Փա՜ռք յաղթուածներին
Գրեց՝ Ա․ Ահարոնեան
Մայիս 1918
Այս խոհուն գիշերի մենութեանս մէջ, երբ մեր չորս կողմում անքուն դաւն է յորանջում և մեր հորիզոնի վրայ սև ամպերն են կուտակւում, ես երկիւղած ու խոնարհ պաշտամունքի զեղումն ունիմ հայ զինուորութեան համար։
Թո՛ղ դաւադիր թշնամին բախի մեր դռները, թո՛ղ մեր քաղաքների մեղկ ու ցոփ մթնոլորտի մէջ անպատիւ ու անարի երիտասարդների խուժանը ծւարի, թող մեր ընչասէր ու վատշվէր մեծատունն ու գորշ քաղքենիութիւնը ուշակորոյս ու փոքրոգի դողայ իր գրպանի և կեանքի համար՝ վաղն իսկ թշնամու կրունկներն լիզելու համար, թո՛ղ ․․․ բայց դա անվէրջ է։
Լքումի և անարի խուճապի այս թշուառ օրերում, ես սրտի ու փառքի խօսք ունիմ փոքրաթիւ հայ զինուորութեան համար․ մարտակոչ է այս յանդուգն ու բաց բերան շաղակրատներին, որոնք իրենց ոչնչութիւնը վարագուրում են հայ ընտիր մարտիկներին վարկաբեկելով փողոցներում և հրապարակներում, գիտեմ, ամենից բարձր են ոռնում ամենից անարիները․ գիտեմ, եղկելի ու ստորաքարշ դասալիքներն են, ամէն տեսակի դասալիքները, որոնք համազգային աղէտի բեռը իրենց վատ ուսերից շպրտում են հայ զինուորութեան վրայ։ Ժամանակ է, որ արդարութեան ձայնը հնչի բարձրագոչ ու հպարտ։ ժամանակ է որ հայ զինուորութիւնը խրամատների մէջ մաշուած ու վառօդի ծխից թխացած իր ազնիւ կերպարանքով աշխարհի առաջ կանգնի մեր ցեղի պատիւը իր հմայիչ ճակատին։
Ժամանակ է․․․
Ռազմաճակատից նոր վերադարձած ու կատաղի ճակատամարտը իր իսկ աչքով տեսած հրամանատարն էր ասում․
«Ես տեսայ ձեր զինուորութիւնը ու կարող էք հպարտ լինել․ գրոհի գնացող խիտ շղթայի մէջ պայթեց թշնամու ռումբը․ պայթեց երկրորդը, երրորդը և շղթան մռայլ ու դաժան խիտ շարքերով շարունակում էր իր արշաւը մի մարդու պէս։ Կարմիր մետաղի կարկուտը տեղաց թնդանօթաձիգների գլխին և մեր թնդանօթները ո՛չ միայն չլռեցին այլ նրանց մռնչիւնը աւելի կատաղի ու աւելի սասանեցուցիչ դարձաւ»։
Այսպէս էր խօսում յուզուած հրամանատարը։ «Բենգլի Ահմեդի գրոհը, ասում է մի ուրիշ ականատես, մի հրապուրիչ ու հպարտ տեսարան էր, շքեղ ու սարսափելի միաժամանակ․ խիզախ տղաները խայտում էին գնդակի տարափի տակ»։
Եւ հարիւրներով մեր լաւ, մեր քաջարի տղաները ընկան այլեւս երբէք չ՛բարձրանալու համար։ Բենգլի Ահմեդն ու Մադրան կը մնան որպէս մեր պատմութեան հերոսական էջեր։ Ո՞վ կ՛ասի ինձ անունը այն հերոս տղայի, ծանր վիրաւոր, որին երբ մօտեցաւ հրամանատարը խաչ տալու, նա աչքերը բացեց, թոյլ ձեռքով մի կողմ տարաւ Պարգեւը ու նուաղած ձայնով ասաց․ «ի՛մ Գեներալ, Խաչեր ես շատ եմ ստացել, ասացէք ինձ միայն, առաջ գնացի՞ն մերոնք, յաղթեցի՞ն մերոնք»․․․
Ա՜հ, սքանչելի տղա՛յ, անունդ չգիտեմ, բայց ինձ ասացին, որ դու ղարաբաղցի ես, այն մռայլ ու հերոսական լեռներից, ուր մեր ցեղի ողնաշարը երբէ՛ք չը ծռուեց, փառք քեզ, փառք քո ծննդավայրին, և մանաւանդ փառք քո պառաւ այանին, որ գուցէ քեզ այլեւս երբէք, երբէք տեսնելու չէ․
***
Յետոյ չարաբաստիկ Կարսի անկման կսկիծը ահագին, Զինուոր ու սպայ ցասումից դողում էին, երբ ստացւել է անսպասելի հրամանը՝ յանձնել հայ աշխարհի գոռ ամրութիւնը առանց պայքարի։ Կատաղի մարտի և մահուան պատրաստ հայ զինուորութիւնը լսել իսկ չի կամեցել այդ արտառոց կարգադրութեանմասին, որ գալիս էր նրա ամենանուիրական զգացմունքներին, նրա տղամարդութեանը բաղխուելու։
Գիշերային այս խոհուն մենութեան մէջ, երբ մեր չորս կողմում դաւադիր վիշապն է սողում կծիկ կծիկ, ճակատս բարձր է և կուրծքս ուռած յուզմունքի արցունքով։
Այո՜, այս պահուն երբ մեր ցեղի վիթխարի տրակետիան է յեղյեղւում լեռնացած ալիքներով, պարտուածի իմ հոգին վերստին միայն հայ զինուորութեանն է փարում, հզօր հաւատով և անհուն երախտագիտութեամբ։
Ցաւագին պաշտամունքի խօսք ունեմ այն սակաւաթիւ հայ ընտիրների համար, որոնք լուռ են, որովհետեւ արի եղան։
Սրտի խօսք ունիմ նրանց համար, որոնց մի օր տեսայ ռազմաճակատի բարձունքներում հրացանների փողը պինդ պինդ սղմած ձեռքերի մէջ ու աչքերում դաժան վճռականութիւն և նրանց համար, որոնք խիտ շարքերով ընկան երէկ Կարսի ամրութիւնների տակ զզուելի դաւադրութեան ցանցի մէջ իրենց ոտները խճճուած։
Քանի՜սն ընկան, ո՞վ գիտէ ․․․ ո՞ւր ընկան, ո՞վ կ՛ասի երբեք ․․․
Յօրանջուն գիշերներն են թարթում ու պաղ հովերն են սուրում նրանց վրայ նազանքով։ Բրբրդոտ ու մռայլ տղաներ էին նրանք, որոնք մի օր լուռ բոլոլել էին շուրջս ռազմաճակատում և մտախոհ լսում էին ինձ։
Ու ձայնս դողում էր այն օրը ու կրծքիս տակ սիրոյ ծով արցունք կար, երբ ասում էի՝ «Եղբայնե՜ր, եղբայրնե՜ր իմ հաւատի սիւնե՜ր․ ձեր աչքերի մէջ մեր ցեղի փայլուն արեւն է, և ձեր կրծքերի տակ՛ մեր հպարտութիւնը, իմ սիրուն, իմ արի եղբայրներ, հազար ու հազար աչքեր ձեզ են նայում․ հազար ու հազար ականջներ ձեր հարուածների շառաչիւնին են ունկդնիր․ և մեր կոյսերը դեռ երգում են մեր լեռներում քանի դուք այստեղ էք, քանի դուք այսպէս էք, ու մեր խրճիթների ծուխը տակաւին պալան պալան բարձրանում է, քանի դուք այսպէս պինդ պինդ սղմած ունիք ձեր ձեռներում հրացանների փողերը, ի՛մ արի, ի՛մ անուշ եղբայրնե՜ր»։
Եւ ընկան նրանք մեր կոյսերի երգերի, մեր խրճիթների ծուխի համար։
Քանիսն ընկան – ո՞վ գիտէ ․․․
Եւ ո՞ւր ընկան – ո՞վ կ՛ասի երբեք ․․․
Անթիւ գիշերներ կը թարթեն և անթիւ հողմեր կը սուրան նրանց ոսկորների վրայով ցուրտ-ցուրտ նազանքով։
***
Ընկան նրանք ․․․
GLORIA VICTIS, փառք յաղթուածներին։
Եւ այնուամենայնիւ թշնամին մեր դռներն է բաղխում և նենգութեան օձը կծիկ-կծիկ մեր ոտներին է գալարուել։ Ո՞ւր փնտռել արդարութեան և իրաւունքի հզօր Աստուծուն։ Ահա պարտուածի իմ հոգին ցասումով ու վշտով մեր աղէտաւոր պատմութեան խաւարն է պրպտում, որպէս մեծաւոր ու այրի կարապը պրպտում է լիճը ուշ գիշերին։ լապտեր ունիմ ձեռքիս, որ իմ հին-հին պապերն են վառել մի օր այս մեր ցաւի լեռներում։ Պլպլան լապտեր ունիմ ձեռքիս արդարութեան ու ազատութեան Աստուծուն փնտռելու համար։
Ա՜հ, այս Աստուածը։
Ո՞ւր, ո՞ւր է նա։
Մենք փնտռեցինք նրան խաղաղութեան և սիրոյ մէջ, մեր բարի հայրենիքը լայն բացեց իր դռները, անգամ ասիական խուժաների առաջ, մեր յուռթի ակօսները նրանց հացը տուին և մեր վճիտ աղբիւրները՝ նրանց ջուրը, նրանց մաքիները մեր հիւթեղ արօտներում պարարտացան և նրանց գառները մեր ծաղկաւէտ դաշտերում մալեցին ու դարձեալ արդարութեան, իրաւունքի Աստուածը իր հորիզոններից չքացաւ։ Մենք փնտռեցինք նրան արդար աշխատանքի մէջ, քրտինքը ծովացաւ մեր տափաստաններում մայր երկիրը մեր ճիգերով փթթեց նորահարսի պէս անապատները բուրաստան դարձան և մայր տանջանքը յարատեւ երկունքով մեր աշխարհում հրաշք գործեց, վաստակի, արուեստի հրաշքը, մեր մուրճերի տակ սալերը զընգացին և մեր մեր բազուկները կերտեցին, կերտեցին շէն ու բարի ոստաններ, աւաններ ու տաճարներ, և դարձեալ մեր երկինքը թափուր մնաց մեր փնտռած Աստուծուց։ Եւ ահա մենք ռազմի դաշտն իջանք այն Աստուծուն փնտռելու։ Մեր ընտիրները ծառացան մտրակուած նժոյգների պէս և գրոհ տւին, նրանց զէնքերի շաչիւնի խուլ արձագանքները տակաւին որոտում են մեր լեռներում, ու հարիւրաւոր մայրեր տաճարներն իջան նրանց համար ծնկաչոք աղօթելու, որոնք այլեւս երբեք գալու չեն։ Մի՞թէ և այժմ արդարութեան ու ազատութեան Աստուածը պիտի լքի մեզ։
Ոչ, անհնարին է այդ։
Այդպիսի անիրաւութիւնից պատմութիւնն իսկ կը պայթի, որպէս մի դիւական յերիւրանք։
***
Այս խոհում, ամպամած գիշերի մենութեանս մէջ հոգիս դարձեալ մեր զինուորութեանն է փարում։ խաւարի մէջ տակաւին սուրն է կայծկլտում, և ո՜վ գիտէ երբ պիտի նա վերստին իր պատեանը մտնի որպէս յաւիտենական գերեզման։ Եւ քանի որ նզովուած մետաղի պաղ փայլը դողդողում է մեր երկնքին տակ․ ես դարձեալ պաշտամունքի խօսք ունեմ հայ ընտիրների համար որոնք տակաւին պինդ պինդ սեղմել են հրացանների փողերը իրենց ջլուտ ձեռներում, որպէսզի մեր կոյսերի երգը չդադարի մեր լեռներում, և մեր խրճիթների ծուխը չդադրի մեր ձորերում։
«Յեղափոխական Ալպոմ» Բ․Շարք։ Բացառիկ Թիւ 1
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!