Գարեգին Նժդեհ

ԽՕՍՔ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆԸ

« Հերկ » — ի  յարգոյ խմբագրութեան *

Հարցնում էք`

ա) ի՞նչ է իմ կարծիքը ներկայ հայ երիտասարդութեան մասին.

— Մերօրեայ հայ երիտասարդութիւնը, հակառակ իր անհայրենիք գոյութեան, օժտուած է իր յաւիտենական ծնողի — իր ցեղի անսպառ ուժականութեամբ:

Եթէ նա իբրեւ ուրոյն սերունդ, բառի գիտական իմաստով դեռ ձեւաւորուած ու կազմակերպուած չէ, դրա լրջագոյն պատճառը հին սերունդն է, որը դժբախտութիւն ունեցաւ շատ շուտ` հէնց իր արշալոյսին, կորցնելու ճշմարտօրէն իդէալիստ ու ցեղահոգ իր վարիչ ընտրանին:

Այդ սերունդին ցաւագինօրէն պակասեց մտաւորականի իր կոչման ու պատմական պատասխանատուութեան բարձր գիտակցութիւնը, պակասեց վերանորոգչական խանդը, եւ այդ իսկ պատճառով Հայոց վերածնունդը եղաւ պակասաւոր, իսկ յեղափոխութիւնը` կաղ ու թեւատ: Նա չունեցաւ խստօրէն շեշտուած տեսական խղճմտանք: Նա չսիրեց երես երեսի գալ գոյութեան ծանր պրոբլեմների հետ եւ մտածումի քրտինք թափել նրանց վրայ: Նրան պակասեց հերոսականի էտիկան: Նա եղաւ յանդուգն միայն այն ժամանակ, երբ պէտք էր ընդօրինակել մեր միջավայրի ու ժողովրդի հոգեբանութեան անյարիր կեղծ եւրոպականը, կասկածելի արդիականը, օտարը: Նա շփոթեց ազգային կուլտուրան դիմազուրկ կուլտուրականութեան հետ, առանց հասկնալու, որ առաջինն է միայն հատու զէնք, ցեղամիջեան պայքարների համար:

Յանցապարտօրէն դարձաւ կրաւորական երկրպագուն օտար իրականութիւններից ծնունդ առած «մոդէռն» գաղափարաբանութիւնների եւ այսպիսով պատճառ դարձաւ մեր ազգային ոգու խաթարման ու պառակտման: Այդ սերունդը, չնչին բացառութեամբ, ցայսօր էլ չունի կեանքի յստակ փիլիսոփայութիւն, փիլիսոփայական կուռ աշխարհայեցողութիւն, ու այդ իսկ պատճառով մեր հոգեւոր կեանքը շարունակում է մնալ քաոսային:

Օրուայ տարագիր հայ երիտասարդութիւնը հինի մոլորանքներից զերծ մնալու, ինչպէս եւ վերանորոգչական պաթոսի, ոյժի եւ կամքի վերածւելու համար` հրամայողաբար պիտի դիմէ մշակութային որոշ վերաքննութեան: Նա պիտի վերաքննէ այն գլխաւոր հասկացողութիւնները, որոնք կազմում են հիմքը օրուայ հայութեան կուլտուրքաղաքական կեանքի:

բ) Ի՞նչ պիտի ընէ ան.

— Ա՛յն, ինչ որ անում է երիտասարդ սերունդը ընդհանրապէս եւ համաշխարհօրէն: Հին է սերունդների պրոբլեմը, այնքան, որքան հին է մշակոյթի պատմութիւնը: Ժողովուրդները իրենց երիտասարդութեան միջոցաւ են իրականացնում իրենց յաւիտենականը, նաե՛ւ` վերջինի միջոցաւ պարբերաբար թարմացնում, յեղափոխականացնում, ուժաւորում իրենց ոգին: Այսօր ամենուրեք — Արեւելքում թէ Արեւմուտքում, Հին թէ Նոր Աշխարհում — ամէն տեղ ազգերի ծոցի մէջ երիտասարդական բունտ, ընդվզում կայ: Երիտասարդութիւնը միաժամանակ ե՛ւ յեղափոխական, ե՛ւ յեղափոխիչ ոյժ է: Աշխարհի վերակառուցման մեր խռովքոտ օրերուն նա հանդիսանում է ամենապայքարունակ տարրը — ծարաւի Նորի, մի նոր էտիկայի, նոր կենցաղի, ընկերային մի նոր, մի արդար կարգ ու սարքի, մի նոր ճակատագրի: Ամենուրեք նա խոստանում է դառնալ վտանգի ու հերոսականի սերունդ: Որոշիչը մերօրեայ երիտասարդութեան կեանքում կենսաբանականը չէ — տարիքը, հասակը չէ, այլ` ապրած պատմականօրէն բացառիկ նշանակութիւն ունեցող ժամանակաշրջանը: Նա սիրում է առողջը, կոնկրէտը, զօրաւորը: Խորշում է այն ամէնից, որ տկար է, թեւաթափ եւ շփոթ:

Ցեղային ոյժերի զարթօնքը, միութեան եւ կենտրոնացման պրոցեսում, առաջնակարգ ազդակների շարքում, երիտասարդութիւնը գրաւում է առաջին տեղը: Նրա օրուայ կրօնն է` վոժդիզմը, առաջնորդապաշտութիւնը: Նա դառնում է գրոհի սերունդ, եւ այդ իսկ պատճառով ուժապաշտ է, այդ միեւնոյն պատճառով նա զօրաւոր առաջնորդներ է փնտռում: Աննախընթաց խանդով ու վճռականութեամբ նա կառուցում է իր ազգային հաւատամքը: Նա դարբնում է, ճանաչումի քաղցրութեամբ նա կռում, կոփում է իր սեփական աշխարհայեցողութիւնը, իր դինամիկ աշխարհըմբռնումը — այնպիսի՛ն, որ համապատասխանէր իր ժամանակի ոգուն, իր ցեղի էութեան, իր հայրենիքի ներքին եւ արտաքին պայմաններին, ինչպէս եւ այդ վերջինի հետ կապւած բոլոր տեսակի պրոբլեմներին:

Դրանից տարբեր չէ կարող լինել եւ պիտի չլինի մեր երիտասարդութեան դերը: Իր անունն ու կոչումը արդարացնելու համար նա մի հատիկ հոգեւոր լծակ ունի — Ցե՛ղը, մի հատիկ ճամբայ — Ցեղի հետքերով:

գ) Այդ տեսակէտէն ի՞նչ դեր կրնայ ունենալ «Հերկ»ը:

— Մտքի անիշխանականութիւնից, մտաւոր դիսցիպլինի պակասից տառապող հին սերունդը իր օտարահակ տրամադրութիւններով խորապէս մեղանչեց իր ցեղի դեմ, եւ այդպիսով պատճառ դարձաւ իր ժողովրդի անօրինակ ողբերգութեան: Այսօր այլեւս ակնբախ իրողութիւն է մարդկութեան վերախմբաւորումը ցեղային հիմքերի վրայ: Ու երիտասարդութիւնը` ամենուրեք, եռուզեռ է, շարժում, ծառացած կամք, կենդանի գործ:

«Հերկ»ը իբրեւ երիտասարդ սերունդի օրգան` պիտի աշխատէ նախ հոգեբանօրէն նուաճել երիտասարդ Հայը, հայութիւնը իր ցեղի համար: Իսկ իր այդ մեծ առաքելութեան մէջ յաջողելու համար` նա պիտի նպաստէ սեփական ազգային գաղափարաբանութեան մշակման գործին:

Պէտք է նախ օտար խաթարիչ ազդեցութիւններէն ազատագրել ու կազմակերպել Հայ Մտածողութիւնը, այլապէս Հայութիւնը կը մնայ պառակտուած ու ցրուած հոգեբանօրէն, կը մնայ տկար` միշտ պատրաստի որս իր երկու թշնամիների — Հայաստանում` իր հարեւանների, Հայաստանից դուրս` օտարացման վտանգի համար:

Պատմութիւնը աճապարում է — չդանդաղի՛նք:

*Սույն գրությունը Նժդեհի պատասխանն է «Հերկ» ամսագրի հարցումներին` ուղղված հայ կյանքի տարբեր հոսանքների ու դասերի պատկանող անձանց: Ի դեպ, ամսաթերթը խմբագրում էր Կարապետ Պալճյանը` ապագա կաթողիկոս Վազգեն Առաջինը:

Դեկտ. 1937, Սոֆիա

«Հերկ», Բուխարեստ, 1938թ., թիւ 9

 

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով