ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 2

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ

I

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔԸ

«Մի զինուոր սպանում է Արքիմեդին»:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ժողովուրդների պատմութիւնն այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց յաղթութեանց եւ պարտութիւնների պատմութիւնը:

Պատերազմներն են օրօրել մարդկութեան մանկութիւնը եւ ոչ խաղաղութիւնը, որը բնական վիճակը չի եղել, այլ՝ պատերազմների կարճատեւ դադար միայն:

Աշխարհը կառավարում է հակամարտութեան օրէնքը: «Մի զինւոր սպանում է Արքիմեդին»:

Յաղթում է ուժեղը եւ ոչ արդարը:

Վա՜յ թոյլերին:

***

Բոլոր ժողովուրդները, լուսաւորեալ թէ վայրենի, ձգտում են արեւի տակ յարմար եւ կայուն մի տեղ գրաւել:

Նրանք զէնքի են դիմում երբեմն ռազմասիրութիւնից, երբեմն մրցակցութիւնից, երբեմն կոյր ատելութիւնից մղւած:

Պատերազմում են, երբ պէտք է նորանոր շուկաներ ձեռք բերել, ծովերի տէր դառնալ, երբ պէտք է ինքնապաշտպանւել կամ ապահովել այս կամ այն երկրի անկախութիւնը:

Քիչ անգամ չեն նրանց իրար դէմ հանում նաեւ ամենաանբնական եւ չնչին պատճառները, օրինակ՝ իրենց միապետների դինաստիական շահերը, նրանց հիւանդոտ փառասիրութիւնը, կրօնների եւ բարութեան մասին ունեցած ըմբռնումների տարբերութիւնը, եւլն.:

Պատերազմի համար են աշխատում եւրոպական իմպերեալիզմը, անգլիական ծովատիրութիւնը, ամերիկեան դոլարապաշտութիւնը, համիսլամականութիւնը, դեղին վտանգը, պանսլավիզմը եւլն.:

Պատերազմ է անվերջ, եւ եթէ երբեմն ժողովուրդները կռւադաշտում չեն, ապա նրանք զօրանոցներում են, ուր խելայեղօրէն պատրաստւում են նորանոր բաղխումների համար:

***

Չէզոքութեան են դիմում թոյլերը միայն, յաճախ բաժանելով պարտւածների ճակատագիրը: էապէս չկան չէզոքներ: Եթէ երկուսն այսօր բարեկամ են – նշանակում է թէ նրանք զինակցել են մի երրորդի դէմ:

Ամէն մի պատերազմ երկու նորերի պատճառ է դառնում, որովհետեւ չափւած կողմերից ոչ ոք է իրեն վերջնականապէս պարտւած կամ յաղթական համարում:

Եւ միշտ էլ պարտւած կողմը դեռ իր նահանջի ճանապարհին մշակում է իր փոխվրէժի ծրագիրը:

***

Մէկը յարձակւում է, միւսը՝ պաշտպանւում. այդ երկուսից ո՞րն է մեղաւոր:

– Եւ ոչ մէկը, իրաւունք ունեն երկուսն էլ, պատերազմն արդար է երկուսի համար էլ,- ասում է ֆրանսացին:

– Ես սիրում եմ թղթախաղում տանողին, ինչպէս եւ կռւում յաղթողին,-

ասում է անգլիացին:

– Եթէ մեզ համար օգտակար է, ուրեմն եւ կարելի է,- ասում է գերմանացին:

– Կամ բոլորի բարեկամը, կամ բոլորի թշնամին,- ասում է ամերիկացին: Եւ որովհետեւ հնարաւոր չէ բոլորի բարեկամը լինել, նա գործնականում մնում է բոլորի թշնամին:

***

Պատերազմի դէմ մարգարէական խանդով ու զայրոյթով խօսել են մարդկութեան ամենաընտիր ներկայացուցիչները, բայց եւ այնպէս նա շարունակում է պահել իր գոյութիւնը, հեգնելով իմաստասէրների ճշմարիտ խօսքը, սրանց ոսկի երազը:

