ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ – IV

IV

1920, Յուլիսի սկիզբները, Կարմիր բանակը գրաւեց Գորիսը, եւ նրա մի զօրամասը, Յուլիս 8ին, անսպասելիօրէն մտնելով Ղափանի նախադուռը կազմող Խոտանան գիւղը՝ կ՛առաջանար դէպի Ղափանի հանքերը:

Իմ հեծելախումբը Զալին-Գեօլի մօտ կտրեց կարմիրների ճամբան, եւ գործի դնելով մի տասնեակ պայթուցիկ տակառներ՝ հարկադրեց թշնամուն նահանջել դէպի Խոտանան:

Այդ դէպքից մի օր անց ստացուեց Կարմիր զօրքերի կոմիսարի գրութիւնը, որով կը հրամայէր ,ճամբայ տալ Վերին Խոտանանում գտնուող զօրամասին անցնելու Մեղրիի վրայով՝ Օրդուբատ-Ջուլֆաե*:

Գրութիւնը յանձնուեց Ղափանի Ազգային խորհուրդին, որը Յուլիս 12ին, Առաջաձոր գիւղին մէջ, գումարեց մի արտակարգ ժողով՝ նախագահութեամբ ծանօթ Գեդէոն Տէր Մինասեանի, քարտուղարութեամբ Վ. Փարսադանեանի: ժողովը միաձայնութեամբ որոշեց.

ա) ,թոյլ չտալ կարմիրներին մտնելու Ղափան.

բ) Վերին Խոտանանը եւ նրան հետեւող միւս գիւղերը, եթէ եղան, կը համարուեն հայրենիքի դաւաճան եւ թշնամիե**:

Ստանալով շրջանի հաւաքական եւ անվերապահ կամքն արտայայտող այդ որոշումները, Յուլիս 12ին երեկոյեան Կարմիր զօրքերի պետին ուղարկեցի մի վերջնագիր – հեռանա՛լ Ղափանի սահմաններից:

Նշանակածս ժամանակը դեռ չլրացած, բոլշեւիկները խուճապահար կը փախչէին դէպի Գորիս, իրենց հետ տանելով իմ բանագնացին՝ երկրաչափ Սմբատ Մելիք-Ստեփանեանին:


* Լեռնահայաստանի զինուորական շտաբի արխիւ:
** ժողովի արձանագրութիւններից:

Տեսնո՞ւմ էք, որ առաջին գնդակը, առաջին պայթուցիկ տակառը, առաջին վերջնագիրը Կարմիր բանակին ուղղելու հերոսական որոշումը ստորագրուած է եղել նաեւ Գ. Տէր Մինասեանի կողմից:

Առաջաձորի պատմական ժողովի նախագահը, 15 տարի առաջ, ,Հայրենիքի դաւաճան ու թշնամիե է հռչակած այն հայ գիւղը, ուր, հակառակ բնակչութեան կամքին, հելուզակաբար, իր ոտն էր դրել՝ քեմալականներին օգնութեան փութացող Կարմիր զօրամասը:

Իսկ այսօր, 15 տարի յետոյ, նա ելած է ուրացողաբար լիզելու իր ստորագրութիւնը՝ իր հասցէին ընդունելով իր իսկ կայացրած դատավճիռը – , Հայրենիքի դաւաճան ու թշնամիե:

* * *

Մութին մէջ, քեմալական գործակալները, կը շարունակէին իրենց հայադաւ աշխատանքները:

Պէտք էր օր առաջ Կարմիր զօրքը հասցնել Նախիջեւան:

Այդպէս կ՚ուզէր Քեազիմ Գարապէքիր փաշան:

Յուլիս 29ին, Կարմիրները մեծ ոյժերով վերսկսեցին իրենց յարձակողականը Ղափանի դէմ, այս անգամ՝ արեւելքից:

Կռիւներն անհաւասար էին, կատաղի, բորբոքուն, որոնք տեւեցին 72 օր:

Հացի եւ ռազմամթերքի չգոյութեան պատճառով՝ ժողովուրդը հարկադրուեց վար դնել զէնքը եւ վերցնել մանգաղը՝ իր հունձքը հաւաքելու համար:

Սակաւաթիւ հետեւորդներով՝ ես քաշուեցի Խուստուփ լեռը:

Այս տեղ էլ մեզ հետ է Տէր Մինասեանը:

Կարմիրները, գրաւելով Ղափանը, հոգեբանական մի հեռատես հաշուով, կ՚աճապարէին գրաւել Մեղրիի շրջանը – Արեւիքը եւ մեզ ,սրբել, թափել Արաքսեը, ինչպէս այդ օրերին կ՚արտայայտուէր բոլշեւիկեան ռուսատառ թերթերէն ,Կարմիր աւանգարդըե:

Խուստուփի վրայ թողնելով իմ մի բուռ մարտիկները, ես մեկնեցի Արեւիք՝ խորհրդակցութեան հրաւիրելու այդ շրջանի Փրկութեան կոմիտէին:

Ինձ հետ է Գողթանի վշտակիրը՝ Աշոտ Մելիք-Մուսեանը, որի նախագահութեամբ, Սեպտեմբեր 6ին, Կալեր գիւղում գումարուեց Արեւիքի ներկայացուցչական ժողովը:

Այս տեղ էլ ժողովին ներկայ է Տէր Մինասեանը:

Նա, ապագայ դաւանափոխը, ամբողջովին բաժանում է արեւիքցիների կարծիքը. աւելին, նա պահանջում է՝ ,հարց տալ Բաղաբերդի ժողովրդին, թէ ինքը ի՛նչ է ուզում. ուզո՞ւմ է մնալ հաւատարիմ իր ազատագրման, իր ինքնապաշտպանութեան գործին, թէ՞ ուզում է նետուիլ թշնամու գիրկըե *:

Արդար էր Տէր Մինասեանի զայրոյթը այն հայ գիւղախմբի դէմ, որը Ղափանի կռիւների ժամանակ, առանց ուզելու, մերկացրել էր մեր ձախ թեւը եւ այսպէսով հեշտացրել թշնամու առաջխաղացումը:

Ազգադաւութիւն համարելով Բաղաբերդի արարքը, նա՝ Տէր Մինասեանը, դատ ու դատաստան կը պահանջէր վերջինի համար:

Եւ ժողովը որոշեց՝ ,Արեւիքը, իր ոյժերը դնելով ռազմական դրութեան մէջ, բռնում է բոլոր դիրքերըե:

Այսպէ՛ս, Արեւիքն էլ վճռեց ծառանալ Կարմիր բանակի ճամբի վրայ:

Ու այդ առթիւ մեզ հետ, բոլորիս հետ ուրա՛խ է նաեւ Տէր Մինասեանը, որն այդ օրերին որոշ առաքելութեամբ իմ կողմից ուղարկուեց Թաւրիզ:

Կարմիր բանակը չուշացաւ իր ներկայութիւնը զգացնել տալու մեզ:

Նա, գրեթէ միաժամանակ, սկսեց իր գրոհները թէ՛ Օրդուբատի եւ թէ՛ Բարթաղի կողմից: Նա ոտքի հանեց Զանգելանի ողջ թաթարութիւնը եւ Օրդուբատի թրքական ոյժերը, որոնց անվիճելի սեփականութիւնը կը համարէր Զանգեզուրը:

Կռի՛ւ էր, կռիւ, որի նմանը քիչ անգամ են տեսնում պատերազմող կողմերը:

Թշնամին կաշուից դուրս էր գալիս Արեւիքի, որ ասել է՝ մեր դիակների վրայով միանալու քեմալականներին:

Արեւիքի հերոսական որդիները գերազանցեցին ամէն ակնկալութիւն, թշնամուն զարմանք, հարեւան Պարսկաստանին հիացում պատճառելով:

Վերջապէս, ջարդուեց թշնամին, եւ անփառունակ կերպով իր ոյժերի բարոյալքուած մասը փախցրեց Ղափան:

Հայ զէնքի այդ փայլուն յաջողութեամբ ես կարելիութիւն ստացայ՝ ծրագրել ու գործադրել Ղափանի վերագրաւումը:

Այժմ մերն է ե՛ւ Ղափանը:

էլեկտարականացած է լեռնահայութիւնը, սարսափած՝ Կարմիր բանակը:

Ահա՛ ռազմական այդ վայրկեանը բնորոշող մի հատուած 28րդ Կարմիր հրացանաձիգ դիւիզիայի պետ Նեստերովսկու հրամանագրէն.**


* ժողովի արձանագրութիւններից: Լեռնահայաստանի զինուորական շտաբի արխիւ:
** Լեռնահայաստանի զինուորական շտաբի արխիւ:

– Համարեայ ամբողջ Զանգեզուրում բռնկուել է ապստամբութիւնը:

Ապստամբած հայերը գրաւել են Անգեղակոթը, Ղարաքիլիսան, ամբողջ Ղափանի շրջանը եւ Օխչի եւ Մեղրի չայի աւազանները:

Նիւվադի գիւղի շրջանում գործող 252-րդ հրացանաձիգ եւ կովկասեան երկրորդ գնդերի հետ ունեցած կապը խզուած է:

Ղափանի աննշան զօրամասը շրջապատուած է, նրա վիճակը անյայտ է:

25-րդ հրացանաձիգ գունդը կռւում է թշնամու հետ Տանձաւերից դէպի հարաւ գտնուող Ինջաբելի բարձունքներում:

20-րդ դիւիզիայի կովկասեան բրիգադային հրամայուած է Արաքսի ափով առաջանալ եւ Հոկտեմբեր 16ին լինել Նիւվադիի շրջանը, ուր իրեն ենթարկելով 252-րդ հրացանաձիգ եւ կովկասեան երկրորդ գնդերը, վճռականութեամբ եւ դաժանութեամբ ջարդել Նժդեհի բանդաները*:

Այդ գործողութիւնից յետոյ, հարուածելով Ղափանի շրջանը, վերջ տալ ապստամբութեան:

Մեր դիւիզիային հրամայուած է՝ պատրաստել հարուածող բռունցք, ուժեղ թափով ջնջել ապստամբութիւնը, կենդանի բաց չթողնելով ոչ մի բանդիտի, կանգ չառնելով ամբողջ գիւղեր աւարի ենթարկելու առաջ, յիշելով այն, որ աններողամտութիւնն ո ւ դաժանութիւնը նամանաւանդ Կովկասի մէջ կը հասցնեն լաւ հետեւանքի:

Գրաւուած գիւղերի մէջ սովէն ապահովել զօրամասերը ի հաշիւ ապստամբներիե:

* * *

Կարդացիք կարմիր զօրավարի հրաման-մարտագիրը, լսեցիք նրա խօսքի անշանթ ամպրոպները:

Մարդկային խօսքն իր հոգեբանութիւնն ունի:

Այդ հրամանը մատնում է իր հեղինակին – հրամանատարին:

Անզօր ,լենկթեմուրականութիւնե շնչող այդ մարտագիրը մատնում է այն խուճապային ու սարսափահար հոգեվիճակը, որ այդ օրերին ստեղծուած էր գլուխը կորցրած կարմիր զօրահրամանատարութեան մէջ:

Մեր զէնքի յաջողութեան լուրը կ՚արձագանքէր անգամ Թուրքիայէն:

Ահա՛ թէ ի՞նչ է ասում բժ. Արտաշէս Բաբալեանը ,Մի տարի գերութեան մէջե իր յօդուածաշարքում.

– Նորէն կենդանութիւն առաւ Եակուտիէն:

Մեզնով սկսան հետաքրքրուիլ:


* Լեռնահայաստանի զինուորական շտաբի արխիւ:

Յաճախ գալիս էր գնդապետ էմին բէյը եւ կարդում մեզ Զանգեզուրի դէպքերի մասին տեղեկագիրներ:

Նա ոգեւորուած՝ պատմում էր մեզ հայերի քաջութեան մասին:

Պաշտօնական զեկոյցները այլեւս չէին ասում «դաշնակները քաջութեամբ յետ մղելով թշնամու յարձակումները, ջարդեցին բոլշեւիկեան գնդերը եւ մեծ քանակութեամբ ռազմամթերք ու գերիներ վերցրին»*:

Այդ օրերին էլ մեզ հետ է Տէր Մինասեանը – անշուշտ, ի հեռուստ:

Մեր նոր յաղթանակներով գինովցած՝ նա գրում է. «Սիրելի Գարեգին, Եպիսկոպոսը եւ ամբողջ գաղութը խորապէս գնահատում են քո եւ Ղափանի ժողովրդի հերոսական կռիւները՝ Ղափանի ազատագրման գործում: Թաւրիզ, 23 Սեպտ. 1920»:

Հասնում է նրա երկրորդ գրութիւնը. ,Սիրելի՛ Գարեգին, այսօր ցնծում է ամբողջ Թաւրիզը՝ Մեղրու եւ Ղափանի յաջողութեան լուրերով:

Ղափանի վերագրաւումը եւ ձեռք բերուած զինամթերքի եւ աւարի լուրը ուղղակի յուզեցին մեզ, բոլորիս:

Ամենուրեք, ամէնքի բերանում հոլովւում է Նժդեհի անունը:

Մեր սիրտը պայթում է, որ այդ պատմական րոպէներին քո կողքին չենք:

է՛հ, Գարէ՛ ջան, յաջողութի՛ւն քո սկսած գործին եւ բարի ելք: Համբոյրներով՝ միշտ յարգող եւ սիրող Գ. Տէր Մինասեան: Թաւրիզ, 16 Հոկտ. 1920: Յ. Գ. Ներսէս սրբազանը, օգտուելով առիթից, օրհնում է քեզ, քո քաջարի զօրքին, եւ համբուրում քո ճակատը»:

Ահա՛ Տէր Մինասեանը, երբ դեռ ծախուած չէր թրքօ-բոլշեւիզմին, երբ դեռ հայ էր եւ մարդ:

Ըստ իր վկայութեան՝ իմ գործը ազատագրական էր, իմ վարած կռիւները՝ հերոսական:

Նրան յուզմունք ու ցնծութիւն է պատճառել իմ ամէն մի յաղթանակը: Նրա «սիրտն է պայթում», որ «այդ պատմական վայրկեաններին» իմ կողքին չէ:

Եւ, այդ բոլորից յետոյ, հաշտուել այն մտքի հետ, թէ իմ վարած ամենաօրհասական կռիւների օրերին, իր ծննդավայրէն – վտանգի, կրակի, մահուան գծէն դուրս գտնուող իմ խնկարկուն, մի օր, շնութիւն կ՛ունենար հաջելու ,ամենուրեք, ամէնքի բերանում հոլովուողե անունի դէմ.

Չէ՛, չէ՛, նման անկումների հետ մարդկօրէն չէ՛ կարելի հաշտուել:


* «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, 1924, թիւ 7:

* * *

Ամրանալով Ղափանում, գալիք արիւնայեղութիւններից խուսափելու ցանկութեամբ, կարմիր զօրահրամանատարութեան յղեցի հետեւեալ վերջնագիրը. ,Ձեր զօրքերի ներկայութիւնը Սիւնիքի սահմաններում այլեւս անհանդուրժելի է: Հրամայում եմ, եթէ չէք ուզում XI բանակի մնացորդներն էլ կոտորածի եւ գերութեան մատնել, անմիջապէս դատարկել Զանգեզուրը. հակառակ դէպքում, ստիպուած կը լինեմ կռուով տիրել ձեր ձեռքում գտնուող երկրամասինե:

Իմ այդ վերջնագրին խորհրդային զօրահրամանատարութիւնը պատասխանեց սրով, ուղարկելով իմ դէմ Բաքուէն հասած նոր ոյժեր թրքական գունդը՝ Զաւալ փաշայի հրամանատարութեամբ եւ հռչակաւոր Կուրոչկինի հեծեալ բրիգադան:

Տաթեւի եւ Գորիսի միջեւ, եռաբլուր դաշտի վրայ, տեղի ունեցաւ մեր վերջին վճռական ճակատամարտը, որի ընթացքում Կարմիր բանակը մի անգամ էլ զգաց Սիւնիքի զարկերի թափը:

Իմ վաշտերը, թրքական դիակներ կոխելով, մտան Գորիս:

Վիրաւորուած ու գերի է նաե՛ւ Զաւալ փաշան:

Ազատագրուած՝ ցնծում է ողջ Զանգեզուրը:

* * *

«1920թ. Դեկտ. 25ին Զանգեզուրի հայ ժողովրդի ցանկութեամբ, Տաթեւի պատմական վանքում կայացաւ համազանգեզուրեան համագումարը, ուր ներկայ էին Զանգեզուրի բոլոր շրջանների 69 գիւղօրայքից ընտրուած եւ ուղարկուած 100 պատգամաւորները, Զանգեզուր-Գողթանի սպարապետ Նժդեհը, Զանգեզուրի բոլոր շրջանային խորհուրդների 15 ներկայացուցիչները, ընդամէնը 118 հոգի: Կէսօրուայ ժամը 2ին ժողովը բացում է բուն Զանգեզուրի գիւղացիական ժամանակաւոր խորհրդի նախագահ Տ. Մելիք-Հուսէինեանը՝ եւ առաջարկում ընտրել համագումարի դիւանը:

Ձայների մեծամասնութեամբ ընտրւում են. նախագահ՝ Եգոր Յարութիւնեան եւ Տիգրան Մելիք-Հուսէինեան, քարտուղարներ՝ Սամուէլ Մաշուրեան եւ Նիկոլայ Դօրոնց:

Նախագահը, նիստը բաց յայտարարելուց յետոյ, համառօտ կերպով բացատրում է համագումարի պատմական նշանակութիւնը եւ առաջարկում է անցնել օրակարգի հետեւեալ հարցերի քննութեան.

1) Զեկուցում Հայաստանի քաղաքական կացութեան մասին եւ համագումարի բռնելիք դիրքը:

2) Ինքնավար Սիւնիքի կառավարութեան ձեւը:

3) Իշխանութեան կազմակերպումը:

4) Սպարապետի հրաւիրումը:

5) Ինքնավար Սիւնիքի խորհրդարանի դիւանի ընտրութիւն:

6) Իշխանութեան կենտրոնատեղի:

7) Փոխ յարաբերութիւններ՝

ա) Հայաստանի Հանրապետութեան,

բ) Ադրբէջանի Հանրապետութեան,

գ) Պարսկաստանի կառավարութեան,

դ) հարեւան թուրքերի հետ, եւ այլն:

* * *

«Մի շարք ներկայացուցիչների երկար եւ բազմակողմանի արտայայտութիւններից յետոյ, համագումարը երկար ծափահարութիւններով եւ ,հուրրաեներով, միաձայն ընդունում է հետեւեալ բանաձեւը.

«Զանգեզուրի աշխատաւոր գիւղացիութիւնը, շնորհիւ մի շարք տականքների եւ ազգուրացների, որոնց հրաւիրանօք, առանց ազգաբնակութեան կամքը եւ ցանկութիւնը հարցնելու, Զանգեզուր մտան սովետական զօրամասերը, 5 ամսուայ ընթացքում դատարկեց դառնութեան բաժակը մինչեւ նրա վերջին կաթիլը: Սովետական հրամանատարութիւնը հէնց առաջին քայլից գաւառիս գիւղացիութեան նկատմամբ սկսեց իր աւերիչ, քայքայիչ քաղաքականութիւնը, որի առաջ նսեմանում են պատմական Լենկթեմուրեան եւ Արեւելքի բարբարոսների արշաւանքներն ու գործելակերպը:

Հայ աղքատ գիւղացիութեան տնտեսապէս քայքայուած շրջանում նա որոնում էր բուրժուական տարրեր եւ կապիտալիստների դէմ մղուելիք քաղաքականութիւնը գործադրում աղքատ, անօգնական գիւղացիների եւ այրի կանանց դէմ:

Նա խլեց մեր վերջին պատառ հացը, տարաւ մեր աղքատ գիւղացու միակ եզը, կովը, ձին ու աւանակը, գրաւեց մեր անասունների կերը, եւ թողեց մեզ մերկ եւ զուրկ ամէն ինչից:

Սովետական հրամանատարութիւնը, մոռացած իր ժողովրդասիրական մի շարք փքուն լօզունգները, աւերեց, հողին հաւասարացրեց մեր գիւղերը, եւ իր գրաւածների հանդէպ մեզ չտուաւ մի թել անգամ:

Նա անկարող եղավ ամբողջ Զանգեզուրին տալ մի գրուանքայ նաւթ անգամ, չնայելով մեզ նաւթ, մանուֆակտուրա եւ այլ մթերքներ տալու խոստումներին: Այս բոլորից յետոյ մենք համոզուեցինք, որ սովածների այդ բանակը եկել էր միմիայն յափշտակելու մեր կեանքը եւ գոյքը, թալանելու մեզ եւ ի սպառ ոչնչացնելու:

Սովետական կառավարութիւնը իրեն յատուկ արեան բաղնիքներ սարքեց մեր գիտակից երիտասարդների նկատմամբ եւ տասնեակներով կոտորեց նրանց, չխնայելով մեր գրական վաստակաւոր գործիչներ Խորէնուն, Շիրինեանին եւ տարիներ շարունակ բանտերում տառապած Սաքօներին յոշոտելուց: Առանց քննութեան եւ որոշ մեղադրանքների մեր ռանչպար գիւղական երիտասարդներից տասնեակներ գլխատուեցան եւ փոսերը թափուեցան, եւ վերջում իր հայակործան յաղթանակը կամենալով առաջ տանել, մեր գաւառը մտցրեց 1000-ով տաճկական ասկեարներ, որոնք իրենց հայու Աստուած էին անուանում:

Սովետական կառավարութիւնը, մոռանալով տաճկական դարաւոր հայաջինջ քաղաքականութիւնը հայ ժողովրդի նկատմամբ, դէպի հայ գիւղերը ուղղեց տաճկական ասկեարներին, որոնք Քարահունջ, Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Եայջի, Զէյվա եւ ուրիշ գիւղերում իրենց բարբարոս եւ գազանային ինստինքները գործադրեցին հայ կնոջ եւ կոյս աղջիկների վրայ, նրանց պատիւը ոտի տակ տալով:

Կոխոտեցին, ցեխի հաւասարեցրին մեր պապեկան ամէն տեսակի սրբութիւն, եկեղեցի, ընտանեկան պատկառանք եւ պատիւ:

Սովետական կառավարութիւնը իր ալան-թալանը, իր ճնշումները, իր բռնութիւնները եւ տարածուած սիֆիլիսը կատարեալ կերպով առաջ տանելու համար եւ վախենալով ժողովրդական բռնկումներից, հարիւրաւոր անմեղ մարտիկներ բանտ ձգեց ու խեղդեց, սպառնալով ազգաբնակութեան իր տեռորներով որեւէ ցոյցի եւ ապստամբութեան դէպքում կոտորելու նրանց:

Զանգեզուրի աշխատաւոր գիւղացիութիւնը չկարողանալով տանել նման բարբարոսութիւնները, որոշեց դուրս վռնդել սովետական Ռուսաստանի զօրքերին եւ նրա դիմակի տակ թաքնուած ադրբէջանեան վարձկաններին, որոնք աւերեցին իր երկիրը, եւ ազատեց իր օջախն ու պատիւը: Տարւոյս Հոկտեմբեր 10ից սկսած ապստամբական դրօշ պարզելով՝ իր սիստեմատիկ բռնկումներով մինչեւ տարւոյս Նոյեմբեր 21ի Գիշերը դուրս քշեց իր սահմաններից անկոչ այդ զօրամասերը, որոնք իրանց հինգամսեայ ներկայութեամբ նրան կորստեան դուռը հասցրին:

Սովետական Ռուսաստանն ու Ադրբէջանը չբաւականանալով այս ամէնից, ցանկացան գլխատել ու ի սպառ ոչնչացնել հայ ժողովուրդը եւ ներս հրաւիրեցին տաճկական հորդաներին Քեմալի գլխաւորութեամբ Հայաստան, եւ Ալեքսանդրապոլի պատերի տակ ստիպեցին Հայաստանին ընդունելու այսպէս կոչուած ,խորհրդայինե իրաւակարգը, մի ռեժիմ եւ ծրագիր, որոնց չէ կարող այլեւս հանդուրժել թէ՛ մեր երկիրը եւ թէ՛ բովանդակ հայ ժողովուրդը:

Ի նկատի առնելով վերոյիշեալները, եւ այն, որ Զանգեզուրը երեք տարուց ի վեր ապրել է իր ներքին ուրոյն կեանքով եւ շարունակելու է մնալ նոյնը, համազանգեզուրեան համագումարը իր սոյն օրուայ նիստում որոշեց.

1) Զանգեզուրը յայտարարել ժամանակաւորապէս ինքնավար, մտցնելով հանրապետական իրաւակարգ, լինելով անկախ մինչեւ քաղաքական հնարաւորութիւն կ՚ունենայ միանալու իր մայր երկրին՝ Հայաստանին: – Ինքնավար Սիւնիքի սահմաններն են Զանգեզուրի նախկին սահմանները:

2) Համագումարը լսում է շրջանային խորհուրդների համառօտ զեկուցումները եւ դիտողութիւնները իրենց գործունէութեան մասին եւ առնում է ի գիտութիւն:

3) Մտքերի փոխանակութիւններից յետոյ համագումարը միաձայն ընդունում եւ հաստատում է ինքնավար Սիւնիքի կառավարութեան ձեւի հետեւեալ գլխ. կէտերը.

– Սոյն համագումարը ճանաչել ինքնավար Սիւնիքի բարձր օրէնսդրական մարմին-պարլամենտ, որին վերապահել Սիւնիքի բաղդի լիակատար տնօրէնութիւնը:

ա) Համագումարը միաձայն որոշում է հրաւիրել իր ազատարար, իր հերոս Նժդեհին որպէս Սիւնեաց սպարապետ եւ բուռն ծափահարութիւններով իր կատարեալ վստահութեան քուէն տալով, նրան իր բաղդն է յանձնում:

բ) Զինուորական բոլոր տեսակի գործերը տարւում են սպարապետի ղեկավարութեամբ, որը այդ մասին իրազեկ է դարձնում պրեզիդիումին:

գ) Ինքնապաշտպանութեան հարցի վերաբերեալ բոլոր միջոցների ձեռնարկումը եւ գործադրութիւնը թողնել սպարապետի կարգադրութեանըե…

* * *

Այդ պատմական համագումարը, որին նախագահեց Գ. Տէր Մինասեանը, անվերապահ կերպով կը հաստատէ որ՝

ա) Սովետական զօրքերը մտել են Զանգեզուր առանց ազգաբնակութեան կամքն ու ցանկութիւնը հարցնելու:

բ) – Սովետական հրամանատարութեան քաղաքականութիւնը եղել է ,աւերիչ, բարբարոս, լենկթեմուրեան:

գ) Սովետական իշխանութիւնը ստեղծած է արեան բաղնիքներ:

դ) Բոլշեւիկները 1000ով տաճկական ասկեարներ են մտցրել Զանգեզուր, եւ որ

ե) Տաճկական հորդաներին Հայաստան հրաւիրեցին Ռուսաստանն ու Ադրբէյջանը, եւ Ալեքսանդրապոլի պատերի տակ ստիպեցին Հայաստանին ընդունելու խորհրդային իրաւակարգը:

Ահա սովետների դէմ ուղղուած այն ծանրածանր, այլ արդար մեղադրականը, որ հաստատուած է Տէր Մինասեանի նախագահական ստորագրութեամբ:

Նկատեցիք, անշուշտ, որ համագումարի բոլոր որոշումները առնուած են բացարձակ քուէով, միաձայնութեամբ:

Տեսաք, այստեղ էլ մեզ հետ է ուրացութեան թեկնածուն, ergo, նա դեռ թշնամի է խորհ. իշխանութեան: Այս էր, ընթերցող, հացի համար այսօր պատմութիւնը խեղաթիւրելու հարկադրուած թշուառականը 15 տարի առաջ, երբ դեռ չէ՛ր խորհում, չէ՛ր զգում, չէ՛ր գործում կարմիր փայտիկի շարժումով, երբ դեռ ընդունակ էր հերոսական որոշումներ ստորագրելու եւ հերոսներ դափնեպսակելու:

Ահա, որպէս հոգեբանական արձագանգ, Տէր Մինասեանի խմբագրականը* այդ համագումարների մասին.

«Ապրիլ 27-ը հայ իրականութեան պատմական օրերից մէկն է. այդ օրն էր, որ մարդկութեան քաղաքակրթութեան ոխերիմ թշնամիների, ռուս բոլշեւիկների անարգ լծից ազատուած Լեռնահայաստանի գիւղացիութիւնը եկաւ անվարան եւ առաւել քան երբեք վճռական՝ մի անգամ եւս յայտնելու աշխարհին իր ազատ եւ անկախ ապրելու կամքը:

Տաթեւի հնամենի կամարների տակ՝ ուր թերեւս ապրում է մեր անյաղթ նախահայրերի, Դաւիթբէգերի եւ նմանների ըմբոստ ոգին, Սիւնիքի եւ Վայոց Ձորի քաջամարտիկ որդիները, գիտակից րոպէի լրջութեան, ընտրեցին իրանց համար նոր կառավարութիւն, խոստանալով տալ նրան ամէն աջակցութիւն, վերջնական յաղթանակը ձեռք բերելու համար:

Երկրի ղեկը յանձնուել է եւս այն անձնաւորութեան, որը այլեւս ոչ մէկ դափնիի չի կարօտում, ապացուցելու համար, որ ինքը արժանի եւ զտարիւն յաջորդն է այն քաջերի սերունդի՝ որ դարերի ընթացքում ապրեց ու պայքարեց այս աննուաճ լեռներում եւ երկու սրբութիւն միայն ճանաչեց, նախ անհուն սէր եւ պաշտամունք դէպի ժողովուրդը եւ յետոյ նոյն ինքն այդ ժողովրդի ազատութիւնը՝ որի համար ոչինչ չխնայեցե.:

Տէր Մինասեանի գրչին են պատկանում նաեւ հետեւեալ տողերը.

«Մեր քերթողահայր Խորենացու նկարագրութեան համաձայն, դիւցազն Վահագնի առասպելական ծնունդը յայտնի պիտի լինի ամէն մի հայ գրագէտի, թէ ինչպէս երկնքի եւ երկրի ու ծիրանի ծովի բռնուած երկունքից ու բոցավառ եղէգնից ծնուեց մանուկ Վահագնը:


* «Ազատ Սիւնիք»:

Ինքնավար Սիւնիքի ազատ եւ անկախ կառավարութիւնը եւս պակաս հրաշքով եւ առասպելական երեւոյթներով չծնուեց ու գոյութիւն ստացաւ:

Զանգեզուրի գիւղացիութիւնը իր տառապանքների, իր տուած զոհերի եւ իր վերջին արեան բաղնիքների եւ Բարդողիմէոսեան գիշերներով ծնեց ինքնավար Սիւնիքը, ու գերազանցօրէն անհաւասար ոյժերի դէմ կռւելով եւ մաքառելով, դաւաճան եւ մատնիչ հարազատի դէմ ծառանալով ու յաղթելով, նա, Զանգեզուրը եւս անցաւ առասպելական ու գիւղացիների յատուկ պատմութեան շարքըե.

* * *

Ազատ ու ինքնավա՛ր է Սիւնիքը:

Յաղթական՝ նա իր վաշտերն է հասցրել Լեռնային Ղարաբաղ: Լոյս է տեսնում Սիւնեաց կառավարութեան անդրանիկ կոչը, խմբագրուած Տէր Մինասեանի կողմից.

«Հա՛յ ժողովուրդ,

Ամսոյս 21 ին, Գորիսի Սուրբ Լուսաւորիչ եկեղեցում, հանդիսաւոր մաղթանքից յետոյ, ժողովրդի հոծ բազմութեան եւ զինուորական վաշտերի ներկայութեան, օծուեցաւ Սիւնիքի կառավարութեան կողմից սպարապետին տրուելիք գօտին եւ դրօշակը, որից յետոյ նախագահը օծած գօտին կապեց սպարապետի մէջքը եւ դրօշակը յանձնեց նրան:

Հա՛յ ժողովուրդ, այդ օրը եւ այդ փառաւոր տօնը եզակի տեղ պիտի ունենայ Սիւնիքի համար:

Կառավարութիւնս ժողովրդի անունով յանձնելով սպարապետին ազատ Սիւնիքի եռագոյն դրօշակը, դրա հետ նրան յանձնեց եւ մեր քաղաքական բաղդը, Ձեր պատուի, նամուսի պաշտպանութիւնը, համոզուած լինելով, որ ձեր սպարապետը, ինչպէս մինչեւ այսօր, այնուհետեւ եւս, իր հերոսական քաջութեամբ, կը շարունակէ փառաւոր յաղթութիւններով ապացուցել աշխարհին, որ հայ ժողովուրդը տոգորուած ազատ եւ անկախ հայրենիք ունենալու տենչով, պատրաստ է զոհաբերել այն ամէնը, ինչ որ հարկաւոր կը լինի հասնելու ցանկացած նպատակին:

Սպարապետն ընդունելով Սիւնիքի պաշտպանութեան դրօշակը, ուխտեց եւ երդուեց՝ միշտ բարձր պահել կառավարութեան եւ ժողովրդի կողմից իրեն յանձնուած դրօշակը:

Սիւնիքի՛ ժողովուրդ, բոլորուեցէ՛ք Ձեր սիրելի սպարապետի շուրջը, թեւ ու թիկունք հանդիսացէք նրան, որ կարողանայ կատարել այն ծանր պարտականութիւնը, որը դրուած է նրա վրայ Ձեր եւ հայրենիքի կողմից:

Կեցցէ՛ Սիւնիքի ազատարար Նժդեհը, կեցցէ՛ Սիւնիքի ազատասէր հայ ժողովուրդը:

1921. Փետր. 23ին, Գորիս»:

Այդ կոչից ընթերցողը կ՚եզրակացնէ, որ

ա.- Սպարապետը հերոսական քաջութեամբ է վարել Աիւնիքի կռիւները.

բ.- Նա ազատարար է.

գ.- Առ այդ՝ կառավարութիւնը որոշած է իր եւ ժողովրդի անունից սպարապետին յանձնել Աիւնիքի եռագոյն դրօշակը.

դ.- Սպարապետին տրուելիք դրօշակն ու գօտին օծուած են ժողովրդի հոծ բազմութեան եւ զինուորական վաշտերի ներկայութեան.

ե.- Եւ որ նախագահը՝ Գ. Տէր Մինասեանն է գօտին կապել սպարապետի մէջքը եւ դրօշակը յանձնել նրան:

Այս է պատմական իրողութիւնը:

Սակայն, տարիներ յետոյ, Տէր Մինասեանը բոլշեւիկին յատուկ շնականութեամբ պէտք է ուրանար նրան տրուած դրօշակը ու հայհոյէր իր ազատարարին:

Աւելին՝ նա պէտք է խեղաթիւրէր մեր երէկուայ պատմութիւնը:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով