Գարեգին Նժդեհ

ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐԴԸ

Ռենեսանսը վերանորոգեց նախաքրիստոնեական դասական մարդու իդեալը: Հակառակ միջնադարին, որ գտնվում էր եկեղեցու հեղինակության իշխանության տակ, Ռենեսանսը ձգտում էր մարդու լրիվ ազատագրության: Ազատություն եւ անհատապաշտություն — այդ երկու հիմնական գծերն էին բնութագրում վերածնն[դի] շարժումը: Ոչ մի մորալ, սահմանափակում — թողնված ինքն իրեն — մարդս ինքը պիտի գտնի իր երջանկության ճամփան: Այստեղից է բնորոշ գիծը Ռենեսանսի — օպտիմիզմը: Այսպիսով ազատագրվեց էգոիզմը:

Մարդու «ազատագրության» 2-րդ քայլը կատարեց ռացիոնալիզմը, որը հեռացրեց <Աստծուն> աշխարհից եւ մարդուց: Ըստ նրա՝ աշխարհում գոյություն ունի միայն մեքենական պատճառականություն: Տիեզերքի կատարյալ մեխանիզմում տեղ չկա արտաքին միջամտությանն: Դեիզմը Աստծու տեղը որոշեց տիեզերքեն դուրս (Տրանսցենդենտ Աստված):

Երրորդ քայլը կատարեց պոզիտիվիզմը, աստվածաբանությունը եւ մետաֆիզիկան համարելով մարդկության կողմից ապրված-անցած զարգացման երկու ստադիաներ: Մարդս պիտի հետաքրքրվի միայն փորձառական իրականությամբ:

Այդ աշխարհայացքային ըմբռնումները գործադրություն գտան նաեւ էկոնոմիկական գիտության մեջ եւ ազդեցություն` տնտեսական կյանքի եւ արտադրության վրա: Ազատատենչությունը` այնքան հատուկ Ռենեսանսի էպոխային` թափանցեց տնտեսագիտական մտածողության մեջ: Ազատություն մտքի, սրտի եւ աշխատանքի — այսինքն` անձնավորության եւ նրա հանրային հարաբերությանց — սա պիտի անդրադառնար կյանքի ամենալայն ասպարեզի — տնտեսության վրա:

Ադամ Սմիտը (1723-1790), որից սկսվում է տնտեսագիտությունը` ստեղծեց էկոնոմիկական լիբերալիզմը: Ըստ նրա, ինչպես տիեզերքը մի մեխանիզմ է, որ հետեւում է իր օրենքներին, կատարյալ ներդաշնակության մեջ, առանց կարիքն զգալու Աստծո միջամտության, այնպես էլ հասարակությունը մի մեխանիզմ է, որ ինքն է ղեկավարում իր ուժերը եւ օրենքները, եւ այսպիսով ձեռք բերում անհրաժեշտ ներդաշնակությունը:

Տնտեսական գործունեությունը — դա մի փակ մեքենական սիստեմ է, որ կարող է ամենալրիվ ներդաշնակությունը ստեղծել, երբ պետությունը եւ բարոյական օրենքը չեն միջամտում:

Երեք ֆակտորներ են շարժում տնտեսական կյանքը — ազատություն, շահ, մրցում, որոնք փոխադարձաբար կանոնավորում են իրար: Շարժիչը — տնտեսական էգոիզմն է:

Ergo գոյության պայքարը հասարակ[ության] կյանքում չպետք է սահմանափակել, այլ պիտի թողնել ազատ, քանզի դա է օրենքը առաջադիմության:

Դարվինը այդ օրենքը վերագրեց ողջ օրգանական բնության: Ամեն կենդանի արարած գտնվում է մշտատեւ գոյության պայքարի մեջ: Հաղթում է ավելի զորավորը եւ ավելի հարմարը: Այս ճամփով է տեղի ունենում բնական ընտրողությունը. արժեքավորը եւ զորավորը կյանքում: Նույնը տնտեսության մեջ:

Տնտեսապես տկարները եւ սակավարժեքները կկորչեն, իսկ զորավորները եւ արժեքավորները կշարժեն տնտես[ական] կյանքը: Ընկածները կծառայեն իբրեւ торг առաջադիմության:

Այսպես տնտեսագիտությունը արտացոլեց էպոխայի գաղափարները — ազատություն, անհատապաշտություն, ռացիոնալիստական լավատեսություն եւ էգոիզմ, իբրեւ օրենք գոյության պայքարի: Պոզիտիվիզմը ետ մղելով հավատը եւ մետաֆիզիկան` կտրեց մարդկ[ային] միտքը գերբնական իրականությունից: Այսպիսով ծնունդ առավ մատերիալիզմը, որը ավելի եւս ազդեց տնտեսագիտության վրա:

* * *

Քաղաքականությունը նպատակ ունի կարգավորելու մարդկային շահերը, անալիզ անելու նրանց փոփոխականությունը:

Քաղաքականությունը փոփոխական է, ինչպես ինքը` կյանքը: Դա կրոնական դոգմա չէ: Դա ապրիոր բաների վրա չի հանգչում: Դա ընթանում է կյանքի հետեւից եւ ստանում նրանից լոզունգներ:

Պետական գործիչը պիտի 3 գիտությանց տվյալներով — պատմափիլիսոփայության, հասարակագիտության եւ զանգվածների հոգեբանության, <տա> ճշմարիտ դիագնոզն այն չարիքի, որ մի ընկերաբան պիտի անվաներ հայկ[ական] ազգային չարիք:

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով