ԵՕԹԸ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐ ԻՄ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Քաջերին, միայն քաջերին է լսում եւ զօրավիգում պատերազմների քմահաճ Աստուածը:
Վախկոտներն ի զուր են կանչում նրան: Խուլ է նա նրանց համար:
* * *
Նա է միշտ յաղթում, որը արդէն յաղթել է իրեն, այսինքն` որն իր մէջ մեռցնելու չափ թուլացրել է մահուան երկիւղը:
* * *
Նրանք, որոնք ծառայում են բարձր հայրենասիրութիւնից, կամ փառասիրութիւնից դրդուած, միայն նրանք են աւելացնում իրենց զէնքի ու ցեղի փառքը:
Հէնց այնպէս ծառայել, ծառայել, որովհետեւ պահանջում են, կամ ստիպուած ես մի զոյգ ուսադիրներ կրել մի կտոր հացի համար — նշանակում է դատապարտուած լինել կատարելու սովորական մահկանացուի յատուկ ամենաաննշան ու անփառունակ գործեր:
Վա՜յ քեզ, բանակ, եթէ նմաններով հարուստ են շարքերդ:
Ունեցի՛ր բոլոր մարտական առաքինութիւնները, բայց մի՛ մոռանար, որ առաջինը, առանց որին պատերազմների քմահաճ Աստուածը քեզ քիչ անգամ կը ժպտայ` դա խիզախութիւնն է:
* * *
Քեզ վրայ նայիր որպէս դատապարտուածի, որը յանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանութեան` պիտ միշտ պատրաստ լինի ընդունելու մահը:
* * *
Եղի՛ր խիզախ, խստաբարոյ ու չարքաշ: Յատկութիւնների այդ բարձր երրորդութիւնը քեզ կը մօտեցնէ կատարեալին:
* * *
Երկար ու լուրջ տքնութեամբ մեռցնելու աստիճան թուլացրո՛ւ քո մէջ մահուան վախը եւ դու չես մնայ առանց փառքի, պատմութիւնից դուրս:
* * *
Ճապոնացու արեւոտ սիրով սիրի՛ր հայրենիքդ եւ ամէն օր, որպէս աղօթք, կրկնի՛ր ճապոնական կայսրի խօսքերը.
— Եթէ խորապէս գիտակցենք, որ սէրը դէպի հայրենի երկիրն ու ժողովուրդը աւելի՛ բարձր է կանգնած մեծ ու գեղեցիկ Արեւին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները` այն ժամանակ մահը ամէն մէկիս համար թռչնի փետուրից էլ թեթեւ կը թուայ:
Հրամանատար` ՆԺԴԵՀ
Comments are closed.