Գարեգին Նժդեհ

ՄԵՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ

Մեր ցեղի կենսաբանական ժապաւէնի վրայ տեղ գրաւած սերունդներից ամենաճակատագրականը պիտի համարել մերօրեայ նոր սերունդը:

Դա ճակատագրական նշանակութիւն է ստացել հետեւեալ զոյգ պատճառներով` — երբե՛ք այնքան վտանգուած չի եղել հայ ցեղի այսօրը, եւ միաժամանակ, մարդկութեան կողմից սկսուած դարաշրջանային անկիւնադարձի շնորհիւ — երբե՛ք այնքան յուսալի չի եղել մեր ազգային վաղը:

Ահա՛ թէ ինչո՛ւ մեզ պէտք է, իբրեւ պատմական մոմենտի պահանջ, ոգով ու նուիրումով մեծ մի սերունդ — մեզ սպառնացող վտանգի մեծութեան ու մեծ ապագայի գիտակցութեամբ զօրաւոր մի սերունդ, որ կարողանար նա՛խ խոր ցեղաշարժի ենթարկել հայութիւնը, ապա, նրա վերանորոգմամբ, գլուխ հանել ազգի լաւագոյն կազմակերպումն ու պաշտպանութիւնը:

Օրուայ պայմաններում, երբ յանուն մի նոր եւ արդար աշխարհի, տեղի է ունենում պատերազմներից ամենայեղափոխականը, երբ ժողովուրդներն արդէն սկսած են նոր կեանքի նախագարունը ապրել` մեզ պէտք է հզօրանքի մտածումով մեծ ու հոգեւոր արբեցումի ատակ մի սերունդ, որ սիրէր իր ցեղի եւ հայրենիքի համար` աներկիւղ երես-երեսի գալ ճշմարտութեան ու մահուան հետ:

* * *

Երիտասարդութիւնը — դա լեռներից իջնող ամեհի մի հեղեղ է, որ կարող է ե՛ւ օրհնաբեր, ե՛ւ աւերիչ լինել:

Ահա՛ թէ ինչո՛ւ նրա պրոբլեմը — որ միշտ էլ կապ ունի տուեալ ժողովրդի ապագայի կառուցման խնդրի հետ — պիտի զբաղեցնի պետական եւ հասարակական գործիչների ողջ մտածումը:

Չե՛մ ուզում հաւատալ, որ ամէն ժողովուրդ իրեն արժանի երիտասարդութիւն ունի:

Մեր հին սերունդը իր ժողովրդին պարտադրուած քաղաքական անբնական վիճակի պատճառով` նորահասի համար եղաւ աւելի գանգը ձեռքին շատախօսող Համլետ, քան` կորովի առաջնորդ:

Նա չհասկացաւ, որ ամէն նոր սերունդ, իր ժողովրդի գոյութեան պայքարից զատ, ունենում է նաեւ իր սեփական սերունդի «անկախութեան» պայքարը. աւելի՛ն. նա ոչինչ կատարեց նորահասից «իր ջերմութիւնն ու լոյսն իր մէջ կրող» մի սերունդ ստեղծելու: Եսասիրաբար նա ուզեց ու աշխատեց, որ որդիները նմանին հայրերին — իրե՛ն:

Այսօր, ամօթալին ու ողբերգականը հայոց կեանքում նրանումն է, որ հին սերունդը իր զաւակները հասցնում է իրեն, միայն իրեն համար: Եւ, որովհետեւ նրա մի մասը — անցեղիմաց մասը — իր տկարութիւնից իսկ զզուելու քաջութիւն չունեցաւ. դրապէս ասած` որովհետեւ նա ցանկացաւ, որ իր որդիները լինեն իր կենդանի կրկնութիւնը` ռամկավարի զաւակը աւանդաբար դառնում է ռամկավար, ճիշտ այնպէս, ինչպէս լուսաւորչականինը` լուսաւորչական: Ամենաաննշան շեղումը հօր գաղափարախօսական գծից` համարւում է ամօթանք, դժբախտութիւն հօր, մօր, ընտանիքի համար:

Այստեղ որդին հօրից տարբերւում է միայն իր տարիքով: Այլապէս` ամէն ինչ ընդհանուր է — նոյն հայհոյանքը եւ օրհնութիւնը կը լսէք թէ՛ մէկի եւ թէ՛ միւսի շրթունքներից. նոյն քաղաքական աննկարագրութիւնը` հաւասարապէս օտարամոլ եւ նուաստախոհ. չկա՛յ հոգեւոր աճում, մտածողութեան եւ խղճմտանքի անկախութիւն, չկա՛յ «կանաչ հասկ»ին յատուկ կենսազգացողութիւն, սեփական կոչումի գիտակցութիւն: Այս մթնոլորտէն ծնունդ է առել հոգեբանական բնօրինակ տիպը — Standard-այինը` պիտի ասէր ամերիկացին:

Մօտեցէք սրան, եւ անմիջապէս պիտի զգաք հին, մեռնող աշխարհի շունչը:

* * *

«Սրտիդ եւ մտքիդ մէջ փնտռիր թշնամիներդ, եւ այնտեղ կը գտնես նաե՛ւ փրկութիւնդ»:

Նրա համար չի ասուած իմաստունի` ճշմարտութիւն շնչող այդ խօսքը:

Նա դեռ չի հասկացել, որ հայ կեանքի բոլոր չարիքները իր քարացած մտածողութեան արդիւնք են:

Խորապէս պառակտուած` նա պառակտեց մեր երիտասարդութիւնը, առանց անդրադառնալու, որ պառակտիչ ու հատուածական ամէն մի խմբակցութիւն դառնում է չարիք ազգի համար: Նմանը սպառում է հանրային կորովը, միջոցները, եւ այսպիսով դառնում է պորտաբոյծ ու վտանգ ազգի հոգեւոր առողջութեան եւ մեծ արգելք` նրա կանոնաւոր զարգացման համար:

Հինը չհասկացաւ, որ չկա՛յ աւելի մեծ դաւաճանութիւն ազգի հանդէպ, քան նոր սերունդը հատուածական, յարանուանական եւ նման դրօշակների ծառայեցնելը: «Նորահասը քաշելով դէպի հին, ցեղօրէն անդէմ կազմակերպութիւնները, լեցնելով «նոր գինին հին տիկերի մէջ»` նա խաթարեց նորը:

Նա չհասկացաւ,

— որ ժողովուրդներն իրենց ապագան — լաւ թէ վատ — կառուցում են իրենց զաւակներին փոխանցած ոգու միջոցաւ.

— որ ծնողներից ժառանգած կրաւորական չարութիւնը, որդիների մօտ, տարիքի բերումով, դառնում է ակտիւ ոյժ.

— որ յաճախ` որդին իւրացնում է «հօր իսկական պատկերը եւ ո՛չ թէ նրա դիմակը, որ կրում է հանրային կեանքում»:

Նա մնաց խուլ գիտութեան ու ճշմարտութեան խօսքի առջեւ, ու չզգաց, որ «գերագոյն յանցագործութիւնը, անքաւելի յանցագործութիւնը — դա ցեղի դէմ կատարուած յանցագործութիւնն է» (Մոնտէն):

Ցեղակրօնութիւնը — այնքա՜ն «Տէր Զօր»ներ ներկող, բայց յաւէտ երիտասարդ հայ արիւնի կրօնը — արժանացաւ հայութեան անցեղահաղորդ մասի դաւախառն թշնամանքին:

Եւ այդ այն ամօթալի պատճառով, որ նրա գաղափարախօսն ու քարոզիչը ստա-դեմօկրատ ու կեղծ-ընկերվարական չէր: Ժամանակը չէ՞ խոստովանել, որ հայոց պատմութիւնը մեզ մի հատիկ բան է սովորեցնում — այն, որ հայն իր պատմութիւնից բնաւ չի սովորում:

Թուրքը փորձեց մեզ, իբրեւ ցեղ, սրբել գոյութեան գրքից, իսկ հայութեան որոշ տարրերը անգամ մեր եղեռնից յետոյ մնացին զզուելիօրէն ընկերվարական ու համայնավար — որ ասել է` օտարականներ իրենց հարազատ ժողովրդի մէջ:

Յաւերժ պիտի մնայ արդար ու խարազանող Հայ Մտքի առիւծի խօսքը. «Եթէ ընկերվարական դրախտը պէտք է հիմնուի հայութեան դիակի վրայ, թո՛ղ էշերն ապրեն այդ դրախտում» (Խաժակ):

Ցեղակրօնութիւնը — ցեղի յաւիտենականի գաղափարը տեղ չգտաւ որոշ տարրերի` ճերմակ եւ կարմիր մարքսական եւ նման այլ հոգեւոր աղբով լեցուած հոգիների մէջ, որով` մեր նոր սերունդի անցեղակրօն մասը կը շարունակէ գերի մնալ մարդկային եւ ազգային մտքի եւ սրտի ապականարար` խորթ եւ պառակտիչ վարդապետութիւնների:

* * *

Ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ այդպէս: Հինը, թէեւ աններելի, սակայն, հասկանալի մի «արդարացում» ունի — ստրկութի՛ւնն է օրօրել նրա օրօրոցը:

— Հայոց թերիները` ստրկութեան թերիներն են,- ասել է Բայրոնը:

Տեւական անապահովութեան ու վախի վարչաձեւի տակ ապրող անգա՛մ ամենաստեղծագործ ժողովուրդները դառնում են նեղմիտ, ներքնապէս չար ու անհամերաշխ: Հապա տարագրութի՞ւնը, օտար միջավա՞յրը, ուր օտար արժէքների ազդեցութիւնը կարելի է մասամբ զինաթափել սեփական ցեղի սրբութեանց եւ արժէքների ոյժով: Նման ծանր պայմաններում, ուր հայերը սովորեցին ապրել նաեւ առանց հայրենիքի, սովորեցին «երջանիկ» լինել եւ Հայաստանից դուրս — հին սերունդի անցեղակնիք մասը պիտի դառնար այն, ինչ որ է այսօր ամօթալիօրէն անդէմ, պառակտուած ու անզօր, որ ասել է` մեռեալ հայ կեանքի տեսակէտից:

* * *

Ո՞ւր է ելքը:

Պատմութիւնը չգիտէ աւելի մեծ, աւելի վսեմ, աւելի սուրբ գործ, քան ապագայով վտանգուած մի ժողովրդի վերանորոգումը:

Եւ իբրեւ վերանորոգիչ ոյժ, միշտ էլ հանդիսացել է իր նոր կոչումի գիտակցութեամբ զօրաւոր նոր սերունդը: Այսպիսի՛ն կարող է դառնալ մեր նոր սերունդը, պայմանաւ, որ նա` գիտակցելով եւ զգալով այն բոլոր կապերը, որոնք նրան դարձնում են անբաժանելի իր ցեղէն, իր ցեղային տարերքէն, ճիգ անէր ազատուելու իր բազում թշնամիների ազդեցութիւնից:

Նորի մահացու թշնամիներն ու թունաւորիչները եղան ու կը մնան`

ա) ապահայրենացած հայը, որի նշանաբանն է` ուր հաց ու հանգիստ, ուր լաւ` այնտեղ էլ հայրենիք.

բ) անցե՛ղը, որի համար Աստւածութիւն չէ՛ ցեղը.

գ) նրանք, որոնց օրուայ եկեղեցին, թատրոնը, ընթերցարանը` ռինգն է, կրօնը` սխալ հասկացուած սպորտը. զբօսամոլնե՛րը, որոնք թեթեւամտօրէն ծափում են, շնացնում, հայհոյում գետին զարկուա՛ծին եւ սրբապղծօրէն ովսաննա՛ կանչում այս կամ այն զզուելի ըմբիշին: Եթէ սպորտն ու սպարտականը հոմանիշ չեն` դատարկ ժամանց է միակողմանի սպորտը.

դ) երիտասարդը, որին բուլղար լեզուն անուանեց «տարիկատ», նա, ով միայն հաց կը հոտի, ով սիրում է կեանքի գինին եւ թշնամի է ազգային եւ մարդկային ճիգի, խորքի, սրբութեան.

ե) ժողովուրդները չունե՛ն աւելի մեծ թշնամի, քան վատ գիրքը` դրուած իրենց նորահաս սերնդի ձեռքը, եւ թունաւոր գիրք, թերթ գրողը, որոնց համար յետպատերազմեան երկու տասնամեակները դեռ չեն փակած ազգերի կեանքի ու պատմութեան հին էջը.

զ) անդրօշակ եկեղեցին, անցեղանորոգ դպրոցը, սեղմ ասած` այն ամէնը, որ հայ կեանքում գործում է իբրեւ կազմալուծումի ազդակ:

* * *

Ապագայ չունի՛ այն ժողովուրդը, որի տառապանքը չի՛ ծառայում իր գոյութեան իմաստին եւ իմաստաւորումին:

Ջարդուեց, աղիտուեց հայութիւնը, եւ այդ` ո՛չ այն պատճառով, որ թշնամին զօրաւոր էր, այլ` որ մենք տկար էինք:

Օտար այլասերիչ միջավա՞յրը — դրա դէմ էլ կարելի է պաշտպանուել յաջողապէս, միայն թէ հին սերունդի հոգեւոր ցնցոտիների փոխարէն մեր նորահասին հագցնենք ցեղի ոգին ու զրահը:

Կեղծ եւ անզօր է ո՛չ միայն ամէն վարդապետութիւն, այլեւ` շարժում, ամրութիւն, որ ծնած չէ ոգուց:

Պարտուեց Մաժինօն, որովհետեւ դա տկարութեան ամրութիւն էր, որի մէջ, հին գալլերի անպարտելի ոգու փոխարէն, դրուած էր ռազմագիտական պաղ հաշիւ միայն:

Ահա՛ թէ ինչո՛ւ եմ ասում` դա՛րձ դէպի ցեղը, որ ենթադրում է ոգի եւ արիւն:

Ձեռքդ դի՛ր նախահայրերիդ հզօր աջի մէջ եւ դու պիտի զգաս, թէ ինչպէ՛ս ուժեղ է զարկում սիրտդ, զօրեղանում բազուկդ, պողպատանում կամքդ:

Ա՛յդ է ցեղանորոգման ճամբան:

Ցեղը — դա յաւիտենական քանդակագործն է, նոր սերունդը` կենդանի մարմարիոն նրա ձեռքում:

Ցեղը — դա ժողովրդի պոտենցիալ անմահութիւնն է, յաւիտենապէս հայկականը:

Դա ժողովրդի բնութեան անփոփոխ մասն է, սրա կենսաբանական անփոփոխ գոյութիւնը:

Դա միակ ապանեխիչն է ժողովրդի հոգեւոր կեանքի:

Օվիդիոսը մեր ցեղի ոյժը խորհրդանշած է վագրով: Իսկ «վագրը երբե՛ք մեռեալ չէ»: Հէնց այդ չմեռեալ վագրայի՛նն է մեր ցեղը, որի անունը, ըստ անգլիական պատմագիր Ֆինլէյնի, Բիւզանդիոնի մէջ հոմանիշ էր ազնուականութեան:

Ահա՛ թէ ինչո՛ւ եմ ասում` ցեղն ու ցեղակրօնութիւնը անհրաժեշտ են մեր նոր սերունդին ճիշտ այնպէս, ինչպէս կրակը` երկաթը ջրդեղելու համար:

Դա՛րձ դէպի ցեղակրօնութիւնը:

Կրօնը — դա ծնունդ է աստուածութեան ծարաւի մարդկային հոգու, ցեղակրօնութիւնը` հայրենիքի համար ամէն վայրկեան արիւնող հայկական սրտի:

Ցեղակրօնութիւնից պիտի ծնուի ցեղամարդը — օրուայ ազգերի կրթական իդէալը: Դա պիտի դառնայ նաե՛ւ մեր նոր սերունդի իդէալը:

Այրող ծարաւը համահայ սրտի տէր ամբողջական հայու — այդ, միայն այդ մեր նոր նորահասը կը վերածի ուժաստեղծ, որով եւ` վերանորոգչական մի փրկարար ազդակի:

Մե՛ծ են մեր ապրած օրերը, մեծ` իրենց վտանգներով ու ակնկալութիւններով:

Մե՛ծ է եւ պահանջը` իր մեծ պարտականութեանց ու վտանգներին ժպտալ գիտցող մի սերունդի:

Մենք նմանի ստեղծումը` ժամանակի ոգու եւ մեր ցեղային կարելիութեանց սահմաններում` համարում ենք ե՛ւ անհրաժեշտ, ե՛ւ հնարաւոր:

«Ռազմիկ», 1941թ., թիւ 5, 7

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով