ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 11

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ

X

ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Ռազմավարի հանճարը բղխում է

իր հոգու վեհութիւնից:

 

Ասել ենք, թէ ժողովուրդները իրենք են դարբինը իրենց ճակատագրի: Աւելի ճիշտ պիտ լինէր, եթէ ասէինք – մի ժողովրդի ճակատագրի դարբինը նրա մտաւորականութիւնն է:

Յանձին իրենց ժողովուրդների, իրապէս չափւում են – սկզբունքային թէ ռազմական բաղխումների ժամանակ – մտաւորականութիւնները, ժողովուրդների ղեկավար տարրերը:

Միեւնոյն ժողովուրդը, բանակը՝ նայած իր ղեկավարներին, կարող է եւ հրաշագործութիւններ կատարել, եւ խայտառակօրէն ծունկի գալ հակառակորդի առաջ:

Ուզում եմ ասել, թէ մի բանակ, մի ժողովուրդ հոգեբանօրէն այն է միայն, ինչ որ նրա հաւաքական հոգու մէջ դրել են նրա ղեկավարները – դա այն է, ինչ որ իր ղեկավարներն են:

***

Ո՞վ է, սակայն, կատարեալ ղեկավարը:

Ո՛չ անշուշտ բոլոր սպաները, բոլոր «մեծերը», որոնք բանակի հետ շարժւում են դէպի կռւադաշտ:

Շատերը սպաներից այլ բան չեն, քան մի զոյգ ուսադիր, մի աստիճան, մի տիտղոս: Իսկական առաջնորդը շատ անգամ չի նշանակւում, նա երեւան է գալիս, երբ նրա կարիքն է զգացւում, նա յայտնւում է վտանգի ժամանակ:

Մէկը կարող է աստիճանով զօրավար լինել, բայց ոչ՝ եւ առաջնորդ: Մի ուրիշը, կրելով պարզ հարիւրապետի ուսադիրները, կարող է կատարեալ առաջնորդ լինել:

Եթէ չեն ծնւում, ապա՛ դառնո՛ւմ են առաջնորդներ:

***

Նա յաճախ սրտի եւ գործողութեան մարդ է, քան մտքի:

Դա՝ հակառակ նրանց, որոնք յաճախ լաւագոյն բանակները վերածում են հօտերի, գիտի հօտերը վերածել լաւ բանակների:

Նա՝ առիւծների խումբը ղեկավարելու նշանակւած ոչխարը չէ, այլ՝ ոչխարների հօտը կառավարող առիւծը:

Նրա համար զինւորը, մարդը այն չէ, որ տեսնում ենք, մարմինը չէ մարդ նրա համար, այլ այն, որ կարող է լինել, այն, որ ընդունակ է լինելու մարդը, այն, ինչ որ ինքն է ուզում, որ լինի իր զինւորը, իր առաջնորդութեան յանձնւած մարդը:

Նրա համար երեք բարձր ճշմարտութիւններ ունի ժողովրդական ինքնապաշտպանութիւնը – հոգեբանականը՝ պէտք է լինել արի, բարոյականը՝ պէտք լինել անձնազոհ, քաղաքականը՝ պէտք է լինել ինքնայարգ:

Ահա՛ թէ ինչու կատարեալ առաջնորդը նախ հոգեբանօրէն վերստեղծում է իր բանակը, տալով նրան իր հոգին:

Դա՝ ասել է միաժամանակ եւ դաստիարակ:

***

Եւ հոգեբան է նա:

Նա իր բանակի հոգիի մոգական բանալին ունի: Նա գիտի, որ հաւատ ներշնչել զինւորին, կը նշանակի տասնապատկել նրա ոյժերը:

Քիչ անգամ է նա դիմում զինւորների բանականութեան, բայց միշտ էլ՝ սրտին: Նա սիրտ է դնում իր ամէն մի խօսքի մէջ, ահա՛ թէ ինչու եթէ կտրէք նրա խօսքերը՝ նրանցից արիւն կը կաթի: Նա գիտի, որ կռւի ժամանակ զինւորը աւելի բարոյական մենակութիւնից է վախենում, քան մահից, ահա՛ թէ ինչու նա երեւում է ամէն տեղ, հասնում ամէնին, որպէսզի ոչ ոք – զինւոր թէ ղեկավար – իրեն մենակ չզգայ, որ անխաթար պահի զօրքերի ներքին բարոյական կապը, որ ամէն մէկին զգացնել տայ, թէ իր հետ է ամբողջ բանակը, ազգը, ցեղը եւ ինքը՝ յաջողութեան Աստւածը: Նա գիտի եւ հետեւեալը.

– Զինւորի համար կռւի ժամանակ դրօշակը, ազգը, հայրենի երկիրը եւ սրա սրբութիւնները խորհրդանշողը՝ դա իր առաջնորդն է. ահա՛ թէ ինչո՛ւ կատարեալ առաջնորդը միշտ էլ իր զօրքերի հետ է, նրանց կողքին եւ նրանցից առաջ:

***

Թշնամիները – դեռ մարզադաշտում ու զօրանոցում նա ներշնչում է իր զօրքին – թշնամիները նման են շների, որքան որ վախեցար, այնքան կը յարձակւեն:

Այսքան արհամարհոտ է նրա խօսքը:

Ո՞վ ասաց, որ միայն մենք, որ միայն մեր ազգն իրաւունք չունի ապրելու. յառա՜ջ, ցոյց տանք, որ ապրելու իրաւունք եւ արժանիք ունենք, – այսպէ՛ս է նրա խօսքը կռւադաշտում:

Ամէն մի կռւի վրայ նա նայում է որպէս «դրօշամարտ»ի վրայ, որպէս դրօշի համար մղւող կռւի, եւ լարում իր եւ իր բանակի բովանդակ կարողութիւնները:

Ամէն մի արնոտ բաղխում նրա համար մի նոր քննութիւն է, ուր իր ժողովուրդը մի աւելորդ անգամ եւս պիտ ապացուցի, թէ արեւի տակ տեղն իր ունենալու իրաւունքն ունի:

***

Նա ասում է.

– Իր հողի վրայ պարտւելը կրկնակի եւ աններելի պարտութիւն է: Իր երկրի սահմաններում պարտւող ժողովուրդն իրաւունք չունի խօսելու անկախ հայրենիքի մասին:

Իր հողի վրայ կռւող, ինքնապաշտպանւող ժողովուրդի հետ են իր մեծ մեռելները – մի ոյժ, որի առաջ անզօր են բոլոր տեսակի ոյժերը:

Նրա հետ է իր երկրի արեւը, որի առաջ թշնամին «ձիւնէ մեծութիւն է միայն»:

Նրա սիրտը լցնում է իր դաշտերի շունչը, իր լեռների սէգութիւնը:

Նրան օրհնում է հայրենի երկինքը:

Յաղթութի՜ւն – աղօթում են կանայք ու կոյսերը նրա համար:

Յաղթութի՜ւն – երգում են մանուկները:

Յաղթութի՜ւն – ղօղանջում են զանգերը:

Բոլորը եւ ամէն ինչ կանչում է, ասում՝ «Քեզ հետ ենք, յառա՜ջ»: Ամէն ինչ եւ բոլորը կանչում եւ հրամայում են նրան՝ «Յաղթի՜ր մեզ համար»:

Եւ յաղթում է նա:

Այսպէս, եւ գաղափարապաշտ է կատարեալ ղեկավարը:

***

Նա իր առաջնորդն ունի, որը, սակայն, ոչ աստիճանով իրենից բարձր զինւորական է եւ ոչ էլ երկրի իշխանութիւնը:

Աներեւոյթ է, բարոյական է նրան առաջնորդող ոյժը:

Կառավարութիւն, բարձր հրամանատարութիւն, ձեւական օրէնք – այդ բոլորը շատ քիչ բան կարող են տալ նրան: Դիմադրութիւն – հնարաւորութեան սահմաններում յաղթութիւն – եթէ ձեզ տրւած են նիւթական գերադաս ոյժեր: Այսքան համեստ են ձեւական իշխանութեան եւ օրէնքի պահանջները:

Կայ աւելին:

Կառավարութիւնը, բարձր իշխանութիւնը, օրէնսդիրը կ՚արդարացնեն ձերպարտութիւնը, եթէ կարողացաք ձեւականօրէն արդարացնել ձեր յանցաւոր քայլը:

Չէ՞ որ միշտ էլ «երկու բերանով» կարելի է «ապացուցել», որ պարտութեան օրը հացը ժամանակին չհասաւ, թշնամին թւական գերազանցութիւն ունէր, մեր նահանջի ճանապարհը վտանգւելու վրայ էր, եւլն.:

Եւ հասկանալի է դա:

Կառավարութիւն, բարձր հրամանատարութիւն, դատաւորներ – սովորական մարդիկ են սրանք, որոնք վաղը միեւնոյն դրութեան մէջ կարող են ընկնել եւ իրենք:

Ահա՛ թէ ինչու սրանցով եւ սրանց հրահանգներով առաջնորդւող ռազմավարը, եթէ գերադաս ոյժեր չունի, կարող է երբեմն դիպւածով մասնակի յաջողութիւն ունենալ, սակայն երբեք բախտ չի ունենայ հաղորդագրելու ռազմադաշտերից՝ «Եկայ, տեսայ, յաղթեցի»:

Ահա՛ եւ թէ ինչու կատարեալ ղեկավարը երկրի ձեւական իշխանութիւնից զատ միշտ էլ ունի նաեւ մի այլ իշխանութիւն – իր ժողովրդի մեծ մեռելների բարոյական իշխանութիւնը, որը հարիւրապատկելով նրա ոյժերը, հարիւրապատիկ պահանջկոտ է եւ աններող:

***

Նրա համար միշտ էլ ճիշտ է հետեւեալը. մի բանակ, որն իր մէջ յաղթել է մահւան վախը՝ անպարտելի է եւ ամենակարող:

Նա գիտի այդ ճշմարտութիւնը, ասել է՝ գիտի եւ յաղթելու գաղտնիքը:

Թշնամուց աւելի վտանգաւոր է համարում իր բանակի շարքերում եղած վախկոտներին:

Վախը – դա միայն «սրտի յիմարութիւն» կամ «ջղերի խաղ» չէ: Դա անինքնավստահութիւնն է, անվստահութիւն դէպ իր եւ իր բանակի կարողութիւնները, դա հակառակորդի գերազանցութեան սպանիչ գիտակցութիւնն է:

Ահա՛ թէ ինչու վախկոտի համար միշտ էլ ուժեղ է թշնամին, անգամ այն ժամանակ, երբ իր դէմ կռւողը իրենից թոյլ է բոլոր տեսակէտներից:

Վախկոտներն են արիացնում, ուժեղացնում թշնամուն: Սրանք են հեշտացնում թշնամու գործը: Սրանց երեսից են կորչում հայրենիքները:

Սրանք են իրական թշնամին:

Կռի՜ւ նախ սրա՛նց դէմ:

Այսպէս է հասկանում նա բանակի հոգեբանութիւնը:

***

Նա գիտի, որ չկայ զինւոր, անգամ ամենաանարին, որն ընդունակ չլինէր կարող առաջնորդի ազդեցութեան տակ հերոսին վայել գործեր  կատարելու:

Նա գիտի, որ չկայ մարդ, որ ընդունակ չլինէր հոգեկան խոր յուզումների, խանդավառութեան, ինքնամոռացութեան – հոգեկան վիճակներ, երբ մարդու մէջ մեռնելու աստիճան թուլանում է կենդանական բնազդն ու վախը:

Եւ որովհետեւ համոզելու, ցնցելու, ներշնչելու արւեստն ունի, ահա, օրեր անց, նրա բանակը ծփում է վտանգն արհամարհող, մահն անգիտացող ռազմաշունչ տրամադրութեամբ:

Նա յաղթել է այլեւս, յաղթել իր բանակի անինքնավստահութեանը, վախին:

Այժմ կարող է երեւալ թշնամին՝ նա պատրաստ է:

***

Նա ռազմարւեստագէտ է եւ ոչ զինւորական արհեստաւոր:

Նրա համար կռիւը արւեստագիտական ստեղծագործութիւն է եւ ոչ արհեստ: Իր ռազմավարութիւնը նա մշակում է պատերազմի էութեան մասին իր ըմբռնումի եւ իր երկրի տեղագրական պայմանների համաձայն: Եւ ոչ մի «զմռսւած կանոն» ու ոչ մի մեռեալ շաբլոն: Վճռականութիւն եւ տարերայնութիւն – ահա՛ նրա վարածկռիւը: Գայլը խեղդել բնի մէջ – երբ յարձակւում է: Որեւէ յամառ կէտի վրայ ուժաթափել թշնամուն եւ ապա անցնել յարձակողականի – ահա՛ նրա պաշտպանողականը: Ոչինչ է անհանգստացնում նրան իր երկրում:

Ցո՞ւրտ է, աւելի լաւ, թո՞յլ է թշնամին – յարձակւիր: Անձրեւո՞ւմ է, աւելի լաւ, թո՞յլ է թշնամին – յառաջացիր: Բո՞ւք է, մառախո՞ւղ – ուրախացի՛ր որպէս գայլը, եւ առա՜ջ: Իսկ երբ իջաւ եօթնիցս օրհնւած գիշերը – ցնծա՜, դու արդէն յաղթել ես: Դու չես կարող չյաղթել, որովհետեւ կռիւը տարւում է քո նւիրական հողի վրայ, քո երկրի սահմաններում, ուր ամէն ինչ քեզ հետ է, ուր ամէն ոք եւ ամէն ինչ կանչում են՝ «քեզ հե՛տ ենք, յառա՜ջ»:

***

Վերջապէս, նա ընկերն է իր զինւորի: Զօրքը եթէ ոչ առաջին, ամենաուշը երկրորդ օրը բնազդաբար ճանաչում է իր առաջնորդներին: Նա շատ շուտ է տարբերում «մեծ»-ը «փքւած»-ից: Նա յարգում է գիտակցական կարգապահութիւնը, բայց չի սիրում պաղ եւ անհոգի պաշտօնականութիւնը: Նա ուզում է, որ իր առաջնորդը լինի աւելի սրտի մարդ, եւ, ամենագլխաւորը, նաեւ զինւոր: Եւ այդպիսին է կատարեալ առաջնորդը. նրան պաշտում են, բայց չեն վախենում նրանից եւ պիտի չվախենան:

Անբարոյացուցիչ է վախը: Կեղծ է այն ամէնը, որ հիմնւած է վախի վրայ – կրօն, բարոյականութիւն, կարգապահութիւն, եւլն.:

Նա «ներքին պահակն է» իր բանակի, նրա կենդանի խիղճը՝ միշտ արթուն ուհսկող:

Երեւաց նա եւ ահա բոլորը թափւեցին նրա շուրջը – եւ այլեւս ոչ ոք է յոգնած, սոված, դառնացած: Կառավարելու մի հատիկ միջոց ունի նա՝ խօսքը, խիստ, բայց ընկերական, խօսքը՝ երբեմն որպէս սանձ եւ միշտ էլ որպէս խթան: Նա կառավարում է անձամբ, արհամարհելով ճանապարհը մատով ցոյց տւող ղեկավարներին: Ներշնչւած պատմութիւնից, նա իր զինւորներին եւ ղեկավար տարրերին փոխանցում է իր ապրումներն ու գաղափարները: Խիստ է, բայց ոչ կոպիտ: Հպարտ է, բայց ոչ փառասէր: Պարզ է, չարքաշ, անշահասէր: Հաննիբալին յաղթող, Հռոմի կոնսուլներից յանիրաւի աքսորւած Սքիպիոնը չէ նա, որ մեռնելով աղքատութեան մէջ, կտակում է գրել իր գերեզմանաքարին վրայ՝ «Ապերա՜խտ հայրենիք, դու տէր պիտի չլինես իմ ոսկորներին»:

***

Նա Հելլադայի մէծ ռազմավարներից Ֆոկիոնն է, որը յանիրաւի մահւան դատապարտւած, թոյնը խմելուց առաջ ասում է որդուն. «Յանձնարարում եմ քեզ ծառայել հայրենիքիդ սրտանց եւ հաւատարմօրէն, եւ, ամենագլխաւորը՝ մոռանալ, որ իմ ծառայութեան համար նա ինձ վարձատրեց մահւամբ»:

Այսպէս է կատարեալ ղեկավարը: Նա միաժամանակ եւ դաստիարակն է, եւ ռազմարւեստագէտը, եւ կախարդը, եւ ընկերը –  նա Աստւածն է իր բանակին:

Գարեգին Նժդեհ