ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 4

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ

III

ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ

«Ո՛չախոռըուր անասունները կ՛ուտեն եւ կը պառկեն՝ հայրենիք չէ»:

ԼԱՍԸՆԷ

Հայրենասիրութիւն – մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա: Սարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերագոյն առաքինութիւնն է ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ոյժի եւ մեծութեան: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մէջ, որքան փոքր է այդ ժողովուրդը եւ որքան ամբարիշտ են նրա հարեւանները: Եթէ այդպէս չէ ամենուրեք, այդպէս պիտ լինի:

***

Այդ նւիրական զգացումը զարգանում է աստիճանաբար:

Սկզբում՝ բնազդական, զարգանալով՝ նա դառնում է իմացական՝ ոգիանում է նա:

Առաջին դէպքում անհատը թելադրւում է, մղւում մի բնազդային զգացումից, երկրորդ դէպքում՝ նա գիտակցօրէ՚ն կատարում է մի պարտականութիւն:

Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցութեան եւ արժանապատւութեան զգացումի հետ, ընկնում՝ նրանց նիւթակրօնութեան, շռայլութեան, սեղմ ասած՝ նրանց բարքերի ապականութեան հետ, մեծապէս արագացնելով նրանց անկումը:

Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով:

***

Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին՝ առանցհոգու:

Դա մայրն է – իր նման փրկարար մի շարք առաքինութիւնների՝ գաղափարականութեան, անձնւիրութեան, արիութեան:

Դա պատերազմողի բարոյական ամրութիւնն է, կախարդական զրահը, անվրէպ զէնքը:

Հայրենասիրութեամբ հարուստ ժողովուրդը դէպքերի խաղալիքը չէ, այլ՝ նրանց հրամայողը:

Այդպիսին սովորական «նաւաբեկութիւններ»-ի ժամանակ չի զինաթափւում բարոյապէս: Վստահ իր բարոյական ոյժերին, նա շատ շուտ է ուղղում իր մէջքը՝ վերագրաւում իր նախկին դիրքերը, դրութիւնը:

Հայրենասիրութեան հետ բարձրանում են ազգերը, ընկնում՝ նրա հետ:

Փոքր ազգերը պարտադրօրէն աւելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ աւելի՛ քան բոլորը:

Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք:

Գարեգին Նժդեհ