ԿՈՉԵՐ ՂԱՓԱՆՑԻՆԵՐԻՆ I

I

Ղ Ա Փ Ա Ն Ց Ի Ն Ե՛ Ր

Քո մի մասի վախկոտութեան ու դաւաճանութեան շնորհիւ թշնամին մտաւ Ղափան եւ քո ռազմական ուժերի ամենաքաջանուն ու խիզախ մասը, կրակելով իր վերջին փամփուշտը, քաշուեց լեռները: Եօթն օր է, շա՜տ կարճ ժամանակ, ինչ քեզ արժանի թշնամին իշխում է քո երկրում եւ լուրերը թեւ առած գալիս, հասնում են ինձ, որ դու շատ տեղ արդէն աղ ու հացդ ես պղծում` ինքդ գնում ու եկողի փեշը բռնած, գիւղդ ես քաշում:

Զգո՛յշ, Ղափա՛ն, մեռցնելով իմ հաւատը դէպ քո հաւատարմութիւնը, դու քեզ ես մեռցնում:

«Իջի՛ր, իջի՛ր լեռներից»,- դաւադրաբար կանչում է թշնամին:

«Իջի՛ր»,- յիմարաբար կրկնում ես դու:

Եւ քո ապստամբ մարտիկներից շատերը թողնում են լեռները: Զգո՛յշ, էլի զգոյշ, թողնել լեռները` նշանակում է անարգ մահ գտնել ձոր ու ծմակներում:

Հեռո՛ւ, հեռո՛ւ, որոնք հեշտութեամբ քո գերեզմանը կարող են դառնալ:

Լսիր եւ մի՛ մոռանար` մնալ լեռներում, սարերի վրայ, ղափանցինե՛ր, նշանակում է լինել ապստամբ. չիջնել լեռներից` նշանակում է չճանաչել անկոչ եկողների իշխանութիւնը ու սանձահարուած պահել նրանց:

Ա՛հ, ո՞ւր էք, ո՞ւր, իմ երեկուայ ուխտուած զինուորնե՛ր, Գեղուաձորեան հպարտ փառակիցնե՛ր: Ո՞ւր էք: Ձորերո՞ւմ: Վա՜յ Ձեզ, իմ սիրտն արնոտւում է Ձեզ համար, տեսնելով, թէ ինչպէս թշնամին ձեր անփառունակ գերեզմանն է փորում:

Դո՛ւրս, դո՛ւրս արէք ձորերից: Դո՛ւրս ծմակներից, միանալու Դաւիթբէգեան հզօր ուխտին:

Դո՛ւրս դէպ ինձ, դէպ լեռները:

Ի՞նչ, չլինի թէ որոշել էք մեր Ձեզ հետ միասին ձեռք բերած ամբողջ փառքը թողնելու մենակ մեզ` լեռները քաշուած ապստամբներիս:

Այո՞, է՛հ թող այդպէս լինի:

Հրամանատար` ՆԺԴԵՀ

1920, 12 սեպտ., Խուստուպեան լեռներ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով