ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ – V

V

Անցքերն արագօրէն կը յաջորդէին իրար:

Քեմալական զօրքերը կը նեղէին Հայաստանը: Մոսկուայի հրաւէրով, թուրք բանակը հրով եւ սրով կը մտնէր Հայաստան, եւ նրա առջեւից դաւաճանաբար, որպէս փողհար եւ մունետիկ, կ՚ընթանար մեր ցեղի տականքը:

Մեր ժողովրդի դիմադրական կորովը հարուածելու ցանկութեամբ՝ կոմունիստական կուսակցութեան Ալեքսանդրապոլի գաւառական կոմիտէն՝ հայ զինուորների մէջ կը ցրէր հետեւեալ կոչը. «Զինուորնե՛ր, գիւղացինե՛ր եւ գաղթականնե՛ր, դաշնակցական խայտառակ կառավարութեան խմբապետներից կազմուած զօրքը նահանջում է Քեմալի զօրքերի ահաւոր յարձակումից… Բաւական չէ, որ նրանք հայ աշխատաւոր ժողովրդի գլխին չարիք դարձան, այժմ էլ խաբում են ձեզ՝ ասելով, թէ գալիս են թուրքերը հայ աշխատաւորութեանը թալանելու եւ կոտորելու:

Մենք կոչ ենք անում ձեզ՝ չհաւատալ դաշնակների հազարաւոր սուտերին, որովհետեւ եկողները ոչ թէ թալանչի աւազակներ են, այլ՝ գիւղացիների, զինուորների եւ բանուորների ընկերներ՝ թուրք աշխատաւորներ:

Նրանք գալիս են ոչ թէ ձեզ կոտորելու, այլ՝ թալանչի դաշնակների ձեռքից ձեզ ազատելու:

Դուք լաւ հաւատացէք, որ Կարսում, Ալեքսանդրապոլում եւ գրաւուած միւս տեղերում նրանք ո՛չ թալանել են եւ ո՛չ էլ կոտորել, այլ՝ հաստատել են բանուորա-գիւղացիական կարգ ու կանոն.: Նորից կոչ ենք անում ձեզ՝ տեղերից չշարժուել, մնալ հանգիստ, չգաղթել.: Կոչ ենք անում բոլորիդ այժմ հաւաքուելու բոլշեւիկների դրօշակի տակ, որոնք միայն կարող են ձեզ փրկելե.*:

Այսպէ՛ս, Մոսկուան այսպէս կը բոլշեւիկացնէր հայ գիւղացիութիւնը՝ իր առջեւից քեմալական սուրն ու սարսափը քշելով:

Նա ո՛չ թէ հեշտացրեց թրքական առաջխաղացումը, այլ եւ հրէշային պրովոկացիաներով մոլորանքի ու տատանումի մատնեց յանկարծակիի եկած հայութիւնը:

Նա տմարդօրէն կը խաբէր, յայտարարելով, թէ թուրքերը Կարսում խորհրդային կարգ ու կանոն են հաստատել:

Եւ խաբուելով՝ չկռուեց, չգաղթեց հայութիւնը – մնաց ու քեմալական սուինների հարուածների տակ իր քաղաքական միամտութիւնը քաւեց:

Թուրքերն անցան Արփաչայն ու Ախուրեանը եւ մտան Ալեքսանդրապոլ:

Եւ հարաւէն ու հիւսիսէն արշաւող թրքօ-բոլշեւիկ բանակների հարուածների տակ, 1920, Դեկտ. 2ին, Հայաստանի կառավարութիւնը մեր երկրի իշխանութեան ղեկը յանձնեց բոլշեւիկներին:

«Յեղափոխական» Մոսկուան այսպէ՛ս վարուեց մանուկ Հայաստանի հետ:

Նա՝ իսլամ Արեւելքը դաշնակիցների դէմ զօրաշարժելու փոխարէն, թուրքն ու թաթարը շարժեց ,դաշնակ Հայաստանեի դէմ, բաժանեց, կիսեց դա, առիւծի բաժինը թողնելով թուրքերին:

Հասկանալի է, որ Հայաստանի անկումով Սիւնիքի դրութիւնը աւելի եւս պիտի ծանրանար:

Այժմ դա կտրուած էր ամբողջ աշխարհից: Դա մենակ էր այժմ, ողբերգօրէն մենակ, մենակ քաղաքականապէս, անզինակից՝ կռուադաշտում:

Մայր երկրի անկման նախօրեակին՝ մարտնչող Սիւնիքի համար հաց ու ռազմամթերք ճարելու առաքելութեամբ Երեւան ուղարկուած մեր դժբախտ Աշոտը կը վերադառնար ձեռնունայն, մեզ բերելով Հայաստանի պարտութեան ու խորհրդայնացման գոյժը:

Աշոտի հետ, գրեթէ միաժամանակ, 1920, Դեկտ. 16ին, ուղիղ հեռագրաթելով կը հասնէր խորհրդային Հայաստանի զինուորական կոմիսար Աւիս Նուրիջանեանի եւ Դրոյի կոչը՝ ուղղուած Սիւնիքի գիւղացիութեան եւ հրամանատարութեան:

Լեռնահայաստանի զինուորական շտաբի արխիւ:

Ահա՛ նրա մի հատուածը. «Թող յայտնի լինի բովանդակ Զանգեզուրին, որ Հայաստանը յայտարարուած է սովետական յեղափոխական հանրապետութիւն: Հին կառավարութիւնը նետել էր երկիրը արեան ու արցունքի անդունդը: .Ձեր ժողովրդի միակ փրկութիւնը կախուած է Կարմիր բանակի եւ Սովետական Ռուսաստանի օգնութիւնից: Սովետական Ադրբէյջանը զիջել է Սովետական Հայաստանին Զանգեզուրը, Ղարաբաղն ու Նախիջեւանը: .Քաղաքական հակառակորդներից ոչ ոք չէ հետապնդւում, բացի հին կառավարութեան անդամներից, որոնք Յեղկոմի ձեռքով ձերբակալուած ու յանձնուած են ժողովրդական դատի: Մենք կոչ ենք անում Զանգեզուրին Խորհրդային Հայաստանի իշխանութեան դրօշի տակ կանգնել, մերձանալ Ռուսաստանին եւ Ադրբէյջանին».

Աւիս-Դրոյի այդ կոչով սկսուեց բանակցութիւնների երկրորդ շրջանը:

Այժմ Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը կ՚աշխատէր հեշտացնել Կարմիր բանակի գործը:

Այլեւս մեզ հետ գործ ունէին «Հայ» մարդիկ:

Այլեւս մեզ հետ կը խօսէին հայերէն, Երեւանից եւ ոչ թէ թաթար Բաքուից:

Բայց եւ այնպէս կը դժւարանայինք հաւատալ բոլշեւիկների խօսքին:

Չէր կարելի հաւատալ, չէինք հաւատում, որովհետեւ հազարումէկ առիթներ էինք ունեցել համոզուելու, որ բոլշեւիկը թրքօրէն նենգ է:

Մտնելով Բաքու՝ Կարմիր բանակը հայկական Ղարաբաղն ու Նախիջեւանը յայտարարած էր ,ադրբէյջանեան գաւառներե:

Այդ դէպքից հինգ ամիս յետոյ, երբ պէտք էր խաբեպատիր խոստումներով կաշառել մեզ՝ կարմիրները լեռնահայութեան մէջ ցրած թռուցիկներով միեւնոյն մեր հողամասերը թուղթի վրայ յայտարարեցին Հայաստանի անբաժան մասը:

Սակայն, ամրանալով Հայաստանում, նրանք թքեցին իրենց յայտարարութեան վրայ – Ղարաբաղը կցելով Ադրբէյջանին, իսկ Նախիջեւանը դարձնելով ,Նախկրայե – առանձին ,գրպանային հանրապետութիւնե, ենթակայ Ադրբէյջանի քաղաքական թեւարկութեան:

Աւելի՛ն կայ:

Հայաստանի նախկին կառավարութեան եւ Մոսկուայի ներկայացուցիչ Լեգրանի միջեւ 1920, Օգոստ. 10ին կնքուած պայմանագրի ոյժով, խորհրդային իշխանութիւնը Սիւնիքն էլ հռչակած էր ադրբէյջանեան հողամաս:

Ահա՛ թէ այդ առթիւ ի՛նչ է ասում կարմիր 28-րդ հրաձիգ դիւիզիայի քաղաքական բաժինը. ,Ռուս Կարմիր բանակը, որ ջարդեց բարոն Վրանգելի տասնեակ հազարաւոր ճերմակ գվարդիայի բանդաները, կարող կը լինի պաշտպանել նաեւ Սովետական Ադրբէյջանը*:

Իսկ կարմիր ռազմաճակատամասի պետ Սիմէոնովը, ընդունելով Ադրբէյջանի իրաւունքն ու գերիշխանութիւնը Սիւնիքի վրայ, իր 1920, 26 Նոյ. պաշտօնագրով կը յայտնէր ինձ. «Ռ.Ս.Ֆ.Ս.Հ. Կարմիր բանակի զին. հրամանատարութիւնը եւ Ադրբէյջանի սովետական իշխանութիւնը երաշխաւորում են կատարեալ ապահովութիւն հայ ժողովրդի խաղաղ աշխատանքի եւ ապստամբներին անարգել վերադարձ իրենց բնակավայրերը»:

Ինչ խօսք, որ Սիւնիքը բնա՛ւ տրամադիր չէր օտար երկրամասեր նուաճելու:

Նա իր անդրանիկ համագումարում յայտարարած էր, թէ ,ինքնավար Սիւնիքի սահմաններն են նախկին Զանգեզուրի սահմաններըե:

Այդ այդպէս լինելով հանդերձ, Կարմիր բանակը, որ փաստօրէն դրուած էր Ադրբէյջանի կառավարութեան տրամադրութեան տակ, կը շարունակէր Զանգեզուրը համարել Ադրբէյջան, եւ նրա նկատմամբ հետապնդել նուաճողական քաղաքականութիւն:

«Հաշտութեանե դիմումները Կարմիր բանակի կողմից կը շարունակուէին:

1920, Նոյ. 26ին, Սիմէոնովը կառաջարկէր՝ 1- ,դադարեցնել ռազմական գործողութիւնները, եւ դիմել բանակցութիւնների, 2- բանակցութիւններ վարելու համար ուղարկել ներկայացուցիչներ Զաբուղ գիւղը, ուր ձեր համաձայնութիւնը ստանալուց յետոյ կու գան Ռ.Ս.Ֆ.Ս.Հ. Կարմիր բանակի ներկայացուցիչներըե: 1

921, Յունուար 22ին, N բրիգադայի հրամանատար Սիմէոնովը կը գրէր ինքնավար Սիւնիքի կառավարութեան. ,Հետեւելով իմ գաղափարներին, ես առաջարկում եմ ձեզ, դադարեցնել ամէն տեսակի ռազմագործողութիւններ, կապ հաստատել մեզ հետ եւ փոխադարձաբար գտնել ընդհանուր լեզու»**:

1921, Յունուարի մէջ, Սիւնիք կը ժամանէր Կարմիր բանակի կողմից ուղարկուած Գր. Վարդանեանի պատուիրակութիւնը, բերելով իր հետ հետեւեալ առաջարկութիւնները՝ 1 – դադարեցնել ապստամբական կռիւները Ղարաբաղում, 2 – Սիւնիքը յայտարարել խորհրդային, 3 – ընդունել 11րդ Կարմիր բանակի հրամանատարութիւնը (եթէ ցանկանայի)»:

* Լեռնահայաստանի զինուորական շտաբի արխիւ:

** Նոյն տեղում:

Այդ պատգամաւորութիւնը իր հետ բերած էր մի գրութիւն Դրոյից, որի մէջ, ի միջի այլոց, գրուած է. ,Վերջին րոպէին, պետութեան գլուխը անցած դաշնակ կուսակցութեան պատասխանատու ընկերները, Նոյեմբեր 26ի ժողովում, խոշոր մեծամասնութեամբ որոշեցին ընդունիլ Ռուսաստանի օրիենտացիան: Հայաստանը յայտարարուեց խորհրդային, հիմնուած այն համոզմունքի վրայ, որ միայն յեղափոխական Ռուսաստանը կը զգայ անկեղծ կերպով պաշտպանելու հայ աշխատաւորութեան շահերը: Ներկայումս Մոսկուայում հաւաքւում է կոնֆերենցիա, որտեղ պէտք է լուծուի Հայաստանի սահմանների խնդիրը, Ռուսաստանի, Տաճկաստանի եւ Հայաստանի մասնակցութեամբե.

Այս գրութեամբ եւս – այս անգամ Դրոյի միջոցաւ – կ՚առաջարկուէր ,Սիւնիքն անմիջապէս յայտարարել խորհրդայինե:

1921, Յունուար 22ին, Շուշի քաղաքի եւ նրա շրջակայքի կայազօրի պետ եւ զինուորական կոմիսար Պոտեշինի ստորագրութեամբ, կարմիր բանբերների ձեռքով ստացուած է հետեւեալ գրութիւնը. ,Անհրաժեշտ է վերջ դնել բոլոր ապստամբութիւններուն եւ վերահաստատել կապ մեզ հետ: Եթէ ցանկանում էք ունենալ բարեկամական յարաբերութիւններ եւ կապուել մեզ հետ՝ յայտնեցէք գրաբերիս միջոցաւ:

Շուշի-Գորիս հեռագրային կապը կարող եմ վերականգնել տալե:

Վերջապէս, 1921, Փետր. 15ին ,XI Կարմիր բանակի Զինուորայեղափոխական խորհրդի եւ սովետական գերագոյն իշխանութեան կողմից լիազօրուածե Հեկկերը կը պատասխանէր ,քաղաքացի Նժդեհին եւ քաղաքացի Տէր Մինասեանինե. ,.Դուք կը մեղադրէք մեզ Կարսն ու Ալեքսանդրապոլը գրաւելու խնդրի մէջ որպէս թուրքերի արշաւանքին օժանդակողե:

Խորհրդային իշխանութեան ուղղած իմ այդ ծանր մեղադրանքը ջրելու նպատակով, Հեկկերը դիմած է ծիծաղելի բացատրութիւնների, եւ կրկնած կարմիրների հին յանկերգը՝ ,Զանգեզուրը Հայաստանի հետ միացնելու պայմանները ճշտութեամբ գծելու համար կը խնդրեմ ձեզմէ որեւէ մէկը ուղարկել Շուշի, ուր ես կը սպասեմ Ձեր գալստեանե:

Ինչպէս տեսաք, Հեկկերը խօսում է ո՛չ թէ միայն Կարմիր բանակի, այլեւ՝ սովետ. գերագոյն իշխանութեան անունից:

Իր այդ երկարապատում գրութեան մէջ նա, յանուն Կարմիր բանակի զօրահրամանատարութեան եւ Մոսկուայի, խոստովանում է, որ ,Զանգեզուրում, յիրաւի, տեղի է ունեցել մի ամօթալի դէպք, որի համար մենք մեզ չենք գովում: Խօսքս տաճկական գնդի մասին է, որ մենք ուղարկած ենք Զանգեզուրով Քեմալի մօտ:

Որ մենք վճռականօրէն հաշուեյարդարի ենթարկեցինք այդ դէպքը՝ սրան ապացոյց կարող է ծառայել. զօրաբաժնի պետի հեռացումն իր պաշտօնից: Ուրիշ որեւէ գործի մէջ, թերեւս. մեզ վրայ լուրջ մեղադրանք բարդել կարելի չէ՛ե:

Կանգ առնենք. կը բաւեն վկայութիւնները:

Կողք-կողքի դնելով բոլշեւիկ զօրականներից եւ քաղաքական գործիչներից ստացուած պաշտօնագիրը, կարելի է հանգել մի հատիկ անսխալ եզրակացութեան. այն է, որ բոլշեւիկ ղեկավարների աստիճանի հետ, որպէս օրէնք, բարձրանում է եւ իրենց մաքիաւելիականութեան աստիճանը:

Սովետական գերագոյն իշխանութեան անունից խօսող Զինուորայեղափոխական խորհրդի անդամը ,գերագոյնե լրբութեամբ թրքական գնդի ներկայութիւնը Զանգեզուրում կը ճգնէր արդարացնել ,ուրիշ ճամբայ չկարեով:

Ծիծաղ է շարժում Հեկկերի այն պնդումը, թէ թրքական գունդի հետ կապուած ,ինցիդենտեը հաշուեյարդարի ենթարկած է Բաքուն: Իրողութիւնը այն է, որ այդ զօրամասի երեք քառորդը, ինչպէս եւ իր հրամանատար Զաւալ փաշային, պատմական Ուչթափալարում, դաժան ու արիւնալի հաշուեյարդարի ենթարկեց Սիւնիքի յաղթական սուրը:

Իր այդ գրութեան մէջ, Մոսկուայի ներկայացուցիչը ասած է ե՛ւ հետեւեալը. ,Ձեր ուշադրութիւնն եմ դարձնում այն անհանդուրժելի վերաբերմունքի վրայ, որ սիւնեցիները ցոյց են տուել մեր բանագնացներին:

Կարմիր զինուորներին հարց ու փորձ են արել սպառնալիքի ազդեցութեան տակ. մէկից էլ վերցրել են նրա ոտի փաթաթաններըե:

Կարդա՛նք, կարդա՛նք մէկ էլ, եօթն անգամ, այդ հատուածը՝ ճանաչելու համար սովետ իշխանութիւնը, որին մի հատիկ զինուորի ,ոտի փաթաթաններեը աւելի պիտի զբաղեցնէին, քան թաթարների եւ քեմալականների կողմից գրաւուած հայկական հողամասերը, քան Հայաստան երկիրը:

Ընթերցո՛ղ, այժմ կը դժուարանա՞ս ասել, թէ ո՞րն է աւելի շնակա՛ն, Եւրոպայի այն ծանօթ դիւանագէ՞տը, որ չուզեց իր մի զինուորի ոսկորները փոխել Հայաստանի հետ, թէ՞ թրքացեղ Լենինը, որին իր մի զինուորի փաթաթանները աւելի զբաղեցրին, քան մարդկութեան կողմից այնքան անիրաւուած մեր ցեղի գոյութեան պրոբլեմը:

Այսպէս, շարժանկարի արագութեամբ իրար կը յաջորդէին պատուիրակութիւնները, բանագնացներն ու պաշտօնագրերը:

Սակայն, այդ չէր խանգարում, որ բանակցութեանց ընթացքին իսկ, մութի մէջ շարունակէր գործել բոլշեւիկեան մաքիաւելիականութիւնը:

Անցողակի ասեմ եւ այն, որ Կարմիր բանակի քաղաքական բաժինը կատարում էր նաե՛ւ քեմալական պրոպագանդիստի դեր:

Զանգեզուրի եւ Ղարաբաղի գիւղացիութեան ուղղած իր մի կոչի մէջ* նա ասում է. ,Միեւնոյն ժամանակ Քեմալն աշխատում է իր բանակը  միացնել Ռուսաստանի եւ Ադրբէյջանի Կարմիր բանակներին, որպէսզի ընդհանուր ուժերով ջախջախենք անգլիական, ֆրանսական եւ միւս՝ Արեւելքը ճնշող կապիտալիստներին».


* «Կանգնիր, աշխատաւոր»

Նոյն կոչի մէջ կը կարդաք ե՛ւ այս տողերը. ,Ինչո՞ւ դաշնակներն ատում են Քեմալին եւ Կարմիր բանակին: – Որովհետեւ մեր բանակն ու Քեմալը բոլոր ազգերի աշխատաւորութեան համար ազատութիւն են բերում, ազատութիւն՝ բուրժուազիայի լծից: Վա՛յ նրան՝ ով սուր կը բարձրացնի աշխատաւորական հանրապետութեան դէմե:

Այդ կարմիր ,Վա՛յեը ուղղուած էր զարկող Սիւնիքի հասցէին: ,Աշխատաւորական հանրապետութիւնե ասելով, Կարմիր բանակը հասկանում էր Ադրբէյջանը, իսկ Ադրբէյջան ասելով՝ նաե՛ւ Զանգեզուրը:

Եւ այս բոլորից յետոյ, ռուս եւ քեմալական ուժերը – երեւի իրենց ճամբան կորցնելով – պիտի մտնէին Հայաստան եւ, եւրոպական կապիտալիզմի փոխարէն, պիտի ջախջախէին Հայաստանի մանուկ անկախութիւնը:

Կարմիր բանակի հրամանատարութիւնը կատարում էր նաեւ պրովոկատորի դեր:

Այն օրերին երբ դա ,բարեկամականե ձեռք էր մեկնել մեզ, երբ պաշտօնապէս եւ այնքան յաճախակի դիմումներ էր կատարում Սիւնեաց կառավարութեան, հայ գիւղացիութեան ուղղած իր մի թռուցիկի մէջ կը սպառնար՝ ,մաքրել Զանգեզուրն ու Ղարաբաղը, եթէ ապստամբները չհրաժարուեն աւերումներից եւ թրքական կոտորածիցե*:

Այսպէս, բոլշեւիկեան արտառոց տրամաբանութիւնը, ,ազգայնական աւերումներ ու թրքական կոտորածե էր անուանում մեր սրբազան ինքնապաշտպանութիւնը, որ առաջ էր տարւում հայրենի երկնքի տակ:

Նման պրովոկացիաներով թաթար Բաքուն պարբերաբար կը գրգռէր Կարմիր բանակը լեռնահայութեան դէմ:

Կարմիր զօրահրամանատարութիւնը երեւան եկաւ նաե՛ւ քաղաքական շանտաժիստի դերում:

«Ներկայ րոպէին, – կը գրէր ինձ 28րդ կարմիր զօրաբաժնի պետը,ռուսական սովետ. կառավարութիւնը միջնորդի դեր է կատարում՝ բանակցութիւններ վարելով Հայաստանի եւ տաճիկ յեղափոխական զօրքերի միջեւ: Մի՛ խանգարէք այդ հաշտութեան գործը»**:

Նոյն օրերին, միեւնոյն իմաստով, ինձ կը գրէին Դրոյի ստորագրութեամբ՝ «քանի դեռ Զանգեզուրը չէ ճանաչել խորհրդային իշխանութիւնը՝ դեռ կասկածով պիտի վերաբերուին Հայաստանին».


* «Ամէն մի ապստամբի ուշադրութեան»:

** 1920, 26 Նոյեմբեր:

Այդ միեւնոյն գրութեան մէջ կը կարդանք նաե՛ւ հետեւեալը. ,Զանգեզուրի բռնած դիրքը ,կոզերե է տալիս տաճիկների ձեռքը՝ չհեռացնելու իրենց զօրքերը մեր երկրիցե:

Իսկ իմ դէմ գործող ծանօթ զօրաբաժնի զինուորական կոմիսարը, իր համար 21 պաշտօնագրի մէջ, վրան բաց կերպով կը սպառնար ինձ. ,Առաջարկում եմ 48 ժամուայ ընթացքում վերադարձնել Գորիսում մնացած հիւանդ, վիրաւոր եւ Հոկտ. 15ից կռիւներում, գերի ընկած զինուորներին, Գորիսում մնացած բոլոր գոյքն ու ռազմամթերքը: Նաե՛ւ յիշեալ ժամանակամիջոցում հեռացնել Զանգեզուրից կանոնաւոր զօրամասերը*:

Հակառակ պարագայում, ռուս սովետական կառավարութիւնը կը հրաժարուի Հայաստանի եւ Տաճկաստանի յեղափոխական զօրքերի միջեւ կնքուող հաշտութեան միջնորդութիւնից: Սպասում եմ պատասխանիե:

Այսպէս, առանց դիւանագիտական փափկամտութեան իսկ, XI կարմիր զօրահրամանատարութիւնը – որի նիւթական եւ հոգեւոր ողջ մեխանիզմը գտնւում էր թաթար Նարիմանովի ձեռքում – կը սպառնար ինձ՝ հասկացնելով, որ եթէ վար չդնեմ զէնքս՝ թուրք բանակը կը քաշեն, կը բերեն Երեւան:

ճանաչում էի, ճանաչում էի խորհրդային մաքիաւելիական իշխանութիւնը, եւ նրա բոլոր սպառնական թէ կեղծ բարեկամական դիմումներին պատասխանում. ,Սիւնիքը խորհրդային իշխանութեան առջեւ կը բանայ իր դռները, երբ՝ 1) Զանգեզուրը կը յայտարարուի Հայաստանի անբաժան մասը, 2) թրքական զօրքերը կը հեռացուեն Ալեքսանդրապոլից, 3) հայ մտաւորականութիւնը ազատ կ՚արձակուի բանտերից, եւ 4) աքսորուած հայ սպայութիւնը կը վերադարձուի Հայաստանե:

Այս էր իմ եւ Սիւնեաց ժողովրդի անփոփոխ պատասխանը – այդ օրերի մեր ազգային կատեխեզիսը:

Տարբեր տեսակէտ չունէր նաեւ Գ. Տէր Մինասեանը, որն այսօր, 15 տարի յետոյ, խորհրդային կոչուած դիւային իշխանութեան դատն է փաստաբանում, առանց անդրադառնալու, թէ չարագործին պաշտպանողը բարոյապէս իր վրայ է առնում նրա կատարած բոլոր չարագործութիւնները:

Ահա՛, ընթերցո՛ղ, տարրական մարդկայնութիւնից, ինչպէս եւ քաղաքական բարոյականից զուրկ, թուրքի բարեկամ մեր թշնամին – բոլշեւիկների իսկ որակումով՝ ,Նե՛ռըե, որի հետ չափուեց Սիւնիքը:

Զանգեզուրում կանոնաւոր զօրամասեր չկային:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով