Գարեգին Նժդեհ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄԸ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔ:

ԿԱՐԾԻՔ ԵՐՋԱՆԿ[ՈՒԹՅԱՆ] ՄԱՍԻՆ

Ամենայն ուղխք ի ծով վազեն, եւ ծով ոչ լնու:

 

Ամենից անհաստատ դաշինքն այն է, որ կնքում ենք բախտի հետ:

Մշտականությունը օտար է իմ բնության: Ես դարձնում եմ իմ անիվը ահա՛ իմ խաղը: Ուժգնորեն դարձնում եմ անիվս. բարձրացի՛ր նրա վրա, եթե չես վախենում` վաղը գլխիվայր դուրս գալ:

Ճշմարիտն ասելով` ինքդ քեզ պատկանող բարիքներից զրկվեցիր: Իրավունք չունես տրտնջալու իմ դեմ` զրկվելով քեզ չպատկանող բաներեն: Հարստություն, դիրք, աստիճան եւ այլն ինձ են պատկանում:

Բախտը նախազգուշացնում է մեզ` դավաճանելով:

Պատահական երջանկությունը ե՛ւ անարժեք է, ե՛ւ անարդար:

Ո՞վ է անմատչելի մարդկային չարության եւ զրպարտության համար:

Ապերջանկությունը անհրաժեշտ է առաջադիմության համար:

Բախտն այնքան էլ անսիրտ չէ` նա ամեն ինչ չի խլում մեզնից:

Լավագույն ճակատագիրը աշխարհում` կյանքի քաղցրություններին մի քիչ դառնություն խառնել:

Երջանկության ծոցում հանգչող սիրտը դեպ ձախորդությունները ավելի զգայուն է լինում:

Մահկանացո՛ւ, ինչո՞ւ քեզնից դուրս կփնտրես երջանկությունը, որը քո մեջ կկրես: Մոլորանքի եւ տգիտության մռայլ ամպը խանգարում է ձեզ` տեսնելու զայն:

Պատահական երջանկությունը լինում է վաղանցիկ: Նրա վարդերը շուտ են թառամում եւ մնում է միայն փշալի ոստը:

Եթե երջանկությունը մեզ չի ազատում վախեն` անարժեք է դա:

Եթե իմ հարստությունը դառնում է պատճառ ուրիշների չքավորության` անեծք է դա: Ինչո՞ւ ես մուրացկանորեն ուրիշեն` բախտեն բարիքներ սպասում, երբ կարող ես սեփականդ ունենալ:

Հարստությունը, ճիշտ է, կխոստանա, բայց չի տար մեզ երջանկություն (հարցրո՛ւ հարուստին, թե իր հոգին մի վայրկյան ազա՞տ է հոգսերից եւ ձանձրույթից: Չկորցնել, ավելին շահել…):

Գերագույն երջանկությունը դա է, որ պատճառ կդառնա եւ այլոց երջանկության:

Աստիճանն արգելո՞ւմ է տկարությանց մուտք գործելու մեր սիրտը: (Թերությունը, մեղքը, հանցանքը աստիճանավորի մոտ ավելի մատնիչ են եւ ավելի զզվելի):

Արդյո՞ք նվազ են խծբծում նրան, որի ճակատը լուսավորված է փառքի ճառագայթներով:

Երջանկությունը զորությո՞ւն է, հապա ինչո՞ւ նրա առջեւ կդողա երջանիկը (դա կորցնելու մտածումեն կդողա):

Կան հաճույքներ, որոնք սիրինային ցանցեր են:

Հաճախ ասելով այդ, մենք ավելի մոտեցած կլինենք ճշմարտության սրբարանին, հաճախ մեզ այցելում է երջանկության ուրվականը, նրա կրկներեւույթը եւ մենք` երջանկածարավ մարդը միամտորեն այն երջանկության տեղ է ընդունում:

Ճշմ[արիտ] երջանկությունն այն է, որը միաժամանակ բարի է դարձնում մարդս:

Իմ թախծության գլխավոր պատճառը այն է, որ Չարը գոյություն ունի եւ ընթանում է առանց պատժի այն աշխարհում, որի թե՛ ստեղծիչը եւ թե՛ վարիչը անսահման բարի էակ է:

Առաքինությունը ոչ թե չէ վարձատրվում, այլեւ հալածվում է անողոքաբար: Դա ոտնակոխ ընկած է մեղքի ոտքերի առջեւ եւ խմում է դառն բաժակը` որը չարագործները պիտի դատարկեին:

Սխալ է, միայն ազնիվն է զորավոր:

Մեղքը չի մնում անպատիժ, առաքինությունը` չվարձատրված:

Արատավորությունը տկարություն է:

Առաքինությունը` հզորություն:

Անզորությունը հավիտենական ճամփորդակիցն է չարաբարոյության:

Չարություն գործելը — անզորության նշան է:

Կարելիություն ունենալ չարիք գործելու — հզորություն չէ:

Ուրախացուցիչ խղճմտանքը հետեւանք է բարեսիրության:

Երջանկություն — դա մեղանչելու ազատություն չէ, ինչպես եւ անպատժելիություն չէ:

Չարերի հզորությունը ցնորք է:

Իմաստունը չի լքվում, երբ բախտը զինվեց նրա դեմ, ինչպես քաջ զորականը չի զայրանում, երբ նրա ականջին զենքերի շաչյունն է հասնում:

Մաքուր մարմինը` դա անսահման ուժերի ամբար է:

Երջանկության փոխարեն մենք նրա ստվերն ենք հալածում:

Քաղաքականապես ազատ ենք, բայց եւ այնպես ստրկականության շղթաների հետքեր ենք թողնում:

Ամեն մի ձախորդությանդ դեմ տուր առաքինությանդ եւ հույսիդ վահանը:

Ամեն ինչ կատարիր արթուն խղճմտանքիդ աչքի առջեւ:

ԿՈՐԾԱՆԻՉ, ԿՈՐՍՏԱԲԵՐ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, ԽԱԲՈՒՍԻԿ ԴՐԱԽՏԸ

Որոնք են նախապատճառները` հաշիշի, մորֆինի եւ կոկաինի միջոցով արբենալու պահանջի. երեք են պատճառները` անձնական, հասարակական, միջազգային:

Բարձր կյանքի կարիքը, ֆիզիկական եւ հոգեւոր ուժերի ազատ արտահայտության կյանքի կարիքը, հարստանալու ծարավը, քանզի առօրյան հաճախ ծանր եւ անուրախ է: Այնքան պարտականություններ կծանրանան ու կճնշեն անհատի հոգու վրա, դա վարում է մի անհավասար գոյության պայքար, ենթակա այնքան զրկանքների եւ ստորացում-ների: Ոչինչ խորապես չի շոշափում մեր հոգին: Չկան տոներ, չկա շեփոր, չկա խենթացուցիչ ուրախություն: Այդ պայմաններում մարդուս թե՛ ֆիզ[իկական] եւ թե՛ հոգեւ[որ] ուժերը նվազում են եւ աշխարհը սկսվում է թվալ միօրինակ եւ անհրապույր:

Կյանքի տնտեսական եւ ընկերային պայմանները, ուր իշխում են անիրավությունն ու անարդարությունը, ուր հաղթական են ճարպիկ, անգրոշ միջակությունները, անձնակենտրոնները, սակավարժեքները, ուր ավելորդ մարդ են սեւատեսները, մելանքոլիայի ենթակաները, տկարակամները եւ ազնիվները:

Արդար է Բոդլերը` մարդկ[ային] սիրտը իր մեջ կրում է սաղմը ավելի բարձրիբարձր կյանքի, որի մեջ նա իրեն տեր եւ ոչ ստրուկ պիտի զգա, որի մեջ գեղեցկություն, ուրախություն, թեթեւություն պիտի զգա` տոն կուզե:

Նա, եղել է մի վայրկյան, երբ ճաշակել է երջանկությունը եւ գիտե նրա քաղցրությունը, գիտե, թե որքան գեղեցիկ է եւ մեծ աշխարհը, երբ երջանիկ ես, եւ վերստին կփնտրե հինը…

Նա գիտե, որ հնարավոր է երջանկությունը, բայց կդժվարանա իրեն երջանիկ զգալ — ահա նրա ողբերգության ակն ու աղբյուրը:

Սոցիալիզմի դար է — քրիստ[ոնեության] երկինքեն զատ կա երկիրը, որի վրա Դրախտ կփնտրե, կկարոտե, կերազե:

Ջղերի դար է, հիվանդ, անասելիորեն զգայուն` երջանկությունը, որը հաշիշի դեր կատարեր իր ցավերի դեմ:

Բայց խուսափում է մեր կարելիությունեն, այդ Դրախտը, մենք նկրտում ենք մտքով խաբել կյանքը, մենք նետվում ենք դեպ արհեստական ու խաբուսիկ դրախտը` էվֆորիստիկ թույների, նարկոտիկների խաբուսիկ Դրախտը, մենք խորտակում ենք նրա դռները եւ ներս խուժում… Մենք հիվանդոտ երանություն ենք փնտրում, որը մեզ առերեւույթ ազատում է կյանքի վշտերեն եւ պարտականություններեն, եւ մթագնելով մեր գիտակցությունը եւ էքզալտե անելով մեր զգացումները` մեզ տալիս է խոր ապրումների իլյուզիան:

«Մի ժամ առանց օպիումի, ահա՛ սարսափը, անզերծանելի ցավը, որից չկա փրկություն, քանզի այդ ծարավը եւ նրա հագեցումը չի կարող դա մարել: Ես անիծյալն եմ, որը тльешава жертва-են ազատվելու համար ընկնում է հալած արճիճի մեջ» — (Կլոդ Ֆաբետ) «մի բան միայն, մի բայ տառապում էր»:

«Ո՛չ երջանկությունը, ո՛չ էլ դժբախտությունը ստեղծած են մի մեծ բան կյանքում»:

Եթե կյանքի նպատակը հաճույքը համարեցիր` վախճանդ կորուստն է:

Այլ է կյանքի նպատակը` ուրախ զոհաբերության ճամփով դեպ կատարելություն: (Եթե հաճույքը լիներ կյանքի նպատակը — սողողները եւ պարալիտիկը երջանիկ պիտի համարվեն, քանզի ապրում են մի անհեթեթ հաճույքի փղոսկրյա ապարանքներում…):

Մոռացում կա՛մ էկզալտացիա — ահա թե ինչ է փնտրում նարկոտիկը կա՛մ մարել ցավը, կա՛մ սաստկացնել գրգիռը ոգու:

Արեւելքը հաշիշիստ է եւ օպիումիստ:

Արեւմուտքը — ալկոհոլ եւ կոկաին:

Հաշիշը ոչինչ չի տալիս, նա միայն ամպլիֆե է անում, մեծացնում այն, ինչ որ կա ենթակայի մեջ եւ նրանից դուրս:

Խորացված անալիզը հաշիշարբեցումի ֆիզիկական եւ հոգեւոր բավականության սուտ զգացողություն, անճառելի ուրախություն:

Կա գաղափարների հիպերտրոֆիայի ֆազան: Գաղափարները ծնում եւ զարգանում են հրեշային արագությամբ: Կարծեք ասոցիացիայի օրենքներեն դուրս լինեն:

«Ամենապարզ բաները — Շարլ Ռիշե — թվում են թատրոնականորեն էֆեկտավոր»:

Անձնական գերազանցության գաղափարը չափազանց զորավոր է հարբած հաշիշիստի մոտ:

Փախուստ ներկայեն: Ուշադրության եւ տրամաբանության վրա, որոնք մթագնում են եւ կորչում, իշխում են հիշողությունը եւ երեւակայությունը, որի շնորհիվ իրերը եւ անցքերը մեր շուրջը դառնում են օտար եւ անհատը, ամբողջապես անցյալի եւ ապագայի իշխանության տակ է — մեկը տրված հիշատակների եւ ապրումների, մյուսը` երեւակայության մեջ:

Հիշողությունը եւ զգայարանքները սրվում են, եւ որպես հետեւանք` հիշատակներն ու պարագաները ընդունում են տարօրինակ չափեր: Ոգին անսահմանության, անմահության դռներն է բախում, մեր էության նեկտարը խմում:

Գույները սկսում են երգել, հնչյունները ստանում են երանգներ, պարֆյումների մեղեդիներ:

Անձնավորությունը սկսում է կորչել եւ միաձուլվում է իրերի հետ: Գաղափարը` ժամանակի եւ տարածության, չքանում է: Ակնթարթերը թվում են որպես հավիտենականություն, եւ հավիտենականությունը խտանում է մի ակնթարթի մեջ: Ահա ձեզ րելատիվ տեսությունը` տրված հիվանդոտ ապրումների մեջ:

Պասիվ հայեցումն աշխարհի — ահա արեւելքցու փնտրածը: Իսկ հաշիշիստը չի կարող մի բարդ եւ զորավոր շարժում կատարել դեպի տվյալ նպատակը: Դժվար կկենտրոնացնի իր ուշադրությունը (պսիխոլոգ եւ ֆիզ[իոլոգ] Լանգե):

Գերզգայականությունը հաշիշային արբեցումի դեպքում (պսիխիատոր Բենե) լսողական եւ տեսողական հալյուցինացիաներ: Հակում դեպի մակրոսկոպիա — ամեն ինչ մեծացված վիճակի մեջ տեսնել: Պատկերների եւ դատողությանց քառատրոփում (գալ օպերուկիստ):

«Խենթության ալիք» — զգացողական դեֆորմացիաներ, գաղափարային դեֆորմացիա, որի դեպքում մի տեսակ «շոգի» է բարձրանում երկրից եւ պատում նրանց մարմինը: Այդ աուրան: Հեռավոր եւ քաղցր մի կարոտ եւ անհանգստություն է լեցնում մեզ:

Երբեմն դա հասցնում է կոսմիկական չեզոքացումի, առանձնացումի զգացողության: Անհատը մենակ նետված է տիեզերական լռության մեջ:

Ճշմարիտ է ասում Բոդլերը` «Ով որ չէ ծնել ընդունելու կյանքի պայմանները, ծախում է իր հոգին»:

Հիպերակուզիա — լսողության կենտրոնը թունավորված է — անհեթեթ ֆանտաստիկա:

Իդեֆիքսեր — սեռային անամոթություններ, էքսհիբիցիոնիզմ, բռնություն:

Միջակության օրենքը, որը ղեկավարում է ամբողջ բիոլոգիան: Ամեն մի օրգանիզմ ունի իր չափը, ամեն մի խելք` իր սահմանները, եւ որոնք հաղթահարելը կամ անցնելը մեզ չէ թույլատրված: Պետք է միջակ լինել մեծ անձի հանդեպ, թող որ դա տառապանք է ընտրյալ ոգիների համար:

Մեր բնազանցական կարոտը բացարձակեն չենք առներ ոչ հեշտասիրական ցնցումների, ոչ մեր խելագար ամբիցիաների, ոչ միստիկ արբեցումների, ոչ էլ արտաիրական հայեցողությունների մեջ:

Պետք է կյանքն ընդունել այնպես, ինչպես որ է դա եւ ազնիվ ճիգերով ծառայենք նրան` զայն ավելի եւ ավելի գեղեցկացնելու եւ իմաստավորելու համար:

Ապրեցա՜, կարող է բացականչել միայն նա, որը գիտե վարել իր հստակ, կամային եւ զորաց միտքը, որի զգացումը արթուն է, որը ջրդեղել է իր կամքը ժայռեր խորտակող, հատուկ է մեծ զոհաբերությանց եւ մեծագործությունների համար: Նա, որն ընդունում է, թե տառապանքը կարեւոր եւ անհրաժեշտ բաժինն է մեր գոյության:

Հաշիշը տկարացնում է եւ հաճախ իսպառ ոչնչացնում մեր քննադատական վերաբերումը դեպ աշխարհն ու իրերը, ինչպես եւ մեր ինքնակոնտրոլը, տալով մեզ վայրկյանորեն երջանկություն:

Իլյուզիան` դա մեզ, ապուշացրած, դարձնում է ճշմարտորեն ապերջանիկ:

ՎՃԱՐԵԼ «ԿԱՆԱՑԻ ԴՐԱՄՈՎ» («ЖЕНСКОЙ МОНЕТОЙ»)

D.-r Էրնեստ Շամբարը իր «Մորֆինոմոզներ» գեղեցիկ գրքի մեջ, իմիջիայլոց ասում է` «Կենդանիների թագավորը թանկ է գնում իր գերազանցությունը եւ իր հզորությունը — նա ճանաչում է վիշտը, հետաքրքրությունը եւ ձանձրույթը: Եվ սրա համար նա չէ <խնայում> ամեն տեղ եւ ամեն ժամ միջոցներ` փախչելու իր չքավորության գիտակցությունեն: Եվ սրա համար նա գտել է 3 ճամփաներ — մահը, գործունեությունը եւ ցնորքը: Առաջինը պահանջում է համարձակություն, 2-րդը` կորով, իսկ ցնորքը բոլորի կարելիությանց սահմաններում է գտնվում: Եվ «մտքի թույները» ընձեռում են մարդուն, ով որոշում է մոռանալ կյանքը, գրեթե անսպասելի միջոցներ»:

Տառապանքը անհրաժեշտ մաս է մարդկ[ային] մեծության, եւ նա, որ ճգնում է հեռացնելու դա` սպանում է մարդկային բնության ամենաազնիվ կողմը:

ԿՈԿԱԻՆՅԱՆ ԱՐԲԵՑՈՒՄ

Սկսվում է մի քանի վայրկյանեն եւ շարունակվում 2-3 ժամ: Տարածվում է ցրտությունը դեմքի վրա: Հետո գալիս է էֆորիան — ներքին խոր բավականությունը ոգու` արթնցած, թեւառած, թռած բարձրորեն կյանքի վշտերի, նվաստությունների եւ միզերիաների վրա: Պարտականությունները, հրամանները օրենքի եւ մորալի թվում են մանր եւ հիմար պայմանականություններ, որոնց մասին չպետք է մտածել: Ծնունդ է առնում զորության եւ ուժի զգացումը: Միտքն իշխում է եւ կարող է ամեն ինչ անել: Մի գործոն, հաղթական ուրախություն է հեղեղել մեր հոգին: Մորֆինիզմը ձգտում է իրականացնելու առօրեայի իդեալը — նիրվանա, քաղցր ինքնախորացում եւ անդորր: Իսկ կոկաինիզմը ձգտում է Նիցշեի իդեալին` հզորության կամքը — անձնավորության գործուն` հաղթական արտահայտությունը աշխարհի վրա:

Ազատ է, համարձակ, ունի անդուլ գերազանց զգացում: Երջանիկ է, որ ապրում է:

Պակասում է դիսցիպլինե եղած կամքը:

Սեռական Նագունը էկզալտե է եղած եւ համարձակ է:

Անցավ արբեցումը` գալիս է դեպրեսիան:

Դա դառնում է մռայլ, գերագրեսիվ, միզանտրոպ եւ հարձակողական:

* * *

Հավիտենական ու կատաղի պայքար ճակատագրի հետ — ահա անհատ, թե հավաք մարդու կյանքը:

Հաղթանակը (ազատ տերն զգալու համար):

Չկա Հայաստանը` ինձ համար չկա երջանկություն: Հարստություն, փառք, դրախտ — անզոր են ինձ երջանկացնելու:

Այսօր կա մեղքի եւ տկարության գիտակցությունը` սպանիչ:

Երկինքը նվազ կնայենք…

Գիտության լույսի հետ կաճե հիվանդությանց թիվը:

Փիլիսոփ[այական] սիստեմները դեռ երեկ փրկարար` այսօր կցնդեն…

Ըստ ամենայնի անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, լինի դա անհատ, թե ժողովուրդ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով