ԿՈՉԵՐ ՂԱՓԱՆՑԻՆԵՐԻՆ III

III

ՂԱՓԱՆԻ  ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Ժողովո՛ւրդ, քեզ հետ խօսողը քո հրամանատարն է, քո վիրաւոր սրտից զարնուած հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ յանուն քո ինքնապաշտպանութեան, չի հանգստացել պատեանում:

Լսի՛ր, մի աւելորդ, գուցէ եւ վերջին անգամ նա դիմում է քեզ, խօսում քեզ հետ: Նա ասում է.

— Քո սեւ ու նեղ օրին, երբ հայակեր Գեղուայ եւ Օխչու ձորերը, երբ Բարգուշատն ու Հաքարուն սպառնում էին քո կին ու երեխաների արիւնով քո երկիրը ներկելու — դու կանչեցիր ինձ եւ ես հասայ քո հաւարին: Ասա՛, ժողովո՛ւրդ, այն օրէն քո երկրում մնա՞ց մի բարձունք, մի սար, մի քար, որի վրայ դրած չլինէի իմ յոգնած գլուխը: Ասա՛, դու ինձ տեսե՞լ ես մի օր, մի ժամ անհոգ, հանգիստ: Դու ինձ տեսե՞լ ես փափուկ տեղաշորում, հարուստ սեղանների շուրջը: Դու լռում ես. քարերը, քարերը կ’աղաղակեն, կ’ասեն` ոչ: Ասա՛, մնա՞ց մի բան, որ խնայէի, չզոհաբերէի քո ազատութեան, քո փրկութեան, քո փառքի գործին: Քո դաշտերում, քո հողի վրայ իմ արիւնն է թափել: Դեռ չեն փակուել թշնամու ինձ հասցրած վէրքերը, իսկ քոնը, ժողովո՛ւրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտ մնայ ու հազար վէրքերի ցաւով պիտ մորմոքայ:

Ժողովո՛ւրդ, այսօր, երբ ադրբէյջանեան չէկերով կաշառուած «բոլշեւիկ» կոչուած սրիկաները, քո գերեզմանափորերը, կեղծ ու պատիր խոստումներով քո դուռն են բաղխում եւ քո ձեռքով պղծած աղ ու հացիդ սպասում` դու դաւաճանաբար լքում ես, մենակ թողնում քո վիրաւոր հրամանատարին: Այդ հերիք չէ, քո լրտեսներն ու ահաբեկիչները իմ գլուխն են փնտրում` երեք միլիոնով Ադրբէյջանին ծախելու: Ապերա՛խտ ժողովուրդ: Քանի՜-քանի՜ անգամ քո կինն ու երեխան կռիւներից վերադառնալիս փաթաթուել են ձիանս վզով, համբուրել ձեռներս, «փաշա ջա՛ն» կանչել: Քանի՜-քանի՜ անգամ փրկել եմ քեզ վերահաս վտանգից, կոտորածից: Ի՞նչ, մոռացա՞ր պրինց Ղաջարին, որի զօրքերին պատերիդ տակից եմ քշել: Վա՜յ քեզ, ժողովուրդ, ի՞նչ պատասխան պիտ տաս Աստծուդ, խղճիդ, պատմութեանը:

Ժողովո՛ւրդ, կ’անցնեն օրեր, թշնամին քեզ զինաթափելուց ու ղեկավարներիցդ զրկելուց յետոյ, երբ այլեւս չի լսուի «Աժդահա փաշա» անունը, կը սկսուի հազար ձեւով ու ճանապարհով բնաջնջել քեզ: Այն ատեն դու կը վերյիշես քո հրամանատարին, որի սուրը եօթն անգամ մեծացրել էր քո երկիրը եւ քեզ համար բացարձակ ապահովութիւն ստեղծել, այն ժամանակ հայեացքդ կը դարձնես Խուստուպին, նրա կատարին նստած սեւ ամպերին, կը նայես, կը կանչես, բայց հրամանատարիդ փոխարէն սարերիդ ու ձորերիդ թոյլ արձագանգը կը պատասխանի քեզ: Գուցէ մի օր էլ, թշնամուց հալածական, սարերն ընկնես ու թափառումներիդ ժամանակ յանկարծ մի թփի տակ, մի ժայռի վրայ իմ սառած դիակը գտնես, ծունկի գաս ու արիւն լացես:

Ժողովո՛ւրդ, ինձ լքելուց, ինձ դաւաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ` բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թէեւ պատմութիւնը չի՛ ների քեզ, եւ խնդրում` երբ ինձ սպանուած գտնես, դիակս թաղիր Խուստուպի ամենաբարձր կատարին, որտեղից երեւայ ինձ ե՛ւ Ղափանը, ե՛ւ Գենուազը, ե՛ւ Գեղուաձորը, ե՛ւ Գողթանը:

Իսկ մինչ այդ, հայեացքդ մի՛ կտրիր Խուստուպից: Որքան յաճախ, որքան շատ նայես այս սէգ ու սեւ ամպերով ծածկուած սարին, այնքան շուտ կը գայ, կը հասնի փրկութիւնդ:

Աստուած եւ իմ սէրը քեզ հետ, ապերա՛խտ ժողովուրդ:

Հրամանատար` ՆԺԴԵՀ

1920, 17 սեպտ., Խուստուպեան լեռներ