ՀՐԱՄԱՆՆԵՐ — Ղափանի հանքեր
1919, 30 նոյեմբեր, Ղափանի հանքեր
ՀՐԱՄԱՆ
Ղափան-Գենուազ-Տաթեւի զօրամասերին
Զինուորնե՛ր, թշնամու ցանկութեամբ սկսւում է մեր արշաւանքը, մեր խաչակրաց արշաւանքը Գեղուայ Ձորի դէմ:
Վաղը, երբ Ձեր խենթ գրոհներից եւ զարկերից թշնամին շշմած կը թողնի իր գիւղերը, Ձեզ կ’ողջունեն մեր հինաւուրց, այսօր թշնամու կողմից պղծուած բերդերի եւ վանքերի աւերակները:
Վաղը, երբ այդ ձորում կը լսուի Ձեր ոտների ձայնը, Ձեր զէնքերի շաչիւնը, հայ գերիները, Քէյֆաշէնիբէգերի շնաբարոյ կրքերի առարկան դարձած հայ կանայք ծնկաչոք կ’աղօթեն Ձեր զէնքի յաջողութեան համար:
Վաղը, երբ քաջերդ Աջիբաջ հասաք, յիշէք Խալիլբէգեան սեւ օրերը, երբ այս գիւղի մօտ թշնամին բարբարոսաբար մորթոտեց երկու հազարի չափ, օսմանեան սրից ճողոպրած, հայ կին ու երեխաներ: Ասում են, այժմ այնտեղ մի ամբողջ ձոր լիքն է կմախքներով, գանգերով, ուր յաճախ հիւր են գալիս Գեղուայ Ձորի շներն ու գիշատիչները:
Յիշէ՛ք այդ եւ եղէք անխնա՛յ` Ձեզ դիմադրողների նկատմամբ, ասպետ եւ մարդ եղէք կանանց, երեխաների եւ ծերերի նկատմամբ:
Ուրեմն, յառա՛ջ, մեզ հետ Աստուած ե՛ւ Դաւիթ-բէգի վրիժակ հոգին:
Ղափան-Գենուազ-Գողթանի ռազմական
ուժերի հրամանատար` ՆԺԴԵՀ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!