ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ 8

ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ )

Մաս 8

(1920 թ․ հոկտեմբեր 18 — 31)

Ղարս, 18 հոկտեմբերի

Սեպուհին զորամաս տալու անորոշությունը մեզ ևս տարտամ դրության էր մատնել: Շտաբը չի գործում, ամեն բան խառնվել է իրար: 14-ի անհաջողության հետևանքով այսօր Ղարս ժամանեց Հայաստանի Բանակի ընդհանուր հրամանատար Նազարբեկյանը, որը Սիլիկյանի ու նրա շտաբի մի քանի սպաների հետ շրջելու է մեր ամբողջ ճակատը: Նրա ներկայությունը շատ է կարևոր: Նա հանրածանոթ է մեր դարավոր թշնամուն, ու որից ջարդ են կերել դեռ 1914 թվին:

Նազարբեկյանի հետ եկել էր զորական նախարար Ռուբեն Տեր Մինասյանը, որտեղից նա կարևոր գաղտնի նպատակներով մեկնել է Թիֆլիս կարճ ժամանակով: Արժանահիշատակ աղբյուրներից տեղեկացա, որ նա վրացիների հետ դաշն կռելու է գնացել:

Երևանում սովետականների հետ մեր բանակցությունները այնքան էլ հաջող չեն ընդհանում: Նրանք մեզանից տրանզիտ են ուզում Հայաստանի վրայով կապվելու քեմալիստների հետ: Նույնը առաջարկել են վրացիներին, որով մեր և նրանց քաղաքական նպատակները և շահերը զուգադիպում են իրար և զինվորական դաշն կռելու գործը հեշտանում է և հրամայական պահանջ է դառնում:

Եվ իսկապես շատ սխալ արած կլինեն թե մեր և թե վրացի ժողովրդի ճակատագիր կռող քաղաքագետները, եթե իրար մեծ զիջումներ չանեն և ամեն կերպ չջանան այդ դաշինքը գլուխ բերել:

Էլ ո՞ր օրվան են սպասում: Բոլշևիկ-իսլամական վտանգը հավասարապես սպառնում է երկու հարևան հանրապետությունների գոյությանն ու անկախությանը:

Նազարբեկյանի Ղարս գալը, մասնավորապես Սեպուհի և կառավարության միջև ծագած միջադեպը հարթելու տեսակետից մեծ նշանակություն ունի: Նա վերջնականապես լուծելու է այդ անախորժությունը: Հավանաբար դրականապես:

20 հոկտեմբերի

Ուրախությամբ եմ արձանագրում, որ հաջող կերպով լուծվել է Սեպուհի գործը: Նա տեսնվել է Նազարբեկյանի հետ և ամեն բան բացատրել: Վերջինս Սեպուհի և նրա ռազմական տեսակետների հետ լիապես համաձայն է եղել և ավելացրել է, որ ինքն էլ է հակառակ եղել այդպես շտապ հարձակման դիմելու, բայց նախարարների մի քանիսի ստիպմամբ և խորհրդով կատարել է այդ ռազմական վիժվածքը:

Սեպուհը նշանակվում է Մերտենեկի զորամասի հրամանատար և նրան վստահված է մոտ չորս հազար, որոնցից միայն կեսն է կանոնավոր, իսկ մյուս կեսը կամավոր զինվորներ են Սմբատի ղեկավարությամբ: Այսօր Սեպուհը հրամայեց տեղակալ Ամիրյանին և ավագ համհարզ Թամրազյանին պատրաստություններ տեսնել և կազմել դաշտային շտաբ, վաղը անհապաղ ռազմաբեմ ելնելու համար:

Գրագրի պաշտոնով էլ ես պիտի գնամ, մի բան որ իմ լիակատար ցանկությունն է:

Ի՞նչ ունեմ, որ պատրաստություն տեսնեմ. ես եմ ու իմ զինվորական պայուսակը: Ուզած ժամանակ կարող եմ ճանապարհ ընկնել:

21 հոկտեմբերի, Պրոխլադնոյե

Հրամանատարի կարգադրությամբ նրա նախկին ձին հատկացվեց ինձ Ռատինովկա գնալու համար: Ծաղիկյանի ձիավոր հարյուրակից երկու խոտորջուրցի զինվոր գործով ետ մնացին, որոնց հետ կեսօրից հետո ճամփա պիտի ընկնենք: Անսպասելի կերպով Թամրազյանը հրաժարվում է գնալ և այդ բանը պատճառաբանվում է նրանով, որ իրեն լավ ձի չի տրվում: Սակայն պատճառները ուրիշ են: Նա իրեն վիրավորված է զգում, որ հրամանատարը հարկ եղածին չափ կարևորություն չի տալիս նրան:

Այսօր երեկոյան ժամը չորսին ապահով հասանք Պրոխլադնոյե մոլոկանի գյուղը, որտեղ պիտի հանգստանանք, որպեսզի առավոտ ճամփա ընկնենք և առանց ձիերը հոգնեցնելու հասնենք մեր նշանակված տեղը: Կես ճամփին հրամանատարը և դաշտային շտաբի պետ Ամիրյանը հանդիպեցին մեզ, որոնք Ռատինովկա էին գնում:

Եղանակը խոնավ է ու անձրևային, իսկ մենք հանգստանում ենք մի մոլոկանի պարպած տանը, ուր զետեղված է սանիտարական ճյուղը:

Առայժմ այստեղ միայն երկու ֆելդշերներ կան, որոնք մեզ լավ ընդունեցին, և մեր ծախսով փառավոր ընթրիք արինք ու պառկեցինք հատակին փռված խոտերի վրա: Առավոտյան մեկնելու ենք այստեղից:

22 հոկտեմբերի, Ռատինովկա

Հասանք առաջավոր դիրքերը և իջևանեցինք Ռատինովկա մոլոկանի գյուղը, որ թշնամուց 4 վերստ հեռավորության վրա է: Մենք հակառակորդից բաժանվում ենք բլուրների կարճ շղթայով: Նրանց դիրքերը իշխող են և հարմարավետ: Ինձ հետ երբեք չէր պատահել, որ այսքան մոտ լինեի թշնամուն:

Ամեն բան դեռ նոր է կանոնավորվում. շտաբի համար հարմար շենք դեռ չի ճարվել, հրամանատարը զետեղված է մի փոքրիկ սենյակում, ուր և լինում է գրագրություն: Նրա ննջարանին կից մի նեղ սենյակում հաստատված է հեռագրաթելի ապարատը, իսկ մյուս կեսում աղյուսե վառարանի կտուրում ապրւմ է տանտիրուհի պառավ մոլոկանը իր փոքրիկ թոռան հետ: Մեր հեռագրատան ծառայողները ընդհանուր առմամբ խոսում են ռուսերեն, գրությունների մեծ մասը նույն լեզվով է կատարվում և օ՜ , զարմանք, մոլոկան ընտանիքը նստած այստեղ լսում է ամեն բան, և այդ ժամանակ, երբ թշնամին չորս վերստի վրա է, և մոլոկան դավադիր տարրը օրեցօր սպասում է նրանց գալուն: Նրանք հրաշալի կերպով կարող են լրտեսել, մեր ուժերը և լեռներին, ճանապարհին քաջածանոթ լինելով՝ ամեն բան հաղորդել մեր թշնամուն: Սակայն ինչպես երևում է, դա ժամանակավոր բան է, բայց ինչ էլ որ լինի, այդպես էլ պետք է լիներ թեկուզ մի վայրկյան:

Հրամանատարի գալուց հետո այդ բոլորը կարգադրվեց մի քանի ժամվա մեջ: Մոլական համայնքների վերաբերմունքը դեպի մեր Հանրապետությունը ամենուրեք խիստ թշնամական է, բարեբախտաբար ռազմիկ ժողովուրդ չլինելով, լուրջ վտանգ կամ վախ չեն կարող ազդել մեզ՝ թիկունքի անապահովության տեսակետից:

Սեպուհի այս ճակատի հրամանատար նշանակվելու առթիվ զինվորների և սպաների մեջ եռ ու զեռ, կենդանություն և վստահություն է նկատվում: Բոլորի տրամադրությունը բարձր է, և ամեն ոք իրեն այլևս ապահով է զգում:

Նոր տուն բռնագրավվեց՝ երկու մեծ և մի փոքր սենյակներից բաղկացած: Վերջինը ծառայում է որպես հրամանատարի կայան և ննջարան: Նրան անմիջապես կից սենյակը, որը միաժամանակ ծառայում է շտաբի աշխատողների ննջարան, զետեղված է շտաբի գրասենյակը, իսկ մյուսում զետեղված են հեռախոսները, ուր և ապրում են հեռախոսիչները: Հեռախոսի ապարատները զետեղված են փողոցի վրա նայող պատուհանի մոտ, որտեղից փողոցում լսվում էր հաղորդագրությունները: Սակայն հրամանատարի կարգադրությամբ ապարատները հաստատվեցին սենյակի մյուս անկյունը, որտեղից ավելի հարմար է՝ և ռազմական գաղտնի կարգադրությունները, և հաղորդագրությունները անհասանելի են մնում կողմնակի զինվորականների ու անձերի համար:

Շտաբում ծառայող զինվորականները այսօր գործերը վերջնապես բաժանեցին՝ շտաբի պետ նշանակվեց երբեմնի թուրքական և այժմ հայկական զինվորական դասընթացների ուսանող փոխտեղակալ Մկրտիչ Մկրյանը, տնտեսական և դատաստանական մասը վերցրեց տեղակալ Գրիգոր Ամիրյանը, իսկ զորաշարժականը մնաց ավագ համհարզ վարատար Մուշեղ Թամրազյանին: Իսկ ավագ գրագրի պաշտոն հանձնվեց շտաբի փորձառու գրագիր Վահան Բիբարյան անունով մի կարճահասակ երիտասարդի, որ ռուսաց բանակումն էլ նույն պաշտոնն էր կատարում: Նա ունի մի Բաբերդցի Նորիկ զինվոր օգնական, իսկ ես միմիայն զբաղված եմ օրագիր գրելով և ազատ ժամերին երբեմն էլ գրագրություններ եմ անում, որով գործին շատ մեծ օգնություն չեմ բերում:

Ստեփան Ծաղիկյանը նունպես այստեղ է իր ձիավոր հարյուրակով, որի ձիավորների թիվը իջել է մինչև 24-ի, բայց դեռ «ձիավոր հարյուրակ» անունը մնացել է այդ խմբի վրա: Նա ամեն կերպ աշխատում է ձիավորների թիվը հասցնել էլի հարյուրի: Տեսնենք այդ կհաջողվի նրան, թե՝ ոչ: Մինչև օրս մեր զորամասի ճակատում հանգիստ է: Բացի հետախույզների թեթև ընդհարումներից, որ սովորական երևույթ է դարձել պատերազմի միջոցին:

23 հոկտեմբերի, Ռատինովկա

Մեր և թշնամու բռնած դիրքերի և ուժերի դասավորումը հետևյալ պատկերն է ներկայացնում:

Թշնամին բռնում է Դեմուր-Կափե գյուղ-Կայնըխ սար-Կորանդաղ Կսարաբա-Ալթան Բուլաղ գյուղ և Շաքի սար գիծը մինչև Կափար-Թափե սարի ստորոտը: Նրա ուժերն են մոտավորապես կանոնավոր մի հետևակ գունդ, 500 ձիավոր, 2 թնդանոթ և տեղական անկանոն ուժեր: Մերտենեկի զորամասի պարտականությունն է՝ ապահովել Ղարսի զորամասի աջ թևը: Մեր ձախ թևում՝ Սամավաթ գյուղում գտնվում է մանևրային պահեստի ուժը, իսկ աջ թևում՝ վրացական մասերը Գեոլաբերդ գյուղում: Մեր զորամասի աջ ռազմագիծը պահում է Սմբատի 700 հետևակ և ձիավոր կամավորական զորասյունը, որի պարտականությունն է բռնել Խաս-Քէոյ գյուղ ներառյալ Բիշլիք և Մուզալ գյուղերի արևմտյան բարձունքները: Ձախ ռազմագիծը բռնում է ութերորդ գնդի հրամանատար Բաղդասարյանը, որն ունի չորս գումարտակ, 10 գնդացիր, մի ձիավոր խումբ և չորս թնդանոթ: Բաղդասարյանին խնդիր է դրված բռնել 1050.60 բարձրությունից անմիջապես հարավ-արևելք գտնվող Եայլա-Ներասքալ 1112.5 բարձրության Կարա-Թաուխ գյուղը, Չուլլու գյուղ և Ալթան-Բուլագ գիծը ներառյալ, և կատարվող անընդհատ հետախուզումներ Դեմուր-Կափեի, Կայնըխ սարի, Կոյքոն Դաղի և Կոնդուկսու ու Շաքի գյուղերի ուղղություններով և հարմար առիթին ջարդել թշնամուն:

Պահեստի և հանգստացող ուժերը գնդապետ Սըրմաքեշյանի ղեկավարությամբ 4 թնդանոթով և 35 ձիավորով մնում է թիկունքը:

24 հոկտեմբերի

Այսօր հրամանատարը երկու քուրդ հետախույզ ուղարկեց թշնամու թիկունքը: Երկուսն էլ տեղացի ծերուկներ են: Նրանց ընտանիքը պատանդ է մեզ մոտ, որպեսզի նրանց վրա դրված պարտականությունները ճշտությամբ կատարվեն: Նրանց հանձնվեց «Մուսավաթ» կուսակցության կոչերի մի կապոց և թուրքերեն լեզվով գրած մի նամակ քուրդ բեկի, որ այժմ մեր դեմ կռվում է:

Հրամանատարը այն միտքն է հայտնում նամակում, որ քուրդ բեկը իր աշիրաթով վերադառնա և բնակվի Հայաստան, առանց վախենալու պատժից: Նրանք խաղաղ և հանգիստ կարող են ապրել ինչպես ապրում էին առաջ, քանի դեռ մոլորության մեջ չէին ընկել: Վերջերս, ամեն մի զորաշարժական տեղեկությունից հետո նախազգուշացնում են հրամանատարին, որ նա արթուն և զգաստ լինի իր ճակատի վրա և թշնամական հարձակման դեպքում արժանի պատասխան տա:

Կատաղի կռիվներ են տեղի ունենում Սուրմալուի շրջանում: Թշնամին Իգդիրի ճակատից ուզում է պատռել մեր շղթան և շարժվել Երևանի վրա: Նրան հաջողվել է գրավել Իգդիրի շրջանի համարյա բոլոր գյուղերը: Մերոնք տեղի են տալիս նրանց գերազանց ուժերի առաջ: Մեր զորամասերը նույն Ճնշման տակ են նաև Էջմիածնի, Ղարս-Սարիղամիշ ճակատի և Կաղզվանի ուղղության վրա:

27 հոկտեմբերի

Մերտենեկի մեր զորամասը թնդանոթաձգության բռնվեց թշնամու հետ: Այս ճակատում մինչև այսօր սովորական հետախուզություններ և թեթև ընդհարումներ էին: Ամսի 26-ին Իգդիրի ճակատում մեր զորասյունը Դրոյի ղեկավարությամբ ետ է գրավել այն բոլոր գյուղերը, որոնք խլված էին թշնամու կողմից 24-ին: Թուրքերը այստեղ կատարյալ պարտություն են կրել: Նրանք այժմ ձգտում են շարժվել Սարդարապատի վրա և Ալեքպոլ- Ղարս երկաթուղագիծը ձեռք ձգելու դիտավորությամբ և մեր զորքերի կռնակն անցնելու պարզ նկատառումով: Մեր թիկունքն անցնող տաճկական զորամասը ղեկավարում է Խալիլ-Բեյը: Նրանք արդեն բավական առաջանալով գրավել են Ազատ և մի շարք ռազմական նշանակություն ունեցող կետերը:

Մեր հրամանատարությունը մեզ շրջապատող թշնամուն երևան է հանել այն ժամանակ, երբ վերջինս հասել է Ալեքպոլ տանող երկաթգծից երեք չորս վերստի վրա: Հանդուգն թշնամու այդ համարձակ քայլը՝ առաջխաղացությունը կանգնեցնելու համար նրա դեմ ուղարկվել է պահեստի մի պատկառելի ուժ գնդապետ Մազմանյանի հրամանատարությամբ: Վաղը մեր ուժերը շոշափման մեջ կմտնեն մեր թիկունքը անցնող թշնամու հետ՝ վճռական ջարդ տալով նրան:

Հենց հիմա Ղարսից հեռախոսով հայտնեցին մեզ, որ հաղորդակցությունը Ալեքպոլի հետ խզված է: Զարմանալի բան. մի՞թե թշնամին կարողացել է արդեն կտրել երկաթուղագիծը և հեռագրաթելերը: Պարզ երևում է, որ թշնամին ձգտում է Ղարսի-Ալեքպոլի մեջտեղից կտրել մեր թշնամու ( հավանաբար՝ թշնամու բառն ավելորդ է -խմբ.) հավանական նահանջի ճանապարհը և միանալ Զարուշատի և Աղբաբայի մուսուլմանության հետ:

28 հոկտեմբերի

Այսօր ցերեկվա ժամը 12-ից սկսած բովանդակ ճակատի վրա կատաղի կռիվներ են: Սամավաթի ուղղությամբ թնդանոթամարտ է. նույնն է և մեր ճակատում: Թշնամու շարժումներից պարզվում է, որ նա պատրաստվում է հարձակման դիմելու: Սակայն դեռ որոշ ոչինչ հայտնի չէ, ոչինչ չի կարելի եզրակացնել մինչև զորաշարժական տեղեկություն չստանանք: Թնդանոթամարտը դադարեց ցերեկվա ժամը երկուսին, իսկ երեկոյան պաշտոնական հաղորդագրություն ստացանք 5-ին, որի բովանդակությունը անմխիթարական է: Թշնամին մեզ հանել է մեր դիրքերից Սարիղամիշի, Սամավաթի և Անիի ուղղություններով ու սպառնում է Ղարսին: Արդեն ծրագրված է կռիվներ մղել բերդաքաղաքի պարիսպների տակ: Գնդապետ Իշխանյանի գունդը Սամավաթից նահանջել է Պրոխլադնոյե գյուղը, որով մեր դրությունը վտանգվում է:

Մեզ նախազգուշացրին նահանջի պատրաստվելու: Ճիշտ պատասխան կտրվի 8-ին. կմատնանշվի մեր նոր դիրքերը, որ պիտի բռնենք: Շտաբում բոլորս էլ ոտքի վրա ենք՝ սպասողական դրության մեջ: Ժամը 8-ը անց է արդեն, բայց Ղարսից կարգադրություն չունենք: Ահա հրամանատարին կանչեցին հեռախոսի մոտ: Հարևան սենյակից լսվում է կցկտուր, բայց կարևոր խոսակցություն: Ինչպես երևում է մի քանի խոսքից, այս գիշեր նահանջելու ենք:

Մազրա կայարանի գրավումը չճշտվեց, թեև կարծում էին, որ Ալեքպոլի և Ղարսի միջև կապը կտրվելու պատճառը այդ էր: Այդ ուղղության վրա կտրված մի քանի հեռագրասյուները վերականգնված են, ինչպես նաև շինված է երկաթուղագծի քանդված կամուրջը՝ մեր զրահապատի կողմից: Զրահապատը կապ է պահպանում Ալեքպոլի և Ղարսի միջև: Դրությունը ճգնաժամային է, բայց բոլորովին անհուսալի չէ:

28 հոկտեմբերի

Այս գիշեր նահանջի հրաման տրվեց: Ցուցմունքներ ստացանք նաև մեր բռնելիք դիրքերի մասին: Մինչև Օզերո հետ պիտի քաշվենք՝ բռնելով նրանից հյուսիս բարձրունքները: Շտաբը պիտի տեղափոխվի Մալայա Վարանցովկա և Ջլաուզայից Վարանցովկա ճանապարհների հավասար հեռավորության վրա և այստեղից հեշտ է ղեկավարել թե կռիվները և թե կապ պահպանել, և թե մատակարարել զորամասերը պարենով և ռազմամթերքով: Սմբատի կամավորական զորամասի պարտականությունն է հսկել Աղբաբա-Զարուշատ տանող ճանապարհները և պաշտպանել մեր աջ թևը:

Մեզ համար տխուր գիշեր է, մեր սրտից արյուն է կաթում, և առանց թշնամու կողմից ուժեղ ճնշում լինելու Մերտենեկի զորամասը պարտված է առանց մի գնդակ արձակելու. թողել է իր դիրքերը և ետ քաշվել 15 վերստ: Ուղիղ 10 օր է որ այստեղ եմ, բայց ոչ մի գիշեր այսպես լուսնկա և պարզ չէ եղել: Լուսինը հավասարապես լուսավորում է մեր նահանջող բանակի և առաջ խաղացող թշնամու ճամփան: Գյուղում կենդանություն է տիրում: Պահեստները հապճեպորեն դատարկվում են, զինվորները արագորեն շարժվում են այս ու այն կողմ: Կենդանություն է տիրում նաև շտաբում. լրաբեր ձիավորներ են գալիս ու գնում կարևոր հանձնարարություններով: Հրանատարը իր շտաբի սպաների հետ պատրաստություններ է տեսնում նահանջելու: Փոխգնդապետ Բաղդասարյանի խումբը դեռ առաջավոր դիրքերումն է: Նա իր գնդով ամենից ուշ պիտի թողնի դիրքերը և արիերգարդի դեր պիտի կատարի: Ձի չլինելու պատճառով ինձ վիճակվեց կառքով նահանջել մեր զորամասի բժիշկ Ավդալյանի հետ, որ բարի, առաքինի, բայց վախկոտի մեկն է: Մոլոկանները հրճվում են մեր անակնկալ նահանջի առիթով: Հակառակի պես այս գիշեր պարզ է և լուսնկա: Գիշերվա ժամը 3-ին հասանք Օզերո կոչված կայանը, որ իր անունը առնում է իր քով գտնվող լճակով:

Այստեղ իրարանցումը ավելի մեծ է, և որքան դեպի ետ ենք գալիս, այնքան խուճապը զգալի է և ծանր: Սեպուհին հրամայված է նոր դիրքեր բռնել Օզերոյի բարձրունքներում, իսկ շտաբը տեղափոխել Տրոցկի: Կեսօրին հասանք Պրոխլադնոյե գյուղը, ուր քշված են մեր զորամասերը և որտեղ գտնվում է զորավար Հովսեփյանի շտաբը:

Այստեղ է և 7-րդ քաջարի գունդը, որ իր համարձակ կռիվներով Սամավաթում համարյա կեսն է մնացել: Գնդապետ Իշխանյանը շատ հոգնած դեմք ուներ: Նա միայն մի քանի խոսք փոխանակեց ինձ հետ և ապա շարունակեց իր գործերը: Նա 48 ժամ կոպ-կոպի չէր տվել և էլի կարիք չեր զգում քնելու: Մեր կառքով Տրոցկի հասանք, ուր գտանք մեր շտաբը տեղավորված մի մեծ և բավական մաքուր տան մեջ (ընդհանրապես մոլոկանները մաքուր են ապրում):

30 հոկտեմբերի

Երկու օր է, որ թնդանոթների որոտը մեզ ջղայնացրել է: Ղարսը դիմադրում է: Իրիկվանից մեր բոլոր դաշտային զորքերը կռվով նահանջել են Բերդը: Լուրեր են հասնում, որ թշնամին կտրել է Մազրայի գիծը, որով ոչ միայն պաշարել է Ղարսի մեր զորքը, այլև փակել է մեր զորամասի նահանջի ճամփան:

Այսօր ցերեկվա ժամը 12-ին թուրքերը խուժել են բերդաքաղաք: Քաղաքի առումը հանկարծակի է եղել, որով և անհնար է եղել դուրս գալու մեր շտաբների ծառայողներին, ժողովրդի մեծ մասին և օ՜, խայտառակություն, այնտեղ են մնացել նաև Ղարսի ճակատի ընդհանուր շտաբի պետ գնդապետ Վեքիլով, խնամատարության նախարար Բաբալյան, զինվորական նախկին նախարար զորավար Արարատյան և զորավար Փիրումյան և ուրիշ շատ ու շատ զինվորականներ ու հասարակական գործիչներ: Բոլոր որբանոցները նույնությամբ մնացել են ամերիկյան ծածանվող դրոշակի տակ:

Ծրագրված է այսօր երեկոյան ժամը 8-ին դարձյալ նահանջել: Մեր զորամասին հրամայված է Աղբաբայով անցնել, իսկ գեներալ Հովսեփյանը իր զորամասով պիտի նահանջի խճուղով դեպի Ալեքպոլ:

Ղարսի առման մասին ճիշտ մանրամասնություններ չկան: Եկողները ահաբեկված տալիս են հակասական տեղեկություններ, բայց մի բան պարզ է, որ այդ պոռնիկ բերդաքաղաքը չի կարողացել դիմանալ նույնիսկ մի քանի ժամ: Մեր կորուստները հսկայական են. ահագին գերիներ են մնացել, առանձնապես տուժել է հինգերորդ գունդը, որի մեծագույն մասը ջարդվել է թշնամու կողմից:

Այս գիշեր ժամը 10-ին հասանք Ղարսաչայի կամրջի մոտ, որտեղից Ալեքպոլի խճուղին բաժանվում է Աղբաբա տանող ճամփից: Զինվորները խառնված գաղթողների հոծ բազմությանը, ուզում են փախչել: Բայց չորրորդ Բրիգադայի զինվորա-ոստիկանական առաջապահ վաշտը վարատար Ավետիսյանի ղեկավարությամբ կանգնած է կամրջի մոտ և թույլ չի տալիս, որ ամբոխ դարձած զինվորները փախչեն: Այստեղ կատարվում է զտումն: Զինվորները խումբ-խումբ կանգնած վիճում են մթության մեջ և դժգոհ են, որ իրենց ուզում են Աղբաբայով տանել ¹: Բայց հրամայված է այդպես նահանջել և այդպես էլ պետք է լինի, որովհետև, եթե մի զորասյունը հոծ իսլամներով բնակվող Աղբաբայով չանցնի, նրանք կարող են մեր նահանջի ճանապարհները բռնել և երկու կրակի մեջ առնել մեր հետնապահ զորամասերը:

Վերջապես, մի քանի ժամ սպասելուց հետո, շարժվեցինք առաջ և կեսգիշերին ապահով հասանք Օշանկա մոլոկան մեծ գյուղը, ուր հանգստացանք մենք՝ ձիավորներս, իսկ աբոզը կանգ չառնելով առաջ շարժվեց: Մոլոկանները, վախենալով թալանվելուց, իրենց ամբողջ անասունները դուրս են բերել դաշտ: Ճանապարհին հանդիպած կովերն ու եզներն քշում են մեր զինվորները, որպես մսացու, իսկ պատահած ձիերը հեծնում են, չնայած, որ ձիերի առաջին երկու ոտքերը նեղ շղթայով կապված են իրար: Փախչող սրիկա զինվորները, շղթաները հանելու գործիք չունենալով, քարերով են կոտրում և այնպես բաց անում:

31 հոկտեմբերի, Կիզիլ-Չախչախ

Ապահով կերպով հասանք հայկական այս կեղտոտ, դատարկված և մռայլ գյուղը, որ երկաթուղագծին մոտ է: Ցերեկով մենք Կարաուրգանի կիրճով անցնելիս, Բաշքադիկլարի կողմից լսվում էր սարսափելի թնդանոթաձգություն և գնդացրային ուժեղ կրակ և այնքան մոտիկ, որ թվում էր, թե թշնամին կտրել է մեր և մյուս զորամասերի նահանջի ճամփան: Նախքան Կարաուրգանի ձորով անցնելը, որտեղից հոսում է Ղարսաչայը, հարկ եղավ ձիավորներ ուղարկել մեր դիմացի իշխող բարձրունքը բռնելու: Հետախուզությունը հաջող անցավ, ապա ուղարկվեց հարյուր զինվոր դիրքերը ուժեղացնելու, որոնց մեջ էի և ես: Այստեղ ես հոգեկան մեծ ապրումներ ունեցա, որ չեմ կարող հիմա գրի առնել: Երբ բարձրացանք մեր 15 ձիավորների կողմից բռնած բլրաշարքերը, ականատես եղանք մեր զրահապատ գնացքի և մի փոքրիկ զորամասի կռվին: Բաշքատիկլար կայարանում թշնամին խոշոր ուժերով ճգնում էր պատռել մերոնց շղթան և հարձակվել մեզ վրա, բայց նրա կատաղի հարձակումները ետ էին մղվում զրահապատի կողմից: Վերջում թշնամուն հաջողվեց գրավել կայարանը, բայց հենց որ զրահապատը հասավ նրանց, դուրս շպրտեց այնտեղից, և թշնամին սկսեց նահանջել: Կռիվը տևեց մինչև մութն ընկնելը, երբ Սեպուհի զորամասն ու աբոզը հաջողությամբ դուրս եկան Աղբաբայի դաշտով: Ցեխի և խճուղու անկանոնության պատճառով, թեև բավական ռազմամթերք թափեցինք, բայց մարդկային կորուստներ քիչ եղան: Այս գիշեր հրաման ստացվեց զորավար Սիլիկյանից, որ մեր զորամասով անցնենք Փիրվալի, Կիզիլ-Չախչախի ճակատը հանձնելով զորավար Հովսեփյանի պաշտպանության:

Դասալքությունը սարսափելի չափերի է հասնում: Գիշերները զինվորները հարյուրներով են փախչում: Զորքի բարոյական կորովը բավականին ընկած է. զորավարներից սկսած մինչև հասարակ զինվորը ոչ միայն դիմադրելու, առաջխաղալու հույս չունեն, այլև հավատացած են, որ այլևս ամեն բան վերջացել է: Բաբելոնյան խառնակություն է տիրում: Մեր բանակը չի կռվում և օր առաջ շտապում է տուն հասնել, որպեսզի թշնամուն չպատահի:

 

1) այս ուղղությունը տանում է Ալեքպոլից դեպի հյուսիս և Ջավախք երևի նահանջն այնուհետև հասել է մինչև Ջավախք, որտեղից տողերի հեղինակը կամ մեկ ուրիշը օրագիրը հասցրել են Ախալցխա, որտեղ և այն հայտնաբերվել է 1956-57 թ.թ. -Գ.Ռ.

Շարունակել Կարդալ՝ Մաս 9

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով