ՄԵՐ ԴՈՒՌՆ ԵՆ ԲԱԽՈՒՄ
Փախչում է մեր նորահաս սերունդը գաղութահայ կեանքի հոգեւոր անապատէն, եւ ծարաւի` նա ովասիս է փնտռում Դաշնակցութեան ծոցի մէջ:
Սրբազան զայրոյթով նա փախչում է հայ կեանքի բոլոր տեսակի դպիրներէն ու փարիսեցիներէն — այն բոլորէն, որոնք իրենց յաւէտ մեղկ բնաւորութեան բերումով օտար ափերի վրայ շարունակում են տկարութիւն ցուցադրել եւ արհամարհանք շահել, որոնք պատռած սրբազան Եռագոյնը, հոգով հեռացած են Հայութեան մեծ ընտանիքէն, որոնց սրտի եւ տան մէջ տեղ չունին հայրենիքն ու հայրենասիրութիւնը, որոնք երջանիկ տգիտութեամբ, իբրեւ թէ կ’ուզեն տարագիր հայը հա՛յ պահել, բայց վատօրէն կ’ուրանան ցեղի Գողգոթան եւ նրա դատը արդարագոյն. նա փախչում է այն բոլորէն, որոնց անունը ու սեւ արարքները Հայոց Պատմութեան կողմից վաղը պիտի մատնանշուին որպէս ամօթը մեր օրերի:
— Ամենուրեք մեր դուռն է բախում երիտասարդութիւնը, որովհետեւ Դաշնակցութեան մէջ երիտասարդացուցիչ մի բան կայ — Ցեղի հզօր շունչը, որովհետեւ, իր հոգեբանութեամբ, ամէն մի երիտասարդ մի անանուն դաշնակցական է` բողբոջի մէջ. որովհետեւ Դաշնակցական ասել է` խանդավառ իդէալիզմի մարդ . իսկ այդպիսին մշտաջահել է հոգուով: Այո՛, ամէն դաշնակցական իբրեւ իդէալի մարդ, երիտասարդ է ինչպէս ամէն երիտասարդ` դաշնակցական:
— Մե՛զ է փնտռում երիտասարդութիւնը, որովհետեւ դաշնակցականութիւն ասել է` լրումը հայ կեանքի. որովհետեւ մեր շարքերում կեանքն աւելի՛ կեանք է, որովհետեւ մենք ապրել եւ ապրեցնել գիտենք բարձր կուսակցականութեան բովանդակ խորհրդաւորութիւնն ու բերկրանքը:
Մեր շարքերէն դուրս մեռեալ թիւ է կուսակցականը: Մեզ մօտ, ընդհակառակը, կուսակցականութիւնը ընդգրկում է անհատի ո՛ղջ կեանքը, բաւարարելով նրա սիրտն ու իմացականութիւնը: Եւ հենց այդ է պատճառը, որ մեր շարքերում անհատն զգալով յեղափոխական գործի սրբութիւնը, դողում է իր կոչման վեհութեան առջեւ:
Մեզնից դուրս, կուսակցականը դաստիարակւում է ասիական թայֆայականութեան նեղ պատերի մէջ. նա չի մտածում իր սեփական գլխով. նրա համար չէ խղճմտանքի անկախութիւնը. պարզ երամականութիւն է նրա կեանքը: Դաշնակցութիւնը, ընդհակառակը, պահանջում է կիրթ վերաբերմունք եւ բարոյական ստեղծագործ հաւատք: Մեզ մօտ կառուցւում է ներքին մարդը` նո՛ր էութեամբ:
Մեզ մօտ, ղեկավարել ասել է` ուսուցանել եւ ապա վարել խղճմտանքները: Սքոլաստիկներ չե՛նք, նաեւ նեղմիտ հատուածամոլ չենք: Մեր ընկերը միայն նա չէ, որ մտածում է մեզ պէս, այլեւ նա, որ գործում է յօգուտ մեր ժողովրդի, նա՛, որ մտածում է, զգում եւ գործում հայաբար:
— Ցեղային բարոյականով օծուն մեր շարքերում հայ բեռնակիրն ու մտաւորականը եղբայրներ են համացեղ:
Ցեղակիցների՛դ մէջ,- ասում ենք մենք,- տե՛ս քեզ եւ արձագանգի նրանց ցաւերին. դա ասել է` վերապրի՛ր ցեղիդ ողբերգութիւնը. աւելին` թող քո հաղորդութիւնը դառնայ ցեղիդ ճակատագիրը, նաեւ քո մկրտութի՛ւնը: Դա ասել է` քո սիրտը պէտք է պատասխանի ժողովրդիդ ամէն մի սրտազարկին .
— Երես դարձած Բահաղէն` դէպ մեզ է գալիս մեր ոգելից երիտասարդութիւնը, քանզի ցեղի խօսքն է մեր շրթունքներին, որ կը զրնգայ թուրի պէս. քանզի մեր գործը զոհողութեան շունչ ունի, մեր համոզմունքը` հրամայական մի զօրութիւն, մեր անունը` մի սաստող հեղինակութիւն:
Երիտասարդին յատուկ է երջանկութեան ձգտումը, եւ ահա՛ Դաշնակցութեան միջոցաւ նա հաղորդակցութեան է գալիս ցեղի հոգու հետ ` ընդարձակելով իր հոգեկան հորիզոնը, իր մտածողութեան եւ զգացողութեան շրջանը: Իսկ դա ասել է ճշմարիտ երջանկութիւն:
Երիտասարդ հասակին յատուկ է լաւագոյնի ձգտումը. եւ ահա՛ նա նետւում է Դաշնակցութեան գիրկը, որովհետեւ այդ վերջինը լաւագոյնն է , իմաստը մեր նորագոյն պատմութեան:
Երիտասարդին յատուկ է ինքնազօրութեան ծարաւը. իսկ ինքնազօրանալ կարելի է միայն մեր շարքերում: Որովհետեւ Դաշնակցութիւն, ասել է` անձնաւորեալ լուսակրութիւն, նահատակութիւն եւ հերոսականութիւն:
Այդ տարիքին յատուկ է սէրը պայքարի, եւ գիտէ նա, որ ազգերն ապրում են, քանի դեռ նրանց մէջ ապրում է երկու բան` պայքարի իմաստուն բնազդը եւ զոհաբերելու ներքին յօժարութիւնը, առաքինութիւններ, որոնց գերակշռօրէն տէր է Դաշնակցութիւնը:
— Մեր դուռն են բախում այն ամէնը, որոնք հայ հայրենիք են փնտռում «Մեր հայրենիքը» շրթունքներին, որոնց գոյութիւնը մի հատիկ խորհուրդ ունի` հայրենի՛ք, միակն ու անփոխարինելին, որի համար անհատն ու դասակարգը միջոցներ են միայն:
Մեր դուռն է բախում երիտասարդ Հայութիւնը, որովհետեւ նրա համար երկու անհանգստացուցիչ հարցեր կան, որոնց պատասխանը միայն մեր շարքերէն կարելի է լսել:
«Ի՞նչ, անպատի՞ժ պիտի մնայ թուրքը»:
«Արդեօք ի զո՞ւր պիտի անցնի մեր Գողգոթան» :
Չէ՛, չէ՛, մենք դեռ չենք մոռացել Թալէաթի շնական խօսքը` «Աքսորավայրն է` ոչնչութիւն»: Եւ այդ օրէն սկսած, աւելի քան արդար է մեր թշնամանքը թրքութեան դէմ. այդ օրէն դա մեր մէջ դառել է այն, ինչ որ էր Ժորդանօ Բրունոյի ատելութիւնը հրէութեան հանդէպ: Թո՛ւրքը, թո՛ւրքն էր «արժանի ոչնչացուելու իր աշխարհ գալէն առաջ» :
— Մե՛զ է փնտռում երիտասարդութիւնը, քանզի նա գիտէ, թէ փոխվրէժը բնախօսա-հոգեբանական մի սուր պահանջ է վերապրելու ձգտող ժողովուրդների մօտ. նա գիտէ, որ առանց յետադարձութիւն կոչուող աստուածային ակտ ին, ազգերի հասցրած սերունդները լինում են հոգեպէս տխեղծ, ցաւագար — ներքին մեծագոյն վտանգը ցեղերի գոյութեան համար:
Մեր շարքերն են թափւում հայկական իրրիդենտիզմի կուսակիցները, որովհետեւ մենք սպասում ենք վրէժի դատաստանին, եւ հաւատում որ մեր տառապանքէն հայկական նոր փոթորիկը պիտի պայթի, եւ որ այդ վերջինէն պիտի ծնին հսկաները հայ կամքի, վրէժխնդիրները` տիտա՛ն, զօրաւորները` մահացան գիտութիւններով սպառազէն:
Մենք սպասում ենք. պիտի յայտնուի՛ Հայ Գերմարդը եւ մոխրացնի հայասպան սուրն ու սուինը թրքութեան ձեռքի մէջ, ապրեցնելով նրան սարսափը հայ վրիժակէն: Սարսափը դիւական — դա՛ պէտք է դառնայ հանապազօրեայ պատիժը թալէաթածին ցեղի. դա՛, թուրքին դա՛ պէտք է դարձնի իր սեփական դահիճը ու զոհը միաժամանակ:
— Մե՛զ եւ Եռագոյնն է փնտռում երիտասարդութիւնը, որովհետեւ նա ուզում է, որ յանձին Դաշնակցութեան, Հայ արիութիւնը ջահել առիւծով խորհրդանշուի, երբ թրքականն այսօր այլաբանօրէն գայլով կը ներկայացուի: Երկիւղածօրէն նա Դաշնակցութեան հայրենաստեղծ ձեռքը ու Եռագոյնն է համբուրում, քանզի վաղուց է, ինչ մենք մեր նշանաբանն ենք դարձրել ծովակալ Մահուի խօսքը. «Օգուտ չունի թշնամին կրունկէն զարնել, զայն սրտէ՛ն հարուածելու է»:
— Այսպէ՛ս, ամենուրեք մեր դուռն են բախում, քանզի հերկելով ջահել հոգիները` մենք սերմանում ենք ապագայի համար, եւ բազմայոյս ենք, թէ վաղը մեր նորահաս սերունդը պիտի կարողանայ կրկնել հին թրակիացիների խօսքը իրենց ցեղի գոյութեան թշնամիներին.
— Ազատ ապրելու եւ պատուով մեռնելու համար` մենք երիտասարդութիւն, սիրտ եւ երկաթ ունինք:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!