ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ 14
ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔ
Գերագոյն հաճոյք է ինձ համար` վերյիշել — թող յիշեցնեմ եւ քեզ, ընթերցո՛ղ — մի այլաբանական եւ իմաստալի պատկեր. Կարլ Հաուպտմանի ծանօթ թատրերգութիւնից:
Տարւայ այն եղանակն է, երբ բոլորը ձգտում են դէպ լեռները: Անսպասելիօրէն, «Հսկաների Լեռան» վրայ պայթում է փոթորիկը: Մարդիկ ապաստան են գտնում փրկարար տանը: Այնտեղ երգ, երաժշտութիւն, հանգիստ կայ: Դուրսը փոթորիկը կրկնապատկել է իր կատաղութիւնը: Երկնահաս կատարների վրայ յայտնւում է արծւահայեաց մի տղամարդ` ջահել, գլխաբաց, գանգրահեր: Նրա կողքից ընթանում է մի ամեհի զամբիկ` իր թեթեւօրէն թամբւած եւ ապերասան ձին:
Մէկը` պատկերը ոյժի, միւսը` խելայեղ թռիչքի:
Մարդը կանգ է առնում ժայռերի վրայ եւ խօսում ինքն իրեն: Յայտնւում է մի ուրիշը, սպառազէն հրեշտակի պատկերով: Առաջինը «Լեռների Պահակն» է, երկրորդը` համագերմանական Ազատութեան եւ Միութեան թեւաւոր բանբերը: Նայի՛ր եւ տե՛ս,- ասում է այդ վերջինը եւ նշանացի ցոյց տալիս ընկերոջ, բարձրացող փոթորկի ալիքները: Անհամար զինավառ զանգւածներ` ատելութեամբ գինով եւ ոգեւոր: Նրանք կուտակւում են Արեւելքում, Հարաւում, Արեւմուտքում: Շարժւում են լեռներով, գետերով, ծովերով: Նրանց ոտքի տակ տրորւում է եւ երկինքը, օդը: Գալիս են գերման մշտաջահել հայրենիքի դէմ:
Ժամանա՛կն է, ահազանգի ժամը: Լեռների Պահակը պիտ արձակի իր ճիչը, նա հեռուները պիտ նետի իր աղաղակը.
— «Հայրենիքը վտանգի մէ՜ջ է, արթնացէ՜ք»…
Կանչը գնում է, հասնում հեռուները, բայց մնում անարձագանք:
— «Մէկ է՛լ»,- թելադրում է Ազատութեան Ոգին:
— «Հայրենիքը վտանգի մէ՜ջ է, արթնացէ՜ք»…
Թոյլ արձագանք: Լռել են երգն ու երաժշտութիւնը փրկարար տանը, բայց ոչ ոք դեռ դուրս չի նետւել:
Անհանգիստ` Լեռների Պահակը նետւում է ձիու վրայ եւ շեփորում զարհուրելի ոյժով.
— «Հէ՜յ, հայրենիքը վտանգի մէջ է, արթնացէ՜ք, փրկէ՜ք»…
Այժմ ոտքի վրայ են բոլո՛րը, բոլո՛րը: Ամէն ոք աճապարում է դուրս եւ ի զէն:
Այժմ ոտքի վրայ է ողջ ցեղը եւ լսւում է նրա երգերից ամենագոռն ու էլեկտրացուցիչը:
* * *
Դու՛, հա՛յ երիտասարդութիւն, պիտ ուզէի, որ դու լինէիր «Լեռների Պահակ»ը մեր կեանքում:
Եւ պահապան հրեշտակը մեր Ազատութեան ու Միութեան:
Պիտ ուզէի, որ դու յաճախ ու յաճախ հայ աշխարհի ամբողջ տարածութեամբ արձակէիր անհանգիստ աղաղակդ.
— Հէ՜յ, վտա՜նգ կայ, թրքական վտանգը, սեւ ամպի պէս կախւած Հայաստանի գլխին, վտա՜նգ, զոր միայն եօթնիցս կոյրերը չեն տեսնում…
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!