեան մէջ. «Զօրակա՛նք հայոց, այլեւս հայրենիք չենք ունենայ, եթէ այս ալեաց մէջ չխեղդենք թշնամին» (Պարիլի): Դա ասել է՝ ո՛վ նահանջում է վտանգի առջեւ` ընդունում է մահւան իշխանութիւնը կեանքի վրայ. դա ասել է` ով փախչում է իր հայրենիքի շուրջը բորբոքւող կռւի ժամանակ, նա վատաբար լքում է այն ամէնը, որ սրբազան է մեր աշխարհում, նա հրաժարւում է իր իդէալ սեփականութիւնից, որպիսին է հայրենիքը, եւ մահանում բարոյապէս:

Հայ զօրավարը, ասում է Պարիլին` «չուզեց ապրել պարտւելէն յետոյ. նա ձիարձակ դիմեց թշնամու վրայ, եւ մեռաւ դիւցազնաբար` իր սրի վերջին հարուածով ճեղքելով թշնամի զօրապետի սաղաւարտն ու գանկը: Իր զինւորները կատաղած, ընկան թշնամու վրայ` պաշտպանելու իրենց զօրավարի մարմինը: Յուսահատական էր կռիւը, եւ ամէնքն ալ մի առ մի մեռան»: Այսպէս էր սիրում նախաքրիստոնէական հայն իր Հայրենիքը եւ մեռնում նրա համար: Այդ օրերին, ասում է նոյն օտարազգի հեղինակը, Հայաստանի մէջ տարածւած խօսք կար, թէ ծերունի զօրականը չի կարող ստել կամ անխորհուրդ բան ասել:

Ինչպիսի՜ բարձր բարոյական: Ո՜րքան նման է հայ ռազմիկը իր «արի եւ իմաստուն» աստւածներին:

Հազարիցս ճիշդ է ասւած, թէ «զէնք վայել են քաջաց եւ ոչ խորամանկաց»:

Թէեւ արդիական զէնքերը մաթեմատիքական զէնքեր են, բայց եւ այնպէս բանակների ճակատագիրը որոշողը այսօր էլ, վաղն էլ եւ յաւիտենապէս կը մնայ մարդկային ոգին:

Էապէս ոչինչ է անում այն ժողովուրդը, որն իր նիւթական զէնքերի հետ միաժամանակ, չի կատարելագործում նաեւ իր զինւորը:

Դիպուածական կամ «գողացած» յաղթանակներից երբեք չեն շահել հայրենիքները:

Լաւ բան է անշո՛ւշտ, մի հատիկ զէնք աւելի ունենալ, բայց ոչինչ բան է հազարներով իսկ աւելի ունենալը, եթէ ռազմիկին վարողը մահւան գաղափարի հետ հաշտւած հերոսական ոգին չէ:

Հրամայելու եւ հրամայւելու անդիմադրելի մղում, խանդ, դժուարութեանց կուրծք տալու ծարաւ, կռւում քրտինք կտրած ձիու վրայ մեռնելու տենչ, մեր օրերի լեզվով` «լեգէոնի՛զմ», «միւրիդի՛զմ» պիտի ասէր կովկասեան լեռնցին, մեր լեզւով` Տարօնականութիւն — ահա՛ թէ ի՞նչն է հատու եւ յաղթաբեր դարձնում զէնքը` զինւորի ձեռքում:

Ի՞նչը հայերիս դարձրեց յաղթական Սարդարաբադում եւ Ղարաքիլիսում — չգոյ թի՞ւը, սպառազինութի՞ւնը, կռւի հանճարեղ յատակագի՞ծը վճռապէս ո՛չ, ո՛չ մէկը եւ ո՛չ էլ միւսը, այլ` մեր ուխտը, մեր կամքը` մեռնե՛լ, բայց թուրքը չտեսնել Էջմիածնում, Երեւանում:

Այո՛, պատերազմական տեխնիքայի շարժիչը վաղն էլ եւ յաւիտենապէս կը մնայ մարդը, մարդկային ոգին:

Այդ այդպէս լինելով հանդերձ, նիւթապաշտիկ դեմոկրատիայի յատուկ նախանձը` ոգու փոխարէն քարիւղը հռչակեց համաշխարհային պատերազմի ամենամեծ հերոսը:

* * *

Զինւորական երեք դոքտրիններից — նիւթապաշտական, իմացապաշտական եւ ոգեպաշտական — վերջի՛նը պէտք է լինի մերը:

Առաջինի համար ամէն ինչ է թիւը, երկրորդի համար` կռիւը շախմատային խաղ է, երրորդի համար` դա հոգեկան ակտ է:

Յաւիտենական է կոնֆլիկտը թւի եւ որակի, ամբոխի եւ ընտրանիի միջեւ: Նիւթապաշտականը ամբոխների դոքտրինն է: Միշտ էլ պարտւել են այն ազգերը, որոնք ունեցել են մի հատիկ յենարան — թիւը, քանակը: Կռւադաշտը միշտ էլ պատկանել է որակին: Նրան են ե՛ւ վաղւայ յաղթանակները:

Ֆրանսայի Ազգային ժողովը իր պարտւած զօրավարներին կ’ուղարկէր կառափնարան: Մեր օրերի յոյները մեռնելու կամքից զուրկ զօրականներին ծովը թափեցին: Եւ արդար էր դա, քանզի ճակատամարտը ո՛չ մեռեալ թւերի բաղխում է, ո՛չ էլ շախմատախաղ է, այլ ամէն բանից առաջ` հոգեկան ակտ: Ասել է՝ պարտութիւնը մարդկային ներելի սխալ չէ, այլ պատժելի յանցագործութիւն:

Թո՛ղ հեռու մնայ իր ժողովրդի ղեկավարութիւնից նա, ով մեռնել չգիտէ իր հայրենիքի համար:

Ամէն ղեկավար — տասնապետ, զօրավար, նախարար — որ հրաժարւում է մեռնել իր հայրենիքի համար, յանցագործ է:

Զինւորական բարոյականը չէ ասում` յաղթանակի՛ր բոլոր դէպքերում, դա ասում է` յաղթականօրէն մեռնել գիտցի՛ր բոլոր պայմաններում:

Զէնք, դիրք, քաղաքական վայրկեան — այդ բոլորը կը նպաստեն քո յաղթանակին` կը բաւէ, որ դու մեռնելու կամք ունենաս, այսինքն` անձէդ աւելի սիրես այն, որի համար կռւի ես դուրս եկել:

Ամէն ճշմարիտ իշխանութիւն-տասնապետութիւն, նախարարութիւնենթադրում է աւելի բարձր բարոյական իշխանաւորի, քան իշխւողի մօտ:

Հասկանա՛նք ե՛ւ այդ:

* * *

Մասաուա՜ — Աֆրիկայի ամենաանառիկ կէտը, որ տարիներ առաջ Իտալիոյ ռազմական հմայքի գերեզմանը հանդիսացաւ — վերջերս երկիւղածօրէն ծունկ ծռեց միեւնոյն երկրի վերածնւած զաւակների առջեւ: Ո՞ւր է գաղտնիքը:

Ղարաքիլիսում եւ Սարդարաբադում քաջութեան հրաշքներ կատարած հայը չկռւեց Ղարսում: Սակայն նոյն Ղարսի պարտեալը դիւցազնացաւ Սիւնիքում:

Ի՞նչ է նշանակում այդ: Դա նշանակում է, որ ոգին կայականութիւն չի ճանաչում, որ դա չի քարանում, չի մնում միեւնոյն կէտի վրայ: Դա երբեմն ծալում է իր թեւերը, երբեմն էլ թռիչք է առնում դէպի նորանոր նւաճումներ:

Մէկից աւելի են ոգու անկման ու ակտիւացման պատճառները: Գլխաւորագոյնը, սակայն, կը մնայ առաջնորդի անձը:

«Առանց բանակի կարելի չէ պատերազմել, բայց բանակն էլ չի կարող պատերազմել առանց առաջնորդի»:

Առաջնորդը — ահա՛ մեծ «ամէն ինչ»-ը:

Նախ պատասխանենք այն հարցին, թէ ո՞վ արժանի չէ եւ ատակ չէ առաջնորդ լինելու: — Նա՛, որի էութիւնը ճանաչում է «մարդկայինը միա՛յն». ո՛վ չունի իր գերագոյն առարկան, չունի առարկայօրէն ու յաւիտենապէս արժէքաւորը ու սրբազանը կեանքում, որի առջեւ կանգնէր, ինչպէս հաւատացեալն իր Աստուծու. ո՛վ ստեղծագործ խղճմտանք չունի:

Ճշմարիտ առաջնորդ լինել չէ կարող եսապաշտը, ընչասէրը, հոգով փչացածը: Առաջնորդ լինելու համար բաւական չէ անգամ արտակարգ իմացականութիւնը: Քաջութիւնն էլ — որ բարձր յատկութիւն է զինւորի եւ քաղաքացու համար — բաւական չէ մէկին ճշմարիտ առաջնորդ դարձնելու: Քի՞չ եսասէրներ, ընչաքաղցներ կան, որ քաջ են: Բայց ե՞րբ է տեսնւել, որ նման քաջերը մեռնել ուզէին այս կամ այն սրբութեան համար: Կարելի է քաջ կռւող լինել, բայց կեանքը զոհելու յօժարութիւն չունենալ: Քաջեր շատ է տեսել աշխարհը, հերոսներ` սակաւ: Առաջնորդ կարող է լինել միա՛յն հերոսը: Իսկ հերոս լինել, ասել է` յաւիտենարժէք բաների առջեւ ոչինչ համարել իր կեանքը:

Հերոս է նա, որի համար կեանքն արդարացում ունի, երբ դա ապրո՜ւմ է ո՛չ թէ իբրեւ նպատակ, այլ իբրեւ մի սրբազան բանի ծառայեցնելու կամ զոհելու միջոց:

Հերոս է նա, որի հայեացքը ուղղւած է յաւիտենականին. նա՛, ով ժպտել գիտէ ճակատամարտի բոցերի մէջ. նա՛, որի հոգին վտանգի ժամանակ զգում է մի գերագոյն ուրախութիւն — ճակատամարտի եւ անձնւիրումի ուրախութիւն. նա՛, ով գրոհից առաջ սիրում է խօսել յաւիտենական բաների մասին:

Հերոս է բիբլիական Գեդէոնը, որ երեք հազարից ընտրեց երեք հարիւրը միայն, եւ յաղթանակեց: Հերոս է Կլեմանսոն: Գերմանները հասել են Վերդէնի պատերի տակ, եւ ֆրանսական կառավարութիւնը` խուճապի մատնւած` տրամադիր է լքել Փարիզը, հեռանալ վտանգի գծէն:

Ահա՛ յայտնւում է «Վագր»-ը եւ մռնչում. «Ինձ թւում է, որ մենք շատ հեռու ենք կրակի գծէն` պէտք է փոխադրւել Վերդէն»:

Հերոս է Քեռին, որ իր վտանգւած զինւորները փրկելու համար իր կուրծքը դարձրեց կենդանի թիրախ թշնամու կրակին:

Հերոս էր Դանտոնը, որն իր գլխատումէն երկու օր առաջ իր բարեկամներին, որոնք իրան խորհուրդ էին տալիս ստոյգ մահէն խուսափելու համար, փախուստի դիմել, պատասխանեց. «Մի՞թե մարդ կարող է հայրենիքը իր կօշիկների տակը կրել»:

Այսպէ՛ս են սիրում, գործում եւ մեռնում` հերոսատիպ առաջնորդները:

Ճակատագրի մարդ, վտանգների բարեկամ` նրանց համար իրենց անձն աւելի բան չէ, քան հայրենիքին ծառայելու միջոց:

Ժողովուրդները քաղաքական եւ հոգեւոր առնականութեան են հասնում նման առաջնորդների շնորհիւ միայն:

Ճշմարիտ առաջնորդ էր Պիլսուդսկին, է՛ Մուսոլինին, Հիթլէրը, ծովակալ Հորթին — օրւայ մարդկութեան հոգեւոր հսկաները, որոնց ոտքերի տակ մեռնում է իրենց ժողովուրդների հին ճակատագիրը: Սրանց համար ազգութիւնը` անցեալ, ներկայ եւ գալոց սերունդները ընդգրկող մի ամբողջութիւն է, էաբանական մի հաւաքականութիւն — մի ճակատագիր, մի ոգի, մի առաքելութիւն, մի ցեղ, մի արիւն: Սրանք գիտցան իրենց ժողովրդին պարտադրել մի մեծ եւ տիրական մտածում — իրենց հայրենիքի ինքնապաշտպանութիւնը` ժողովրդի վերածնունդի ճամբով:

Վաղուց է, ինչ սրանք իրենց ցեղահանճար մտքի մուրճով կռանում են իրենց ժողովրդի նկարագիրը, որով` ե՛ւ նրա նոր ճակատագիրը:

* * *

Մեծ են մեր ապրած օրերը, քանզի կեանքը հրապարակ է դրել մի քանի մեծ ճշմարտութիւններ:

Մեծագոյնը այդ ճշմարտութիւններից ասում է` որպէսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցի՛ր: Մեր քարոզած Տարօնականութիւնը այլ բան չէ, եթէ ոչ մեռնելու կամք մեր վտանգւած Հայրենիքի եւ Ցեղի համար:

Իբրեւ հայ մարդ անպէտք է նա, ո՛վ չունի այդ կամքը: Իսկ ով դէմ է այդ կամքի մշակման հայութեան մէջ` նա ներքին թշնամին է մեր Ցեղի եւ Հայրենիքի:

Մարդկային ցեղի մեծագոյն ուսուցիչները մի՛շտ էլ հանդիսացել են նրանք, որոնք մարդկանց վեհօրէն մեռնել են սովորեցրել:

Այդ տեսակէտով, Մամիկոնեանները եղան եւ կը մնան հայութեան յաւիտենօրէն սրբազան ուսուցիչները:

«Տարօնի Արծիւ», Սոֆիա,

1939թ., թիւ 7