«Գազանների խնճոյք», «ազգամիջեան սպանդ», «խելագար իրերակերութիւն», «մարդկութիւնը կրծող սեւ վէրք», «օրինականացած կողոպուտ», եւլն. – ահա՛ պատերազմն իր թշնամիների համար:

«Չէ՛,- ասել է անմահ Հիւգոն,- կեանքը չի կարող աշխատել մահւան համար: Սպանութիւնը մնում է սպանութիւն, միեւնոյն է թէ ի՞նչ ես կրում՝ ոճրագործի գլխա՞րկ, թէ՞ ֆրանսիական կայսեր թագը»:

«Չէ՛, չէ՛, նրանք բնաւ կիսաաստւածներ չեն, նրանք մարդ էլ չեն»,- աշխարհակալների մասին ասել է Ֆէնելոնը:

«Լուսաւոր ազգերը նման են որսկան շների: Մի անբարոյական բնազդ գրգռում է նրանց ոչնչացնելու իրար, առանց օգուտի եւ իմաստի»,- ասում է Անատոլ Ֆրանսը:

«Նա,- ասել է Լակտենցին,- որն սպանել է միայն մէկին, դատապարտւած է որպէս յանցագործ: Բայց մորթեցէք հազար հոգի, արիւնով հեղեղէք երկիրը, դիակներով վարակէ՚ք գետերը եւ ձեզ տեղ կը տան Ողիմպի վրայ…»:

***

Պատերազմն ունեցել է եւ ունի իր պաշտպանները, որոնց համար այդ մշտական չարիքը իր բնախօսական եւ բարոյական արդարացումն ունի:

– «Առանց պատերազմների աշխարհը կը վերածւի մի նիւթապաշտական ճահճի», – ասում են սրանք:

– «Պատերազմը – դա լաւերի յաղթանակն է»:

– «Առանց պատերազմների աշխարհը կ՛ընկնի մի վտանգաւոր քնախտի մէջ»:

– «Անբարոյականանում են անմարտունակ ազգերը», եւլն.:

Սրանք ժխտում են պատերազմների պատահական բնոյթը, համարելով վերջինը որոշ ճակատագրական օրէնքների ծնունդ, որպէս մարդկային բարեշրջման բուռն եւ խոշոր արտայայտութիւններից մէկը:

***

Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրերը, եւ, աւա՜ղ, խաղաղութեան, եղբայրութեան ու սիրոյ Ուսուցչի աստւածաշունչ խօսքը շարունակում է մնալ որպէս «ձայն բարբառոյ յանապատի»:

Երկու հակամարտ ոյժերի արնոտ պատմութիւնը – սրի եւ սիրոյ խօսքի պայքարը – երկու ոյժեր, որոնցից մէկը երազում է վերացնել սահմանները երկրների եւ ժողովուրդների միջից, իսկ միւսը յամառում է հաստատ պահել այդ սահմանները, ասել է եւ ազգամիջեան թշնամանքը՝ իր գոյութիւնը յաւերժացնելու համար: Եւ դեռ իշխում է վերջինը, դեռ ուժեղ ու յաղթական է վերջինը ու յոյս չկայ թէ մեր դարում սուրը կը վերածւի արօրի:

«Խաղաղութի՞ւն ես ուզում՝ պատրաստւիր կռւի» – այս է մնում օրւայ հրամայականը:

Եւ՝ կարծէք խաբուսիկ խաղաղութիւնից սարսափած՝ բոլորը, բոլորը պատրաստւում են, զինւում:

Եւ ոչ ոք է ապահով, որ վաղը աշխարհի վրայովվերստին չի անցնի պատերազմի գունատ ճիւաղը՝ արնոտ սուրը ձեռքին:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով