Բ. ՀԱՅ ՑԵՂԱՆԵՆԳ ՇԷՅԹԱՆՆԵՐԻ «ԲԱՐՈՅԱԿԱՆԸ», «ՄՏԱԾՈՒՄԸ» ԵՒ «ԳՈՐԾԸ»։ Մաս 1
Մաս 1
Հայ ցեղանենգ շէյթանի կենդանի տիպին առաջին անգամ հանդիպել եմ 1920 թւականի գարնան, Շիրակի Հոռոմ գիւղում: Մայիսեան ծանօթ դէպքերի օրերն էին: Ալեքսանդրապոլում գլուխ էր բարձրացրել «հայկական ջրօձականութիւնը», զօրքի մի մասը մոլորւելով կոյր գործիք էր դարձել խռովարար մեծամասնականների ձեռքը: Արագածի լանջերով գնում էինք Աղէք-Պոլ (այժմ՝ Լենինական) զսպելու խռովարարները: Մտանք Հոռոմ մեծ գիւղը: Եկեղեցու բակում հաւաքւած 1000ի չափ մարդիկ լսում էին մեր ճառերը և խանդավառօրէն աղաղակում «մա´հ դաւաճաններին, կեցցէ´ Միացեալ և Անկախ Հայաստանը»: Միտինգի վերջաւորութեանը՝ մի քանի մարդիկ խնդրեցին՝ հաւաքել գիւղի տարէց ու ազդեցիկ անձերը և գիշերը լուսաբանական մի ժողով կազմել: Գիւղի քահանայի հիւրասենեակում հաւաքւել էին 50ի չափ տարիքոտ մարդիկ: Բոլշևիկ զրանենգները (պրովոկատոր) լուր էին տարածել Շիրակի գիւղերում, թէ Աղէք-Պոլում սկսւած պայքարը ռուսահայի և տաճկահայի կռիւ է, թէ Դաշնակցութիւնն աչառու կերպով պաշտպանում է տաճկահայերին, սովորականից և կարիքից աւելի նպաստ է տալիս նրանց և ծրագրել է Շիրակի ռուսահայ գիւղացիները այլուր փոխադրելով՝ գիւղերը բնակեցնել սասունցիներով: Հոռոմի դրացի Քաւթառլու գիւղի կաթոլիկ բնակիչները, զոհ գնալով զրախոսների սադրանքնե- րին՝ զէնք էին վերցրել Աղէք-Պոլ գնացող սասունցի հեծելախմբերի դէմ «հայրենական գիւղը սասունցիական բռնագրաւումից պաշտպանելու» նպատակով. ի՜նչ ողբերգութիւն: Ինձ վիճակւած էր դառն մի պարտականութիւն – բացատրել ամենատարիքոտ, ասել է՝ ամենակասկածամիտ հոռոմցիներին, մեր համացեղային և համահայաստանեան գաղափարաբանութիւնն ու քաղաքականութիւնը: Նկարագրեցի հայրենակարօտ սասունցու և առհասարակ տաճկահայերի վիշտը, խօսեցի նրանց բուռն տենչի մասին՝ օր առաջ երկիր վերադառնալու, «մօտ է օրը, երբ մեր բանակը պիտի պատռէ թշնամու շղթան»…: Քահանան և բարեմիտ ծերունիները հառաչում էին, արտասւում: Գիշերւայ ժամը 2-ն էր. կարծեցի, որ էլ թերահաւատ չմնաց. խօսքս փակեցի: Բայց ահա´ սենեակի աղօտ մի անկիւնից բարձրացաւ կարճահասակ մի մարդ և ասաց հետևեալը.–
— «Երիտասա՛րդ, շա՛տ լաւ ես խօսում: Լսի՛ր իմ պատմութիւնը: Երկու տարի առաջ (ակնարկում է 1918ը) թուրքը մտաւ մեր գիւղը: Ես ունէի երեք տղայ և մի աղջիկ: Փոքր տղաս և աղջիկս փախան Երևանի կողմերը, ազատւեցին և հիմա վերադարձել են ու օջախս շէնացրել: Գիւղացիները գիտեն, թէ ինչ եղաւ ամուսնացած երկու տղաներիս և նրանց հարսների ճակատագիրը: Տղաներս մորթեցին աչքիս առաջ և նրանց հարսները բռնաբարելով մեռցրին՝ դարձեալ աչքիս առաջ: Հիմա վերադարձած միակ տղաս ամուսնացած է և ունի մի սիրունիկ հարս: Աղջիկս էլ խօմ սիրուն է և հասած: Ուզում եմ, որ թուրքը կրկին գայ, էդ տղէն էլ աչքիս առաջ մորթի, հարսս ու աղջիկս աչքիս առաջ բռնաբարելով մեռցնի, միայն թէ սասունցին չգայ ու ինձ չասի՝ «բարև՛ քեզ աղբէր ջա՛ն»:
Պատմեց և անմիջապէս դուրս եկաւ:
Քահանան և գիւղացիներն աղաղակեցին՝ «թո՛ւ քեզ Սաքի, թո՛ւ քեզ Սաքի»:
Իմ պատանեկան երևակայութիւնը համակւեց սոսկումով: Տարիներ են անցել, մինչև այսօր չեմ մոռանում այդ զարհուրելի հրէշի կերպարանն ու խօսքը: Կարծում էի, որ նա մեր ժողովրդի մէջ հիւանդագին մի բացառութիւն է, հայ ցեղանենգ շէյթանականութեան եզակի վիժւածքը:
Յետո՞յ. յետոյ լսեցի, որ նոյն 1920 թւականի աշնան, Կարսում ուրիշ Սաքիներ մեր զինւորների ականջին շշնջացել են. «ինչո՞ւ էք կռւում. թուրքի հետ մենք եղբայրացել ենք, եկողը մեր եղբայրն է, մի զարկէ՛ք»: Աղեքսանդրապոլի անկման օրը հայ բոլշևիկները կազմում են 50-60 հոգինոց մի «թափօր» և յաղթակա´ն հուրրաներով դիմաւորում են Կարա-Բէքիրին: Չերկարենք բոլշևիկ-թուրք զինակցութեամբ պայմանաւորւած սոսկում պատճառող փաստերի մասին և անցնենք արտասահման:
Այստեղ՝ օր ցերեկով, հակադաշնակցական շնական արգանդի դեղին մի վիժւածքը,- սինլքոր Մարթայեան – իր հոգին քսում է դժոխքի ցեխին, ռամկավար-հնչակներից «գիտնական»ի տիտղոսն է ստանում և ծաղկեփնջերի հետ՝ սրանց «հայկական» սրտի աղբը տանում է Տաճկաստան և դառնում «գիտնական-բէյ»:
Ուր գորտ կայ – այնտեղ չի կարող ճահիճ չլինել: Ուր վիժուկ կայ – այնտեղ չի կարող հիւանդոտ օրգանիզմ կամ վատասերւած արգանդ չլինել: Մարթայեանը սնւեց, աճեց ու քաջալերւեց բուլգարահայ հակադաշնակցական միջավայրում: Հնչակեան «Պալքանեան Մամուլ» և ռամկավար «Փարոս» թերթուկները տոնական հանդիսաւորութեամբ տպեցին նրա դիւաշունչ «յօդւածները», չնայած որ դրանք ո՛չ թէ լրագրական յօդւածի, այլ դաւաճանի զօրեղ խառնւածքով օժտւած մի անձի սեփական ոգու ցեխի որոճանքի տպաւորութիւնն էին թողնում:
Դիցո՛ւք թէ՝ սկզբնական շրջանում հոգեկոյր տգիտութիւնը մոլորեցրեց այս թերթուկների խմբագիրներին: Բայց ինչո՞վ բացատրել նրանց լռութիւնը, երբ թուրքը Մարթայեանին «բէյ»ի, հայերեն՝ «դաւաճան»ի պատիւ շնորհեց: Ինչո՞ւ նրանք չցնցւեցին. գէթ մէկ վայրկեանով չհամակւեցին զայրոյթով և օրինակ Ամերիկայի ռամկավար «Պայքար»ի պէս չյայտարարեցին, որ նա «հայ կեանքէն փոխւած» մի սինլքոր է: Նրանք ո´չ միայն չցնցւեցին, չզայրացան, չսրբագրեցին իրենց ցեղադաւ սխալը, չմաքրեցին իրենց բարոյական մեղքը, այլև շարունակեցին հպարտանալ իրենց աշխատակցի «փառքով», տարփողել նրա յաջողութիւնները՝ Թուրքիայում:
