Գարեգին Նժդեհ

Գ. ՆԺԴԵՀԻ ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՃԱՌԸ ԼԵՈՊՈՎԻ ԴԱԳԱՂԻ ԱՌԱՋ

Լեոպո՛վ,

Դագաղիդ առջեւ կանգնած է գաղափարի եւ զէնքի ընկերդ:

— Խորտակուա՜ծ եմ մահուանդ իրողութեամբ: Խորտակուած եմ ու սրտաբեկ, բայց հեռո՛ւ ինձանից յեղափոխականին անվայել տկարութիւնը` ողբա՜լ քեզ, որովհետեւ հերոսներին չեն ողբում, այլ` հպարտանում, սքանչանում նրանցով:

Ուղիղ 33 տարի առաջ մեզ միացրեց մեր ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը:

Մեզ հաւաքեցին միեւնոյն գաղափարի շուրջը Հայաստանն ու Մակեդոնիան, եւ քո ու նմաններիդ շնորհիւ ես աւելի ջերմօրէն սիրեցի քո հայրենիքը, նրա դատը:

Տարիներ անցան: Ես վկայ եղայ քո հոգու վեհութեան — ստորերկրեայ աշխատանքի մէջ, տարագրանքի մէջ, ինչպէս եւ կեանքի խաղաղ պայմաններում:

Իբրեւ յեղափոխական խոր իմացականութեան եւ զօրաւոր խառնուածքի մարդ` դու գիտցար ազատագրական շարժման ու գործին վերաբերող բոլոր խնդիրներին մօտենալ մտածումի հերոսականութեամբ:

Արիութիւն ունէիր մտածումդ եւ խօսքդ հասցնել իրենց տրամաբանական վախճանին:

Գիտէիր արդարօրէն գնահատել մարդկանց, նրանց գործերը, նրանց հանրային նշանակութիւնը:

Քաջութիւն ունէիր ճշմարտութիւնը ասել օրուայ «հզօրներ»ին:

Իբրեւ յեղափոխական բարձր բարոյականի մարդ` եղար ահեղ ու աներկիւղ, քայլեցիր վտանգների ու մահուան դէմ եւ հանգոյն բիբլիական մարգարէների` մնացիր անողոք այն բոլորի հանդէպ, որոնք այս աշխարհում, անձնական շահը սկզբունք դարձրած, «ծախու են հանած իրենց սուրը», թիկունք դարձրած իդէալին եւ Աստուծոյ, ու ամէն ինչ կեանքում կապել մեռեալ նիւթի, նիւթապաշտութեան:

Ես քեզ տեսայ աքսորանքի մէջ — այդտեղ էլ դու չգիտցար, թէ ի՞նչ է տկարութիւնը, անյուսութիւնը, նահանջ, ընկրկում չունեցար գերագոյն պարտականութեան ճակատի վրայ:

Վերջապէս, հիացայ կեցուածքովդ լեգալ քաղաքացիութեան պայմաններում, ուր ճշմարիտ ստոիցիզմով կրեցիր անմարդկային զրկանքներ, եւ, այդ վիճակում, մտածելով միայն, միա՛յն ուրիշների մասին, յաճախ սրբազան զայրոյթի պոռթկումով ասացիր. «Չէ՛, այս երկրում նիւթական միջոցների չգոյութեան պատճառով ո՛չ ոք պիտի չմեռնի՛ քաղցից»:

Ո՛չ ոք, բայց այդ «ոչ ոք»-ը չվերաբերուեց քեզ, որովհետեւ ամէն ինչ տուած հայրենիքիդ, դո՛ւ, յեղափոխական ճգնաւոր, բարոյապէս ազատ չհամարեցիր քեզ` մտածել նաե՛ւ քո անձի մասին:

— Մի՛, մի՛ մարէք ոգին,- այսպէս, դեռ երէկ, իբրեւ յեղափոխական դաստիարակիչ այսպէս կը խօսէր երիտասարդ սերունդի ներկայացուցիչներին, նրանց քարոզելով ալէլուիականութիւն դէպի հայրենիքը:

Այսպէ՛ս, միշտ պատրաստ պարտականութեան ու վտանգի դիրքերի վրայ` իբրեւ մարդ եւ մարտիկ:

Այսպիսի՜ն էիր դու — փառապանծ ընկեր, որի կեցուածքի բաղդատմամբ ոչինչ են շատ թագակիրներ, եւ շատ ու շատ մեծահարուստներ անարժան կոխածդ հողը համբուրելու:

