ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ ՑԵՂԻ ՄԱՍԻՆ
Ա) ՑԵՂԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ.- Ցեղը բնագիտական-մարդաբանական ըմբռնում է: Դրանով մարդաբանութեան մէջ հասկացւում է ժառանգական ընդհանուր ստացւածքով օժտւած մարդկային որեւէ խմբակցութիւն: Ժառանգականութիւնը կենսաբանական զօրութենականութեամբ պայմանաւորւած այն օրէնքն է, որով տեսակները բնօրէն ձգտում են յաւիտենականացնել իրենց գոյութիւնը: Գոյութեան ինքնայաւիտենականացման այս մղումը օրգանապէս բարդ կառոյց ունեցող էակների մօտ բաւարարութիւն է ստանում անուղղակի ձեւով: Ո՛չ թէ անհատ էակն է յաւիտենականանում, այլ տեսակը: Այս առաջընթացը տեղի է ունենում սերնդագործման միջոցով: Սերնդագործումն ա՛յն երեւոյթն է, որի մասին մեր իմաստասէրներից Յովհան Օձնեցի կաթողիկոսն ասում է. «…ստուգապէս ծնունդ այնմ ասի, ուր յաւելու անձն, նոյն մնալով բնութիւնն»: Այս «բնութիւն»-ը ինքը` ցեղն է: Որով` ցեղը նախ եւ առաջ բնութեան պահպանման զօրութենականութիւն է, նկարագիր է եւ խառնւածք: Այս պահպանումը հնարաւոր է դառնում անհատների միջոցով, որոնք կրում են տւեալ ցեղը յատկորոշող մարմնական եւ հոգեկան բնածին գծերը: Որով` ցեղը առանձնատիպ ոգի է եւ արիւն:
Այս առանձնատիպ ոգու եւ արեան ներդաշնակութեան շնորհիւ մարդկային խմբակցութիւնները խստօրէն տարբերւում են միմեանցից:
Ըստ Հանս Գիւնթէրի, մի ցեղ ներկայանում է մարդկային ա՛յն խմբակցութեան մէջ, որ իրեն յատուկ մարմնական նշանակների եւ հոգեկան որպիսութիւնների միութեամբ տարբերւում է մարդկային իւրաքանչիւր այլ խմբակցութիւններից եւ միշտ իրեն նմանն է սերնդագործում: Ըստ այսմ` ցեղը ինքնանմանը սերնդագործելու զօրութենականութիւն է:
Էապէս տարբեր բան չի ասում Շայդտը, որ ցեղը համարում է «ժառանգական ընտրեալ յատկութիւնների» խմբաւորում:
Այս յատկութիւնների բնական ընտրութիւնը նախատեսում է կենսաբանական նպատակայարմարութեան մի առաջընթաց: Որով` ցեղը գոյութեան մարզում կենսաբանօրէն նպատակայարմարը ստեղծելու եւ խնամելու զօրոյթ է: Այդ է պատճառը, որ պատմութեան մարզում ցեղը հանդիսանում է ժողովուրդների գոյութեան պայքարի առաջնորդը եւ զէնքը:
Ցեղի ըմբռնումը պէտք է խստօրէն զատել ժողովուրդի ըմբռնումից: Ցեղը գոյութեան ըմբռնում է, ժողովուրդը` պատմական-ընկերային: Երբ երկու կամ աւելի ցեղեր ձուլւում են եւ ստեղծում մարդկային նոր մի տիպ — առաջ է գալիս ազգութիւնը: Երբ ազգը ընկերային մի հաւաքականութիւն է կազմում — առաջ է գալիս ժողովուրդը:
Ժողովուրդների եւ ազգերի կեանքի երեւոյթները սերտօրէն կապւած են իրենց ցեղային բաղկացութեան: Ինչպէս մարդաբան Ֆիշէրն է ասում, ժողովուրդների եւ պետութեանց ճակատագիրը ամենաուժեղ եւ ամենավճռական կերպով գտնւում է իրենց ցեղային բնութեան ազդեցութեան ներքոյ:
Ցեղը կենսաբանական ըմբռնում է, ազգութիւնը` պատմական, ժողովուրդը` ընկերային: Որով` ցեղն է ազգութեան եւ ժողովուրդի գոյութեան նախապատճառը եւ հիմքը:
Ցեղը ուժածին գործօն է, ազգութիւնը եւ ժողովուրդը` նրա արդիւնքներն են:
* * *
Ցեղի ըմբռնման այս սահմանումը մեզ մղում է մի քանի կարճ խորհրդածութիւնների: Պետութիւն ստեղծում են այն ազգերը, որոնց ցեղային բաղկացութեան գծերը յանգում են ներդաշնակութեան: Այս ներդաշնակութիւնը հնարաւոր է այն դէպքում, երբ ազգութիւնը բաղկացնող խմբակցութիւններից մէկը կարողանում է իր ցեղային խառնւածքը պարտադրել եւ հարազատել տալ միւսներին: Հայաստանի ներանջատական բնութեան շնորհիւ այս առաջընթացը մեզանում չափազանց դանդաղ կերպով տեղի ունեցաւ: «Արմեններ»-ը չկարողացան իսպառ նւաճել «հայեր»-ին: Հայաստանում ապրեցին քաղաքական տարբեր զգացումներ: «Արմեններ»-ը մահը նախընտրեցին ստրկութիւնից, «հայեր»-ը հացի աշխատանքը` ազատութիւնից: Մէկը հետապնդեց ազատութեան իդէալը, միւսը` շինարարութեան եւ հենց դրա շնորհիւ էլ հայոց մշակութային եւ քաղաքական «ես»-ը մնաց պառակտւած:
Հայաստանում միայն բանապէս եւ ո՛չ թէ զգացումների ողջ խորութեամբ տիրեց ա՛յն համոզումը, թէ ազատութիւնը եւ մշակութային ստեղծագործութիւնը պայմանաւորւում են միմեանցով:
Երբ մի ազգի մէջ ցեղի ոգու բացարձակ տիրապետութիւնը չկայ — նրա առաքինութիւնները չեն կարող ներդաշնակ լինել: Իսկ ուր չկայ առաքինութիւնների ներդաշնակութիւն — այնտեղ չկայ ուրախ կեանքի ստեղծագործութիւն, այլ մտային — կամային տագնապ եւ ողբերգութիւն:
Սեբէոսը պատմում է, որ Բիւզանդիոնի կայսերապաշտական նպատակներին ծառայող հայրենասէր հայ իշխանները մի անգամ Մօրիկ կայսեր դառնութեամբ յիշեցրել են, թէ պատմութիւնը հայերին երբե՛ք շնորհ չարեց ապրել ու մեռնել իրենց սեփական պետութեան համար:
Հայոց պատմութեան այս ցաւոտ կանչը դեռեւս երկար ժամանակ կարող է անարձագանք մնալ, քանի դեռ չի գտել մեր սրտի ճամբան:
Սիրտը` դա է ցեղի ոգու խառնարանը, որում գործում է ճակատագիրը տնօրինող տարերքը:
Ցեղի ոգին` դա հայրենաստեղծութեան յաւիտենական ճիգն է. դա ե՛ւ հայկականութիւն է, ե՛ւ արմենականութիւն, ե՛ւ աշխատանքի կարօտ, ե՛ւ ազատութեան կռիւ:
Բ) ՑԵՂԻ ԾԱԳՈՒՄԸ.- Գոյութեան (ի մասնաւորի կենսաբանական) խորհուրդներից մէկն անհատականացման, այսինքն` օրգանապէս անբաժանելի ամբողջականութիւն դառնալու երեւոյթն է: Գոյութիւն եւ անհատականացում իբր ըմբռնումներ անխուսափելիօրէն կապւած են միմեանց: Դրանց յարաբերութիւնը աւելի օրգանական է, քան տրամաբանութիւնը սովորական իմաստով սահմանում է «բովանդակութեան եւ ձեւի» աղերսը: Առանց գոյութեան ոչինչ կարող է անհատականանալ, առանց անհատականացման ոչինչ կարող է ըմբռնւել իբր գոյութիւն:
Մեր իմաստասէր կաթողիկոսը` Յովհ. Օձնեցին, ճշդօրէն նկատում է. «…ո՛չ գոյ բնութիւն անանձն եւ ո՛չ գոյութիւն առանց դիմաց, վասնզի յանձինս եւ ի դէմս տեսանին գոյութիւն եւ բնութիւն»:
Այո՛, աշխարհում ամենայն ի՛նչ անձնաւորւում է, ամենայն ի՛նչ դիմագծւում է, ամենայն ի՛նչ անհատականանում է: Մի բան գոյութիւն է ստանում ա՛յն ժամ միայն, երբ նա մտնում է անհատականանալու առաջընթացում: Գոյացութիւնը, էապէս, անհատականացման առաջընթաց է:
Անհատականացմամբ է պայմանաւորւում տեսակաւորումը: Տեսակը ոչ այլ ինչ է, քան ինքնատիպութիւնը յաւերժացնելու բնաճիգ: Ցեղի գոյութիւնը նախ եւ առաջ պայմանաւորւում է այս բնաճիգով: Այս բնաճիգը նախատեսում է բազմազանութեանց բնական անհրաժեշտութիւնը: Եթէ բազմազանութիւնը բնական անհրաժեշտ առաջընթաց չլինէր — բնութեան մէջ չէր կարող գոյութիւն ունենալ ինքնատպութիւն, որով ե՛ւ տեսակ պահելու բնաճիգ:
Մարդկային սերունդների բազմակերպութիւնը, այսինքն` ցեղային բազմազանութիւնը Ֆիշէրը բացատրում է «ընտանեցման ազդեցութեամբ»:
Ըստ Շայդտի, ցեղի կազմաւորումը պատկերւում է հետեւեալ կերպով. Ժառանգական տարբեր գծերով անհատներից կազմւած մի բնակչութիւն ապրում է որոշ մի միջավայրում: Այս միջավայրը մարդիկ ձեւաւորում են ըստ իրենց ճաշակի (մշակութային աշխատանք): Իւրաքանչիւր անհատ ընտրում է միջավայրի այն գիծը, որ ամենից շատ պատշաճում է իր էութեան: Ըստ այսմ` ցեղը նախ եւ առաջ պատշաճեցման բնաճիգ է: Ոչնչանալու են դատապարտւած բոլոր այն անհատներն ու խմբակցութիւնները, որոնք ընդունակ չեն իրենց մշակութային կամքը պարտադրել իրենց միջավայրին:
Սակայն մարդիկն էլ ձեւակերպւում են միջավայրից: Միջավայրի պատճառած այս ձեւակերպումները ժառանգելի չեն, բայց նրանք ոչնչացուցիչ անդրադարձում ունեն այն անհատների եւ խմբակցութիւնների վրայ, որոնք յարմարւելու ընդունակութիւնից զուրկ են: Յարմարումի այս երկու կողմերը — ներգործական յարմարում կամ պատշաճեցում` մշակութային աշխատանքով եւ կրաւորական յարմարում` միջավայրի ազդեցութեամբ — աստիճանաբար (3-ից մինչեւ 10 եւ 20 սերունդ) առաջ են բերում կենսաբանօրէն կարեւոր ժառանգական տւեալներով օժտւած միացեալ մի բնակչութիւն:
Ամբողջութիւնը բնական ընտրութեամբ ձեռք բերւած այս ինքնատիպ ունակութիւնների` կազմում է ցեղը:
Կենդանիների, բոյսերի եւ մարդոց բովանդակ ժառանգութիւնը բաղկանում է ցեղային եւ անհատական յատկանիշներից: Ցեղային յատկանիշները ժառանգական տւեալներ եւ ընդունակութիւններ են, որոնք փոխանցւում են ընտրութեան միեւնոյն եւ որոշ նախընթացին ենթակայ նախորդներից:
Ըստ Ֆրից Լենցի, ցեղը փոփոխութեան ենթակայ մի երեւոյթ է, որովհետեւ ցեղերի զարգացման ընթացքին մի՛շտ էլ ժառանգօրէն անկանոն զարտուղիութիւններ են հրապարակ գալիս, որոնցից կենսա- բանօրէն յարմարագոյններն ընտրւում են, միւսները` ոչնչանում: Անփոփոխելի է միայն առանձին օրգանիզմների ցեղային յատկութիւնը, բայց ոչ նոյնը` մի ժողովրդի:
Այս նշանաւոր մարդաբանների սահմանումները դեռեւս մեզ սպառիչ մի բան չեն ասում ցեղի ծագման մասին:
Ցեղը միայն «ընտանեցման կերպ» չէ, ինչպէս Ֆիշէրն է ասում: Ո՛չ էլ դա միշտ այնպէս է կազմաւորւում, ինչպէս Շայդտն է ուզում ապացուցանել: Վերջապէս Լենցի մատնանշած փոփոխութիւնները չեն վերաբերում առանձին օրգանիզմների ցեղային յատկութեան:
Մեր խորին համոզումով «ընտանեցումը», «պատշաճեցումը» եւ «յարմարումը» ո՛չ թէ ցեղածագման պատճառներն են, այլ ցեղային յատկութեան հետեւանքներ:
Ցեղը կենսաբանական երեւոյթ է, բայց նրա ծագումը կապւած է գոյի ընդհանուր խնդրին: Պատճառների շղթայակցութեամբ նա մեզ տանում է մինչեւ բնազանցութեան մարզը: Ցեղը որքան բնութիւն է, նոյնքան եւ ոգի: Որով նրա կնճիռը կը լուծւի բնագիտութեան եւ պատմութեան տւեալների բնազանցական ընդհանրացումով:
Այս նկատումով էլ ցեղի ծագման մասին դեռեւս ասելիք կայ:
* * *
Ցեղի ծագման շուրջը արւած այս խորհրդածութիւնները կարող են մասամբ լոյս սփռել Հայաստանի ողբերգութեան բնական պատճառների վրայ:
Ապրում են ա՛յն ժողովուրդները, որոնք ցեղօրէն օժտւած են միջավայրը իրենց պատշաճեցնելու եւ նրան յարմարւելու ընդունակութեամբ:
Կարողացա՞ն հայերը պատմական անցեալում նպատակայարմար կերպով լրացնել կենսաբանական այս պահանջները:
Ո՛չ:
Րաֆֆին դառնութեամբ նկատում է, որ մեր ճակատագիրը այլ կը լինէր, եթէ վանքերի փոխարէն հայերը բերդեր շինած լինէին:
Իրականում հայերը վանքերի հետ կառուցել են ե՛ւ բերդեր — ստեղծել են բերդային մի սիստեմ: Եղել են հայեր, որոնք հայրենիքի պաշտպանութիւնը համարել են կրօնական պարտականութիւն, հանդերձեալում աստւածային գթութիւն հայցելու միջոց:
Անի քաղաքի պարիսպների վրայ մենք կարդացել ենք մի արձանագրութիւն, որ մեր ցեղի յաւիտենականութեան ճամբին բոցավառւող մի լոյս է:
Հայ մի իշխանուհի (ուրեմն` այն էլ մի կին) վերակառուցել եւ ամրացրել է հայրենի քաղաքի պարիսպների մի մասը` Աստուծոյ ողորմութեամբ եւ իր հարազատների հոգու փրկութեան համար:
Ցեղի ինքնապաշտպանութեան գործը երկնքի ողորմութեան եւ սիրոյ դուռը բացող, աստւածահաճոյ եւ յաւիտենավայել աղօ՜թք… այո՛, հայկական միջնադարը մեզ թողել է ե՛ւ այս սրտաճմլիկ յիշատակը:
Բայց ինչո՞ւ զուր անցան սերունդների յուզումները, խռովքը, նւիրումը: Ինչո՞ւ հայոց հերոսականը չկնքւեց յաղթանակով: Արդեօ՛ք միայն նրա՞ համար, որ հայերն աւելի վանագործ եղան, քան բերդաշէն:
Այդ չէ բուն պատճառը, այլ` աւելի խոր մի երեւոյթ:
Հայերը վատ կերպով միայն կարողացան յարմարւել իրենց հայրենիքին: Նկատելի է, որ հայոց բերդերի եւ վանքերի հետքերը մեծ մասամբ գտնւում են մինչեւ 2000 մետր բարձրութեան սահմաններում: Հայերը չեն հասկացել իրենց լեռների խորհուրդը եւ խուսափել են բնակութեան կայաններ հաստատել նրանց ձիւնամերձ բարձունքներում: Իրենց չքնաղ լեռնաշխարհում նրանք յամառօրէն պահել են հովտական ժողովրդի կենցաղ եւ հոգեբանութիւն: Եւ հենց այս պատճառով էլ չեն կարողացել օգտւել իրենց անառիկ լեռների ռազմագիտական արժէքից: Դեռ հնուց ի վեր նրանք թոյլ են տւել, որ իրենց լեռներից օգտւեն օտար վաչկատունները (Ղարաբաղի այժմեան «քոչ»-ի երեւոյթը մնացորդն է այդ դրութեան), որոնք աստիճանաբար տիրացել են երկրի այդ բնական բերդերին: Ծանօթ է նոյնպէս, որ հայերն իրենց պատմութեան բախտորոշ ճակատամարտերը տւել են աւելի հովտային մարզերում, քան լեռներում: Հենց դրանով էլ պիտի բացատրել Տիգրան Մեծի պարտութիւնը` Տիգրանակերտի դաշտում եւ Վարդան Մամիկոնեանի ողբերգութիւնը` Աւարայրում:
Վատ կերպով միայն յարմարւելով իրենց միջավայրին` հայերը չկարողացան նաեւ դրսեւորել իրենց մշակութային ողջ կորովը: Խուսափելով լեռներից` նրանք չկարողացան նաեւ յաղթահարել իրենց գետերը: Երկրի ջրառատութիւնն անհրաժեշտ չդարձրեց ոռոգման սիստեմի զարգացումը, իսկ գետերի կատաղընթացութիւնը խանգարեց որեւէ նաւագնացութիւն: Հայաստանի գետերը ո՛չ թէ հաղորդակցութեան միջոցներ էին, այլ` խափանիչներ: Նրանց յաղթահարումը անհնարին համարւելով` հայերի մէջ չզարգացաւ պատշաճեցումի կամք: Այս կամքի բացակայութիւնը մէկ կողմից պիտի պատճառէր համահայկական կորովի ցրում, որով պիտի ընծայէր տեղական, բեկորային մի մշակոյթի կարելիութիւն, միւս կողմից` ժողովուրդը պիտի համակէր ինքնապաշտպանողական եւ ո՛չ թէ յարձակողական հոգեբանութեամբ: Հայոց պատմութիւնն էապէս ինքնապաշտպանութեան մի ճիգ է, իսկ հայոց բերդային սիստեմը` այս ճիգի մի արտայայտութիւնը:
Չհասկացանք մեր լեռների խորհուրդը եւ չկարողացանք յաղթահարել մեր գետերի քմահաճոյքը:
Յարմարւելու մէջ ապիկար եղանք եւ պատշաճեցումի նւազ կորով յայտնաբերեցինք: Դրա համար էլ թէ՛ հայրենիքը կորցրինք, թէ՛ հայոց հազարամեակների հերոսականի ողբերգական վախճանը տեսանք:
Ի՞նչը կը փրկի մեզ — մեր ցեղային թերութիւնների սրբագրումը, կենսաբանօրէն ասած` ցեղային վերաշինութիւնը:
«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 1, 2
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!