Ի՞նչ է նշանակում սա:
Սա նշանակում է, որ դաւաճան Մարթայեանն իբր հայկական ցեղանենգ շէյթանականութեան ներկայացուցիչ՝ հաւաքական տիպ է. այսինքն՝ նա իր հոգեկիցները, համախոհներն ու գործակիցներն ունի այս գաղութում:
1923 թւականին, Պրագայում, մի խումբ հայեր, բարոյական տկարութեան մի պահուն՝ շնորհաւորական մի հեռագիր են յղում յաղթական Մուստաֆա Քեմալին: Լուրը ռումբի պէս պայթում է դաշնակցական ուսանողութեան շրջանակներում: Մենք խզում ենք մարդկային ամե՛ն կապ այդ թշւառականների հետ: Անցնում են տարիներ և մի օր էլ նրանց տեսնում ենք բարոյապէս փռւած մեր ոտքերի տակ: Մեղայի եկան: Խոստովանւեցին, որ ելոյթն արդիւնք է եղել իրենց միամտութեան և քաղաքական տգիտութեան: Եւ մենք ներեցինք նրանց:
Գաղութում ո՛չ բարոյական հակակշիռ կայ, ո´չ բոյկոտելու ազնիւ սովորոյթ, ոչ էլ՝ Հոռոմ գիւղի ծերունիների թուքը՝ Սաքիների երեսին:
Այս պատճառով էլ Մարթայեանները մնում են անպատիժ. Թումաճեան էֆէնտիները հակադաշնակցական սինլքորների կողմից որակւում են իբր «պատւաւոր ազգայիններ», հնչակ-ռամկավարները լիզում են չէկայի գործակալ Աղաբէկովի մատնանշած դաւաճան եպիսկոպոսների ներբանը: Ինչո՞ւ Ղևոնդ եպիսկոպոսն այլևս չապացուցանի, թէ կարելի է Յիսուսի խաչը կրել կրծքին և սրտում՝ աղօթել սատանային: Ա˜հ, ի´նչ զարհուրելի շփոթ: Բողոքական պատւելիների «Հայաստանի Կոչնակ» թերթը հանդիսանում է լուսաւորչական եկեղեցու և կաթողիկոսական բարձր իրաւունքների պաշտպանութեան ախոյեանը: Եգիպտոսի ռամկավար օրգան «Արև»ը քարոզում է «ազգային միացեալ ճակատ» և պնդում է, որ դաշնակ- ցութիւնը դաւում է ո՛չ միայն Թուրքիոյ և Խորհրդային Ռուսիոյ, այլև Սուրիոյ դէմ (յիշե՛լ Ա. Նիկոլի գրքոյկի պատմութիւնը): Բարեգործականը Նուպարաշէն է կառուցանում դաշնակցականների ստեղծած «Արարատեան հանրապետութեան» սահմաններում և մարտնչում է դաշնակցութեան դէմ, որ շարունակում է հետապնդել ո՛չ միայն Ահարոնեանի, այլև իր իսկ՝ Պօղոս Նուպարի երազած մեծ Հայաստանի իդէալի իրականացումը: Հակադաշնակցական մամուլի ամենաականաւոր օրգան «Պայքար»ը, որ երբեմն հայրենասիրական պոռթկումներ է ունենում, նմանում է մի գորտի, որ նեղւելով ճահիճից՝ մերթընդմերթ ոստոստում է ցամաքի վրայ, կռկռում է մի երգ, յետոյ փոխում է իր հոգու ճահիճը, թրջում իր քարոզած գաղափարը և սպառւած ու շնչահեղձ՝ կրկին գլորւում դէպի ճահիճը:
Հակադաշնակցականութի´ւն. եղկելի շփոթ, գարշահոտ ճահիճ, թքելի գաղափար, թուրք-բոլշևիկեան զազրելի ոգուց ցանւած մուր, հոգևոր խաւար:
Ի՞նչ պատիժ է սա, աստւա´ծ իմ: Ո՞ւր էք գնում եղկելի Յուդաներ:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!