Դու է՜լ, դու էլ կարող էիր հարուստ լինել, բայց ապրեցիր աղքատ եւ մեռար մենաւոր, մեռար անշուք ու պաղ չորս պատերի մէջ, մեռար ինչպէս վայել է մեռնել հոգով մեծերին:

* * *

Լեապո՛վ — ecce homo — ահա՛ մարդը, որի բիւրեղ նկարագրով հիանալ կարող էր միայն նա, ով հոգեկան որոշ վեհութիւն ունի: Նա` «առիւծի եւ հրեշտակի հոգի կրող» Հայ եւ Մակեդոնական Յեղափոխութեան փաղանգի այդ զինուորը կարող էր բնութեան ուղղել գերման փիլիսոփայի խօսքերը. «Դու կարող ես ոչնչացնել իմ մարմինը, կարող ես ինձ սրբել երկրի երեսից, բայց իմ ոգու նկատմամբ դու ոչի՛նչ կարող ես անել»:

Ահա՛ Պրոմեթէեան այն գիտակցութիւնը` անսպառ աղբիւրը Լեապովի ներքին ոյժի, ուրախութեան եւ գաղափարային գինովութեան:

Նմանների՛ն, գերագոյն նուիրումի ընդունակների՛ն է միայն տրուած զգալ իրենց ոգու անմահութիւնը, եւ, հէնց սրբանում է նրանց բարոյական անկապտելի իշխանութիւնը այն ամէնի վրայ, որ ստոր է, անցողական ու եղծանելի մարդկային կեանքում:

Լեապովի կեանքն ու մահը — դա գերագոյն հաստատումն է մարդկային գոյութեան տրագիզմի օրէնքի:

Գիտէր գաղափարի մեր մեծ ընկերը, գիտէր, որ հերոսականութեան տրամաբանութիւնը հերոսի տառապանքն ու մահը վերածում է նրա ոգու յաղթանակի:

Նա, զոյգ ժողովուրդների վշտակիրը — որ այս աշխարհում մի հատիկ բարոյական մխիթարութիւն ճանաչեց` ի խնդիր ազատութեան տեղի ունեցող մահերի գեղեցկութիւնը: Նա ապրեց, տառապեց երկու հայրենիքների համար, ապրեց մարդկային ոգու անպարտելիութեան այն հրաշագործ զգացումով, որ տրւում է միայն այն ընտրեալներին, որոնք վճռաբար բաժանում են ճակատագիրը տառապող Պրոմեթէի — Աստծու:

Իսկ Աստուած — դա տառապում է մարդկային ամէն մի կաթիլ արցունքի, անազատ ազգերի ամէն մի հառաչանքի մէջ:

Լեապո՛վ, վեհասքա՛նչ ընկեր, մեռար` չապրած իրականացումը յիսնամեայ երազիդ:

Դեռ խաչերն են ցցուած մեր հայրենիքների թիկունքում — սրանում է քո եւ մեր ողբերգութիւնը:

Սակայն, դո՛ւ, քա՛ղցր ընկեր, դո՛ւ, որ Յիսուսեան նուիրումն ու տառապանքը կրեցիր իբրեւ միակ առանձնաշնորհութիւն — դու աշխատեցիր, դեգերեցիր ու մեռար այն հաւատով, որ վաղ թէ ուշ յաղթանակում է Մեծ Նպատակը: Սրանում է քո հոգու վեհութիւնը, որ թողիր գալոց սերունդներին իբրեւ անարծաթ կտակ:

Խաղաղութի՜ւն աճիւններիդ:

* * *

Մեկնո՛ւմ ես — յաւիտենականի դրան քեզ սպասում է Վիտոշի շանթերի վարպետ Քրիստափորը մեր:

Ասա՛ նրան, որ իր ճամբով ընթացողները լեգէոն են: Ասա՛, որ այլեւս լսւում է դղրդիւնը մօտեցող արդար ու մեծ օրուայ քայլերի, որ շուտով ազատն Մասիսն ու Վիտոշը եղբայրօրէն կ՚ողջունեն իրար: Այդ օրը, Լեապո՛վ, հայ յեղափոխականները իրենց հետ կը տանեն մի բուռ հող` քո գերեզմանէն, եւ կը ցրեն հայոց լեռներում, որ անմեռ հոգիդ ժպտի նաե՛ւ մեր երկնքի տակ:

«Ռազմիկ», 1941թ., թիւ 9